Սահմանամերձ տարածաշրջանը ապահովվեց հասարակական տրանսպորտով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, Բերդի համայնքապետարանի, ՀՕՖ-ի համատեղ ֆինանսավորմամբ, Բերդ համայնքի կարիքների համար 2 նոր միկրոավտոբուս է ձեռք բերվել: Օրեր առաջ Բերդի համայնքապետարանը եւս մեկ միկրոավտոբուս էր ձեռք բերել: Տեխնիկական որոշակի խնդիրներ կարգավորելուց հետո` առաջիկա օրերին, 3 նոր միկրոավտոբուսները շահագործման կհանձնվեն` սպասարկելով Չորաթան-Բերդ, Մովսես-Բերդ, Չինչին-Իծաքար-Նավուր-Բերդ երթուղիները:

Այսպիսով, Բերդի համայնքապետարանի ունեցած ընդհանուր թվով 6 միկրոավտոբուսները կսպասարկեն Բերդ համայնքի ներքին բոլոր երթուղիները: Դրանք Բերդի տարածաշրջանի 16 գյուղերը կկապեն միմյանց եւ տարածաշրջանի կենտրոն Բերդ քաղաքի հետ։ Խոշորացված Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը հայտնեց, որ Հայաստանի անկախանալուց հետո տարածաշրջանի կենտրոն Բերդի եւ տարածաշրջանի գյուղերի միջեւ հասարակական տրանսպորտ չէր գործում։

Համայնքապետն ասաց, որ երթուղիների ուղեվարձը, անկախ ուղեւորի անցած հեռավորությունից, միասնական է` 200 դրամ։ Բերդի տարածաշրջանի մի ծայրին գտնվող սահմանամերձ, հեռավոր Չինարի գյուղից մինչեւ տարածաշրջանի մյուս եզրին գտնվող սահմանամերձ Պառավաքար գյուղ հեռավորությունը 80 կմ է. եթե ուղեւորը Չինարիից մեկնում է Բերդ քաղաք, ապա Պառավաքար, վճարում է ընդամենը 400 դրամ, վերադարձի համար` նույնքան գումար։ Այսինքն` Չինարիից Պառավաքար մեկնելու եւ վերադարձի` ընդհանուր 160 կմ անցնելու համար վճարում է 800 դրամ գումար, ինչը շատ մատչելի է: Հ. Մանուչարյանը հայտնեց, որ Բերդի տարածաշրջանում միկրոավտուբուսային երթուղիների շահագործման համար պահանջվող ծախսը սուբսիդավորելու նպատակով ամեն տարի համայնքի բյուջեից կտրամադրվի 7 միլիոն դրամ։

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս