Վերջին օրերին Ստամբուլյան կոնվենցիան դարձել է լայն քննարկման առարկա, եւ գրեթե յուրաքանչյուր երկրորդ գործիչն իր պարտքն է համարում խոսել այդ թեմայից: Ու հետաքրքիրն այն է, որ հաճախ խոսում եւ քննադատում են նաեւ այնպիսի մարդիկ, որոնք դերակատարում են ունեցել այդ կոնվենցիայի ստորագրման ժամանակ եւ, ըստ էության, ոչ մի կերպ չեն խոչընդոտել 1 տարի առաջ դրա ստորագրմանը:
Նշենք, որ Ստամբուլյան կոնվենցիայի փոքրիկ մոդելը հանդիսացող «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքն ընդունվել է 2017 թվականի դեկտեմբերի 31-ին, ստորագրվել է նախագահի կողմից դեկտեմբերի 30-ին եւ ուժի մեջ է մտել արդեն 2018 թվականի հունվարի 31-ին: Ու թեեւ այդ նախագիծը քննադատությունների արդյունքում որոշակի փոփոխությունների է ենթարկվել, սակայն նախկին իշխանություններն ընդունել են այն: Ստամբուլյան կոնվենցիայի մասին կառավարությունը որոշումն ընդունել է 2017 թվականի դեկտեմբերի 24-ին` հենց այն ժամանակահատվածում, երբ հասարակության դժգոհողների ձայնը լռեցրել էին` օրենքն ընդունելով:
Եվ հիմա ժառանգաբար Ստամբուլյան կոնվենցիայի ընդունման հարցը գործող իշխանությունների օրակարգում է: Այս մասին առկա են գործադիր իշխանութան բարձրաստիճան պաշտոնատար անձանց` նախարարի եւ փոխնախարարի մակարդակով հրապարակային դիրքորոշումները:
Իսկ երեկ Արդարադատության նախարարության ղեկավար կազմը` նախարար Ռուստամ Բադասյանի գլխավորությամբ, տեսաուղերձ էր հղել` կոնվենցիայի վավերացման որոշ հարցերի վերաբերյալ: Արդարադատության նախարարությունից տեսաուղերձի ժամանակ նշվեց, որ կոնվենցիան որեւէ կերպ չի հակասում Սահմանադրությամբ նախատեսված ընտանիքի կամ սեռերի կոնցեպտին, կոնվենցիան չի կարգավորում ընտանեկան կյանքը կամ ընտանիքի կառուցվածքը, եւ որեւէ պետություն պարտավոր չէ ըստ կոնվենցիայի փոխել ընտանիքի մասին ավանդական պատկերացումները: Կոնվենցիան միմիայն նշում է, որ ավանդույթները, մշակույթը եւ կրոնը չեն կարող կանանց նկատմամբ բռնությունն արդարացնելու հիմք հանդիսանալ:
Ի՞նչ փուլում է կոնվենցիայի վավերացման գործընթացը: Արդարադատության նախարարության լրատվական ծառայությունից, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, հայտնեցին, որ իրենք իրավասու բոլոր պետական մարմիններից ստացել եւ ամփոփել են կարծիքները եւ արդեն փաթեթը սահմանված կարգով ներկայացրել կառավարություն: Բացի այդ, մեզ հայտնեցին, որ նախքան միջազգային պայմանագրի վավերացման մասին օրենքի նախագիծը Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելը Կառավարությունը, Սահմանադրության 169-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, դիմելու է Սահմանադրական դատարան` միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով: Այսինքն՝ նախ ՍԴ-ն պետք է դիրքորոշում հայտնի՝ սահմանադրակա՞ն է կոնվենցիան, թե՞ ոչ:
Ինչպես հայտնի է, հուլիսի 26-ին էլ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դիմել էր Վենետիկի հանձնաժողովին Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ հատուկ կարծիք ստանալու համար: Նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին ժամկետներ չմատնանշեցին, սակայն նշեցին, որ նախարարն իր գրությամբ խնդրել է հնարավորության դեպքում արագ կարծիք տալ, եւ հույս հայտնեցին, որ երկու-երեք ամսից ավելի չի տեւի:
Իսկ ե՞րբ է նախատեսվում ՍԴ դիմելու գործընթացը: Սա եւս հայտնի չէ: Ըստ էության, անկախ եվրոպացիների կարծիքից, Սահմանադրական դատարան դիմում լինելու է:
Նշենք, որ Կոնվենցիայի քննադատները շարունակ պնդում են, որ եվրոպական կառույցները 40 մլն եվրո դրամաշնորհ են խոստացել Ստամբուլյան կոնվենցիան ընդունելու համար: Սակայն ՀՀ Արդարադատության նախարարությունից հերքեցին լուրը՝ ասելով, որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
Սակայն այս հավաստիացումներին զուգահեռ առկա են «Կամք» եւ «Ոչ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը» նախաձեռնությունները, որոնք այս կոնվենցիայի վավերացման դեպքում ռիսկեր են տեսնում եւ նախաձեռնել են ստորագրահավաք հանրությանն իրազեկելու եւ այդ վավերացումը թույլ չտալու համար: Եվ հիմնական փաստարկներից մեկն այն է, որ, օրինակ, ԼԳԲՏ անձինք Ստամբուլյան կոնվենցիայի իմաստով կարող են համարվել ընտանեկան բռնության զոհեր, նրանց կողմից ընտանիք ստեղծելու եւ երեխա որդեգրելու այսօրվա իրավական խոչընդոտները կվերանան կամ կթուլանան եւ այլն:
Բայց այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ կոնվենցիային դեմ են արտահայտվում նաեւ ՀՀԿ-ականները, որոնց իշխանության օրոք է ստորագրվել փաստաթուղթը, եւ միայն վավերացումն է մնացել գործող իշխանության «ուսերին»: Ինչո՞ւ եք մոռացել ձեր քայլերի մասին: «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին ի պատասխան` ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նշեց. «Ստամբուլյան կոնվենցիան Եվրոպայի խորհրդի կողմից ընդունվել է 2011 թվականին: Ընդունման պահից սկսած` Եվրոպայի խորհուրդը եւ միջազգային այլ մարմիններ աշխատանք էին տանում ԵԽ անդամ պետությունների հետ, որպեսզի այդ կոնվենցիան հնարավորինս արագ ստորագրվի եւ վավերացվի: Հայաստանի հետ նման օրակարգային հարց ի սկզբանե եղել է, եւ մինչեւ կոնվենցիայի ստորագրումը անցել է 7 տարի: Այսինքն, կոնվենցիան ընդունվել է 2011-ին, Հայաստանի կողմից դրա ստորագրումը տեւեց 7 տարի: Տարակուսելի հարցը դա չէ, որ Հայաստանը, ինչպես ԵԽ անդամ այլ 45 պետություններ, ստորագրեց կոնվենցիան: Տարակուսելին այն է, թե ինչպիսի սրընթաց արագությամբ գործող իշխանությունները 2018 թվականին ստորագրված կոնվենցիան փորձում են 2019-ին վավերացնել: Եթե մեր օրոք կոնվենցիան ստորագրելու քաղաքական համաձայնություն ունենալու համար պահանջվեց 7 տարի, ապա անհասկանալի է` ինչի դիմաց գործող իշխանությունները ստորագրումից մեկ տարի անց ամեն գնով փորձում են վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան», – նշեց նա:
Աշոտյանի խոսքով` Ստամբուլյան կոնվենցիային միանալուց առաջ մանրամասն ուսումնասիրել են ԵԽ անդամ այլ երկրների փորձը եւ տեսել են` տասնյակ երկրներ միացել եւ վավերացրել են այն շատ լուրջ վերապահումներով, որոնք վերաբերել են կոնվենցիայի հակասություններին` այդ երկրների ազգային օրենսդրությունների եւ Սահմանադրության հետ: «Այդպիսի օրինակներ շատ կան: Կա եվրոպական փորձ, թե ինչպես ստորագրված կոնվենցիան կարելի է երկար տարիներ չվավերացնել, իսկ վավերացնելու դեպքում ինչպես են այդ երկրները հստակ սահմանել իրենց ազգային օրենսդրության գերակայությունը այն դրույթների վերաբերյալ, որոնք հակասության մեջ են եղել: Ի մի բերելով այդ ամենը` ցանկանում եմ նորից ասել` մեզ հետ բանակցելու 7 տարին, որը պահանջվեց, որպեսզի ստորագրենք կոնվենցիան, իշխանությունները մեկ տարի անց վավերացում են տալիս: Խնդրում եմ` բացատրել, թե ինչու», – նկատեց Աշոտյանը:
Նա նշեց, թե ունի իր վարկածը, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը շտապում վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան: «Իմ վարկածը հետեւյալն է. ես վստահ եմ` այս մեկ տարվա ընթացքում Արեւմուտքում վաճառելով «թավշյա հեղափոխության» բրենդը` նա այլեւս տեսնում է, որ այդ բրենդն այլեւս չի վաճառվում, քանի որ ԵՄ-ն ակնկալում է կոնկրետ ռեֆորմներ, եւ Բրյուսել երկու այցի ընթացքում վաճառելը ձախողվեց, եւ պետք է ցույց տալ ռոֆորմներ, սակայն այս իշխանություններն ունակ չեն ռեֆորմներ իրականացնելու: Հետեւաբար Նիկոլ Փաշինյանը հաշվել է եւ հույս է դրել նրա վրա, որ վավերացնելով Ստամբուլյան կոնվենցիան` կկարողանա եւս տարիուկես Արեւմուտքի քաղաքականության վրա վաճառել վավերացման փաստը: Այսինքն` արագընթաց վավերացումը նպատակ ունի կոմպենսացնելու հեղափոխության սպառված բրենդն Արեւմուտքում: Բայց Փաշինյանի քաղաքական կապիտալը կարող է չբավականացնել Հայաստանում այդ հարցն այդ ձեւով լուծելու համար»:
«Իմ քայլը» խմբակցության որեւէ պատգամավոր մեզ հետ զրույցում հրաժարվեց խոսել Կոնվենցիայի մասին:
Սակայն հետաքրքիր է, որ Արդարադատության նախարարության լրատվական ծառայությունից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ իրենք չեն շտապում: «Կառավարությունը չի շտապում։ Եթե Սահմանադրական դատարանի կողմից լինի դրական եզրակացություն, նոր Կոնվենցիայի վավերացման հարցը կմտնի ԱԺ։ Այլ կերպ ասած, չենք շտապում, կա գործընթաց, որը բնական ընթացքի մեջ է», – նշեցին նախարարությունից:
Հավելենք, որ Եվրոպայի խորհրդի անդամ հանդիսացող 47 պետությունից 34-ը ստորագրել եւ վավերացրել է կոնվենցիան, 11 պետություն ստորագրել է, սակայն չի վավերացրել այն, այդ թվում` Հայաստանը, Բուլղարիան, Չեխիան, Հունգարիան, Լատվիան, Լիտվան, Մեծ Բրիտանիան: Իսկ Ռուսաստանն ու Ադրբեջանը չեն ստորագրել եւ չեն վավերացրել կոնվենցիան:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԸՆԴԴԵՄ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԵՂԲՈՐ
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը` Հենրիկ Աբրահամյանին պատկանող ընկերությունը հայտնվել է դատարանում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հայաստանում ձկնաբուծությամբ զբաղվող խոշորագույն ընկերություններից մեկը՝ «Մխչյան ֆիշ» ՍՊԸ-ն, հուլիսի 25-ին հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան` ընդդեմ ՊԵԿ-ի, եւ պահանջում է, որ դատարանը ստիպի ՊԵԿ-ի մայիսի 23-ի որոշումը անվավեր ճանաչել: Մեզ հայտնի դարձավ որ հարկայինն այնտեղ ստուգումներ է իրականացրել ու տուգանել, որի հետ ՀՀ նախկին վարչապետի եղբոր ընկերությունը համամիտ չէ եւ այն վիճարկում է դատարանում:
ԴԱՏԱԽԱԶԸ ՀԱՐՑԱՔՆՆՎԵՑ
Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանին արդեն երեք անգամ հրավիրել են հարցաքննության, սակայն վերջինս չի ներկայանում նախաքննական մարմին: 2019 թվականի հունվարի 11-ին Ոստիկանության Լոռու մարզային վարչության եւ Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողներն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Աղայան փողոցի 74/1 շենքի բնակարաններից մեկում գողություն է կատարվում: Բնակարանը, որը ցանկացել էին թալանել, պատկանում է Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանին: Երեկ մեզ հայտնի դարձավ, որ դատախազը, որը նախկինում հրաժարվում էր ներկայանալ, ներկայացել է նախաքննական մարմին եւ ցուցմունք է տվել: Նախաքննական մարմին է ներկայացել նաեւ նրա վարորդը, որը մինչ այդ եւս հրաժարվում էր ներկայանալ նախաքննական մարմին եւ գողության մասին ցուցմունք տալ:
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆԿՈՒՄ
Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում այս տարվա առաջին կիսամյակում անկում է արձանագրվել: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալները այս տարվա հունվար-հունիսին, 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են 7.4 տոկոսով` կազմելով 247 մլրդ 951 մլն դրամ: Այս ցուցանիշն ուշագրավ է այն առումով, որ իշխանությունները որոշել են փոխել գյուղատնտեսական արտադրանքի վերաբերյալ հաշվետվության ներկայացման ժամկետները, եւ հիմա այդ ցուցանիշները հաշվարկվում ու հրապարակվում են եռամսյակը մեկ: Սրա պատճառն այն է, որ այսպես փորձելու են ներկայացնել իրականությանը հնարավորինս մոտ ցուցանիշներ: Բայց պարզվում է` անկախ ամեն ինչից` գյուղատնտեսության ոլորտում շարունակվում է անկումը, ինչը մտահոգիչ է: Մյուս կողմից` տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.5 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ արդյունաբերական արտադրանքի ծավալները այս տարի աճել են 6.9 տոկոսով, վերոնշյալ ժամանակահատվածում 8.9 տոկոսով աճել է ներքին առեւտրաշրջանառությունը: Նկատենք, որ ներմուծման ծավալները, անցած տարվա հունվար-հունիսի համեմատ, ավելացել են 0.5 տոկոսով, իսկ արտահանումը, հակառակը, նվազել է 0.5-ով: