ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԳԵԼՈՂ ՆԱԽԱԳԾԻՑ ԿՕԳՏՎԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի կողմից` ողջ երկիրը քննարկում ու վերլուծում է հայտնի Ստամբուլյան կոնվենցիան, որը վերաբերում է հիմնականում խտրական վերաբերմունքին, մյուս կողմից` նմանատիպ մի օրինագիծ ՀՀ արդարադատության նախարարության կողմից արդեն շրջանառության մեջ է դրվել: Խոսքը «Ազգային փոքրամասնությունների մասին» եւ «Իրավահավասարության ապահովման մասին» օրենքների նախագծերին է վերաբերում, որոնք ներկայացվում են որպես ազգային փոքրամասնությունների խտրականությունը արգելող եւ դատապարտող նախագծեր: Սակայն նախագծերի ընդդիմախոսները նկատում են, որ «Իրավահավասարության ապահովման մասին» օրենքների նախագիծը միտում ունի նաեւ պաշտպանել սեռական փոքրամասնությունների շահերը «խտրականության» ձեւակերպման տակ: Այլ կերպ ասած, փորձ է արվում ազգային փոքրամասնություններին պաշտպանող օրենքի ներքո մեծ քննադատության արժանացած «Խտրականության մասին» օրենքի դրույթներն անցկացնել:
Մասնավորապես, «Իրավահավասարության ապահովման մասին» օրենքի նախագիծը սահմանում է. «Խտրականությունը գործողություն է, անգործություն կամ կարգավորում, որն արտահայտվել է անձի իրավունքների եւ ազատությունների տարբերակմամբ, բացառմամբ, սահմանափակմամբ կամ նախապատվությամբ՝ առանց օբյեկտիվ հիմքերի եւ հետապնդվող իրավաչափ նպատակի ու ընտրված միջոցների միջեւ ողջամիտ համաչափության՝ կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից՝ իրական կամ ենթադրյալ»։ Եւ հիմա հարց է առաջանում` իսկապե՞ս այս օրենքը իրավական դաշտում արտոնություններ կտա նաեւ սեռական փոքրամասնության խմբերին, այսինքն` ԼԳԲՏ համայնքներին: Օրինակ, կարող է մի իրավիճակ ստեղծվել, երբ աշխատանքի չընդունեն համասեռամոլի, եւ վերջինս այս օրենքի հիման վրա կարող է դատի տալ գործատուին եւ ասել` խտրականություն են ցույց տվել իր նկատմամբ եւ աշխատանքի չեն ընդունել:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը որոշում է կայացրել սեպտեմբերից իրենց աշխատանքներին մասնակցելու հրավեր ուղարկել ռազմական ոլորտում պրոֆեսիոնալ մարդկանց: Բանն այն է, որ հանձնաժողովի անդամներն այս ժամանակահատվածում հասկացել են, որ պատերազմի հանգամանքներ բացահայտելը շատ բարդ գործընթաց է, ու իրենց կենսափորձը եւ ընդհանրապես մասնագիտական ունակությունները չեն բավականացնում՝ պարզելու պատերազմի բոլոր հանգամանքները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանձնաժողովը նպատակ ունի ներգրավել նաեւ ՊՆ նախկին փոխնախարար Նորատ Տեր-Գրիգորյանցին: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, թե հրավեր դեռ չի ստացել, սակայն կգա մեկ պայմանով: «Եթե այդ հանձնաժողովը ստեղծվում է, որպեսզի կալանավորեն կամ բերդ նստեցնեն նրան, ով որ սխալ է թույլ տվել, այդ դեպքում ես չեմ գա, բացահայտելու, օգնելու համար՝ սիրով: Թե չէ մարդիկ այլեւս չեն գնա պատերազմի, կասեն` դե դուք գնացե՛ք…», – նշեց նա:

 

 

 

 

Մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավորի լիազորությունների կասեցման թեման շարունակում է լայնորեն քննարկվել: «Ժողովուրդ» օրաթերթն այս առիթով զրուցել է նորացված Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նորընտիր նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ՝ պարզելու, թե ինչու ԲԴԽ-ն չկանգնեց դատավորի կողքին, այլ բավարարեց գլխավոր դատախազի պաշտոնակատարի միջնորդությունը: Պարզվեց՝ ԲԴԽ նախագահն արձակուրդում է, բայց որոշ պարզաբանումներ տվեց: «Երբ միջնորդություն են ներկայացնում ԲԴԽ՝ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ, ԲԴԽ-ն հանդես է գալիս որպես դատարան: Այսինքն` գլխավոր դատախազը կամ նրա բացակայության դեպքում պաշտոնակատարը գալիս եւ ներկայացնում է նյութեր ու ապացույցներ, որոնց հիման վրա ԲԴԽ-ն` որպես դատարան, քննում է այդ հարցը: Այսօրվա քննադատությունները եւ ծափահարությունները, որոնք հնչում են ԲԴԽ-ի հասցեին, չեմ ընդունում, քանի որ ոչ ոք չի կարդացել կասեցման որոշումը», – նշեց նա:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխանության ներկայացուցիչները եւ հատկապես ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այս օրերին հանդիպում են ոլորտի տարբեր պրոֆեսիոնալների հետ եւ նրանց համոզում, որ Ստամբուլյան կոնվենցիայի մասին միայն դրականը խոսեն: Մեր տեղեկություններով` Բադասյանը վերջին օրերին այդպիսի մարդկանց ճաշի է հրավիրում եւ այդ ժամանակ փորձում նրանց համոզել: Ավելին, մեր տեղեկություններով` նախարարը իր զրուցակիցներին հորդորում է, որպեսզի իրենց շրջապատի պաշտոնյաներին, պատգամավորներին, որոնք պետք է խորհրդարանում քվեարկեն կոնվենցիայի նախագծին, միայն լավ խոսքերով բնութագրեն այն: Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է ՀՀ արդարադատության նախարարության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից պարզել նախարարի հանդիպումների հետ կապված տեղեկությունը, սակայն այնտեղից հերքեցին տեղեկությունը` նշելով, թե նման բան չկա:

 

 

 

 

ԱՐԲԻՏՐԱԺԻ ՎՏԱՆԳՈՎ
Արաբական «Սանիթեք» ընկերության եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ լարված հարաբերությունները հասնում են գագաթնակետին: Նախօրեին այս ընկերությունը հայտարարեց, որ անվտանգությունից ելնելով` իր մամուլի ասուլիսը կազմակերպելու է Թբիլիսիում, սակայն երեկ հայտնեց, որ մտափոխվել է եւ գուցե Երեւանում անի: Դրան զուգահեռ գործին խառնվեց արդեն Պետական եկամուտների կոմիտեն՝ հայտարարելով. «ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քննվում է «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊ ընկերության եւ «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի վերաբերյալ նախապատրաստված նյութերով առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ քրեական գործը, որը հարուցվել է դեռեւս 22.02.2019 թ.-ին»: Ըստ ՊԵԿ-ի` քրեական գործի նախաքննության ընթացքում «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի եւ «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊ ընկերության կողմից կատարված իրավախախտումներն արձանագրելու, լրացուցիչ գանձման ենթակա հարկային պարտավորությունների վերջնական չափը պարզելու, մասնագիտական ստուգման ակտերով առաջադրելու, ինչպես նաեւ ընկերության ծավալած փաստացի գործունեության համապատասխանությունն օրենքներին եւ այլ իրավական ակտերի պահանջներին պարզելու համար նշանակվել են համալիր հարկային ստուգումներ, որոնք դեռեւս ընթացքի մեջ են: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»:
Այս հաղորդագրությունը մի շարք հարցեր է առաջացնում: Նախ` ստացվում է, որ անհայտ փաստով քրգործ է հարուցվել, հետո նոր համալիր ստուգումներ են նշանակվել: Թերեւս տրամաբանական կլիներ, որ այդ ստուգումները նշանակվեին մինչեւ գործի հարուցումը: Իհարկե, ենթադրաբար ստուգման արդյունքներով են պարզել, որ խուսափել է հարկային վճարումներից, ու այդ դեպքում հետաքրքիր է՝ ինչ են պարզել, որ ոչ թե վարչական ակտ է գրվել, այլ միանգամից գործ է հարուցվել: Եթե վարչական ակտ է կայացվել, ապա ինչու այդ մասին չի իրազեկվել հրապարակավ, ինչպես քրգործի դեպքում: Ի վերջո, չի բացառվում, որ կայացված ակտերը ընկերությունը կարող է վիճարկել դատարանում եւ գուցե հաղթել: Մի խոսքով, իրավական առումով խոցելի իրավիճակ ունենք:
Իսկ ինչ վերաբերում է «Սանիթեք»-ի գործունեության որակին, ապա նրանցից դժգոհ են բոլորը: Չկա մի երեւանաբնակ մարդ, որն իր օրը չսկսի «Սանիթեք»-ի հիմնադիրների ու աշխատակիցների մանրամասն հիշատակումներով: Փնթի գարշահոտություը հենց այս ընկերությունն է պարգեւում երեւանցիներին: Բայց նույնիսկ այս դեպքում օտարերկրյա ներդրող այդ ընկերության հետ պետք է աշխատել իրավաբանորեն անխոցելի: Ի վերջո, նրանք կարող են դիմել արբիտրաժային դատարան, իսկ ՊԵԿ-ի հարուցած քրգործն էլ հիմք կդառնա, որ Երեւանի քաղաքապետարանը մեծ գումարներ տանուլ դա դատարանով: Արդյոք սա՞ է մեր ուզածը, թե՞ մաքուր Երեւան ունենալը:




Լրահոս