«Հարավկովկասյան երկաթուղի ընկերության մեքենավարները տեւական ժամանակ է` պահանջում են 30 տոկոսով բարձրացնել իրենց աշխատավարձերը. նրանք ի նշան բողոքի այսօր երրորդ օրն է՝ գործադուլ են հայտարարել:
Հիշեցնենք` «ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է եւ զբաղվում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարմամբ: Համաձայն 2008 թվականի փետրվարի 13-ին Երեւանում կնքված պայմանագրի` կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի` կողմերի փոխադարձ համաձայնությամբ եւս 10 տարի երկարացման իրավունքով:
Մեքենավարների գործադուլին անդրադարձել է ՀԿԵ-ն եւ նշել, որ նրանց գործողությունները հանդիսանում են աշխատանքային օրենսդրության խախտում եւ որակվում են որպես անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալը: Ըստ ՀԿԵ-ի` պարզվում է, որ այս տարվա 8 ամիսների ընթացքում էլեկտրաքարշերի մեքենավարների միջին աշխատավարձի չափը կազմել է 364 հազար դրամ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հոկտեմբերի 22-ի օրվա երկրորդ կեսից սկսած` բողոքի ակցիայի պատճառով Երեւան-Գյումրի, Գյումրի-Երեւան ուղղություններով բեռնափոխադրումներ եւ ուղեւորափոխադրումներ չեն իրականացվել: Չի շահագործվել նաեւ Երեւան-Թբիլիսի մարդատար գնացքը: Ի դեպ, գործադուլի հետեւանքով չի բացառվում, որ ոչ միայն ընկերությունը, այլեւ գործարարները, որոնք բեռնափոխադրում են իրականացնում երկաթուղով, ֆինանսական վնասներ կրեն: Ըստ ՀԿԵ մամուլի խոսնակ Ռուբեն Գրձելյանի` այս պահի դրությամբ դեռ որեւէ տեղեկություն չկա վնասների չափի մասին: Իսկ նրանք, որոնք մարդատար գնացքի համար տոմսեր են գնել, հետ կվերադարձնեն:
«Ժողովուրդ» օրաթերթին ՀԿԵ-ից փոխանցեցին, որ ընկերությունը դեռ որոշում չունի` աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ: Միաժամանակ ՀԿԵ մամուլի խոսնակ Ռուբեն Գրձելյանը նշեց, որ ՀԿԵ միջին աշխատավարձը այս պահին 29,2 տոկոսով գերազանցում է միջին ցուցանիշը հանրապետությունով մեկ: Բացի այս, տեղեկացանք, որ մեքենավարները բացի աշխատավարձից յուրաքանչյուր ամիս ստանում են նաեւ պարգեւավճար:
Ի դեպ, նշենք, որ դժգոհող մեքենավարների հետ հանդիպել է նաեւ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, որն առաջակել է դադարեցնել բողոքի ակցիան եւ սպասել Ռուսաստանում կայանալիք տնօրենների խորհրդի նիստին: Նշենք, որ այն տեղի է ունենալու վաղը: Մեքենավարները մերժել են առաջարկն ու շարունակում են գործադուլը: Հանդիպմանը ներկա է գտնվել նաեւ ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն:
Անգամ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն են առաջարկել դադարեցնել գործադուլը: Բայց դժգոհող աշխատողները, ի պատասխան ԱԱԾ աշխատակիցների, եւս մեկ անգամ հայտարարել են, որ պահանջում են աշխատավարձերի բարձրացում ու սպասում են պատասխանի: Ի դեպ, տեղեկացնենք, որ սա նրանց առաջին գործադուլը չէ սա: Նախորդը նրանք կազմակերպել էին 11 ամիս առաջ, քանի որ այդ ընթացքում բեռնափոխադրումների ծավալները նվազել էին: Դրանից հետո Գյումրու լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցներին հավելավճարներ տրվեցին: Սրան զուգահեռ, նկատենք, որ Հայաստանում պաշտոնապես երկաթուղային բեռնափոխադրումները ավելացել են 4.2 տոկոսով, որից բեռների արտահանումը աճել է 18.8 տոկոսով, իսկ ներմուծումը պակասել է 2.7 տոկոսով: Ի դեպ, աճել են երկաթուղով ներհանրապետական բեռնափոխադրումները. այս դեպքում աճը կազմել է 3.3 տոկոս:
Հ.Գ. Հիշենք` հոկտեմբերի սկզբին ռուսական լրատվամիջոցները գրեցին, որ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը պատրաստվում է Հայաստանի իշխանության հետ խզել պայմանագիրը: Նման որոշումը, իբր, կապված է Հայաստանում գործող դուստր ձեռնարկության դեմ հարուցած քրեական գործի հետ: Ավելին, RTVI–ին տված հարցազրույցում Ռուսաստանի տրանսպորտի փոխնախարար Վլադիմիր Տոկարեւն ասել էր` Հայաստանը մի իրավիճակ է ստեղծել, որի դեպքում ՀԿԵ–ն չի կարող նորմալ աշխատել. առգրավվել են 10 տարվա փաստաթղթեր, անապացույց մեղադրանքներ են ներկայացվել, եւ որեւէ երաշխիք չի տրվել: Սակայն ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հոկտեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ «Հարավկովկասյան երկաթուղիների» հետ պայմանագիրը խզելու հարց օրակարգում չկա:
Սյունէ Համբարձումյան