ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դեսպանը՝ Սիրիայում տիրող իրավիճակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին Ազգային ժողովի Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի նախաձեռնությամբ խորհրդարանում տեղի է ունեցել բարեկամական խմբի անդամների հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմի հետ։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նման հանդիպում կազմակերպելու նպատակը հենց Սիրայում վերջին օրերին տեղի ունեցող դեպքերի քննարկումն է եղել։ Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 9-ին թուրքական զորքերը հարձակվողական գործողություններ էին սկսել Սիրիայի հյուսիս-արեւելքում, որը հետագայում հանգեցրեց քրդական զորքերի հետ ուղիղ բախումների։ Հիշեցնենք նաեւ, որ մինչ այդ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ զորքերը թուրք-սիրիական սահմանից հանելու որոշում էր կայացրել եւ, ըստ էության, Սիրիայում Իսլամական պետության դեմ պայքարում հենց Ամերիկայի գլխավոր դաշնակից քրդերին մենակ էր թողել Թուրքիայի դեմ պայքարում։

Եվ բնական է, որ ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի հետ դեսպանի հանդիպման ընթացքում մեծ անդրադարձ է եղել հատկապես Սիրիայում տիրող իրավիճակին, եւ քննարկվել են հայ-սիրիական հարաբերությունների եւ ավելի լայն օրակարգային հարցեր։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանդիպումը տեւել է մեկ ժամ, պատգամավորները լսել են դեսպանի խոսքը, ապա իրենք են հարցեր ուղղել` հիմնականում կրկին Սիրիայի ներկայիս իրավիճակին վերաբերող։

Հանդիպումից հետո «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց է ուղղել Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմեդ Ռաջ Իբրահիմին։ Վերջինս մեզ հետ զրույցում նախ դրական գնահատեց հայ-սիրիական հարաբերությունների վիճակը եւ նաեւ իր շնորհակալությունը հայտնեց Հայաստանին՝ այնտեղ իրականացվող հումանիտար առաքելության համար։

-Պարո՛ն դեսպան, ի՞նչ հարցեր քննարկեցիք Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի անդամների հետ։

-Սա առաջին հանդիպումն էր Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի անդամների հետ։ Սա եղել է շատ կառուցողական հանդիպում։ Գիտեք, թե որքան խորը եւ ամուր են հայ-սիրիական հարաբերությունները, հիանալի եւ գերազանց են։ Հանդիպման ընթացքում, բնականաբար, մենք քննարկեցինք Թուրքիայի ագրեսիան, ապօրինի ներխուժումը Սիրիայի տարածք, ինչպես նաեւ քննարկեցինք երկու երկրների հարաբերությունների զարգացումը եւ Հայաստանի մասնակցությունը կամ ներդրում ունենալը Սիրիայի վերակառուցման գործընթացում։

-Ասացիք, որ անդրադարձ է եղել Սիրայում ներկայումս տիրող իրավիճակին։ Այդ առնչությամբ ի՞նչ է խոսվել պատգամավորների հետ։

-Այս հարցը մեծ տեղ զբաղեցրեց այսօրվա քննարկումների մեջ, որտեղ բարեկամական խմբի նախագահը վերահաստատեց իր դատապարտումը Թուրքիայի ներխուժմանը․դա լինի կառավարության, պառլամենտի կողմից, նախագահության կողմից։ Ինչպես նաեւ անդրադարձել ենք վերջին զարգացումներին, եւ այդ վերջին զարգացումները, որոնք այսօր տեղի են ունենում Սիրիայում, անպայման պետք է հանգեցնի նրան, որ Սիրիայի բանակն իր վերահսկողությունը հաստատի Սիրայի ամբողջ տարածքում։ Նաեւ խոսել ենք հումանիտար օգնության մասին, եւ մենք բարձր ենք գնահատում Հայաստանի հումանիտար առաքելությունը Սիրիայում եւ հայկական կողմի պատրաստակամությունը, որպեսզի օգտակար լինի ամեն հարցում։

-Այժմ ի՞նչ իրավիճակ է Սիրայում։

-Այժմ իրավիճակը հսկողության տակ է, եւ ամեն ինչ նորմալ է։

Հ․Գ․Հավելենք, որ հարցազրույցի ընթացքում ռազմական ագրեսիայի հետեւանքով տեղի ունեցած վնասներից դեսպանը դժվարացավ խոսել՝ դա ավելի ժամանակատար համարելով։ Սակայն արդեն պաշտոնապես հայտնի է, որ մեկ օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 826 փախստական։

Մենք տեղեկացանք, որ այնտեղ գտնվող հայերի, հայկական շինությունների վնասների հետ կապված տվյալները դեռ ճշտվում են։

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս