«Ինչպե՞ս կարելի է Նաիրի Հունանյանին ընդառաջ գնալ»․ ՀՅԴ-ում դիրքորոշումը հստակ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս հոկտեմբերի 22-ին հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործության համար դատապարտված Նաիրի Հունանյանը դիմում է ներկայացրել ՀՀ քրեակատարողական ծառայություն իրեն պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու համար: Այդ տեղեկատվության հրապարակումից հետո քաղաքական դաշտում սկսեցին քննարկել այն հարցը, թե ինչպես պետք է իշխանություններն արձագանքեն Հունանյանի դիմումին: Դիրքորոշումը միանաշանակ է. պետք է անհապաղ մերժել: Դիմումի քննարկման ժամկետը ութսուն օր է, ու դեռեւս պաշտոնական տեղեկատվություն չկա, թե ինչ ընթացք է ունենալու այն: «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի շուրջ զրուցել է ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ:

-Պարո՛ն Սաղաթելյան, ի՞նչ դիրքորոշում ունի ՀՅԴ-ն` կապված ոճրագործ Նաիրի Հունանյանի դիմումի հետ. վերջինս խնդրել է իրեն վաղաժամ ազատել կալանքից: Ինչպե՞ս պետք է վարվեն ներկայիս իշխանությունները:

-Ինչպե՞ս կարելի է Նաիրի Հունանյանին ընդառաջ գնալ, այսինքն` մեր դիրքորոշումը այս հարցի հետ կապված շատ պարզ է. մարդիկ տեռորիստական ակտ են իրականացրել քաղաքական ղեկավարության նկատմամբ, ու դա ներման ենթակա չէ: Այսինքն` ում մտքով անցնում է, որ նման բան կարելի է անել, ապա դա անթույլատրելի ու անհասկանալի է: Իհարկե, իրենք, սովորության համաձայն, սա էլ կփորձեն շահարկել:

-Ովքե՞ր են այդ շահարկողները:

-Իշխանությունները, նրանք, ովքեր խրախուսում են այդ թեման, նրանք, ովքեր շրջանառության մեջ են դնում: Եթե քննության համար բավարար հիմքեր ունեն, թող քննություն իրականացնեն, բայց ոչ թե «ազատություն՝ ցուցմունքի դիմաց» սկզբունքով շարժվեն:

-Ըստ Ձեզ` արդյոք Նաիրի Հունանյանի այդ դիմումը ենթատեքստ ունի՞, ինչ-որ պայմանավորվածություն կա՞ նրա եւ իշխանությունների միջեւ:

-Ես չգիտեմ, ես մանրամասների մասին ոչինչ չգիտեմ, հավանաբար ինչ-որ մեկը ինչ-որ բան է խոսք տվել, ես ենթադրություններ չեմ ցանկանում անել: Բայց հարցը պարզ է եւ հստակ՝ ո՛չ հասարակությունն է դրան պատրաստ եւ ո՛չ էլ նման հարց կարող է քննարկվել այդ իրավիճակում: Հասարակությունը այդ ամենը չի ընդունելու. եթե բան կա քննելու, թող քննեն, բայց չի նշանակում, որ Նաիրի Հունանյանը պետք է ազատության մեջ գտնվի, ու այդ քննությունն իրականացվի ազատության մեջ: Պետք չի ազատել, նոր քննել, դա ուրիշ բան է նշանակում: Ես արդեն նշեցի, որ «ազատություն` ցուցմունքի դիմաց»-ը խեղկատակություն է: Հանրությունը չի ցանկանա երբեւէ նման ոճրագործի ազատության մեջ տեսնել, դրա մասին պետք է մտածել նախեւառաջ:

-Պարո՛ն Սաղաթելյան, այս ժամանակահատվածում ակտիվորեն քննարկվում է այն հարցը, որ ներկայիս իշխանությունները քաղաքական հետապնդումներ են իրականացնում նախկին իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ՝ մասնավորապես ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի եւ այլն: ՀՅԴ-ում ի՞նչ դիրքորոշում ունեն` այս հարցի հետ կապված, արդյոք սա արշա՞վ է նախկինների դեմ:

-Մենք շատ ուշադրությամբ հետեւում ենք այն պրոցեսներին, որոնք իրականացվում են, մենք հստակ մեր դիրքորոշումները շատ ասել ենք: Այս ամեն ինչը քաղաքական ճնշում է իշխանությունների կողմից. սրանք հստակ քայլեր են դատական իշխանությունը նվաճելու, իրենց քաղաքական հակառակորդներին, այլ կարծիք ունեցողներին, չենթարկվողներին, իրենց չծառայողներին շատ հստակ հետապնդում է:

-Բայց իշխանությունները պնդում են, որ իրենց առաջնորդը քաղաքական բանտարկյալ է եղել, ու իրենք երբեւիցէ չեն բռնելու այն գիծը, որը բռնել էին նախորդ իշխանությունները, ու իրենք որեւէ քաղաքական հետապնդում չեն իրականացնում որեւէ անձի կամ քաղաքական ուժի նկատմամբ: Ըստ նրանց` այս ամենը իրավական պրոցես է, որը իրականացնում են իրենց համակարգի ներկայացուցիչները:

-Երանի իրենք իրենց բոլոր խոստումներին ու հայտարարություններին հավատարիմ մնային. սա քաղաքական հետապնդում է, դա ակնհայտ է, բոլորը տեսնում են դա:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս