Կառավարության անդամներից ովքեր են ամենաշատը մեկնել գործուղման և որ ուղղություններով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, յուրաքանչյուր գործուղումից հետո պաշտոնյաները պարտավոր են հաշվետվություն ներկայացնել: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրեց կառավարության ներկայացուցիչների գործուղումները սեպտեմբեր ամսվա ընթացքում` փորձելով հասկանալ, որ ուղղություններն են դրանք եղել, եւ ինչ ձեռքբերումներ կան:

Եվ, ահա, ուսումնասիրելով ցանկը` պարզ դարձավ, որ սեպտեմբեր ամսվա ընթացքում ամենաշատը` 3 անգամ, գործուղման է մեկնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը եւ 2-ական անգամներ էլ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Արմեն Աբրոյանը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, նույն կառույցի ղեկավար Սուրեն Պապիկյանը, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը, Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, ԱՎԾ պետ Ստեփան Մնացականյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ու ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը:

Նկատենք, որ, ամեն դեպքում, սեպտեմբեր ամսվա ընթացքում ավելի շատ գործուղումների մեկնել են փոխնախարարները, քան հենց կառույցների ղեկավարները: Մեկական անգամ գործուղումների մեկնած պաշտոնյաները եւս փոխնախարարներ են: Իսկ հիմա փորձենք հասկանալ, թե որ պաշտոնյաներն ուր են մեկնել:

Օրինակ` կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արայիկ Խզմալյանը, որը երեք անգամ է գործուղման մեկնել, եղել է Իտալիայում, ՌԴ-ում եւ Տաջիկստանում: Իտալիայում նա մասնակցել է «Սալենտո» 16-րդ միջազգային կինոփառատոնին եւ, որպես արդյունք, ներկայացրել է «Սալենտո» փառատոնի եւ հայկական «Ֆրեսկո» միջազգային փառատոնի միջեւ համագործակցության հանգամանքը, փառատոնի շրջանակներում ցուցադրված հայկական ֆիլմերի տարածումն իտալական կինոշուկայում, Իտալիայում հայկական մշակութային օրերի անցկացման նախնական պայմանավորվածությունը:

Իսկ, ահա, սեպտեմբերի 14-16-ը նա ՌԴ-ում մասնակցել է թատերաշրջանի բացման եւ մեկնել հենց ռուսական կողմի հրավերով, իսկ արդեն Տաջիկստանում էլ սեպտեմբերի 17-19-ը ներկա է եղել ԱՊՀ մասնակից պետությունների մշակութային համագործակցության հարցերով խորհրդի նիստին, եւ արդյունքը եղել է այն, որ 2021 թվականին երիտասարդական մշակութային համաժողովը կանցկացվի Երեւանում:

Նկատենք, որ առհասարակ սեպտեմբեր ամսին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պաշտոնյաներն ակտիվ են եղել: Նախարար Պապիկյանն ու փոխնախարարներից Լիլիա Շուշանյանն ու Հակոբ Վարդանյանը միասին մեկնել են 6 գործուղման` 2-ական: Օրինակ Սուրեն Պապիկյանը Աբու Դաբիում ներկա է եղել Համաշխարհային էներգետիկ 24-րդ կոնգրեսին եւ որպես արդյունք ներկայացված է, որ խորհրդի նախագահը ցանկություն է հայտնել գալ Հայաստան:

Իսկ մի քանի օր անց Պապիկյանը Վիեննայում էլ մասնակցել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության 63-րդ գլխավոր համաժողովին: Նշենք, որ այս այցի հաշվետվությունն ամենաերկարն է, եւ Պապիկյանը մանրամասը ներկայացրել է, թե ինչ հանդիպումներ է ունեցել, ում հետ եւ ինչպիսի հարցերի մասին: Եվ, որպես արդյունք, նշված է այն հանգամանքը, որ տեխնիկական աջակցության ծրագրերին կներգրավվեն նաեւ Հայաստանի ներկայացուցիչները:

Տաթեւիկ Ռեւազյանը, լինելով Աշգաբադում, նպատակ է ունեցել թուրքմենական ավիացիոն իշխանությունների հետ քննարկել «Թուրքմենական ավիաուղիներ» ավիաընկերության կողմից Աշգաբադ-Երեւան-Աշգաբադ չվերթերի վերսկսումը, օդային փոխադրումների իրավունքի 5-րդ ազատության կիրառմամբ Աշգաբադից Երեւան եւ եվրոպական քաղաքներ չվերթերի հնարավորությունը: Սակայն, որպես արդյունք, միայն նշված է այն, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու կառույցների միջեւ քննարկումները շարունակել աշխատանքային կարգով։ Իսկ, ահա, Իտալիայում մասնակցել է «Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանս»-ին, սակայն արդյունքների մասով այնքան էլ շատ տվյալներ չկան. խոսք է գնացել միայն հանդիպումների, տարբեր հարցեր քննարկելու մասին:

Իսկ, ահա, Արսեն Թորոսյանը Դանիայում մասնակցել է Առեւտրի համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի 69-րդ նստաշրջանին: Ի դեպ, այստեղ կարող ենք խոսել արդյունքի մասին, քանի որ ԱՀԿ անդամ 53 երկրի ներկայացուցիչների քվեարկության արդյունքում Հայաստանը` ի դեմս առողջապահության նախարարի, ընդգրկվել է ԱՀԿ Մշտական կոմիտեի կազմում, որը կգործի առաջիկա 3 տարիներին: Իսկ, ահա, Նյու Յորքում նա մասնակցել է ՄԱԿ գլխավոր վեհաժողովին. այստեղ ելույթներ են հնչել եւ տարբեր հանդիպումներ:

Իհարկե, շատ կարեւոր են գործուղումների մասին հաշվետվությունները, սակայն հիմնականում լինում են դեպքեր, երբ դրանք սահմանափակվում են միայն այս կամ այն հանդիպումների մասին տվյալներով` չներկայացնելով բուն եւ էական արդյունքները: Պարզ է` որ հաճախ արդյունքներ չեն էլ լինում, եւ այսպես փորձում են տպավորություն ստեղծել:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս