Կառավարությունն ընդլայնելու է իրական սեփականատերերի բացահայտման գործընթացը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում տեղի է ունեցել «Իրական սեփականատերերի թափանցիկություն» թեմայով աշխատաժողովը, որին մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիանա Ղալթաղչյանը, Բաց կառավարման գործընկերության գործադիր գլխավոր տնօրեն Սանջայ Փրադհանը, կառավարության, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Ռուստամ Բադասյանը շնորհակալություն է հայտնել Բաց կառավարման գործընկերությանը, ԱՄՆ ՄԶԳ-ին և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին միջոցառումը հնարավոր դարձնելու համար և նշել, որ հատկապես վերջին տարիներին աշխարհի տարբեր երկրների կառավարությունները գիտակցում են, որ հարկերից խուսափելու, փողերի լվացման և կոռուպցիոն հանցագործությունների դեմ արդյունավետ պայքարի միջոցներից մեկն իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկության հասանելիությունն է:
«Հայաստանի իշխանությունն այսօր, ավելի քան երբևէ հավատարիմ է ԲԿԳ գործողությունների ծրագրով նախատեսված պարտավորություններին և պատրաստ է աշխատանքներ իրականացնել իրական սեփականատերերի մասին տեղեկության բացահայտման ուղղությամբ»,- ասել է Ռուստամ Բադասյանը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Lիանա Ղալթաղչյանը նշել է, որ կառավարությունը ստանձնել է հանձնառություն ձևավորել առավել թափանցիկ և պատասխանատու կառավարում, հասանելի դարձնել տեղեկատվությունը գործադիր մարմնի ցանկացած օղակի գործունեության վերաբերյալ, բարձրացնել պետական կառավարման համակարգի մարմինների գործողությունների մասին հրապարակայնությունը, խթանել հասարակության մասնակցությունը հանրային կյանքի կառավարմանը:

«Այս նպատակներն ամրագրվել են նաև տարբեր քաղաքական փաստաթղթերում, առաջին հերթին կառավարության ծրագրում, որի իրականացման համար առկա է մեծ քաղաքական կամք: Ինչպես կառավարության ծրագրում, այնպես էլ 2018թ. հաստատված «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գործողությունների չորրորդ ծրագրով կառավարությունը հանձն է առել իրականացնելու հավակնոտ բարեփոխումներ՝ ներառյալ օրենսդրական փոփոխություններ քաղաքացիների համար կարևոր ոլորտներում:

Հենց այս հավակնոտ հանձնառություններից մեկն էլ «Իրական սեփականատերերի» բացահայտման գործընթացն է»,- նշել է Լիանա Ղալթաղչյանը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի խոսքով՝ Հայաստանը ԲԿԳ շրջանակում 14 կառավարությունների հետ միասին միացել է «Բաց սեփականատերեր առաջնորդների» թիմին՝ ձևավորելու «Գլոբալ իրական սեփականատերերի» բացահայտման հարթակ:

«2017 թվականի մարտին, դառնալով Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ЕITI) անդամ պետություն, Հայաստանը պարտավորություն վերցրեց 2020թ. հունվարից հրապարակել մետաղական հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունների իրական սեփականատերերի հանրային ռեգիստրը: Այդ պարտավորությունն իրականացնելու նպատակով իրականացվեց իրավական վերլուծություն և բազմաշահառու ձևաչափով ընթացան իրական սեփականատերերի բացահայտման համակարգի ստեղծման աշխատանքները: Իսկ 2018թ. ապրիլին ԱԺ-ն ընդունեց իրական սեփականատերերի բացահայտման գործընթացը և շրջանակը սահմանող օրենքների փաթեթը: Դրանով դրվեցին իրական սեփականատերերի բացահայտման օրենսդրական հիմքերը:
Ուզում եմ նաև նշել, որ բոլորովին վերջերս կառավարությունը հավանության արժանացրեց նաև մի օրինագիծ, որով վերանայվեց պետական գրանցում ստացած իրավաբանական անձանց՝ միասնական պետական գրանցամատյանում առկա տեղեկությունները հանրությանը հասանելի դարձնելու մեխանիզմները՝ վերացնելով օրենքով նախատեսված պետական տուրք վճարելու պայմանը՝ սահմանված կարգով հաշվառված լրատվամիջոցների համար և ապահովելով հանրային շահերին վերաբերող հարցերի շուրջ հավաստի և ամբողջական տեղեկատվության ազատությունը»,- ասել է Լիանա Լաղթաղչյանը։

Նրա խոսքով՝ սկսելով մետաղական հանքերի իրական սեփականատերերի բացահայտումից, կառավարությունը փուլ առ փուլ ընդլայնելու է տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող պետական գրանցում ստացած իրավաբանական անձանց իրական սեփականատերերի բացահայտման և նրանց վերաբերյալ տեղեկությունների ընդհանուր և հանրամատչելի հարթակի ներդրման գործընթացը՝ ապահովելով իրական սեփականատերերի վերաբերյալ տվյալների հրապարակայնությունը։

Բաց կառավարման գործընկերության գործադիր գլխավոր տնօրեն Սանջայ Փրադհանը, կարևորելով Հայաստանում այս թեմայով աշխատաժողովի անցկացումը, նշել է, որ Հայաստանը ԲԿԳ անդամ երկրների շրջանակում դիտվում է որպես ժողովրդավարության պայծառ կետ, և Հայաստանի ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը, իրապես, համընդհանուր ոգեշնչում էր բոլորի համար: Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարության ներկայիս նպատակը ժողովրդավար հեղափոխությունը տնտեսական հեղափոխության վերածելն է: Այս համատեքստում Սանջայ Փրադհանը կարևորել է իրական սեփականատերերի բացահայտմանն ուղղված աշխատանքները՝ որպես կոռուպցիայի դեմ պայքարի առաջնային գործիք:

«Այսօր շատ երկրներում, որտեղ այս տեղեկությունը բաց է, անցկացվում են ժողովրդավար ընտրություններ, քաղաքացիները վստահում են իրենց կառավարությանը, պետական մարմիններին: Իրական սեփականատերերի բացահայտման գործընթացը նպաստում է Կառավարության նկատմամբ քաղաքացիների վստահության բարձրացմանն ու կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարին: Սա շատ կարևոր գործընթաց է նաև բիզնեսի համար»,- շեշտել է Սանջայ Փրադհանը՝ մտացածին որակելով այն մոտեցումը, թե իրական սեփականատերերին բացահայտելու գործընթացը կարող է վնասել ներդրումային միջավայրը:

«Մեր փորձը հակառակն է ցույց տալիս. այն «խաղացողների» համար հավասար միջավայր և նոր ներդրումների հնարավորություն է ստեղծում»,- վստահեցրել է ԲԿԳ գործադիր գլխավոր տնօրենը:




Լրահոս