Հայ պատգամավորներն այցելել են Վերին Լարս. «կուտակումներն է՛լ ավելի կմեծանան»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի պատվիրակությունը հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի գլխավորությամբ այցելել է Վերին Լարս:

Տեղում մանրակրկիտ ուսումնասիրվել է տարիների ընթացքում արդեն իսկ խրոնիկ դարձած հերթերի, խցանումների հետ կապված իրավիճակը:

ՌԴ Պետդումայի գործընկեր հանձնաժողովի՝ ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի տեղակալ Կազբեկ Կուցուկովիչ Տայսաեւի գլխավորությամբ պատվիրակությունը հայկական պատվիրակության հետ միասին եղել է Հյուսիսային Օսիայի Հանրապետության պառլամենտում, որտեղ նրանց ընդունել է նաեւ պառլամենտի նախագահ պարոն Ալեքսեյ Վասիլեւիչ Մաչնեւը:

Ներկա են եղել շահագրգիռ բոլոր կողմերը՝ սահմանապահ զորքերի հրամանատարությունը, ղեկավար կազմը, ինչպես նաեւ Հյուսիսկովկասյան օկրուգի մաքսային ծառայության ղեկավարները, Հյուսիսային Օսիայի մաքսային ծառայության ղեկավարը:

Մանրակրկիտ ուսումնասիրվել են առկա բոլոր խնդիրները, մասնավորապես՝ Ռուսաստանից դեպի Վրաստան, Հայաստան թողունակության, հատկապես՝ բեռնատար ավտոտրանսպորտի թողունակության բարձրացման խնդիրը: Սրա հետ կապված Ռուսատանի Դաշնության կառավարությունն արդեն նախատեսել է շուրջ 1.9 մլրդ ռուսական ռուբլի՝ նպատակային պետական ծրագրերի շրջանակում բեռնատարների անցուղիների թվաքանակը ընդլայնելու համար:

Միաժամանակ նշվել է, որ շինարարության ընթացքում կուտակումներն է՛լ ավելի կմեծանան, եւ այլընտրանքային լուծումներ են պետք:

Քննարկվել են նաեւ հարցեր՝ կապված անցակետերում ֆիտոսանիտարիայի կազմակերպման խնդիրների հետ: Այստեղ Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության օրենքների ներդաշնակեցման խնդիր կա: Առաջադրված խնդիրներից մեկն այն է, որ քաշերը ստուգվեն ոչ թե մաքսային վերջնակետում՝ Լարսում, այլ մինչեւ այդ առկա 3-4 այլ կետերում: Մյուսը ֆիտոսանիտարիայի լաբորատոր հետազոտությունների կենտրոնների հեռավորությունն է. դրանք գտնվում են ոչ թե Վլադիկավկազում, որը Լարսից մոտ 120 կմ հեռավորության վրա գտնվող Կաբարդա-Բալկարական Հանրապետության մայրաքաղաք Նալչիկում: Դա նույնպես ձգձգումների պատճառ է դառնում:

Քննարկվել են նաեւ ուղեւորատար տրանսպորտին վերաբերող հարցեր՝ կապված լիցենզավորված փոխադրումների, ավտոընկերությունների միջեւ հստակ ժամանակացույցերի արձանագրման եւ սպասարկման հետ: Ներկայացվել են սահմանապահ ծառայության կողմից սպասարկման խնդիրները:

Վերը նշված հարցերը կքննարկվեն նոյեմբերի 6-ին՝ Գյումրիում կայանալիք հայ-ռուսական միջպառլամենտական հանձնաժողովի նիստում, որտեղ հիմնական զեկուցողներից է նաեւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը:

Քննարկվել են նաեւ այլ հարցեր՝ կապված բեռների ստուգման, խմբաքանակներով թողնման հետ: Հուսով ենք, որ մոտ ժամանակներս Հայաստանի Հանրապետության Պետեկամուտների կոմիտեն Լարսում կունենա մշտական ներկայացուցիչ:

Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Դոնի Ռոստովում Հայաստանի Հանրապետության հյուպատոս Արթուր Սարգսյանը:




Լրահոս