ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սևանա լճի ափամերձ տարածքների մաքրման ժամանակացույցը հայտնի է. որքան գումար կհատկացվի բյուջեից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին տարիներին Սեւանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետ կապված ջրի տակ են հայտնվել ափամերձ անտառածածկ տարածքները, որոնք խիստ բացասական ազդեցություն են ունենում լճի ջրի որակի եւ մաքրության վրա:

Խնդիրն այն է, որլճում հայտնված ցամաքային ծառաթփային բուսականության փտման հետեւանքով առաջացած օրգանական նյութերը նպաստում են լճի էվտրոֆիկացման՝ ճահճացման պրոցեսներին` արդյունքում առաջացնելով տոքսիկ օրգանական նյութեր:

Ըստ մասնագետների` դրանք, գումարվելով ծառաթփային բույսերի փտման հետեւանքով գոյացող տոքսիկ նյութերին, խիստ բացասական ազդեցություն կունենա լճի կենդանական աշխարհի բնականոն զարգացման վրա` սկսած լճի էկոհամակարգի սննդային շղթայի բուրգի հիմքից` բենթոսից եւ պլանկտոնից, ընդհուպ սննդային բուրգի գագաթը` արդյունագործական նշանակություն ունեցող ձկները եւ խեցգետինը, ինչպես նաեւ ջրլող թռչունները:

Այս տարի Սեւանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքների իրականացման նպատակով անօդաչու թռչող սարքերի եւ արբանյակային պատկերների միջոցով քարտեզագրվել են ծովի մակարդակից մինչեւ 1901.5 մետրնիշն ընկած մաքրման ենթակա բոլոր տարածքները: Հիմք ընդունելով ծովի մակարդակից մինչեւ 1901.5 մետրնիշն ընկած մաքրման ենթակա տարածքների քարտեզագրման եւ նախագծանախահաշվային փաստաթղթերը` մաքրման ենթակա է 909.5 հա ջրածածկ տարածք (2019թ. մաքրվելիք տարածքը ներառյալ), որից 826 հա-ը ճահճապատ եւ ջրածածկ տարածքներ են: Պայմանավորված Սեւանա լճումտեղիունեցող կենսաքիմիական պրոցեսներով, ինչի արդյունքում լիճը «ծաղկում» է, այդ տարածքների մաքրումը համարվում է հրատապ:

Այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը մտադիր է առաջիկայում կառավարությանը ներկայացնել Սեւանա լճի մաքրման միջոցառումների 2020-2022 թվականների ժամանակացույցը հաստատելու մասին որոշման նախագիծը: Մեզ հայտնի դարձավ, որ ըստ այդ ժամանակացույցի` նախատեսվում է շրջակայքում ջրածածկման ենթակա տարածքներում անտառմաքրման աշխատանքների իրականացում 887 հեկտարի վրա: Մասնավորապես, 2020 թվականին նախատեսվում է մաքրման աշխատանքներ իրականացնել 271 հա-ի վրա, որի համար պետական բյուջեից կծախսվի 208 մլն 238 հազար դրամ, 2021-ին` 381 հա-ի վրա` 216 մլն 804 հազար դրամ, իսկ 2022-ին` 235 հա-ի վրա` 142 մլն 292 հազար դրամ գումար:

Ի դեպ, Սեւանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով ափամերձ հատվածներում անտառային տարածքները ծառարմատներից, կոճղերից մաքրելու նպատակով այս տարի նախատեսվել է ծախսել 117 մլն 62 հազար դրամ:

«Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ ներկայումս պարկի Վարդենիսի մասնաճյուղի Ծովակ գյուղի ափամերձ հատվածներն են մաքրվում: «Ի դեպ, նշեմ, որ Սեւանա լճի ողջ պատմության մեջ ամենաբարդ տարածքն է, որովհետեւ ամբողջ աշխատանքները հիմնականում ճահճի մեջ է ընթանում»,- ներկայացևրեց Գուլանյանը: Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ մաքրման աշխատանքներն իրականացվում են «Հարությունյանշին» ընկերության կողմից:

Զրույցի ընթացքում Գուլանյանը նշեց նաեւ` ազգային պարկից ներկայացուցիչներ մաքրման ընթացքում տեղում են, վերահսկում են, բացի այդ, մաքրված փայտանյութը հանձնվում է: Նշենք, որ փայտը մաքրող ընկերությունը հանձնում է ազգային պարկին, որն էլ այն իրացնում է. «Մենք անմիջապես հատատեղից ենք իրացնում, որովհետեւ այն ցածրարժեք փայտանյութ է, եւ իմաստ չունի ծախս անել, տեղափոխել կամ մոտեցնել քաղաքին պահեստավորել»:

Պարզվում է, որ այս ընթացքում «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը տարածաշրջանի բնակիչների կողմից բազմաթիվ դիմում-հայտեր է ստանում` փայտանյութ գնելու պահանջով: «Ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենը վսահեցնում է` փայտանյութի իրացման գործում ծանոթ-բարեկամ կամ խնամիական կապեր չկան: «Բոլորին տալիս ենք: Ես կարող եմ երաշխավորել, որ նման բան չկա: Բացի այս, Գեղարքունիքի մարզպետն է դիմել նախարարություն, որպեսզի ոչ իրացման ենթակա փայտանյութը` ճյուղերը, անվճար հատկացվեն գյուղացիներին: Անսահման քանակությամբ փայտանյութ բաժանվում է մարդկանց մաքրման ընթացքում»,- պարզաբանեց ՊՈԱԿ-ի տնօրենը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս