«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը Երեւանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Նարինե Պետրոսյանն է: Նա անդրադարձել է իր կյանքի ուսուցիչներին, մարդկանց, որոնք խոսքն իր համար ուղենիշ է եղել: Դերասանուհին նշել է, թե որ տարիքն է իր համար եղել բեկումնային՝ խոստովանելով, որ այդ փուլն իրեն հասունություն է բերել: Նարինեն խոսել է նաեւ Հայաստանի ապագայի մասին. նա տեսնում է այն պայծառ եւ լուսավոր:
-Նարինե՛, աշխատանքի վրա կենտրոնանալու համար Ձեզ անհրաժեշտ է…
-Մտքերս իմի բերել, ֆիզիկապես առույգ վիճակում լինել եւ լուծել բոլոր խնդիրները, որպեսզի խանգարող հանգամանք չլինի: Կտրվել ամեն ինչից եւ կենտրոնանալ անելիքների վրա:
-Մարդկանցից Ձեր սպասելիքը մեկն է…
-Որ նրանք ինձ հետ լինեն անկեղծ:
-Դուք հաշվետու եք միայն ո՞ւմ առաջ:
-Ինքս իմ առաջ:
-Շտապո՞ւմ եք ապրել:
-Այո:
-Երգ, որը թափանցել է մինչեւ հոգու խորքը:
-Շատ են, բայց վերջին շրջանում Ֆրեդի Մերկուրիի երգերով եմ տարված, շատ եմ տպավորված «Բոհեմական ռապսոդիայով»: Պարբերաբար ես ապրում եմ շրջաններ ինչ-որ երգով: Հիմա Մերկուրիի հերթն է:
-Քաղաքական գործիչ, որի կերպարը հիացնում է Ձեզ:
-Մարգարետ Թետչերը: Գուցե նրա ոչ բոլոր քայլերի հետ եմ համաձայն, բայց ընդհանուր կերպարն ինձ համար շատ հետաքրքիր է որպես քաղաքական կին լիդեր:
-Հայաստանի ապագան ինչպիսի՞ն եք տեսնում:
-Լուսավոր, ունեմ մեծ հույսեր եւ սպասումներ:
-Սիմվոլ, որն ասոցացվում է Երեւանի հետ:
-Մարդիկ, որոնք հարազատ են: Նրանց քաղաքում շրջելիս տեսնում ես եւ հիշում ես, որ Երեւանում ես:
-Վերջին շրջանում ումի՞ց կամ ինչի՞ց եք հիասթափվել:
-Վաղուց ոչ մի բանից չեմ հիասթափվում, թեթեւ եմ նայում ամեն ինչին: Յուրաքանչյուրն ապրում է այնպես, ինչպես իրեն է հարմար: Հիասթափվել կարող եմ ինքս ինձնից.երբ պլանավորում եմ որեւէ բան անել ու չեմ անում, երբ մտածում եմ, որ կարող էի ավելին անել ու չեմ անում:
-Ու՞մ խոսքերն են Ձեզ համար ուղենիշ եղել կյանքում:
-Շատ կան` սկսած պապիկիցս, վերջացրած Արմեն Մազմանյանով եւ Հրաչյա Հարությունյանով: Վերջինիս խոսքերն ինձ մտորելու առիթ են տալիս, շատ հարցերում իրեն լսում եմ որպես ավագ ընկերոջ:
-Եթե վերադառնաք մանկություն, ի՞նչ կտայիք փոքրիկ Նարինեին, մի բան, որի կարիքը նա շատ ուներ:
-Ավելի շատ ուշադրություն, թեպետ ուշադրության կարիք չեմ ունեցել: Պարզապես բոլոր երեխաներն էլ մի քիչ ավելին են ուզում:
-Ձեր արտաքինի ամենաընդգծված հատվածը ո՞րն է:
-Կարծում եմ՝ աչքերս:
– Ձեր մասին մարդկանց նախնական կարծիքը սովորաբար ճի՞շտ է լինում, թե՞ խաբուսիկ:
-Շատերը մտածում են, թե ես սառը մարդ եմ: Պատճառը երեւի այն է, որ ոչ բոլորի մոտ եմ միանգամից բացվում, բայց դա խաբուսիկ է: Երեւի պաշտպանողական ռեակցիա է, որի միջոցով ամեն մեկին չես թողնում մոտ:
-Ինչպե՞ս եք տնօրինում փողը:
-Եթե կարիք կա տնտեսելու, տնտեսում եմ, եթե զգում եմ, որ պետք չէ, չեմ տնտեսում:
-Ձեր բնավորության մի վատ գիծ, որի մասին ինքներդ էլ գիտեք, բայց ոչինչ չեք կարող անել…
-Եթե գիտեմ, որ դա վատ գիծ է, անպայման աշխատում եմ դրա վրա, չեմ համակերպվում: Ուժ, միտք եւ կարողություն ունեմ փոխելու ոչ ցանկալին:
-Ի՞նչը չեք ասի մարդու երեսին:
-Այն, ինչ իրեն կցավեցնի: Ամեն դեպքում, կասեմ ճշմարտությունը, բայց նրբանկատորեն, առանց վիրավորելու եւ ոտնահարելու մարդու զգացմունքները:
-Երբեւէ դիտե՞լ եք Ձեր «Վերջին զանգի», ավարտական երեկոյի տեսաերիզը կամ սկավառակը:
-Այո, եւ եթե կարծում եք, որ քննադատել եմ ինքս իմ արտաքինը կամ պահվածքը, սխալվում եք, այն ինձ մոտ շատ անուշ, ջերմ էմոցիաներ է արթնացրել: Անմեղության, հավատի ու մեծ սպասումների տարիներ էին…
-Դուք ավելի շատ խաղա՞ղ, թե՞ փաթորկուն անձնավորություն եք:
-Երկուսն էլ` նայած շրջաններ:
-Ո՞ր տարիքն է Ձեզ համար եղել բեկումնային:
-32-ից 33-ի անցումը: Հասունացման նոր շրջան է ինձ համար եղել: Մինչեւ այդ ասում էի 21-ը,երբ որոշեցի ամուսնանալ, բայց հիմա զգում եմ, որ 33-ի շեմին ինձ մոտ շատ բաներ փոխվեցին, հասունություն եկավ, նոր «լեվլ», որի շնորհիվ փորձում ես ինքդ քեզ վերեւից նայել:
-Ո՞վ է լավ ընկերը:
-Ով կողքիդ է, հավատարիմ, երբեմն դեմքիդ ասում է անցանկալին, բայց ընդունում է քեզ այնպիսին, ինչպիսին կաս:
-Ինչի՞ց եք վախենում:
-Վախենում եմ վախի զգացողություն ունենալուց:
-Երբ տխուր եք, Ձեզ մխիթարում է այն միտքը, որ…
-Որ ամեն ինչ շատ լավ է:
Աննա Բաբաջանյան