Երեւան-Սեւան ճանապարհին օգոստոսի 2-ին տեղի ունեցած պայթյունը ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեռոր համարեց։ Հիշեցնենք, որ այդ օրը պայթյուն է եղել ճանապարհի սկզբնամասում գտնվող շշերի գործարանում։ Պայթյունի հետեւանքով վնասվել էին ճանապարհածածկույթը եւ երկու մեքենա։ Մեքենաները պատկանում էին հենց նախկին պատգամավորին, եւ ապա պարզ դարձավ, որ պայթյունը միտումնավոր է եղել, եւ պայթուցիկ սարքն էլ հեռակառավարվել է կողքին գտնվող չգործող հյուրանոցից։ Այս գործով արդեն մեղադրանք է առաջադրվել երեք անձի։ Ու մինչ իրավապահները կալանավորվածների հետ բացատրական աշխատանքներ են տանում, «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի հետ` հասկանալու համար, թե ինչ խնդիր է ունեցել նա կալանավորվածների հետ, որ ցանկացել են հենց կամուրջը պայթեցնելու միջոցով իրեն սպանել: Աժ նախկին պատգամավորը, անդրադառնալով կատարվածին, հայտնեց. «Ես էլ Ձեզ եմ հարց տալիս` ինչի: Այդ մայրուղիով Դուք անցել եք, գիտեք ինչքան մեքենա է անցնում այդ մայրուղիով, բա եթե Դուք անցնեիք այդ մայրուղիով, նման բաների մասին գրե՛ք …. հերիք է ինձ կապեք քրեական թեմաների հետ: Դա միջպետական գլխավոր ճանապարհ է եւ ամենակարեւոր ճանապարհն է. եթե Դուք ինձ ցույց տաք այդպիսի ճանապարհ, մոստ տրաքացնելով մահափորձ անեն, հա, մեքենաներ տրաքացրել են, բայց մոստ ….. միջպետական ճանապարհին…. ես հլը մի կողմ դրած, սա տեռոր է: Առնվազն 100-200 ավտո այդտեղ են եղել, բա որ մեկին մի բան լինե՞ր. որեւէ մեկին բան չեղավ, ու լավ է, որ չեղավ : Միջպետական ճանապարհը տրաքացնում եք, այս ինչն եք անում, նման դեպքը լրիվ տեռոր է»։ Մեր այն հարցին` այդ դեպքում ինչու են վերոնշյալ մարդիկ այդ կերպ փորձել իրենից վրեժխնդիր լինել, ԱԺ նախկին պատգամավորը ասաց, որ չգիտի. «Իրենցից պետք է հարցնեք` ինչի, եւ իրենց ով ասեց` գնացե՛ք արեք. ես այդ հարցերի պատասխանը չունեմ, ես այդ հարցի դեպքում միայն այս պատասխանը ունեմ, որ այդ մարդիկ պետք է ասեն` ե՛ւ պետության, ե՛ւ իմ դեմ ինչի համար են նման բան արել, կամ իրենց ով է կազմակերպել, որ գան նման բան անեն: Վերջ, է՛լ որեւէ բան չեմ կարող ասել»։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` օգոստոս ամսվա վերջին կամ սեպտեմբերի սկզբին Ստեփանակերտում նախատեսված է «Ժողովրդավար հայրենիք» կուսակցության հիմնադիր համագումարը։ Նշենք, որ այս կուսակցությունը առաջնորդելու է Սամվել Բաբայանը, որը հավակնում է լինել Արցախի նախագահի թեկնածու։ Այդ օրը տեղի կունենա հիմնադիր համագումարը, կհաստատվի կուսակցության ստեղծումը, ապա կընտրվեն նաեւ ղեկավար կազմի ներկայացուցիչները։ Եվ մինչ կուսակցության ստեղծումը Ստեփանակերտում արդեն գործում է Սամվել Բաբայանի գրասենյակը։ Եվ չնայած դեռ պարզ չէ՝ սահմանադրական փոփոխությունների առաջարկը կընդունվի, թե ոչ, եւ, ըստ այդմ, Բաբայանը կկարողանա գրանցվել որպես նախագահի թեկնածու, թե ոչ, սակայն նրա կողմնակիցները եւ հենց ինքը, կարելի է ասել, ակտիվ նախընտրական քարոզարշավ են վարում։ Հիշեցնենք, որ 2007 թվականին Սամվել Բաբայանն ուներ նաեւ իր կուսակցությունը՝ «Դաշինք» անվամբ։
Արդեն մի քանի օր է` քաղաքական դաշտում քննարկվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ արած հայտարարությունը: Բանն այն է, որ Ն. Փաշինյանը անակնկալ հայտարարել էր, թե մոտավորապես 2014 թ.-ին՝ նախորդ իշխանության օրոք, մի գաղտնի զեկույց է նախապատրաստվել: Վարչապետի խոսքով՝ այն տալիս է ամբողջական պատկերացում, թե ինչ վիճակում է եղել մեր երկիրը, փաստաթղթով հիմնավորվում է, որ մեր պետությունն ինստիտուցիոնալ առումով կաթվածահար է եւ ամբողջությամբ ձախողված, այն նաեւ հնարավորություն է տալիս հասկանալու, թե իրականում ինչ իրավիճակ է Հայաստանի Հանրապետությունում, եւ ինչ խնդիրներ է անհրաժեշտ լուծել: Այս հայտարարությունը մեծ աժիոտաժ է առաջացրել տարբեր քաղաքական ուժերի շրջանակում: Նախորդ իշխանությունները փորձում են հասկանալ, թե ինչ փաստաթղթի մասին կարող է խոսքը լինել: Նշվում է նաեւ, որ իշխանությունները մտահոգված են այն բանի համար, որ հնարավոր է այդ փաստաթուղթն առաջիկայում հրապարակվի, քանի որ տարբեր քաղաքական ուժեր լծվել են այդ փաստաթղթի հրապարակման գործին:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը Սեւանա լճում ձկան եւ խեցգետնի արդյունագործական որսի տարեկան առավելագույն չափաքանակներն ու արդյունագործական որսի որակի բնութագրերն է հրապարակել, ըստ որի` կարասի որսի չափաքանակն անսահամանափակ է, խեցգետնի որսի թույլատրելի քանակությունը սահմանվել է 350 տոննա։ Իսկ, ահա, սիգ ձկնատեսակի որսի թույլատրելի քանակությունը սահմանվել է 150 տոննա` >35սմ, >500գ։ Բայց, մյուս կողմից, «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փոխանցեց, որ լճում այդ քանակությամբ խեցգետին այս պահի դրությամբ չկա: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Շրջակա միջավայրի նախարարությունն արգելում է չինական հարմոնաձեւ ծալովի խեցգետնորսիչների կիրառումը Սեւանա լճում։
ԾՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԽԹԱՆԻՉՆԵՐԸ
Նախօրեին` Արցախում հրավիրված հանրահավաքի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռազմավարական եւ մարտավարական առումով կարեւոր ելույթ ունեցավ` նախանշելով առաջիկա տարիների ծրագիրը:
«- Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու:
– Ստեղծել 1 միլիոն 500 հազար աշխատատեղ, ապահովել առնվազն 2.5 միլիոն մարդու զբաղվածությունը եւ վերացնել աղքատությունը:
– Հայաստանը դարձնել արդյունաբերական երկիր, 15-ապատկել Հայաստանի համախառն ներքին արդյունքը:
– Ունենալ 10 մլրդ դոլար արժեքը գերազանցող առնվազն 5 տեխնոլոգիական ընկերություն եւ 10 հազար աշխատող սթարտափ:
– Յոթնապատկել միջին աշխատավարձը:
– Բանակի մարտունակության ցուցանիշով տեղ զբաղեցրել աշխարհի առաջատար երկրների առնվազն առաջին 20-յակում:
– Ունենալ աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը:
– Ապահովել առողջապահական ծառայությունների 100 տոկոսանոց հասանելիություն, 20-ապատկել առողջապահության ֆինանսավորումը:
– Կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ, 20-ապատկել կրթության եւ գիտության ֆինանսավորումը:
– Հայաստան այցելող զբոսաշրջկների թիվը հասցնել 15 միլիոնի:
– Ֆուտբոլի հավաքականը դարձնել Եվրոպայի եւ/կամ աշխարհի առաջնության մեդալակիր, նվաճել 25 օլիմպիական ոսկե մեդալ եւ շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը»: Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի թիմը պետք է այսօրվանից արդեն սկսի վարչապետի խոսքերը կենսագործելու հստակ քայլերը: Ըստ ոլորտների` յուրաքանչյուր նախարարի թիվ մեկ օրակարգը պետք է սա լինի: Օրինակ` առաջին կետը եթե վերցնենք` 5 մլն բնակիչ ունենալու ծրագրի վերաբերյալ, պետք է այս մասով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը լծվի այնպիսի ծրագրերի կյանքի կոչմանը, որոնք կմոտիվացնեն մարդկանց շատ երեխաներ ունենալ: Հենց այսօրվանից: Իսկ ՀՀ առողջապահության նախարարը պետք է լծվի մանկաբուժությունը օր առաջ զարգացնելու գործին: Ինչո՞ւ. որովհետեւ Հայաստանում մանկաբույժերի դեֆիցիտ կա: Մարդիկ չեն ցանկանում մանկաբույժ դառնալ, քանի որ եկամտաբեր չէ: Իսկ այսօր եղած մանկաբույժերը ԽՍՀՄ տարիներին կրթություն ստացած հիմնականում թոշակային տարիքի մարդիկ են: Պետք է երիտասարդացնել մանկաբուժությունը: Եւ, վերջապես, այստեղ մեծ դեր պետք է ունենան նաեւ համայնքների ղեկավարները: Քաղաքապետերն ու գյուղապետերը պետք է շատացնեն համայնքներում մանկապարտեզների թիվը, նպաստեն հատկապես մսուր խմբակների ձեւավորումը, որպեսզի մարդիկ կարողանան 1-1,5 տարեկանից երեխաներին մանկապարտեզ ուղարկել ու գնալ իրենց աշխատանքը շարունակել: Այսինքն` ՀՀ քաղաքացին պետք է իրապես «դուխով» երեխա ունենա` իմանալով, որ պետությունը սատար կկանգնի, եւ երեխա պահելը չի դառնա միայն իր հոգսն ու ծախսը, ինչպես այսօր է: Եւ այսպես պետք է մյուս բոլոր նախանշած կետերի մասով օր առաջ սկսել աշխատանքը: