Ինչ փուլում են ապրիլյան պատերազմի հանգամանքների շուրջ բացահայտման աշխատանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային Ժողովի 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, պատրաստվում է դեկտեմբերի կեսին հանդես գալ միջանկյալ հաշվետվությամբ:

Ըստ մեր տեղեկությունների` հանձնաժողովը ներկայացնելու է, թե այս 6 ամիսների ընթացքում ինչ աշխատանքներ է իրականացրել, այնուհետեւ կրկին 6 ամիս ժամկետ է խնդրելու աշխատանքները շարունակելու համար: Մեր աղբյուրների փոխանցմամբ` քննիչ հանձնաժողովն արդեն այդ հավելյալ 6 ամսվա ժամանակահատվածում կկարողանա հանձնաժողով հրավիրել այն անձանց, ովքեր տեղյակ են պատերազմի բուն գործողություններից:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել է, որ քննիչ հանձնաժողովի վերջին նիստի ընթացքում հանձնաժողով է հրավիրվել մի բժիշկ, որը այժմ Պաշտպանության նախարարությունում չի աշխատում, բայց ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ իր մասնագիտական գործունեությունն է իրականացրել ՊՆ-ում:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի շուրջ զրուցել է ԱԺ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանի հետ` պարզելու համար, թե ինչ փուլում են հանձնաժողովի աշխատանքները:

-Պարո՛ն Կարապետյան, առաջիկա ամսում արդեն լրանում է քննիչ հանձնաժողովի աշխատանքների ժամանակահատվածը, որից հետո պետք է ներկայացնեք այն աշխատանքը, որն իրականացվել է: Ի՞նչ որոշում ունեք այս հարցում. տեղեկություններ կան, որ հանդես եք գալու միջանկյալ հաշվետվությամբ:

-Միանշանակ է, որ վեց ամսվա ընթացքում չէինք կարող ամփոփել քննիչ հանձնաժողովի աշխատանքները, որովհետեւ իսկապես աշխատանքների ծավալը մեծ է: Մենք կդիմենք, որպեսզի հանձնաժողովի աշխատանքների ժամկետը երկարացվի, բայց շատ հնարավոր է, որ մենք ինչ-որ միջանկյալ մի բան կհրապարակենք, այսինքն` փաստաթուղթ 6 ամսվա գործունեության հետ կապված: Այս պահին դա դեռեւս վերջնական որոշում չէ, այսինքն` հանձնաժողովն է որոշելու` նման փաստաթուղթ կհրապարակի, թե չի հրապարակի:

-Մշտապես հանձնաժողովի անդամների կողմից հայտարարվել է, որ քննիչ հանձնաժողով են հրավիրվել բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր արժեքավոր տեղեկատվություն պետք է տան քառօրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ: Կա՞ն առաջիկայում պաշտոնյաներ, ում արդեն հրավիրել եք հանձնաժողով:

-Մինչեւ դեկտեմբեր մենք պլանավորում ենք շատ մարդկանց լսել, կարծում եմ` կավարտեն ԱԺ նստաշրջանը, ու ավելի ինտենսիվ կլինեն մեր աշխատանքները, կարծում եմ` մեկ հրավիրվածով չենք սահմանափակվի, որվհետեւ ժամանակը կարճ է, ու այդ մարդկանց շրջանակը մեծ է: Կլինեն, կարծում եմ, այս փուլում ավելի շատ բարձրաստիճան զինվորականներ` ե՛ւ Հայաստանի Հանրապետությունից, ե՛ւ Արցախի Հանրապետությունից գործող, եւ մարդիկ, ովքեր այլեւս զինված ուժերում չեն:

-Տեղեկություններ կան, որ մինչեւ այս պահը քննիչ հանձնաժողովը ոչ արդյունավետ աշխատանք է իրականացրել, քանի որ քննվել են այնպիսի մարդիկ, ովքեր պատերազմի բուն գործողություններից տեղեկություն չունեն: Ի՞նչ արդյունք ունեք, արդյոք կարծո՞ւմ եք, որ անարդյունավետ աշխատանք է իրականացվել այս վեց ամիսների ընթացքում:

-Շատ քննադատություններ եմ լսել ապրիլյան քառօրյա պատերազմի հանձնաժողովի մասով, բայց անարդյունքի մասին առաջին անգամ եմ լսում: Իրականում շատ սխալ տեսակետ է: Մեր հանձնաժողովի բոլոր անդամները հավասարապես մասնակցում են պրոցեսներին, յուրաքանչյուրն ունի իր ուսումնասիրության տիրույթը: Հանձնաժողովի անդամները բոլորն իրենց ոլորտի հետ կապված հնչեցնում են այն հարցերը, որոնց պատասխանները թույլ կտան ընդհանուր պատկերը ստանալ: Երբ որ հանձնաժողովը կազմավորվում էր, այդ ժամանակ մենք հայտարարել էինք, թե ինչ նպատակ ունի հանձնաժողովը, եւ այդ սկզբունքը մենք պահում ենք: Հանձնաժողովին վերապահված լիազորությունների շրջանակում մաքսիմալ փորձում ենք այդ պատասխանները ստանալ:

-Պարո՛ն Կարապետյան, այն անձանց, ում հրավիրում էիք հանձնաժողովին խորհրդատվություն տալու, ինչո՞ւ այդպես էլ խորհուրդ չտվեցին, չմասնակցեցին նիստերին:

-Իրենք նիստերին չեն կարող մասնակցել, բայց այս հարցերի հետ կապված ճիշտ կլինի` դիմեք հանձնաժողովի նախագահին, ով կպատասխանի Ձեր հարցերին, որոշակի ինֆորմացիա տալու լիազորությունը մենք հանձնաժողովի նախագահին ենք տվել, կարող եք հարցերն իրեն ուղղել:

-Վերջին ձեր նիստում քննիչ է հարցաքննվել. մենք տեղեկություններ ունեք, որ պարզել եք, թե այդ օրերին համապատասխան բուժօգնություն հնարավոր չի եղել ցուցաբերել զինվորներին: Ի՞նչ բացահայտեցիք, ի՞նչ ներկայացրեց բժիշկը:

-Առանց մեկնաբանության: Շնորհակալություն:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս