ՀՀ կառավարությունը որոշեց 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած և բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող անձանց մշտական օթևանով ապահովելու նպատակով հաստատել բնակարանների գնման վկայագրերի տրամադրման կարգը: ՀՀ կառավարության նոյեմբերի 21-ի նիստում հարցը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը:
«Ներկայացված նախագծերով նախատեսվում է լուծել Ադրբեջանից բռնագաղթած և անօթևան մնացած 112 ընտանիքի բնակարանային խնդիրը։ Մասնավորապես, ներկայացված ծրագրի իրականացման համար պահանջվում է 1 496 260 000 դրամ, ներառյալ ծրագրի իրականացման շրջանակներում լրացուցիչ ռեսուրսների ապահովման ծախսերը Նախագծերի ընդունման արդյունքում կապահովվի 112 ընտանիքի արժանապատիվ կյանք ունենալու սահմանադրական անօտարելի իրավունքը և կլուծվի 30 տարվա վաղեմություն ունեցող բնակարանային խնդիրը:
Միաժամանակ, 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային խնդրի լուծման համար սա առաջնային փուլ է: Հաշվի առնելով պահանջվող ֆինանսական միջոցների բավականաչափ մեծ ծավալը նպատակահարմար է համարվել Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների բնակարանային ապահովության խնդիրը լուծել ոչ թե մեկ ընդհանուր ծրագրի շրջանակում, այլ այն տարանջատել ըստ առաջնահերթության և փուլերի` մշակելով առանձին համապատասխան ենթածրագրեր, որոնց լուծումն ավելի իրատեսական է:
Տվյալ փուլում առաջնորդվել ենք ըստ Երևան քաղաքի վարչական շրջանների, ինչպես նաև ընդգրկել մասնավոր սեփականություն հանդիսացող, սակայն Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների կողմից զբաղեցրած կացարանները:
Մասնավոր սեփականություն հանդիսացող կացարանների («Սեբաստիա» հյուրանոց, «Նաիրի» հյուրանոց, «Ինտերռիմինի» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հանրակացարան) ընդգրկումը պայմանավորված է այս ընտանիքների անօթևանության մեջ հայտնվելու ամենօրյա վտանգով, քանի որ այդ ժամանակավոր կացարաններից սեփականատերերի կողմից ազատման պահանջ ներկայացվելու դեպքում այդ ընտանիքների պաշտպանվածության իրավական արդյունավետ մեխանիզմները բացակայում են»,- ասաց Բադալյանը:
Բնակարանների վկայագրերի տրամադրումն իրականացվելու է Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների հետ պայմանագրեր կնքելու միջոցով: