Իշխանությունները նպատակ չէին դրել Արթուր Վանեցյանի հրաժարականին հասնելու. Արման Բոշյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս նոյեմբերի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միլանի հայկական եկեղեցում հայտարարել էր. «Ղեկավարը, որը չունի երկրի վստահությունը, ժողովրդի վստահությունը, անկախ անձերից, չարիք է երկրի համար այնպես, ինչպես, կներեք, չարիք են եղել երկրի բոլոր ղեկավարները` սկսած 1996 թվականից, երբ առանց ժողովրդի վստահության տիրացել են իշխանությանը եւ փորձել են պահել այդ իշխանությունը»: Այս հայտարարությունը հատկապես շատ ծանր է տարել Հայ ազգային կոնգրեսը: Ըստ ՀԱԿ-ականների` Ն. Փաշինյանը իրավունք չուներ չարիք համարել նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ում հետ տարիներ շարունակ պայքարել է ոչ լեգիտիմ ընտրված իշխանությունների դեմ:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանի հետ` պարզելու համար, թե ինչու իրենց քաղաքական առաջնորդը հանդես եկավ նման կտրուկ հայտարարությամբ:

-Պարո՛ն Բոշյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միլանի հայկական եկեղեցում հայտարարել էր. «Ղեկավարը, որը չունի երկրի վստահությունը, ժողովրդի վստահությունը, անկախ անձերից, չարիք է երկրի համար»: ՀԱԿ-ականները, կարելի է ասել, վիրավորվել են, որ նման որակումը վերաբերում է նաեւ ՀՀ առաջին նախագահին: Ըստ Ձեզ` ի՞նչ նկատի ուներ վարչապետը, ինչո՞ւ նման հայտարարությամբ հանդես եկավ:

-Վարչապետի ասելիքը շատ պարզ մի բան էր, ոչ ժողովրդավարական պրոցեսները իրենք պրոբլեմատիկ են ու իրենք անընդունելի են մեզ համար: Այն ղեկավարը, որը ընտրված չի մեր ժողովրդի մեծամասնության կողմից եւ չի վայելում մեր ժողովրդի մեծամասնության վստահությունը, իրավունք չունի առաջնորդելու մեր ժողովրդին ու իրավունք չունի ղեկավարելու մեր պետությունը: Սա պարզ ճշմարտություն է, ու այստեղ առարկություններ կամ հակափաստարկներ չեն կարող լինել, դրանք, կոպիտ ասած, ժողովրդավարության հիմնասյուներն են, դրանք սկզբունքներ են:

-Ըստ ՀԱԿ-ականների` եթե ոչ ժողովրդավար էր համարում Նիկոլ Փաշինյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի` 2008 թվականին նախագահ ընտրվելը, ինչո՞ւ ընտրություններից հետո նրա հետ փողոց դուրս եկավ ու պայքարեց, արդյոք 2008 թվականի պայքարը անիմա՞ստ էր:

-Դրանք տարբեր պրոցեսներ էին, 1996 թվականի պրոցեսները եւ 2008 թվականի պրոցեսները դրանք տարբեր պրոցեսներ են: Մենք տեղյակ ենք, որ 2008 թվականի գործընթացը ընդդիմության կոնսոլիդացիայի եւ ընդդիմադիր գործիչների կոնսոլիդացիայի պրոցեսներ էր տեղի ունենում: Մեզ համար ակնհայտ էր, որ ընտրական գործընթացը տեղի է ունեցել, եթե մեղմ ձեւակերպենք, ոչ ճիշտ: Ընտրական գործընթացի ժամանակ մենք ականատես էինք կեղծիքների, ծեծ ու ջարդի, հետապնդումների, որի գագաթնակետը «Մարտի 1»-ն էր: Մեզ համար այնտեղ ակնհայտ էր, որ քաղաքական տարաձայնությունները չեն կարող տեղի ունենալ այդպիսի մեծ խախտումների եւ այդպիսի մեծ պրոցեսների ընթացքում:

Նիկոլ Փաշինյանը անընդհատ եղել է ընդդիմադիր թեկնածուների կողքին, եւ եթե չեմ սխալվում, աջակցել է նաեւ բոլոր ընդդիմադիր շարժումներին թե՛ իր հրապարակումներով, թե՛ հենց անձամբ հրապարակում լինելով, թե՛ կազմակերպչական աշխատանքով, այսինքն` իր ամբողջ գործունեությունը եղել է ընդդիմադիր դաշտում, եւ աջակցել է ընդդիմության թեկնածուներին:

-Բայց այժմ, կարծես թե, այդ կարծիքին չէ Նիկոլ Փաշինյանը: Ըստ ընդդիմության ներկայացուցիչների` Փաշինյանը հակասում է իր հայտարարություններով իր նախկին գործունեությանը:

-Ես կարծում եմ, որ 1996 թվականի մատնանշումը Նիկոլ Փաշինյանի կողմից տեղին էր այնքանով, որ որոշակի հարցեր կան մեր հանրության մոտ` 1996 թվականի հետ կապված:

Եւ եթե Դուք տեղյակ եք, կառավարության, մասնավորապես` ՀՀ արդարադատության նախարարության օրակարգում կա, այսպես կոչված, «Ճշմարտության եւ արդարության վերականգնման հանձնաժողով» ստեղծելու գաղափարը, որտեղ ներգրավված կլինեն հեղինակավոր մարդիկ եւ այդ բոլոր պրոցեսները կուսումնասիրեն հնարավորինս օբեկտիվորեն եւ հնարավորինս առանց ազդեցությունների ու մեր հանրությանը կներկայացնեն բոլոր այն պրոցեսները, որոնք տեղի են ունեցել 3-րդ հանրապետության քաղաքականության ընթացքում: Կան որոշակի հարցեր, եւ այդ հարցերի պատասխանները կլինեն:

Հասկանում եմ, որ ինչ-որ հայտարարություններ կարող են մեր գործընկերներին դուր գալ, ինչ-որ հայտարարություններ` ոչ, բայց մենք նաեւ արձանագրում ենք, որ այն գաղափարը, որն առաջ է քաշում ՀՀ վարչապետը, անառարկելի ճշմարտություն է, ոչ մի ղեկավար իրավունք չունի պաշտոնավարել առանց ժողովրդի մեծամասնության աջակցությունը վայելելու: Դրանք մեզ համար սկզբունքային հարցեր են, եւ այնտեղ չեն կարող լինել հակափաստարկներ, դրանք ժողովրդավարական պետության հիմանսյուներն ու ողնաշարն են:

-Պարո՛ն Բոշյան, օրերս Ձեր նախկին թիմակից, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց ՀՖՖ նախագահի պաշտոնից: Ինչի՞ հասան իշխանությունները Ա. Վանեցյանի հրաժարականով:

-Իշխանությունները նպատակ չեն դրել Արթուր Վանեցյանի հրաժարականին հասնելու, ուղղակի կար մի իրականություն, որտեղ ակնհայտ էր, որ պետք էր ֆուտբոլում լուրջ փոփոխություններ լինեն: Այն արդյունքը, որն արձանագրվեց Իտալիայում, ցավոք սրտի, ռեկորտ էր բացասական իմաստով: Պրոցեսն ամբողությամբ ֆուտբոլային մթնոլորտում էր:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս