Նիկոլ Փաշինյանը պահեց հարվածը. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Երիտասարդները, որոնք պահանջում էին կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, այսպես ասած, ապազգային քաղաքականություն վարելու համար, դադարեցրել են նստացույցը՝ Հարությունյանին հրավիրելով իրենց բարձրացրած հարցերի շուրջ քննարկման:

Քննարկման պարագան, ըստ երեւույթին, այսպես ասած, «երգով նահանջի» տարբերակն է կամ ճանապարհը, քանի որ ակնառու է փաստը՝ հրաժարականի ակցիայի կամ պայքարի տապալումը: Այդ գործընթացի դրոշակակրի դերը փորձեց ստանձնել ՀՅԴ-ն, դառնալ գործընթացի առաջամարտիկը, գուցե նախարարի հրաժարականի դափնեկիր դառնալու ակնկալիքով: Սակայն փաստացի ստացվում է, որ Դաշնակցությունը դառնում է գործընթացի տապալման կրողը:

Ակնառու է իհարկե այն, որ ՀՅԴ-ն այստեղ մենակ չէր, եւ մի շարք ուժեր, որոնք ներկայացնում են նախկին համակարգը, սպասարկում այդ համակարգի տարբեր թեւերը, փորձում էին օգտագործել նախաձեռնությունը:

Միեւնույն ժամանակ, սակայն, ինչպես եւ նկատել էինք դրա առիթով օրեր առաջ՝ ակնառու էր, որ նրանք ձեռնպահ էին մնում պատասխանատվության շրջանակ մտնելուց, տարբեր պատճառներով: Այդ թվում գուցե եւ այն, որ անհաջողության դեպքում ամեն ինչ մնա միայն ՀՅԴ-ի վրա:

Մենք առիթ ունեցել ենք այդ հանգամանքը դիտարկելու եւ արձանագրելու, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը գործնականում իր մեջ կրում է նաեւ նախկին իշխող համակարգում ուժերի հարաբերակցության համար պայքարի էական տարրեր: Ահա այդ տրամաբանությամբ, մի կողմից աջակցելով ակցիային, մյուս կողմից չմտնելով դրա որեւէ արդյունքի համար պատասխանատվության դաշտ, նախկին իշխող համակարգի տարբեր խմբեր, մեծ հաշվով, նույնիսկ ակնկալում էին ՀՅԴ անհաջողությունը՝ ներքին հարաբերակցության առումով մրցակիցներից մեկի դիրքերը թուլացնելու նպատակով:

Ի վերջո, նրանք, թերեւս, լավ էին պատկերացնում կա՛մ ակցիայի անհեռանկարայնությունը, կա՛մ անգամ որեւէ հաջողության պարագայում դրա քաղաքական էական նշանակության բացակայությունը, որովհետեւ այն հազիվ թե դառնար նոր քաղաքական հաջողության ճանապարհին դրված առաջին աղյուս՝ մի շարք քաղաքական եւ հանրային գործոններից ելնելով:

Այլ հարց է, որ փորձ էր արվում ստուգել նաեւ Նիկոլ Փաշինյանի ամրությունը: Այդ իմաստով, Փաշինյանը պահեց առաջին հարվածը, ընդ որում պետք է նկատել, որ ուժերի ամենեւին ոչ գերլարումով: Խոշոր հաշվով, ԿԳՍՄ նախարարի հրաժարականի շուրջ զարգացումը կամա, թե ակամա արձանագրեց ընդամենը հետհեղափոխական իրողություններում՝ չնայած մեկուկես տարի անց ուժերի հարաբերակցության հիմնականում անփոփոխ ստատուս-քվոյի հանգամանքը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս