«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիփան Փաշինյանն ու Արմեն Խաչատրյանը «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ են ներկայացրել ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով:
Ըստ մեր տեղեկությունների` հանձնաժողովը որոշել է այն քննարկել նոյեմբերի 29-ին կայանալիք նիստի ժամանակ: Բանն այն է, որ այս նախագիծն այդքան էլ իշխանական խմբակցության սրտով չէր ու, կարելի է ասել, որ այն երկար ժամանակ բուռն քննարկման թեմա էր դարձել խմբակցությունում, ավելին` այն դրվեց շրջանառության մեջ, հետո հանվեց նախագծի հեղինակների կողմից: Ու, կարծես թե, այս անգամ նախագծի հեղինակներին հաջողվել է իրենց թիմակիցներին համոզել, որ այն լավ նախագիծ է:
«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծով պետք է սահմանել ՀՀ ոստիկանության կողմից հեռախոսային խոսակցությունների վերահսկման ինքնուրույն իրականացումը իր օպերատիվ-տեխնիկական ենթակառուցվածքներով` հաշվի առնելով այն, որ ՀՀ ոստիկանությունն ընդգրկված է օպերատիվ-հետախուզական գործունեության մեջ, եւ իր կառուցվածքում գործում է օպերատիվ-տեխնիկական մասնագիտացված ստորաբաժանում` այդկերպ խնայելով նաեւ ՀՀ ԱԱԾ միջնորդությամբ դիմելու, տեխնիկական աջակցություն ստանալու եւ կազմակերպչական հարցերի լուծման համար ծախսվող ժամանակը:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է նախագծի հեղինակներից ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հետ` պարզելու համար, թե ինչու որոշվեց նման նախագիծ հեղինակել:
-Պարո՛ն Խաչատրյան, Դուք «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի հեղինակներից եք: Ինչո՞ւ որոշեցիք նման նախագծով հանդես գալ, ո՞րն է պատճառը:
-Մենք բոլորս գիտենք, որ ոստիկանությունը հանցավորության դեմ պայքարի ունիվերսալ մարմին է, եւ քրեական օրենսգրքի 80 տոկոսի հանցագործությունների պատասխանատուն ոստիկանությունն է: Որեւէ այլ մարմին հանցավորության դեմ պայքարում այդպիսի մեծ ծավալի պարտականություններ եւ լիազորություններ չունի, ինչպիսին է ոստիկանությունը: Եւ «Օպերատիվ-հետախուզական գործողությունների մասին» օրենքում ոստիկանությանը վերապահված է հեռախոսային խոսակցությունների վերահսկումն իրականացնել օրենքով սահմանված կարգով, այսինքն` անհրաժեշտության դեպքում դատարանով եւ այլն, ինչ էլ այսօր անում է ոստիկանությունը: Սակայն այդ լիազորությունը, այդ գործառույթը իրականացնելուց հետո ոստիկանությունը դիմում է Ազգային անվտանգության ծառայություն, որպեսզի վերջինս տեխնիկական հնարավորությունը տա, կապուղիները տրամադրի, որպեսզի ոստիկանությունը կարողանա լսել կամ տեղորոշել ինչ-որ մեկի հեռախոսը:
Այսինքն` տեղը, տեխնիկական միջոցը, ոստիկանությունը չունի, այս նախագծի բովանդակությունը տեխնիկական միջոցն է ու հնարավորություն ունենալն է: Ոստիկանությունն ամեն անգամ դիմում է ԱԱԾ-ին, որպեսզի վերջինս այդ կապուղին տրամադրի: Եւ ի՞նչ է ստացվում. օպերատիվ-հետախուզական միջոցառումների այդ օպերատիվությունն է, որը կոչվում է հենց հրատապություն, կորում , ժամանակ է անցնում, մինչեւ ոստիկանությունը դիպում է, մինչեւ ԱԱԾ-ն այդ փաստաթղթերը ստանում է, բավարարում է, գործառույթը սկսում է: Եւ բազմաթիվ օրինակներ կան, որ հանցագործությունները չեն բացահայտվում այդ հրատապությունը կորցնելու հետեւանքով: Եւ, ընդհանրապես, եթե ոստիկանությունը հանցավորության դեմ պայքարի թիվ մեկ մարմինն է, չունենալ նման տեխնիկական հնարավորություն դա ուղղակի անընդունելի է: Պատճառը սա է:
-Սա նշանակում է, որ գաղտնի տվյալների բազան ավելի է ընդլայնվում Հայաստանում, ու ցանկացած պարագայում արդեն ոստիկանությունը կօգտագործի այդ միջոցը գաղտնալսում իրականացնելու համար: Սա անձնական տվյալների պաշտպանության համար խնդիր չէ՞:
-Ոչ, նման բան չկա: Ներկայումս, պայմանական վերցնենք, ոստիկանությունը տարեկան իրականացնում է 50 գաղտնալսում, որեւէ բան չի փոխվելու, ուղղակի եթե հիմա դիմում են ԱԱԾ-ին, դա տեխնիկական հարց է, որը հնարավորություն չի տալիս հրատապ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնել: Սա չի վերաբերում միայն գաղտնալսումներին, սա վերաբերում է նաեւ հեռախոսի ԱյՓի հասցեն որոշելը, սա վերաբերում է տեղորոշելուն, սա մի շարք համալիր միջոցառումներ են, որում մտնում են այս ամենը: Բացի այդ, ընդհանուր երկրի անվտանգության հարց է լուծվում նաեւ այս նախագծի ընդունմամբ, մենք միայն ունենք ԱԱԾ, որը ունի այդ տեխնիկական, երկրորդ այլընտրանքը չունենք այս երկրում, ինչը, կարծում եմ, անվտանգության առումով ճիշտ չէ, եւ պետք է ունենալ ալտերնատիվը: Ընդհանրապես, պետք է բացառել մի իրավապահ մարմնի կողմից մյուսին ոչ օրենքով սահմանված կարգով վերահսկելու կարողության հնարավորությունը:
-Իսկ ե՞րբ եք նախատեսում նախագծով, որպեսզի այդ լիազորությունը լինի նաեւ ոստիկանությունում:
-Օրենքը ուժի մեջ է մտնելու այն պահից, երբ ՀՀ վարչապետի կողմից նշանակվեն այդ ստորաբաժանումների ղեկավարները ե՛ւ ԱԱԾ-ում, ե՛ւ ոստիկանությունում: Այսինքն` դրանից հետո օրենքը ուժի մեջ է մտնելու: Հույս ունեմ, որ այս տարի կմտնի նիստերի օրակարգ, գոնե առաջին ընթերցմամբ կընդունվի:
-Այսինքն` Ձեր խմբակցությունում համոզել եք, որ նախագծին կողմ քվեարկեն, որեւէ խնդիր չկա՞ այդ առումով:
-Ինքը քանի որ մասնագիտական խնդիր է, շատ գերատեսչական պրոբլեմների հետ առնչվող, եւ շատ ու շատերի համար տեսանելի չէ այս խնդիրը, ես բավականին խոսակցություններ ու քննարկումներ եմ ունեցել խմբակցությունում եւ նաեւ այլ խմբակցության անդամների հետ, որպեսզի բացատրեմ` խնդիրն ինչումն է կայանում, որպեսզի նրանք էլ ճիշտ որոշում կայացնեն: Առայժմ որեւէ բացասական դիրքորոշում չկա, սկզբում կար, բայց քննարկումներից հետո համաձայնել են մտքի հետ:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ