Գյուղատնտեսական շուկա՝ մարզում․ ծրագրի ընդհանուր արժեքը 25 միլիոն դրամ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի անկախանալուց հետո գյուղատնտեսական շրջանի կենտրոն հանդիսացող Նոյեմբերյան քաղաքը գյուղատնտեսական շուկա չունի: Խորհրդային տարիներին գործած, քաղաքի կենտրոնում գտնվող գյուղատնտեսական շուկայի տարածքը մասնավորեցվել է, այնտեղ հյուրանոց է գործում: Նոյեմբերյանի կենտրոնական փողոցներում գյուղմթերքների առեւտուր է կատարվում: Քաղաքի Երեւանյան փողոցի մայթերին դրված են խանութներում վաճառվող մթերքներով արկղեր:

Նոյեմբերյանի կենտրոնում` Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհին, հաճախ կայանում են կարտոֆիլ, կաղամբ, սիգ ձուկ վաճառող, հանրապետության տարբեր վայրերից ժամանած ավտոմեքենաներ: Դրանով նաեւ խոչընդոտներ են ստեղծվում անվտանգ երթեւեկի համար: Նոյեմբերյանում սննդամթերքի փողոցային առեւտուրը վերացնելու համար կարեւոր էր գյուղատնտեսական շուկայի կառուցումը: Ներկայումս Նոյեմբերյանի սոցիալական ծառայությունների համալիր կենտրոնի շենքի առաջ պետական սուբվենցիոն ծրագրով համայնքային շուկայի կառուցման 2-րդ փուլն ընթացքի մեջ է: Շուկայի ձախ թեւի առեւտրական բաց տաղավարներն արդեն կառուցված են, ընթացքի մեջ է աջ թեւի կառուցապատումը: Կառուցվել է բետոնյա բարձր պատնեշ,որը շուկայի տարածքը տարանջատում է հարակից, ավելի բարձրադիր ճանապարհից: Այժմ ցուրտ եղանակի պատճառով մի քանի օրով դադարեցված է շուկայի կառուցապատումը: Համեմատաբար տաք եղանակի դեպքում աշխատանքները կվերսկսվեն:Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը հայտնեց, որ շուկան այս տարի կգործարկվի:

Շուկայի կառուցման ծրագրի ընդհանուր արժեքը 25 միլիոն դրամ է, որի 55 տոկոսը` 13 միլիոն 750 հազար դրամը, համայնքի ներդրումն է, մնացած 45 տոկոսը տրվել է պետական բյուջեից: Ծրագրի նպատակն է շուկայի կառուցման միջոցով գյուղմթերքների տեղական արտադրողներին հնարավորություն ընձեռել առանց միջնորդի, անմիջականորեն վաճառքի հանել սեփական արտադրանքը, խթանել գյուղմթերքների, հատկապես` պտուղ-բանջարեղենի տեղական արտադրությունը:




Լրահոս