Կարծում եմ՝ նորմալ ու ադեկվատ մարդու կհանդիպեմ, դեռեւս սպասում եմ, չեմ փնտրում.Լիանա Վանոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը «Full Yere1» հեռուստանախագծից, ինստագրամյան հումորային հոլովակներից հայտնի դերասանուհի Լիանա Վանոյանն է:

-Լիանա՛, Ձեր անունն անմիջականորեն կապում են «Ինստագրամ»-ի հետ, բայց Դուք նախ եւ առաջ դերասանուհի եք… Ի վերջո, ի՞նչ դեր ունեցավ Ձեր կյանքում օնլայն ակտիվությունը:

-«Ինստագրամ»-ն ինձ համար այն տիրույթն է, որը հնարավորություն է տալիս հայտնվել հեռուստատեսությունում, այն նախագծում, որտեղ զբաղված եմ:

-«Full Yere1» հեռուստանախագծում խաղում եք, որովհետեւ պետք էր հայտնիությո՞ւն ձեռք բերել, թե՞ փորձ:

-Այս նախագիծն ինձ համար մասնագիտությամբ աշխատելու փորձ էր, սկիզբ, ամենակարեւոր նախագիծը, որտեղ երբեւէ զբաղված եմ եղել: Այն ինձ տվել է թե՛ պրակտիկա, թե՛ պրոֆեսիոնալների հետ աշխատելու հմտություն եւ, իհարկե, հայտնիության ինչ-որ չափաբաժին: Համագործակցել եմ մարդկանց հետ, որոնցից կարող եմ անընդհատ սովորել:

-«Full Yere1»-ում Ձեր կերտած կերպարի նախատիպերին երբեւէ հանդիպե՞լ եք իրական կյանքում, փորձե՞լ եք նրանց հետ շփվելով՝ ժեստեր, վարքագծի ինչ-ինչ դրսեւորումներ ընդօրինակել:

-Դերասանի մասնագիտությունը, կարելի է ասել, մարդաբանություն է, մարդագիտություն: Յուրաքանչյուր մարդ տեսակ է, որից հնարավոր է ինչ-որ բան վերցնել` կլինի ժեստ, խոսք կամ նիստուկաց: Այս պարագայում եղել են տարբեր աղջիկներ, եւ ես ամեն մեկից մի բան վերցրել եմ, անցկացրել եմ իմ պրիզմայով եւ ստացել իմ կերպարը:

-Թատերական ինստիտուտում ու՞մ կուրսում եք սովորել:

-Վահե Շահվերդյանի:

-Թատրոնում որեւէ կերպ ներգրավվա՞ծ եք:

-Ոչ, թատրոններում տեղ չկա (ծիծաղում է), անիմաստ է փորձեր ձեռնարկելը, թեպետ բեմում լինելու ցանկությունս շատ մեծ է: Ֆավորիտ թատրոնը, որտեղ կցանկանայի խաղալ, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնն է, որտեղ նաեւ իմ կուրսղեկը՝ Վահե Շահվերդյանն է աշխատում: Կցանկանայի վերջինիս հետ աշխատել, սովոր եմ նրա աշխատաոճին: Հուսով եմ՝ առաջիկայում այդ թատրոնում հանդես գալու հնարավորություն կունենամ: Վանաձորում աշխատելու համար ամեն տեսակի պայմանների հետ համաձայն եմ: Կարող եմ նաեւ այնտեղ ապրել: Սուրենիչի հետ աշխատելը մեծագույն հաճույք է:

-Սթենդ-ափերն այսօր բավական մեծ տարածում ունեն: Դուք Ձեզ այդ ժանրում փորձելու ցանկություն ունե՞ք:

-Եթե մի գործում դիլետանտ եմ, չեմ անի այն, իսկ սթենդ-ափը բավական լուրջ եւ դժվար ժանր է: Եթե պետք է լինեմ ո՛չ միս, ո՛չ ձուկ, կարիք չկա, որ ես մտնեմ այդ ոլորտ:

-Լիանա՛, երբ տղաների հետ ծանոթանալիս ասում եք, որ դերասանուհի եք, հիմնականում ինչպիսի՞ն է լինում նրանց արձագանքը:

-Ես նախ մարդ եմ, հետո դերասան: Մասնագիտությունն իմ կենսակերպն է… Տղաների հետ շփվելիս չեմ էլ ասում, որ դերասանուհի եմ, ինձ թվում է՝ իրենք կզգան (ծիծաղում է):

-Պատանի հասակում եղել եք տղաների ընկե՞րը, թե՞ արքայադուստր, որին բոլորը սիրահարվում էին:

-Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը: Ես ուղղակի սովորական երեխա էի, որն ուներ իր տարիքին համապատասխան հետաքրքրություններ: Շատ լավ եմ սովորել եւ շատ զբաղված եմ եղել, մինչեւ հիմա էլ չեմ նկատում՝ ինձ սիրում են, թե չէ…

-Հույս ունե՞ք, որ կհանդիպեք այն միակին…

-Երբեւիցե իմ հույսը որեւէ մեկի վրա չեմ դնում, չեմ սպասում, որ կգան եւ իմ կյանքը կփոխեն, ոչնչի չեմ սպասում, որովհետեւ մեծ սպասումները հետո տանջում են մեզ… Ավելի լավ է` լինի այն, ինչ լինելու է: Կընդունենք, թե ոչ, դա հարցի մյուս կողմն է:

-Ֆրեյդն ասում էր, որ մենք հանդիպում ենք այն մարդկանց, որոնք արդեն իսկ կան մեր ենթագիտակցության մեջ:

-Թերեւս… Կարծում եմ՝ նորմալ ու ադեկվատ մարդու կհանդիպեմ, դեռեւս սպասում եմ, չեմ փնտրում:

-Մեր սերնդակիցների մասին ի՞նչ կարծիք ունեք, ի՞նչ մտահոգիչ եւ ի՞նչ ոգեւորող գծեր կնշեք:

-Իմ տարեկիցները բավական նպատակասլաց, ուժեղ, անկոտրում մարդիկ են: Քանի որ շատ օպտիմիստ եմ, կարծում եմ, որ այն մարդիկ, որոնք կյանքի հետ մեծ ծրագրեր են կապում, հաստատ կգտնեն ճանապարհ եւ առաջ կգնան, իսկ նեգատիվի մասին եկեք չխոսենք, որովհետեւ մեր կյանքում այն առանց այդ էլ գերիշխում է: Եթե մարդ ունի նպատակ, ձգտում, թող ոչ ոքի չլսի, ուղղակի պետք է մինչեւ վերջ գնալ՝ անտեսելով կողքի կարծիքները:

Աննա Բաբաջանյան




Լրահոս