Զորամասային էլիտար մեղրամիս. պատգամավորն առաջարկում է ծառայել մեկ ամիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ եւ հեղինակել «Արագացված ընթացակարգով զինվորական ծառայության» մասին օրենքի նախագիծը: Օրենքի նախագծի անվանը համապատասխան` այն ենթադրում է արագացված ծառայություն մինչեւ 27 տարեկան շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ենթակա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար:

Օրենքի նախագծից տեղեկանում ենք, որարագացված ընթացակարգով զինվորական ծառայությունը ենթադրում է ծառայություն մեկ ամիս ժամկետով, որի ընթացքում արագացված ընթացակարգով այդ անձը պետք է սովորի զինված ուժերում ծառայելու բոլոր կանոնները, որոշ զինատեսակներից օգտվելու կարգը, հաշվառվի կոնկրետ զորամասում, տա զինվորական երդում եւ ներկայանա զորահավաքներին:

Սակայն այս ծառայությունից օգտվելու համար այդ անձը պարտավոր է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել օրենքով սահմաված վճար՝ նվազագույն ամսական աշխատավարձի 10.000-ապատիկի չափով գումար, որը տվյալ դեպքում կազմում է 10 մլն դրամ:

Ընդ որում, արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնող քաղաքացին համարվում է զինծառայող, նրան ամրակցվում են զենք, զինամթերք եւ անհատական պաշտպանության միջոցներ, նրա վրա տարածվում են ժամկետային պարտադիր զինծառայողների համար օրենքով սահմանված իրավունքներն ու պարտականությունները, եւ այդ կարգն էլ սահմանում է Կառավարությունը:

Եվ այդպիսի ծառայության անցնելու համար քաղաքացին պետք է դիմում ներկայացնի, որի քննարկման համար առկա է հանձնաժողով, եւ զինվորական ծառայություն անցնելու իրավունք ունեցող անձի դիմումը քննարկվում է, եւ քաղաքացուն պատասխանը տրվում է մեկ ամսվա ընթացքում: Հրամանը հաստատվելու պահից տասնօրյա ժամկետում պարտավոր է օրենքով սահմանված վճարը մուծել: Եվ հետաքրքիր է, որ նախագծի համաձայն` արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնելու ընթացքում քաղաքացին կարող է իր ցանկությամբ՝ դիմումի հիման վրա, սահմանված կարգով զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության՝ հետ ստանալով վճարված գումարը:

Որպես նախագծի հիմնավորում` պատգամավորը նշել է, որ տարիներ շարունակ բազմաթիվ քաղաքացիներ, տարբեր հանգամանքներից ելնելով, խուսափում են 2 տարի պարտադիր զինվորական ծառայությունից՝ դիմելով օրինական եւ անօրինական մի շարք քայլերի: Եվ հաշվի առնելով, որ 2 տարի պարտադիր զինվորական ծառայությունից խուսափողները հիմնականում տիրապետում են մեծածավալ դրամական միջոցների, նա առաջարկում է հնարավորություն տալ այլընտրանքային ծառայության, ինչի արդյունքում կկասեցվի այդ քաղաքացիների շրջանում արտագաղթի ցանկությունը:

Սակայն բացի նոր նախագծից, պետք է փոփոխություններ կատարվեն նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքներում, որը,ըստ պատգամավորի, նպատակ ունինաեւ Հայաստան վերադարձնել Սփյուռքի ներկայացուցիչներին:
«Նախագծերի փաթեթի` կյանքի կոչումը հնարավորություն կտա արտերկրում կրթություն ստացած եւ մասնագիտական բարձր որակավորում ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վերադառնալ եւ գիտական ներուժը ծառայեցնել սեփական պետության բարգավաճմանը: Սա կհանգեցնի նաեւ ձուլման` այդքան սարսափելի երեւույթի չափերի կրճատմանը: Բացի գիտության ոլորտում բարձունքների հասած երիտասարդներից, քիչ թիվ չեն կազմում նաեւ արտերկրում հայտնված եւ սպորտի ոլորտում հաջողության հասած մեր երիտասարդները: Քանի որ 2 տարի պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց հետո շատ քիչ մարզիկներ են կարողանում վերականգնել նախկին մարզավիճակն ու շարունակել հանդես գալ միջազգային բարձր վարկանիշ ունեցող առաջնություններում, այս նախագծերի փաթեթը նրանց եւս հնարավորություն կտա զբաղվել իրենց նախընտրած մարզաձեւով, սակայն չկտրվել հայրենիքից», – նշված է նախագծում:

Եվ հետաքրքիր է, որ պատգամավորն արդեն մատնանշել է, թե ինչ է արվելու այդ գումարը: Ըստ այդմ, վճարվող գումարի հաշվարկը կատարվել է՝ հաշվի առնելով պաշտպանության բանակում պայմանագրային հիմունքներով ծառայող քաղաքացիների միջին աշխատավարձը: Արդյունքում վճարվող գումարով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կարող է ներգրավել 2 պայմանագրային զինծառայողների՝ ծառայության 2 տարի ժամկետով:

Հավելենք, որ ծառայության նման կարգ գործում է Թուրքիայում, որտեղ սահմանված գումարը մուծելուց հետո զորակոչիկը ծառայում է 21 օր, եւ Ղազախստանում՝ 35 օր:

Հ.Գ. Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն այս առնչությամբ փորձեց ստանալ ՀՀ պաշտպանության նախարարության կարծիքը՝ հասկանալու համար, թե այսպիսի իրավիճակում ինչպես են վերաբերվում արագացված ընթացակարգով զինվորական ծառայության մեկնելուն: Սակայն ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, այս պահին գտնվելով արտերկրում, ծանոթ չէր պատգամավորի հեղինակած նախագծին եւ դժվարացավ կարծիք հայտնել՝ առանց քննարկելու եւ ուսումնասիրելու այն: Ամեն դեպքում, հետաքրքիր է՝ պատերազմող երկրում նման նախագիծ հրապարակելը, որն,ըստ էության, նպաստելու է դասալքությանը՝ անկախ նրանից, որ այս նախագծով հնարավոր է պետական բյուջենլցնել եւ այն ուղղել պայմանագրային զինծառայողներին:

Այս օրենքի ընդունման պարագայում կլինեն մարդիկ, որոնք կգերադասեն թեկուզ վարկերով օգտվել ծառայության այս տարբերակից եւ պարտադիր երկու տարվա փոխարեն ծառայել ընդամենը մեկ ամիս՝ հաշվառվելու պայմանով:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս