Հայաստանի Ֆուտբոլային ընտանիքում առաջիկա ամիսը աննախադեպ թեժ է լինելու: Ընդհանրապես դեկտեմբերը մեր ֆուտբոլում արձակուրդային է, սակայն 2019-ը խոստանում է լինել իրադարձություններով հարուստ, քանի որ Ֆեդերացիայում նոր ընտրություններ են: Եվ այսպես, Արթուր Վանեցյանը հրաժարական է տվել, ՀՖՖ նախագահի աթոռը թափուր է և հիմա սկսվում է պայքարը այդ պաշտոնի համար:
Հայկական իրականությունն այն է, որ ֆուտբոլից քիչ թե շատ բոլոր հասկացողները հենց իրենց են տեսնում այդ պաշտոնում և մտածում են, որ հենց իրենք կարող են փրկել մեր ֆուտբոլը: Ում ենք մենք ցանկանում տեսնել ՀՖՖ նախագահի պաշտոնում. ֆուտբոլասերի, որին թվում է, թե ինքը հասկանում է ամեն ինչից, թե ՀՖՖ նախագահի պաշտոնում լինի նախկին ֆուտբոլիստ, որը ժամանակին խաղադաշտում ուրախություն էր պարգևում բազմաթիվ ֆուտբոլասերների, իսկ մի գուցե լրագրողի, որը գիտի աշխարհի բոլոր թիմերի ֆուտբոլիստներին, կազմերը, դեմքերը, թե ցանկանում ենք տեսնել հաջողակ գործարարի, որն ունի կառավարման հզոր հմտություններ և արդեն կայացած է բիզնեսում և երկար տարիներ նաև ֆուտբոլային գործիչ է:
ՀՖՖ նախագահի պաշտոնում դեկտեմբերի 23-ին պետք է հայտնվի մարդ, որը կարող է առաջին հերթին կոնսոլիդացնել մեր ֆուտբոլային ընտանիքը և փորձի առաջ տանել հայկական ֆուտբոլը: Նա պետք է լինի ֆուտբոլային և կառավարման հմտություններով զինված ուժեղ մարդ և ներկայանա թիմային մտածելակերպով: Իսկ ինչից ենք մենք այսքան դժգոհ հիմա: Դժգոհ ենք հավաքականների արդյունքներից, արտասահմանցի մարզիչների աշխատանքից, մրցավարների որակավորումից, մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման տեմպերից, խաղադաշտերի պակասից: Այս ամենը Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի աշխատանքների արդյունքն է՝ այն հիմա հավասար է 0-ի:
Ինչ արվեց անցած 1.5 տարվա ընթացքում: Մեծ ցանկություններով և բավականին վստահությամբ, կառավարման եկած մարդիկ, որոնց թվում էր, թե հենց իրենք են մեր ֆուտբոլը փրկելու և հաղթանակներ ենք տանելու Իտալիայի նման հավաքականների նկատմամբ, առանց ֆուտբոլային խորը գիտելիքների արագ որոշումներ կայացրին, որի արդյունքում մենք չենք հաղթում նույնիսկ Լիխտեյնշտեյնին: Ինչ կտա հայտարարված 700 փոքր՝ 20-ը 40-ի խաղադաշտերի կառուցումը ՀՀ ամբողջ տարածքով մեկ:
Որքանով է նպատակահարմար աստղաբաշխական գումարներով Հայաստան հրավիրել նախկինում ճանաչված մասնագետի, իսկ արդյունքը ոչնչով չտարբերվի նախկին տարիների արդյունքներից: Եթե ՀՖՖ-ի ներկա ղեկավարությունը հաջողություն է համարում ՀՖՖ նախկին ղեկավարի միանձնյա որոշումները կոլեգիալ որոշումներով փոխարինելը, ապա չպետք է մոռանալ, որ հենց հիմա ՀՖՖ ղեկավար պաշտոններ զբաղեցնողներից շատերը եղել են միանձնյա որոշումներ կայացնողի կողքին և լավ էլ գովաբանում էին նրան լրատվամիջոցներով:
Անկեղծ են նրանք այս պահին, իհարկե՝ ոչ: Գումարները փոշիացննելու, անտաղանդ կառավարելու, անընդհատ ուրիշներին քննադատելու, որպեսզի սեփական սխալները թաքցնեն հանրությունից, մոտեցումները բերեցին կազուսի: Անցած 1.5 տարին ցույց տվեց, որ այս թիմը
չի կարող իր մոտեցումներով փոփոխություններ իրականացնել մեր ֆուտբոլում:
Խնդիրները շատ են և տարաբնույթ: Այժմ մեր ֆուտբոլին անհրաժեշտ է ուժեղ ձեռք, խելացի մտածելակերպով, կառավարման հմտություններով, ՖՈւՏԲՈԼԻՑ հասկացող, պրոֆեսիոնալ թիմային աշխատանքի ձիրքով մարդ, որը մեզ կվերադարձնի ֆուտբոլ գնալու մեծ ցանկությունը, հաղթանակների բերկրանքը:
Շարունակելի…..