Ջրի խնդիրը՝ Բերքաբերում. ինչ քայլեր կձեռնարկվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1980թ. հանդիսավորությամբ գործարկվեց Ջողազի ջրամբարը, որի ջրերով 10 տարի ոռոգվում էին Ադրբեջանի Ղազախի շրջանի, Հայաստանի Նոյեմբերյանի եւ Իջեւանի շրջանների հազարավոր հեկտար հողեր: Ի նշանավորումն Ջողազի ջրամբարի կառուցման, հողերի բերքաբեր դառնալու` Ջողազի ջրամբարի ափին գտնվող, Իջեւանի տարածաշրջանի Ջողազ գյուղը 1978 թ. Բերքաբեր է վերանվանվել։ Հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով 1991 թվականից Ջողազի պոմպակայանը չի գործում: Ջողազի ջրամբարի ձախ ափին գտնվող, Ղազախի շրջանի Մազամ գյուղի ադրբեջանցիները պոմպերով արհեստական լճից ջուր են մղում, ոռոգում իրենց ցանքատարությունները:

Բերքաբերի բնակիչները ոռոգման ջրի խնդիր ունեն, սակայն նրանք 45 միլիոն խորանարդ մետր տարողությամբ ջրամբարի ջրից չեն օգտվում, ջրամբարում ջրամղիչ պոմպեր չեն տեղադրված: Բերքաբեր համայնքի ղեկավար Արգամ Արզումանյանը հայտնեց, որ ադրբեջանական դիրքերի դիմաց ոռոգման պոմպակայան սպասարկելը անվտանգ չէ: Ոռոգման պոմպեր գնելը, դրանք էլեկտրաէներգիայով աշխատեցնելը ֆինանսական ծախսեր են պահանջում, որը փոքր համայնքը ի վիճակի չէ հոգալ, ջրի ինքնարժեքը մեծ կլինի: Ներկայումս պետական բյուջեի 46 միլիոն դրամ ֆինանսավորմամբ Իջեւանի ,Խաչմիշշինե ՍՊԸ-ն կառուցում է Աճարկուտ-Բերքաբեր 6,2 կմ երկարությամբ ինքնահոս ջրատար, որի ջուրը կօգտագործվի ոռոգման եւ կենցաղային նպատակներով:

Կառուցվելու է նաեւ պարզարան եւ ֆիլտրացիոն կայան: Այդ ջրատարի կառուցման աշխատանքների ավելի քան 70 տոկոսն արդեն ավարտված է: Ա. Արզումանյանն ասաց, որ 130 ծուխ ունեցող Բերքաբերի ոռոգման ջրի խնդիրն այդ ջրագծի գործարկմամբ ամբողջությամբ չի լուծվելու, քանի որ Բերքաբերի որոշ հատվածներում ոռոգման ներքին ցանց գոյություն չունի: Բերքաբերում սուր է խմելու ջրի խնդիրը, գյուղի կենտրոնում գտնվող, նախկինում հորդ աղբյուրի ջուրը պակասել է: Համայնքի ղեկավարն ասաց, որ Բերքաբերի բնակիչները Աճարկուտ գյուղի տարածքից ձգվող խմելու ջրագծի համար գումարներ են հանգանակել, բարեգործները ջրագծի խողովակեր են տրամադրել: Խմելու ջրագծի շնորհիվ սահմանամերձ գյուղի դպրոցը, մանկապարտեզը, բժշկական ամբուլատորիան, Բերքաբերի տարբեր թաղերում առկա հանրային 8 ծորակները կապահովվեն խմելու ջրով, կկառուցվի եւս մեկ ծորակ: Խմելու ինքնահոս այդ ջրագծի շինարարությունը սկսելու համար ջրագծի ակունքում դեռեւս որոշակի աշխատանքներ պետք է կատարվեն:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս