ԽԻՍՏ ՌԵԺԻՄՆ ՈՒ ՀՐՇԵՋ-ՓՐԿԱՐԱՐՆԵՐԻ ԱՀԱԶԱՆԳԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները ահազանգում են, որ այսպես շարունակել չեն կարող: Ավելին, մեզ հասած տեղեկություների համաձայն` հրշեջ-փրկարարներից ոմանք ազատման դիմում են գրել:

Տեղեկացնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն են ահազանգել հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները, որոնց անունները հարգելի պատճառներով չենք հրապարակում: Նամակից որոշ մեջբերումներ ենք ներկայացնում՝ առանց էական խմբագրումների:
«Հրշեջ-փրկարարների 4 հերթապահ խումբ կա, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ղեկավարը: Ամեն մի հերթապահ խումբ 24- ժամյա ծառայություն է իրականացնում: Այսինքն` առաջին խմբի հերթափոխը հանձնելուց հետո գալիս է 2-րդ խմբի 24-ժամյա աշխատանքը, ավարտվելուց հետո գալիս է 3-րդ խումբը եւ այսպես շարունակ: Նախկինում հրշեջ-փրկարարները հնարավորություն էին ունենում 1 օր շուրջօրյա աշխատել եւ 3 օր մնալ տանը, հանգստանալ, ու այս աշխատանքի համար մենք ստացել ենք 8 հազար դրամ: Սակայն այս տարվա հուլիսի 20-ից հետո հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցների շրջանում մեծ դժգոհություններ են առաջացել: Բանն այն է, որ հուլիսի 20-ին հրաման տվեցին, որ մինչեւ հուլիսի 30-ը արտակարգ ռեժիմով եք աշխատելու, այսինքն` մեկ օր եք հանգստանալու: Ստացվում է, որ մեկ օր տանն ենք լինելու, մեկ օր շուրջօրյա աշխատելու ենք: Մինչեւ հուլիսի 30-ը փրկարար ջոկատի տղաները աշխատեցին, որեւէ ձայն չհանեցին՝ մտածելով, որ կգա ամսվա վերջը, հավելավճար կստանան: Բայց եկավ ժամկետը, հավելավճար չտրվեց: Փոխարենը հուլիսի 31-ին կրկին հրաման տրվեց, որ մինչեւ օգոստոսի 12-ը նույն ռեժիմով պետք է աշխատել, այսինքն` մեկ օր` շուրջօրյա աշխատանք, մեկ օր` տանը: Մեզ բանավոր ասում են, որ նախարարի հրահանգով է փրկարար ծառայության տնօրենը նման հրաման արձակել, բայց մենք մեր հրամանի մեջ նման բան չենք տեսել: Ու այս պայմաններում մենք հայտնվել ենք շատ վատ վիճակում. նախ` ֆիզիկապես այլեւս չենք կարողանում նման գրաֆիկով աշխատել, իսկ դա էլ քիչ չէ: Ճիշտ հասկացեք, Դուք կարո՞ղ եք 80 հազար դրամով ընտանիք պահել: Գիտեք, մենք չենք տրտնջում, չենք վախենում աշխատանքից. օրինակ` Խոսրովի արգելոցի հրդեհի ժամանակ մենք աշխատեցինք արտակարգ ռեժիմով, որովհետեւ արտակարգ դեպք էր, բայց չդժգոհեցինք, չխոսեցինք, բայց այսօր այլ իրավիճակ է»:
«Ժողովուրդ» օրաթերթը Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ջոկատի աշխատակիցների դժգոհության մասին զրուցեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ:
-Պարո՛ն Ցոլակյան, հրշեջ-փրկարարները ահազանգում են, որ ուժեղացված ռեժիմի արդյունքում մեկ օր աշխատում են շուրջօրյա, մեկ օր մնում տանը, ու դրա դիմաց հավելավճար չեն ստանում: Տեղյա՞կ եք:
-Ճիշտ է, եղել է ուժեղացված ռեժիմ, եւ երեկ ես դա դադարեցրել եմ, կանչել եմ փրկարար ծառայության պետի տեղակալին, ով զբաղվում է այդ հարցով, եւ ասել եմ, որ դադարեցնեն: Իսկ պատճառը հրդեհներն էին:
-Ըստ փրկարար ջոկատի աշխատակիցների` հավելավճար չի տրվել ավել աշխատանքի դիմաց: Ինչո՞ւ:
-Ով ավել աշխատել է, նրանց հավելավճար տրվում է: Ես մի ճշտում կանեմ, քանի որ կարող է մեկ ամիս հետո հավելավճարները տան, հաշվարկի խնդիր կա: Այնպես չէ, որ մասսայական պետք է տաս կամ չտաս, ամեն մեկինը անհատական է հաշվարկվում: Ով ծառայել է ավել, նա կստանա:
-Այսինքն` հիմա արտակարգ ռեժիմի հրամանը հանե՞լ եք, եւ փրկարար ջոկատի աշխատակիցները նախկինի նմա՞ն են աշխատելու:
-Մենք հրամանը փոխել ենք: Ազատ հերթափոխից մեկը, ենթադրենք, մեկ խումբը 5 հոգի է, մեկ հոգի հաջորդ հերթափոխից կանչում ենք գործի հետ, եւ այդ մեկ անձը ավել է աշխատում, եւ մենք հաշվում ենք, որ նա մեկ օր ավել է աշխատել, եւ այստեղ այլեւս խնդիր չի առաջանա: Ես երեկ գնացել էի փրկարարական ջոկատներ. առաջինը Գորիսում լսեցի այդ ամենի մասին, որ ֆիզիկապես դժվարանում են, այսինքն` մեկ հերթափոխի փոխարեն երկու հերթափոխ մնում է այնտեղ: Նպատակը մեկն էր. Սյունքիում ունեցանք շատ հրդեհներ, մենք խնդիր էինք ունենում արագ դեպքի վայր հասնելու: Եթե արագ չէին հասնում, ուրեմն տարածվում էր հրդեհը, եւ դեմը չէինք կարողանում առնել: Եղել եմ Հրազդանում, Վայքում Չարենցավանում, բոլոր տեղերը խոսել եմ իրենց հետ այդ թեմայով եւ ասել եմ, որ կկարգավորվի հարցը, եւ խնդիր չի լինի:
-Հրշեջ-փրկարարները բարձրաձայնում են, որ 80 հազար դրամ աշխատավարձով չեն կարողանում ապրել:
-Մենք կառավարության որոշման նախագիծը վերջացնում ենք, որ կարողանամ շարքային անձնակազմի աշխատավարձը բարձրացնեմ: Բացի այդ, ամեն եռամսյակը մեկ աշխատավարձի չափով պարգեւատրում եմ տալիս: Հիմա Սեւանի ջրափրկարարները, ինչպես խոստացել եմ, ամեն մեկին կրկնապատիկ աշխատավարձ եմ տալիս, արդեն երկու ամիս, քանի որ այնտեղ խիստ ռեժիմ է: Սեւանում 4 կողմից հերթապահություն է իրականացվում, Երեւանից խումբ եմ ուղարկել, եւ այնտեղ ջրափրկարար են աշատում: Հիմա համահայկական խաղերի հետ կապված շատ երիտասարդներ են գնալու, մենք վախենում ենք այդ երեխաների համար: 40 հոգի տղաներ են: Խոստացել էինք կրկնապատիկ վարձատրել, որ նորմալ ծառայություն անեն, եւ տալիս եմ: Մի խոսքով, համակարգը ճկուն է, գնահատվում են բոլոր աշխատողները:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

ԲԴԽ-Ի ԴԵՄ
Դատավորների թեկնածուները շարունակում են դատի տալ Բարձրագույն դատական խորհրդին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Մարտին Մանուչարյանը դիմել է դատարան եւ պահանջում է, որ դատարանը ստիպի ԲԴԽ-ին մայիսի 22-ի կայացված քաղաքացիական մասնագիտացման դատավորների թեկնածուների հավակնորդների հարցազրույցի փուլը իրեն անցած համարել եւ, ՀՀ բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, ՀՀ արդարադատության ակադեմիա ուղարկվող դատավորների թեկնածուների հավակնորդների քաղաքացիական մասնագիտացման բաժնի ցուցակում ընդգրկել: Նշենք, որ մայիսի 22-ին որոշումը կայացրել են նախկին ԲԴԽ անդամները` ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ, եւ դատավորների թեկնածուները բողոքարկում են նախկին ԲԴԽ-ի որոշումները: Ի դեպ, սա միակ հայցը չէ: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր` դատավորի թեկնածու Մանիկ Սանթրոսյանը եւս դիմել էր ՀՀ վարչական դատարան: Նա էլ պահանջում էր ստիպել ՀՀ բարձրագույն դատական խորհրդին անվավեր ճանաչել 2019թ. քաղաքացիական մասնագիտացման ոլորտում դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով անցկացված որակավորման գրավոր քննությունն ամփոփելու որոշումը եւ, որպես հետեւանք, թույլատրել իրեն կրկին մասնակցել դատավորների թեկնածուների հավակնորդների քննության բանավոր փուլին: Թե ինչպես կվարվի այս դիմումների հետ դատարանը, ժամանակը ցույց կտա:

 

 

 

ՄԵՐԺԵՑԻՆ
Երեւան քաղաքի դատախազության ավագ դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Ստեփանյանը մերժվեց դատարանի կողմից: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ դատախազները, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կայացրած որոշումների հետ չհամաձայնելով, դիմել էին դատարան: Խոսքն այն մասին է, որ գլխավոր դատախազի մարտի 14-ի հրամանով` Երեւան քաղաքի դատախազության ավագ դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Ստեփանյանը փոխադրվել եւ նշանակվել է Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության ավագ դատախազ: Հրամանի համար հիմք էր եղել Կարեն Ստեփանյանի արտահերթ ատեստավորման արդյունքները: Դրանից ելնելով` որակավորման հանձնաժողովի կողմից ներկայացվել էր Կ. Ստեփանյանին ավելի ցածր պաշտոնի փոխադրելու միջնորդություն, որը ՀՀ գլխավոր դատախազի համապատասխան որոշմամբ բավարարվել է: Ասել է թե` Կարեն Ստեփանյանին ավելի ցածր պաշտոնի են նշանակել, եւ վերջինս, բանավոր կերպով չկարողանալով արդյունքի հասնել, դիմել է դատարան:
Եվ, ահա, հուլիսի 11-ին Երեւան քաղաքի դատավոր Արշակ Պետրոսյանը հրաժարվել է ընդունել դատախազի կողմից ներկայացված դիմումը` պատճառաբանելով, որ սույն գործով վեճը հանդիսանում է հանրային ծառայության իրականացման հետ կապված վեճ, ուստի, վերը նշված դիրքորոշման հիման վրա, դատարանն արձանագրում է, որ, անկախ իրավահարաբերության բնույթից, այն ենթակա է քննության վարչական դատավարության կարգով: Այսինքն` վեճը պետք է քննի ՀՀ վարչական դատարանը:

 

 

 

ՄՈՐ ՀԵՏ
2018թ. հոկտեմբերին Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի եւ պաշտպանության կենտրոնի բակում հայտնաբերված նորածին երկվորյակների` աղմուկ բարձրացրած պատմությունը հանգուցալուծվել է: Երեխաները, որոնք հետագայում տեղափոխել էին Գյումրու «Երեխաների տուն», արդեն մոր հետ են: «Մայրն արդեն տարել է երեխաներին, նրանք վերադարձել են կենսաբանական ընտանիք: Մայրը երեկ եկել է, երեխաներին տարել: Այս ընթացքում էլ միշտ կապ պահպանել է իր երեխաների հետ, պարբերաբար այցելել է»,- նշել են մանկատնից: Հիշեցնենք, որ 2018թ. հոկտեմբերի 17-ին, նորածին երկվորյակներին` Վահանին ու Վահեին, մայրը պոլիէթիլենային տոպրակով թողել էր Գյումրու գիշերօթիկի բակում եւ հեռացել:

 

 

 

ՎՐԱԵՐԹ
Գեղարքունիքի մարզում մանկահասակ երեխայի վրաերթի ենթարկվելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` նախնական տվյալներով` 2019թ. օգոստոսի 6-ին Գեղարքունիքի մարզի բնակիչը, իր կողմից վարած «Գազել» մակնիշի ավտոմեքենայով Աստղաձոր գյուղի գյուղամիջյան ճանապարհին խախտելով ճանապարհային երթեւեկության կանոնները, վրաերթի է ենթարկել մանկահասակ, 13.11.2016թ. ծնված երեխային` վերջինիս անզգուշությամբ պատճառելով մահ: Դեպքի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: «Գազել» ավտոմեքենայի վարորդից վերցվել է արյան փորձանմուշ եւ նշանակվել դատաքիմիական փորձաքննություն:

 

 

 

ԾԱՅՐԱՀԵՂ ԾԱՆՐ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ` երեկ ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ինքնասպանություն է գործել` ցած նետվելով Երեւան քաղաքի Կիեւյան կամրջից: Քաղաքացին (մոտ 24 տարեկան իգական սեռի ներկայացուցիչ) կենդանության նշաններ է ցույց տվել: Փրկարարները պատգարակով քաղաքացուն դուրս են բերել կիրճից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

 

 

 

ՆՎԱԶԵԼ Է
Հայաստանի բեռնափոխադրումների ծավալը 2019թ. հունվար-հունիսին կազմել է 6 մլն 121.5 հազար տոննա: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների` 2018թ. նույն ժամանակահատվածում բեռնափոխադրումների ծավալը եղել է 14 մլն 417.7 հազար տոննա. ցուցանիշը 2019թ. նվազել է 57.5 տոկոսով: Բեռնափոխադրումների ծավալում հաշվարկվում են ե՛ւ արտահանումը, ե՛ւ ներմուծումը, ե՛ւ ներհանրապետական փոխադրումները:




Լրահոս