Երեւանի քաղաքապետարանն այս տարի` սեպտեմբերի 1-ին ընդառաջ, առաջին դասարանի աշակերտներին դպրոցական պայուսակ չի նվիրի: Դրա համար նախատեսված գումարը ծախսել է այլ նպատակով:
Մանկապարտեզի ավագ խմբի սաների ծնողները, որոնք իրենց երեխաներին պետք է այս տարի տանեն դպրոց` առաջին դասարան, «Ժողովուրդ» օրաթերթին պատմեցին, որ նախկինում վարչական շրջանների ղեկավարները այդ պայուսակները տվել են իրենց ցանկալի մարդկանց: Այսինքն` շատերին նվեր պայուսակը չի հասել: Ծնողների պատմելով` քաղաքապետարանը այս տարի զգուշացել է եւ որոշել է պայուսակ չնվիրել:
Արդյոք Երեւանի քաղաքապետարանը պայուսակների նվիրման գործընթացի հետ կապված բացահայտումներ արե՞լ է կամ այս խնդրով դիմե՞լ է իրավապահ մարմիններին, թե՞ ոչ: Այս հարցին ի պատասխան` քաղաքապետարանի Հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանն ասաց. «Առաջին անգամ եմ լսում դրա մասին, որովհետեւ մշտապես տարեվերջյան միջոցառումների ժամանակ բաժանվել են այդ պայուսակները: Չեմ կարծում, որ որեւէ մեկը այդ պայուսակը չտար երեխաներին: Ես ինչքան աշխատում եմ այստեղ, չեմ հիշում երեխաներին պայուսակ չտալու վերաբերյալ որեւէ մի բողոք»:
Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի խոսքով` կոնկրետ առաջին դասարան հաճախող երեխաների աջակցության նախկին պրակտիկայի հետ կապված հայտնի են շատ դեպքեր, երբ ծնողները այդ նվերները չեն ընդունել կամ չեն գործածել տրված իրերը: «Ստացվում էր, որ քաղաքապետարանն անարդյունավետ ծախս է անում: Ամեն դեպքում, սոցիալապես խոցելի ընտանիքները տարբեր ֆորմատներով օգտվում են քաղաքապետարանի աջակցությունից»,- ընդգծեց Հակոբ Կարապետյանը:
Հանրակրթության վարչության պետը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փոխանցեց, որ այս տարի հանվել է պայուսակներ ձեռք բերելու համար նախատեսվող ֆինանսավորումը, դրա համար էլ ավագ խմբերի երեխաները պայուսակ չեն ստանալու: «Իրարամերժ էին դժգոհությունները, շատերին նվիրում էին, բայց ծնողը ինքը նախընտրում էր իր ճաշակով գնել պայուսակ, մյուսին գույնը գրավիչ չէր, մեկ այլ ծնողի համար ձեւն ու չափը հարմար չէին: Միշտ չէր, որ ծնողների սրտով էր, բնականաբար, բոլորին գոհացնել հնարավոր չէ: Այդ խնդիրները հաշվի առնելով` այս տարվա բյուջեով դրա համար ծախս չի նախատեսվել: Ոչ թե դժգոհություն` լավն է, թե վատը, այլ ծնողը նախընտրում էր իր ճաշակով գնել այդ պայուսակը: Անգամ նվեր ստանալուց հետո, միեւնույնն է, ինքը նախընտրում էր իր երեխայի համար այն գնել: Ամեն մեկի համար դա շատ տարբերակված էր»,- ավելացրեց Ստեփանյանը:
Թե որքան գումար է ծախսվել նախորդ տարիներին դպրոցական պայուսակների ձեռքբերման համար, Աննա Ստեփանյանը դժվարացավ նշել: Բայց հիշենք` անցած տարի, երբ Երեւանի քաղաքապետը Տարոն Մարգարյանն էր, նվիրվեց 10 հազար հատ դպրոցական պայուսակ` համալրված 18 անուն դպրոցական անհրաժեշտ պարագաներով:
Պարզվում է` քաղաքային իշխանությունը դպրոցական պայուսակ առաջին դասարանցուն նվիրելու փոխարեն որոշել է ավագ խմբերի երեխաների ծնողներին այլ միջոցներով աջակցել: Օրինակ, ավարտական խմբերի երեխաները այս տարվանից կարող են հաճախել մանկապարտեզ նաեւ հուլիս եւ օգոստոս ամիսներին` ի տարբերություն նախորդ տարիների, երբ ավարտական հանդեսից հետո խումբը փակվում էր, եւ ծնողները բարդություն էին ունենում ամռան ամիսներին:
«Նախկինում երեխաները հուլիս, օգոստոս ամիսներին մնում էին տանը, հիմա մենք ֆինանսավորում ենք կատարել, ինչից հետո նրանք ե՛ւ հուլիս, ե՛ւ օգոստոս ամիսներին հաճախում են մանկապարտեզ, բնականաբար, ծնողի ցանկությամբ: Այսինքն` մինչեւ օգոստոսի 30-ը երեխաները կհաճախեն եւ մանկապարտեզից միանգամից կմտնեն դպրոց: Անգամ հունիս ամսին մեզ շատ էին զանգահարում ծնողները, որոնք չէին կարողանում աշխատանքի պատճառով երեխաներին մենակ թողնել տանը, եւ իրենց համար հաճելի էր, որ իրենց երեխան մանկապարտեզ գնար: Այդ ծախսերը մեկը մյուսով կոմպեսացվեց»,- բացատրեց Աննա Ստեփանյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին` պայուսակների տրման գործընթացը երբեւէ որեւէ մեկի կողմից վերահսկվել է, թե ոչ, Աննա Ստեփանյանն ասաց. «Այո, հիմնականում վերահսկվել է, որովհետեւ բաժանվել է վարչության կողմից, եւ վերահսկել է թաղապետարանը: Այսինքն` քանի երեխա ունեցել է վարչական շրջանը, այդքան պայուսակ հատկացվել է քաղաքապետարանի կողմից: Բնականաբար, քաղաքապետարանի կողմից վերահսկողություն եղել է: Այսինքն` դժգոհություն մենք չենք ունեցել, որ իր երեխային պայուսակ չի տրվել: Անգամ նախակրթարաններին, որոնք գործել են դպրոցներում, նրանց էլ է տրվել այդ պայուսակը»:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆ ՈՒ ԾԽԱԽՈՏԸ ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ
Հայաստանի սպառողական շուկայում հուլիսին, հունիսի համեմատ, արձանագրվել է 1.9 տոկոս գնանկում: Պաշտոնական տվյալներով` սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքը 4.7 տոկոսով էժանացել են: Էժանացել են նաեւ միրգն ու բանջարեղենը: Օրինակ` մրգի շուկայում մեկ ամսվա ընթացքում արձանագրված գնանկումը կազմել է 23.3 տոկոս:
Շաքարավազը եւս էժանացել է 1 տոկոսով: Հուսանք` տնտեսվարողները առիթից չեն օգտվի եւ առաջիկայում այն չեն թանկացնի, քանի որ, ինչպես հայտնի է, փակոցների սեզոնը տնային տնտեսուհիների համար արդեն բացվել է:
Իսկ, ահա, կաթնամթերքի, պանրի եւ հավկիթի շուկայում այս հուլիսին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է 5.1 գնաճ: Բայց այս տարվա հունիսի համեմատ` նշված ապրանքատեսակները էժանացել են 0.9 տոկոսով: Միայն հավկիթի գինն այս հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բարձրացել է 38.9 տոկոսով, բայց 2019-ի հունիսի համեմատ` այն 2.7 տոկոսով էժանացել է: Համաձայնեք, որ 2.7 տոկոս էժանացումը չնչին է: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` անգամ մսամթերքի շուկայում է, թեկուզ չնչին, բայց գնանկում արձանագրվել` 0.4 տոկոսով: Բայց անցած տարվա համեմատ` մսամթերքը թանկացել է 3 տոկոսով: Ըստ վիճակագրական կոմիտեի` գնանկում արձանագրվել է ձկնամթերքի շուկայում: Բայց չնայած սրան` մեկ կգ «Իշխան» ձկնատեսակի գինը այդպես էլ 1990 դրամից չի նվազում: Ի դեպ, նկատենք, որ ալկոհոլային խմիչքն է թանկացել 0.2 տոկոսով եւ ծխախոտային արտադրատեսակները` 1.1 տոկոով:
Ինչպես հայտնի է, շահութահարկի եւ եկամտային հարկի գծով հարկային բեռի նվազեցման հետեւանքով, այս տարվա հուլիսի 1-ից սկսած, բարձրացել են ծխախոտի եւ ալկոհոլային խմիչքների համար ակցիզային հարկի դրույքաչափերը, ինչի հետեւանքով բարձրացել են նաեւ ապրանքատեսակների գները: Հիշեցնենք` ալկոհոլային խմիչքները, ծխախոտը եւ բենզինն արդեն իսկ թանկացել էին: Փաստորեն, այս տարի նույնպես օղին եւ ծխախոտը դարձյալ չեն խուսափել թանկացումից: Բայց, մյուս կողմից, արդյունքում բարձրացել են նաեւ օղու եւ էթիլային սպիրտի նվազագույն իրացման գները. 1 լիտր 100 տոկոսանոց սպիրտը 3500 դրամից բարձրացել է` դառնալով 6000 դրամ:
Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՀԵՌԱԿԱ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ
«Կողբաքար» ՍՊԸ-ն, ունենալով համապատասխան թույլտվություն, Բագրատաշենի ենթաշրջանում, հայ-վրացական սահման հանդիսացող Դեբեդ գետի մոտակա տարածքից տարիներ շարունակ խճաքար, ավազ է արդյունահանել եւ այն իրացրել: Հայաստանում իշխանափոխությունից հետո` գրեթե մեկուկես տարի, ընկերությունը չի կարողանում Դեբեդից խճաքար արդյունահանել: «Կողբաքար» ՍՊԸ տնօրեն Մերուժան Փաշիկյանն այդ կապակցությամբ գրավոր դիմել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին, սակայն հարցը չի լուծվել: Եւ հիմա Նոյեմբերյանի տարածաշրջանի ճանապարհների ընթացիկ եւ ձմեռային պահպանության, նորոգման աշխատանքների համար խճաքար չկա, քանզի խճաքար մատակարարող «Կողբաքար» ՍՊԸ-ն հնարավորություն չունի Դեբեդից այն արդյունահանելու:
2018թ. նոյեմբերի 28-ին` Նիկոլ Փաշինյանի` Նոյեմբերյան քաղաք նախընտրական այցի ժամանակ, նամակ հանձնվեց Փաշինյանին, որպեսզի լուծվի «Կողբաքար» ՍՊԸ-ի կողմից Դեբեդից խճաքար եւ ավազ արդյունահանելու թույլտվության հարցը, սակայն անցած ժամանակաշրջանում խնդիրը չլուծվեց: Բնապահպանական պաշտոնական եզրակացության համաձայն` Դեբեդից ավազ, խճաքար հանելու դեպքում գետի հունը չի փոխվում: «Կողբաքար» ՍՊԸ տնօրեն Մերուժան Փաշիկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց՝ չնայած այն բանին, որ իրենց ընկերությանը չի թույլատրվում Նոյեմբերյանի տարածաշրջանի Պտղավան գյուղի տարածքում՝ Դեբեդ գետի ափին գտնվող հանքավայրից ավազ արդյունահանել, սակայն իրենց ընկերությունը շարունակում է հարկեր վճարել, նաեւ ավազի հանքավայրի համար նախատեսված պետական վարձավճարը:
Փաշիկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ վերջերս կառավարությանն առընթեր Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Պտղավանի հանքավայրի ստուգում են իրականացրել՝ պարզելու, թե որքանով է այդ հանքավայրը խախտում բնապահպանական օրենսդրության պահանջները: Առաջիկայում այդ ստուգման արդյունքների մասին կտեղեկացնեն «Կողբաքար» ՍՊԸ տնօրենին, անհրաժեշտության դեպքում «Կողբաքար» ՍՊԸ տնօրենը դրա վերաբերյալ առարկություններ կներկայացնի: Բայց այս պատմության մեջ ուշագագրավն այն է, որ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներին ստուգման ժամանակ հնարավորություն չեն տվել լինել հանքավայրում, տեղում ուսումնասիրություններ կատարել: Եւ հետաքրքիր է, թե այդ դեպքում այդ ստուգման արդյունքները որքանով կարող են ստույգ լինել:
Մի խոսքով, ո՛չ հանքավայրի գործունեությունն է դադարեցվում, որ ՍՊԸ տնօրենը հարկեր ու տուրքեր չվճարի, ո՛չ էլ թույլտվություն է տրվում շահագործելու համար: Իսկական շիլա-շփոթ:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ