ԻՆՉՊԵ՞Ս Է ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ ԵԱՏՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, Հայաստանը 2015 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ լիիրավ անդամ է: Եվ այդ ժամանակից սկսած` թիվ մեկ հարցն այն է, թե ինչ է տվել Հայաստանին ԵԱՏՄ անդամակցությունը:

Մաքսային միությանը, այնուհետեւ ԵԱՏՄ-ին անդամակցության մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջին անգամ հայտարարել էր 2013 թվականի սեպտեմբերին: Իսկ մինչ այդ Հայաստանում բոլորը մտածում էին, որ շարժվում ենք հակառակ ուղղությամբ՝ դեպի Եվրամիություն։ Ավելին, բանակցությունների փուլն արդեն բարեհաջող ավարտել էր, եւ Հայաստանը պատրաստվում էր ԵՄ-ի հետ ստորագրել Ասոցացման համաձայնագիրն ու դրա կարեւոր բաղկացուցիչը՝ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիրը, որը պետք է դյուրինացներ Հայաստանում արտադրված ապրանքների մուտքը եվրոպական շուկա եւ Հայաստանին եւս մեկ քայլով մոտեցներ ԵՄ-ին։ Սակայն 2013 թվականի սեպտեմբերից հետո Հայաստանը սկսեց շարժվել հակառակ ուղղությամբ ու օրենսդրությունն ու ընթացակարգերը համապատասխանեցնել ԵԱՏՄ ստանդարտներին: Եվ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո ինչ է տվել այդ միությունը հարցն ամենաքննարկվողներից մեկն է: Մի մասը պնդում է, թե ազդակները բացասական են, իսկ մյուսները, հակառակը, պնդում են, որ օրինակ, ԵԱՏՄ-ին անդամակացությունը Հայաստանի առջեւ լրջագույն հնարավորություններ է բացել 200 միլիոն բնակչություն ունեցող շուկային մուտք ստանալու եւ Եվրոպայի ու ԵԱՏՄ-ի միջեւ տարանցիկ դեր ստանձնելու առումով։ Եվ նշվում է` եթե չենք կարողանում լիարժեք օգտվել այդ հնարավորությունից, ուրեմն խնդիրը հենց Հայաստանի մեջ է: Եվ, ահա, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հրապարակել է ԵԱՏՄ անդամ երկրների ընթացիկ տարվա առաջին կիսամյակի հիմնական սոցիալ-տնտեսական ցուցանիշները։ Եվ դրանից պարզ է դառնում, որ այս տարվա հունվար-հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, ԵԱՏՄ-ում հիմնական սոցիալ-տնտեսական ցուցանիշների գծով աճ է գրանցվել, մինչդեռ փոխադարձ եւ արտաքին առեւտրի ծավալները նվազում են արձանագրել։
Միության երկրների շարքում արդյունաբերական արտադրանքի ամենաբարձր աճը գրանցվել է Ղրղըզստանում՝ 19.7 տոկոս, այնուհետեւ Հայաստանում՝ 6.9 տոկոս։ 2019-ի առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում վերամշակող արդյունաբերության որոշ ապրանքատեսակների գծով աճ է գրանցվել։ Ի տարբերություն 2017-ի հունվար-հունիսի նկատմամբ 2018-ի առաջին կիսամյակում գրանցված անկմանը` մոտ 39 տոկոսով աճել են վերամշակված կաթի արտադրության ծավալները, 30.7 տոկոսով` ձավարեղենինը։ Մոտ 41 տոկոսով աճ են գրանցել նաեւ կարագի արտադրության ծավալները։ Կտրուկ կրճատվել են չվերամշակված բուսական յուղի արտադրության ծավալները։ ԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրանքի ծավալն աճել է 1.2 տոկոսով։ Բացառությամբ Հայաստանի` մնացած երկրների գծով աճ է գրանցվել, ընդ որում` համեմատաբար ամենամեծ աճը գրանցել է Ղազախստանը՝ 3.8 տոկոս։ Հայաստանում գյուղարտադրանքի ծավալները կրճատվել են 6.5 տոկոսով, իսկ զեկույցում ԵԱՏՄ երկրների փոխադարձ եւ արտաքին առեւտրի ծավալների տվյալները վերաբերում են ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին։ Բացառությամբ Ղազախստանի եւ Ղրղըզստանի` մնացած երկրներում արտահանման ծավալները կրճատվել են, իսկ ներմուծման ծավալներն աճել են միայն Բելառուսում եւ Ղրղըզստանում։ Իսկ, ահա, 2017 թվականի համեմատ` 2018 թվականի առաջին կիսակյակում ԵԱՏՄ անդամ երկրների հետ առեւտուրն աճել էր 20.4 տոկոսով:
Նույն ժամանակահատվածում ՀՀ ընդհանուր արտաքին առեւտրաշրջանառությունն աճել է 28.9%-ով: 2018 թվականին Հայաստան- ԵԱՏՄ առեւտրի մոտ 97%-ը (885.8 մլն դոլար) բաժին էր ընկնում Ռուսաստանին, եւ, ընդհանուր առմամբ, ՀՀ – ՌԴ առեւտուրն աճել էր 19.9%-ով։ Համեմատության համար թվեր ներկայացնենք նաեւ 2015 թվականից, երբ Հայաստանը նոր էր անդամակցել այդ միությանը: Մասնավորապես, 2015 թվականերին տրանսֆերտների ներհոսքը, 2014-ի համեմատ, նվազեց 23.1 տոկոսով կամ 492 մլն դոլարով: ՌԴ-ից ներհոսքը նվազեց 35 տոկոսով կամ 546 մլն դոլարով: ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը պետք է առաջին հերթին դրական անդրադառնար ԵԱՏՄ անդամ երկրների հետ առեւտրաշրջանառության վրա, սակայն այս դեպքում գնահատականներ տալը չափազանց դժվար է, որովհետեւ առեւտրի վրա ազդեցին բազմաթիվ գործոններ։ Ամեն դեպքում, Հայաստան-ԵԱՏՄ առեւտրային հարաբերություններ ասելը չափազանցություն է, որովհետեւ Ռուսաստանից բացի մյուս երեք անդամների հետ առեւտրաշրջանառության ծավալները չափազանց փոքր են։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ԱԱԾ-Ի ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԸ
Չնայած խորհրդարանում արձակուրդային շրջան է, սակայն բյուջետային հատկացումների շուրջ քննարկումները չեն դադարում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ հերթական քննարկումն է եղել այս անգամ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում: Եվ տեղեկացանք, որ քննարկվել է 2020 թվականի պետական բյուջեի նախնական տարբերակում ներկայացված ԱԱԾ եւ ՊՊԾ ոլորտների ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը: Եվ, ըստ այդմ, կարեւորվել է հատկապես նորագույն տեխնիկայի ձեռքբերման հարցերը ազգային անվտանգության համակարգի զարգացման համար: Ըստ այդմ, Ազգային անվտանգության ծառայությանը 2020 թվականին նախատեսվել է հատկացնել 23 միլիարդ 218 միլիոն դրամ, որով կիրականացվի 7 ծրագիր, իսկ կապիտալ ծախսերի համար նախատեսվել է հատկացնել 582 միլիոն դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկայում նախատեսվում է նաեւ կառուցել սահմանապահ նոր ուղեկալ: Իսկ, ահա, Պետական պահպանության ծառայությանը կհատկացվի 3 միլիարդ 373 միլիոն 730 հազար դրամ: Ոստիկանության համար 2020 թվականին նախատեսվել է 64 միլիարդ 900 միլիոն դրամ, ինչը 0,8 տոկոսով ավելի է 2019 թվականի հատկացումից: Տեղեկացանք, որ այդ գումարներով նախատեսվում են իրականացնել մի շարք բարեփոխումներ. մասնավորապես կստեղծվի շուրջօրյա ռեժիմով գործող պարեկային նոր ծառայություն: Ծառայությունը բնակավայրերում փոխարինելու է ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումներին, ընդ որում՝ ճանապարհային երթեւեկության կանոնների պահպանման նկատմամբ հսկողությունը հանդիսանալու է նրա հիմնական գործառույթներից մեկը: Իսկ, ահա, Ճանապարհային ոստիկանությանը կհատկացվի 14 միլիարդ 554 միլիոն 731 հազար դրամ:

 

 

 

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ
Արդեն չորս օր է` Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը ղեկավար չունի: Հիշեցնենք, ՀՀ վարչապետի օգոստոսի 5-ի հրամանով Էդգար Խուրշուդյանն ազատվեց պաշտոնից: Այս ընթացքում տեսչական մարմնի ղեկավարի թեկնածուի մի քանի անուններ են շրջանառվում: Այսպես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ` տեսչական մարմնի ներսում քննարկվում է ղեկավարի տեղակալ Էմին Ավետիսյանի անունը: Նա էլ ձեռքերը ծալած չի նստել եւ ամեն ջանք գործադրում է, որպեսզի խորհրդի անդամները, նաեւ նախագահը` Արսեն Թորոսյանը, իր թեկնածությունն առաջադրի այդ պաշտոնի համար: Բացի այս, տեսչական մարմնի ներսում շրջանառվում է նաեւ Դավիթ Մելիք-Նուբարյանի անունը, որը նախկինում զբաղեցնում էր ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի պաշտոնը: Բացի այս, շրջանառվում են նաեւ Վիկտոր Ֆանարջյանի եւ Արայիկ Եղոյանի անունները:

 

 

 

ՂՐՂԸԶՍՏԱՆՈՒՄ Է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 8-9-ը աշխատանքային այց կկատարի Ղրղըզստան: ՀՀ վարչապետը Չոլպոն-Ատա քաղաքում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին: Նիստը կմեկնարկի Նիկոլ Փաշինյանի` որպես Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մարմիններում նախագահող երկրի ղեկավարի բացման ելույթով: Նախատեսվում է Հայաստանի վարչապետի եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի համատեղ հայտարարությունը լրատվամիջոցների ներկայացուցիչների համար, ինչպես նաեւ ԵԱՏՄ շրջանակում համագործակցության վերաբերյալ փաստաթղթերի ստորագրում եւ նամականիշի մարման արարողություն: Այցի շրջանակում նախատեսվում են Հայաստանի վարչապետի հանդիպումները Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի եւ Ռուսաստանի կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ:

 

 

 

ԵՆԹԱՍՊԱՆ ԿԱԽՎԵԼ Է
Երեկ Գյումրիում տանը հայտնաբերվել է ենթասպա, զորամասերից մեկի նվագախմբի ծառայող Սամվել Գառնիկի Մեժլումյանի կախված դին: ՀՀ քննչական կոմիտեից ArmLur.am-ը տեղեկացել է, որ ժամը 19:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Վարդ-բաղ կոչվող թաղամասում պարանոցի շրջանում պարանով ծառից կախված վիճակում հայտնաբերվել է ծառայությունից դուրս գտնվող, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, ենթասպա Սամվել Գառնիկի Մեժլումյանի դին: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ տասներորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: ArmLur.am-ին դեպքի մասին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, ըստ նախնական տեղեկությունների` հնարավոր է զինծառայողը նման քայլի է դիմել խիստ անձնական պատճառներով: Նույն լուրերի համաձայն` հնարավոր է դա կապված լինի ինչ-որ ընտանեկան հարցերի հետ:

 

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է
Կառավարությունն ընդունել է 2008թ. մարտի 1-ից 2-ը Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության ձեւը, չափը, աջակցության տրամադրման համար ներկայացվող դիմումի ձեւը, դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաեւ դիմումի քննարկման եւ աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին նախագիծը: ԱՆ Ռուստամ Բադասյանը նշել է` որպես աջակցության ձեւ սահմանվում է դրամական օգնությունը հետեւյալ չափերով` ստացված վնասվածքի պատճառով մահացած անձի իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին կտրվի 30 միլիոն դրամ, առողջության ծանր վնաս կրած անձին` 15 միլիոն դրամ, առողջության միջին ծանրության վնաս կրած անձին` 5 միլիոն դրամ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այս որոշումը կամ սահմանված չափերը որեւէ ձեւով չեն նշանակում փոխհատուցում: Վարչապետի փոխանցմամբ` կարեւոր եւ սիմվոլիկ քայլ է, թեեւ գումարները բացարձակ մեծ չեն:




Լրահոս