2018 թվականին Հայաստանում աղքատ է եղել շուրջ 700 000 մարդ։ Եվ այդուամենայնիվ, անցյալ տարի աղքատության մակարդակը 2017-ի համեմատ նվազել է ՝ 25․7%-ից՝ դառնալով 23․5 %։ Այս մասին նշվում է Ազգային վիճակագրական կոմիտեի՝ 2018-ի սոցիալ-տնտեսական պատկերը ամփոփող զեկույցում։ Ստացվում է, որ Հայաստանի ամեն չորրորդ բնակիչ վաստակում է 42 621 դրամից նվազ գումար։ Շուրջ 1% է կազմում ծայրահեղ աղքատների թիվը, ամսական 35 000 դրամից պակաս գումար ստացողները համարվում են չափավոր աղքատ, նրանց թիվը 9․6% է կազմում։
Նշվում է, որ աղքատության հաղթահարման նպատակով Հայաստանին լրացուցիչ անհրաժեշտ է 63․2 միլիարդ դրամ՝ սա հավելյալ արդեն իսկ պետության տրամադրած սոցիալական ծրագրերի։ Ծայրահեղ աղքատության նվազման նպատակով անհամեմատ ավելի քիչ գումար է պահանջվում՝ 1 միլիարդ դրամ։ Շիրակի մարզում աղքատությունը ամենաբարձր ցուցանիշի վրա է, աղքատ է բնակչության 42․2 տոկոսը։ 2018 թվականի հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել է տնային տնտեսությունների 16 և բարձր տարիքի անդամների կարծիքը կենսամակարդակի առաջնային խնդիրների վերաբերյալ:
Հետաքրքիր է նաև, թե քաղաքացիները ինչն են առաջնային խնդիր գնահատում։ 2018 թվականին առավել առաջնային խնդիրներից նշվել են ոչ պարենային առաջնային կարիքները (29.7%) և բնակարանային հիմնահարցը (27.6%): 2018-ին 2017-ի նկատմամբ բնակարանային հիմնահարցը մեղմացել է 2%-ային կետով, իսկ ոչ պարենային առաջնային կարիքներն ավելացել են 3.6%-ային կետով: 2018-ին սննդի ապահովման հարցը հիմնական խնդիր համարող տնային տնտեսությունների անդամների մասնաբաժինը 2017-ի համեմատ 1.2%-ով նվազել է և կազմել՝ 9.1%։ Տնային տնտեսությունների 16 և բարձր տարիքի անդամների 29.7%-ի գնահատմամբ, ոչ պարենային առաջնային կարիքներից բավարարվածությունը համարվում է կարևոր հիմնախնդիր:
Ինչպես նախորդ տարի, այնպես էլ 2018-ին հարցվողների համար կարևոր հարցերից մեկը բնակարանային հիմնահարցն է (2017թ.-ին՝ 29.6%, 2018թ.-ին՝ 27.6%): 2018թ.-ին տնային տնտեսությունների 7.7% անդամների համար ամենաառաջնային խնդիրն առողջապահական ծառայություններից օգտվելու հնարավորությունից զուրկ լինելն է: Հարցվողների 2.9%-ը որպես առաջնային խնդիր նշել է երեխաներին բավարար կրթությամբ ապահովելու անկարողությունը, իսկ 23.0%-ը նշել է այլ առաջնային խնդիրներ: