Ինչ պլաններ ունեն իշխանությունները ԱԱԾ-ի և ոստիկանության մսով, և ինչ է սպասվում հաջորդ տարի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին ԱԺ պետական-իրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ԱԱԾ-ն ու ոստիկանությունը քաղաքական կառույցներ դարձնելու հարցը:

Չնայած այն բանին, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն առաջին ընթերցմամբ կողմ էր քվեարկել նախագծին, երկրորդ ընթերցմամբ դեմ քվեարկեց ամբողջ փաթեթին: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ հայրենի իշխանությունները նպատակ ունեն այս երկու կառույցների հարցը լուծել Սահմանադրական բարեփոխումներն իրականացնելու ժամանակ՝ իրավական կառույցները դարձնելով նախարարություններ: Իշխանությունների ներսում ավելի շատ համակիրներ կան, որ այդ երկու կառույցները վերածվեն քաղաքական պաշտոնների ու դրանք ղեկավարեն իրենց թիմի անդամները: Իսկ Սահմանդրական բարեփոխումներ իշխանությունները նպատակ ունեն իրականացնել արդեն եկող տարի:

Հիշեցնենք, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախագծով առաջարկում էր ԱԱԾ տնօրենի եւ ոստիկանության պետի պաշտոնները հանել ոստիկանության պաշտոնների եւ ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների անվանացանկերից եւ դրանք համարել քաղաքական՝ այդ աշխատատեղերում նշանակվող անձանց համար եւս սահմանելով պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները: Իշխանությունները, կարծես թե, համաձայնել էին, հանկարծակի որոշեցին, որ, չէ, այդքան էլ լավ նախագիծ չէ:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարդան Աթաբեկյանի հետ` պարզելու, թե իրենց խմբակցությունը ինչու անակնկալ որոշում կայացրեց մերժել նախագիծը:

-Պարո՛ն Աթաբեկյան, Դուք ի՞նչ դիրքորոշում ունեք ընդդիմադիրների այն նախագծի վերաբերյալ, որ պետք է ԱԱԾ եւ ոստիկանության պետերի պաշտոնները դարձնել քաղաքական: Դուք այդ կարծիքի՞ն եք:

-Եթե Սահմանադրության հետ խախտումներ չլիներ, կարծում եմ, այո, որովհետեւ կարծում եմ, որ այդտեղ «կամ…կամ»-ի սկզբունքը պետք է գործեր, հնարավորության դեպքում խնդիր չկար, ավելի լավ կլիներ:

-Այսինքն` կարծում եք, որ ինչպես մյուս նախարարությունների դեպքում, ԱԱԾ եւ ոստիկանության պետերը ե՞ւս պետք է խորհրդարանին ներկայացնեն հաշվետվություն:

-Ոստիկանության դեպքում գուցե հնարավոր լիներ, բայց ԱԱԾ-ի դեպքում դժվար է ասել, քանի որ այդ դեպքում պետք է մի քիչ զգույշ լինել, գործ ունենք անվտանգության հետ: Ես կարծում եմ, որ երկու տիրույթի հետ կապված սխալ է զուգահեռներ տանել, տարբեր կառույցներ են:

-Ձեր խմբակցությունն ի՞նչ դիրքորոշում ունի այս երկու կառույցները քաղաքական պաշտոն դարձնելու հարցում: Կարծես թե, տարակարծություն կա:

-Տարբեր են դիրքորոշումները, ընդհանուր չեմ կարող ասել:

-Ըստ շրջանառվող տեղեկությունների` այս նախագծով իշխանությունները նպատակ են ունեցել ազատվել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանից, բայց քանի որ վերջինս ինքնակամ հրաժարական ներկայացրեց, այդ հարցն արդեն կարծես թե լուծվեց, ինչի համար էլ մեժվեց նախագիծը: Որքանո՞վ են իրական այս տեղեկությունները:

-Չէ, չեմ կարծում, որ նման խնդիր կար, ես ինչքանով տեղյակ եմ, խնդիրը սահմանադրական էր, այդ օրենքի հետ կապված սահմանադրական խնդիր կա: Ինձ որ հարցնում եք, իմ համար լավ կլիներ, որ «կամ…կամ»-ի սկզբունքը գործեր, որ պաշտոնի նշանակելուց ազատ լինեինք:

Եթե տեղ ես ունենում ընտրելու, կարծում եմ` լավ կլիներ, բայց եթե պարզվում է` Սահմանադրության հետ խնդիր կա, արդեն էլ բան չենք կարող անել: Արթուր Վանեցյանը, ինձ թվում է, կապ չունի, կարծում եմ` բավականին շատ ժամանակ է անցել, ու ամեն մեկն էլ իր դիրքորոշումը հայտնել է ինչ-որ մի ձեւ:

-ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ իր ելույթում հայտարարել է, որ այսօր ո՛չ ԱԱԾ-ն եւ ո՛չ էլ ոստիկանությունը պետեր չունեն, իրենք իրենց տեղում չեն: Դուք համակարծի՞ք եք:

-Չէի ասի, որ երկու կառույցների պետերը լավ գործ չեն անում, բայց որ լիարժեք չեն աշխատում, ես էլ եմ այդպես կարծում: Կարող է դա կապված է, որ դեռեւս ժամանակավոր պաշտոնակատար են, պարզ չէ. նորմալ աշխատում են, բայց կարելի էր ավելի լավ աշխատել:

-Իսկ ինչո՞ւ եք հապաղում ու այդ պաշտոններում նշանակումներ չեք անում: Վարչապետի հետ այդ հարցը չե՞ք քննարկել:

-Դա վարչապետը կորոշի, կարող է վարչապետն էլ այլ տեղեկություն ունի, ու այս ֆոնը նորմալ է, իր լիազորությունների շրջանակում է, ինքը թող որոշի: Մենք նման հարց չենք քննարկել խմբակցությունում: Խնդիրը նրանում է, որ լիներ դժգոհության այնպիսի մակարդակ, որ կբերեր…

Նորմալ են աշխատում, կարելի էր ավելի լավ, ես խնդիրն այս տիրույթում եմ քննարկում: Եթե լավ չանեին, կարող է այդ հարցը բարձրացնեինք, իսկ այս փուլում նորմալ են անում, կրկնում եմ` կուզեի ավելի լավ անեին իրենց գործը: Կարծում եմ` առաջիկայում ամեն ինչ տեղն է ընկնելու, ամեն ինչն էլ կարգավորվելու է:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս