Վերջին օրերին շատ քննարկվեց ճառագայթային բուժման թեման Հայաստանում: Առողջապահության նախարարը նշում էր ոլորտում տեղի ունեցող աննախադեպ զարգացումների մասին, իսկ մասնագետները պնդում էին, որ նախարարության վարած քաղաքականության հետեւանքով կազմաքանդվում է պետական ոլորտը՝ տեղը զիջելով մասնավորին: Ու այս առումով խիստ ուշագրավ է 2019 թվականի հունիսի 27-ին ՀՀ Կառավարության կողմից ընդունված թիվ 728-Ն որոշումը, որով փոփոխություններ են իրականացվել «Պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման մասին» N 318-Ն որոշման մեջ։ Բանն այն է, որ Հայաստանում կա ընդամենը մեկ նմանատիպ սարքավորում, որն ունի 15 ՄԷՎ հզորություն: Եւ Առողջապահության նախարարությունը հունիսի 27-ի նիստին ներկայացրել է Կառավարության որոշման նախագիծ, որտեղ կա սահմանափակում, եւ կատարվել են փոփոխություններ եւ լրացումներ, մասնավորապես 11-րդ մասի 3.1 կետն ասում է. «Սույն կարգի 2-րդ կետի 1-8-րդ ենթակետերում ընդգրկված անձանց պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում մատուցվում են 15 եւ ավելի MeV (մեգաէլեկտրոնվոլտ) հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով ճառագայթային բուժում»: Փաստորեն, ստացվում է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը մրցակցային առավելություն է տվել կոնկրետ սարքավորման, որը, ի դեպ պատկանում է մասնավոր ընկերությանը։ Ինչու հենց նրանց` հարցի մյուս կողմն է:
Բայց այս պահին ստացվում է, որ այն արարքը, որի համար առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մեղադրում էր ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին, որի նկատմամբ քրեական գործ է հարուցված, գրեթե նույնությամբ ինքն է կրկնել, որը հաստատվել է կառավարության որոշմամբ։
Թե ինչ է իրականում տեղի ունենում, ինչպիսի ռիսկեր կան, եւ ինչպիսին է ճառագայթային բուժման իրավիճակը հանրապետությունում, «Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով զրուցել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ճառագայթային ուռուցքաբանության բաժնի վարիչ Թաթուլ Սաղաթելյանի հետ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հակակոռուպցիոն գործողությունների համար նախատեսվել է ծախսել 18 մլրդ դրամ: Հիշեցնենք, որ հակակոռուպցիոն 2019-2022 թվականների ռազմավարությամբ` ՀՀ կառավարությունը հրաժարվել է հակակոռուպցիոն ունիվերսալ (միասնական) մարմին ստեղծելու ծրագրից` նախապատվություն տալով տարանջատված (ապակենտրոնացված) մոդելին: Եվ այդ ճանապարհին ՀՀ-ում նախատեսվում է ստեղծել հակակոռուպցիոն 2 նոր մարմին` Հակակոռուպցիոն կոմիտե եւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Առաջին մարմինը զբաղվելու է կոռուպցիոն հանցագործությունների նախաքննություններով, իսկ երկրորդը` հակակոռուպցիոն կրթությամբ, պաշտոնյաների հայտարարագրերով։ ՀՀ ոստիկանությունից եւ Քննչական կոմիտեից հակակոռուպցիոն գործառույթը փոխանցվելու է նոր ստեղծվող Հակակոռուպցիոն կոմիտեին: Սակայն շատ մասնագետների պնդմամբ` Հայաստանը կոմիտեի ստեղծման հարցում ուսումնասիրել է Ուկրաինայի եւ Մոլդովայի փորձը, որտեղ կոմիտեն այնքան էլ հաջող չի աշխատել: Սակայն ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վստահեցրեց, որ ուսումնասիրել են ԵԽ բոլոր երկրների փորձը՝ չմանրամասնելով, թե որոնք են դրանք:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` կառավարության գրեթե բոլոր անդամները շաբաթ օրը ներկա են եղել Ծաղկաձորում վարչապետի գլխավորությամբ անցկացված քննարկմանը, այդ թվում` ուժային կառույցների ղեկավարներ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Իսկ, ահա, Ազգային ժողովի պատգամավորներից հանդիպմանը ներկա են եղել տարբեր հանձնաժողովների նախագահներ ու անդամներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամներ: Հանդիպման ժամանակ հիմնականում խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ու գլխավոր թեման եղել է Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված լարված իրավիճակը: Փաշինյանը փորձել է ներկաներից պարզել իրենց տրամադրվածությունները ու բացահայտ խոսել է այն մասին, որ հանքի շահագործման հարցում ինքը միայնակ է մնացել: Ըստ մեր տեղեկությունների` Ն. Փաշինյանը հայտարարել է, որ շատ դժգոհ է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների աշխատանքից, ովքեր այս ժամանակահատվածում որեւէ քայլ չարեցին այդ հարցում Կառավարության դիրքորոշմանն աջակցելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթին «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի սպանության պատվիրատուների մասին մանրամասներ են հայտնի դարձել: Հիշեցնենք՝ դեռ այս տարվա հուլիսի 19-ին գրել էինք, որ իրավապահները սպանության մի վարկած են քննում, մասնավորապես այն, որ այս տարի Մասիվի եւ Կենտրոնի երիտասարդների միջեւ վիճաբանություն է եղել, որը վերածվել է լուրջ ծեծկռտուքի: Մասիվի երիտասարդները խնդիրը լուծելու համար դիմել են «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանին: Եվ մոտ երկու ամիս իրավապահների կողմից տարվող քննության արդյունքում քննիչները հանգել են այն եզրակացության, որ հենց այս դեպքն էլ եղել է պատճառ, որ Անդրանիկ Հարությունյանին սպանեն, քանի որ վերջինս օգնության ժամանակ ապտակել է Կենտրոնի երկրապահ կամավորական միության նախկին պետերից երկու հոգու: Հիմա, պարզվում է, նախկին ԵԿՄ անդամները ապտակը կուլ չեն տվել եւ որոշել են պատասխան հարձակմամբ հարցերը լուծել:
ՍՏԱՄԲՈՒԼԱԴԱԴԱՐ
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը երեկ հայտարարել է. «Ի սկզբանե պարզ էր, որ «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրանց դեմ պայքարի մասին» կոնվենցիան ԱԺ այս տարվա օրակարգում ներառելը հնարավոր չէ, քանի որ Վենետիկի հանձնաժողովից պարզաբանումներ կստանանք նախնական տվյալներով հոկտեմբերին, այնուհետեւ այն Կառավարությունում պետք է նորից քննարկվի, ուղարկվի Սահմանադրական դատարան Կոնվենցիայի սահմանադրականության հարցը որոշելու նպատակով: Գործընթաց է, որով այս Կոնվենցիան պետք է անցնի»:
Այսպիսով, պաշտոնապես հստակեցվեցին բազմաչարչար Ստամբուլյան կոնվենցիայի ընդունման կամ մերժման ընթացակարգային ժամկետները: Իհարկե, ի սկզբանե պարզ էր, որ առանց Կառավարության համապատասխան որոշման եւ Սահմանադրական դատարանի վճռի, անհնար է, որ Կոնվենցիայի քննարկումը կազմակերպվեր խորհրդարանում: Ի վերջո, ցանկացած միջազգային փաստաթուղթ պետք է հստակեցվի՝ հակասում է արդյոք Հայաստանի սահմանադրությանը, թե ոչ: Սակայն այս ամենը գիտակցելով հանդերձ` փաստորեն, հասարակական քաղաքական շատ շրջանակներ շարունակում են ցայսօր դաժան քննադատության ենթարկել գործող իշխանությանը, որոնք այդ կոնվենցիայի ընդունումով սեռական փոքրամասնություններին ավելի մեծ իրավունքներ են վերապահում, քան նրանք ունեն այսօր: Այսինքն՝ ակնհայտ է, որ այդ կոնվենցիան խտրական վերաբերմունքի դեմ է եւ կանանց իրավունքների պաշտպանության օգտին՝ «ոչ բռնությանը» հայտնի լոզունգով, բայց պարունակում է իրապես վտանգավոր դրույթներ: Ու այս դրույթների շուրջ վիճաբանություններ դեռ շատ կլինեն:
Բայց այսօր կարելի է վստահ պնդել, որ «ստամբուլյան»-ով «թայմ աութ» է վերցված մինչեւ տարեվերջ, եւ այս թեմայով քննարկումներն ու քննադատությունները այսուհետ կարելի է ժամանակավրեպ համարել, քանի որ այլեւս անիմաստ է խոսել մի բանի մասին, որը ուղղակի չկա օրակարգում:
Մյուս կողմից, իհարկե, այս սպառիչ բացատրությունը կարելի էր ավելի վաղ տալ, որպեսզի, ժամանակակից բառապաշարով ասած, «մեծ բոլոլա» չդառնար կոնվենցիայի հարցը: Բայց ՀՀ արդարադատության նախարարն ու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության, այսպես ասած, «սորոսական թեւը» մտել էին բովանդակային քննարկման մեջ, վիրավորում ու քննադատում էին հակառակ կարծիք ունեցողներին այնպես, կարծես թե վաղը պետք է այդ կոնվենցիան վավերացներ ՀՀ ԱԺ-ն: Հիմա պարզվեց՝ խաղը ոչ-ոքի է, եւ «թայմ աութի» մեկնարկը տրված է: