Արդեն մի քանի օր շարունակ շրջանառվող տեղեկությունների համաձայն` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության, հայրենի կառավարության եւ ընդհանրապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների միջեւ փոխհարաբերություններում «արշալույսները խաղաղ չեն»: Իրավիճակն ավելի է լարվել այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ Վայոց Ձորի մարզում գտնվող Ամուլսարի հանքի շահագործման հարցում իշխանությունների ներսում տարբեր դիրքորոշումներ կան, ավելին` շատերը կողմ չեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն դիրքորոշման հետ, որ հանքը կարելի է շահագործել: Մեր տեղեկությունների համաձայն` դա է եղել պատճառը, որ Ն. Փաշինյանը իշխանության վերնախավին շաբաթ օրը հրավիրել է Ծաղկաձոր՝ հարցը քննարկելու համար:
Տեղեկացանք, որ հայրենի կառավարության գրեթե բոլոր անդամները ներկա են գտնվել հանդիպմանը` ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը եւ այլք:
Հայրենի խորհրդարանից ներկա են եղել ԱԺ տարբեր հանձնաժողովի ղեկավարներ ու անդամներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամներ: Հանդիպման ժամանակ հիմնականում խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ու գլխավոր թեման եղել է Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված լարված իրավիճակը: Փաշինյանը փորձել է ներկաներից պարզել իրենց տրամադրվածությունները ու բացահայտ խոսել է այն մասին, որ հանքի շահագործման հարցում ինքը միայնակ է մնացել: Ըստ մեր տեղեկությունների` Ն. Փաշինյանը հայտարարել է, որ շատ դժգոհ է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների աշխատանքից, ովքեր այս ժամանակահատվածում որեւէ քայլ չարեցին այդ հարցում իրեն աջակցելու համար:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը ողջ օրվա ընթացքում փորձեց զրուցել այն անձանց հետ, ովքեր ներկա են գտնվել Ծաղկաձորում կայացած քննարկմանը,սակայն ոչ ոք չէր ցանկանում հանդիպման վերաբերյալ զրուցել: Իսկ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հետախոսազանգին էլ պատասխանեց իր օգնականը` հայտարարելով, թե երբ հարմար լինի, իրենք կզանգահարեն:
Իսկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռեւս վերջնական դիրքորոշում չի ներկայացրել:
-Պարո՛ն Բոշյան, ի՞նչ դիրքորոշում ունի Ձեր խմբակցությունը Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ: Ըստ մեր տեղեկությունների` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ծաղկաձորում իմքայլականների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ այդ հարցում իրեն մենակ եք թողել: Կա՞ իրականում նման բան:
-Ընդհանուր հանդիպում է եղել, որի ժամանակ շոշափվել է Ամուլսարի հանքի հետ կապված հարցը: Ծաղկաձորի հանդիպումից ես տեղեկացված չեմ, ընդհանուր հանդիպում է եղել գրասենյակում, որտեղ տարբեր հարցեր ենք քննարկել: Իսկ այդ հարցում օգնելու կամ դժգոհելու բան չկա, այնպես չէ, որ Ամուլսարի հանքի հետ կապված վերջնական եւ վճռական վիճակ է: Հստակ արձանագրվել է, որ որոշում կկայացվի, Ջերմուկում ՀՀ վարչապետն արդեն հայտարարեց, որ ինչ է կատարվում իրականում: Վարչապետը չի ասել` հանքը բացվելու է կամ չի բացվելու: Ընդամենը արձանագրվել է, որ նոր ՇՄԱԳ-ի կարիք կա, ու այն ուղարկվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, եւ փորձագետների հետ հանդիպում կլինի: Իսկ այդ հանդիպման ժամանակ պետք է իրենք մեկնաբանեն, թե իրենք ինչ են ի նկատի ունեցել: Այսինքն` այն, ինչ վարչապետը Ջերմուկում հրապարակային հայտարարել է, դա է, ուրիշ որեւէ բան չկա:
-Բայց իշխանության ներսում տարաձայնություններ կան, որը չի թաքցրել անգամ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:
-Դրանք նորմալ գործընթացներ են, դրանք ոչ թե տարաձայնություններ են, այլ մոտեցումների տարբերություն, հարցին տարբեր պրիզմայով նայելու պրոցես է, ու ինքը շատ նորմալ պրոցես է: Այնպես չէ, որ խմբակցությունը սեւով սպիտակով արձանագրել է իր վերջնական դիրքորոշումը: Երբ որ բոլոր հարցերի պատասխանները կլինեն, կարծում եմ` խմբակցությունը նույնպես իր միասնական դիրքորոշումը կարտահայտի այս հարցի վերաբերյալ:
-Մեր տեղեկությունների համաձայն` ՀՀ վարչապետը հանդիպման ժամանակ դժգոհել է ձեր խմբակցության աշխատանքներից` նշելով, որ որեւէ կերպ խորհրդարանականները չեն աջակցում իրեն:
-Չէ, չէ, նման բան չի եղել: Ամեն ինչ նորմալ է: Մենք աշխատանքային բնականոն փուլ ենք մտնում:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ԹԵԺ Է ԼԻՆԵԼՈՒ
Սեպտեմբերի 8-ին կայանալիք Արցախի քաղաքապետի ընտրություններն իրենց ակտիվությամբ եւս չեն տարբերվելու սպասվող խորհրդարանական եւ նախագահական ընտրություններից: Բանն այն է, որ ԼՂՀ-ում գործող կուսակցություններն այս օրերին փորձում են Արցախում կայանալիք ՏԻՄ ընտրությունների շնորհիվ պարզել այն տրամադրվածություննները, որոնք կան ժողովրդի շրջանում իրենց կուսակցությունների մասով:
Մեր տեղեկությունների համաձայն` ԼՂՀ-ում գործող կուսակցություններն այս օրերին ոչ բացահայտ ձեւով են աջակցում այն անձանց, ովքեր առաջադրվել են Ստեփանակերտի քաղաքապետ, եւ ԼՂՀ համայնքներում ղեկավար դառնալու համար հանդիպումներ են ունենում բնակիչների հետ, զրուցում ու փորձում այդկերպ պարզել այն իրավիճակը, որն առկա է հանրության շրջանում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին Արցախում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին շուրջ 228 համայնքներում առաջադրվել են 415 համայնքի ղեկավարի եւ 2573 ավագանու անդամի թեկնածուներ: Ըստ Արցախի ԿԸՀ տվյալների` Ասկերանի շրջանի 42 համայնքում առաջադրվել է 83 համայնքի ղեկավարի եւ 239 ավագանու անդամի թեկնածու: Մարտակերտի շրջանի 43 համայնքում առաջադրվել է 75 համայնքի ղեկավարի եւ 283 ավագանու անդամի թեկնածու: Մարտունու շրջանի 35 համայնքում առաջադրվել է 69 համայնքի ղեկավարի եւ 255 ավագանու անդամի թեկնածու: Հադրութի շրջանի 30 համայնքում առաջադրվել է 51 համայնքի ղեկավարի եւ 169 ավագանու անդամի թեկնածու: Շահումյանի շրջանի 16 համայնքում առաջադրվել է 23 համայնքի ղեկավարի եւ 87 ավագանու անդամի թեկնածու: Շուշիի շրջանի 7 համայնքում առաջադրվել է 12 համայնքի ղեկավարի եւ 42 ավագանու անդամի թեկնածու: Քաշաթաղի շրջանի 54 համայնքում առաջադրվել է 96 համայնքի ղեկավարի եւ 295 ավագանու անդամի թեկնածու:
Իսկ Ստեփանակերտ քաղաքում առաջադրվել է քաղաքապետի 5 եւ ավագանու անդամի 44 թեկնածու: Քաղաքապետի համար ինքնառաջադրվել են Արեգ Ավագյանը, Արմեն Հակոբյանը, Դավիթ Սարգսյանը եւ Գրիգորի Սահակյանը, իսկ Արայիկ Ավանեսյանի թեկնածությունն առաջադրել է «Ինքնություն եւ միասնություն» կուսակցությունը. նա նորաստեղծ կուսակցության նախաձեռնող անդամն է:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս պահին Ստեփանակերտի քաղաքապետի հավանական թեկնածուն արցախցիները համարում են Գրիշա Սահակյանին, որը մեծ դերակատարում է ունեցել Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ: Մեր տեղեկությունների համաձայն՝ Գ. Սահակյանն այժմ զինվորական թոշակի է անցել, բայց այդ ժամանակահատվածում ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի հրամանատարն է եղել: Ըստ Արցախում շրջանառվող տեղեկությունների` Սահակյանը ֆավորիտ թեկնածուներից է:
Մեր տեղեկություններով` Գ. Սահակյանին կարելի է մրցակից համարել Դավիթ Սարգսյանին, որը, կարելի է ասել, եւս շատ հարգված է Ստեփանակերտ քաղաքում: Պարզեցինք նաեւ, որ այս օրերին բոլոր թեկնածուներն էլ ակտիվ հանդիպումներ են ունենում բնակիչների հետ, ներկայացնում են իրենց ծրագրերն ու անելիքները: Արցախցիները մեզ հետ մասնավոր զրույցներում նշում էին, որ իսկապես ընտրության օրը շատ անկանխատեսելի ու միեւնույն ժամանակ լարված իրավիճակ է լինելու, քանի որ այս ընտրություններով իշխանությունները ցույց կտան, թե ինչ է լինելու առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրություններում:
Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ԱՆՀԱՄԲԵՐ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Արցախի հերոս Սամվել Բաբայանի թիմակիցներն անհամբեր սպասում են օգոստոսի 31-ին, քանի որ այդ օրը լրանում է այն մեկ ամիսը, որ պետք է ԼՂՀ ԿԸՀ-ն խորհրդարան ուղարկի բաբայանականների կողմից հավաքված ստորագրությունների արդյունքները: Արդեն ԼՂՀ ԱԺ-ում կորոշվի` արդյոք Սամվել Բաբայանին հնարավորություն կտան մասնակցելու Արցախում սպասվելիք նախագահական ընտրություններին: Իսկ այս ժամանակահատվածում Բաբայանի թիմը փորձում է Արցախում ժողովրդի տրամադրվածությունը պարզել, հասկանալ այն դիրքորոշումը, որն ունեն իրենց թիմի նկատմամբ: Իսկ ինչ վերաբերում է այդ ստորագրահավաքներին, ապա, ըստ Արցախում շրջանառվող տեղեկությունների, Արցախի խորհրդարանում այնքան էլ հակված չեն դրանց ընդունմանը:
ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ՉԵՆ
Օգոստոսի 2-ին Երեւան-Սեւան ճանապարհին փորձել էին պայթեցնել ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի մեքենան: Վնասվել էին ճանապարհածածկույթը եւ երկու մեքենա։ Դրանք պատկանում էին հենց նախկին պատգամավորին, իսկ պայթուցիկ սարքն էլ հեռակառավարվել էր կողքին գտնվող չգործող հյուրանոցից։ Այս գործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի, վերջիններս կալանավորվել են: Իսկ ինչի համար էին վերոնշյալ անձինք փորձել վնասել նախկին պատգամավորին` դեռեւս հայտնի չէ: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` կալանավորվածները իրավապահներին հայտնել են, որ դա իրենք են արել, իսկ թե ինչի համար, այլ բան չեն ասում, ավելին` չեն հայտնում` արդյոք կատարվածի թիկունքին կան պատվիրատուներ, թե ոչ: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Մելիք Մանուկյանը հայտնել էր, թե կատարվածը տեռոր է։
ԴՐՈՅԻ ԳՈՐԾՈՎ ՄԵՂԱԴՐՅԱԼԸ
«Դրոյի գործով» դեռ 1996թ. ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունու հայցերը դատարան չեն դադարում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օգոստոսի 21-ին Արսեն Արծրունին կրկին դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության` իր դրական վարքագծի համար խրախուսանքի որոշումներ չկայացնելու գործողությունները ոչ իրավաչափ ճանաչել: Ի դեպ, Արծրունին ՀՀ վարչական դատարանից պահանջում է ստիպել ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ին բավարարել իր միջնորդագիրը եւ պարտավորեցնել իրեն կիսափակ ուղղիչ հիմնարկից մեկուսացվածության առավել ցածր աստիճանի` կիսաբաց տեսակի ուղղիչ հիմնարկ տեղափոխել: