ԱՌԱՋԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆ ՈՒ ՈՒՇԱԳՐԱՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բուռն հանգստի շրջանից հետո Ազգային ժողովը երեկ լայն թափով վերսկսեց աշխատանքները: ԱԺ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովում պատգամավորները քննարկում էին կոռուպցիայի դեմ պայքարի 2019-2020թթ. ազգային ռազմավարության ծրագիրը:

Նշենք, որ այն ենթադրում է նաեւ հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծում: Սակայն հետաքրքիր է, որ, ըստ էության, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ոչ բոլոր պատգամավորներն էին ներկա եւ առավելեւս տեղյակ այդպիսի քննարկման առկայության մասին: Ընդ որում, իմացող պատգամավորներին էլ այլ աշխատասենյակ էր ասվել, եւ երկար ժամանակ միմյանց հարցուփորձ անելով էին օրենսդիրները փորձում գտնել քննարկման վայրը: Սակայն հետաքրքիր է, որ, ամեն դեպքում, քննարկմանը հնարավորություն ունեցան մասնակցել նաեւ մյուս խմբակցության ներկայացուցիչները եւս: Ինչպես հայտնի է, կառավարությունը պետք է ստեղծի նոր հակակոռուպցիոն մարմին, որն ունիվերսալ է լինելու եւ իր մեջ ներառելու է մյուս գերատեսչությունների համապատասխան բաժինները: Ըստ այդմ, նոր մարմինն իրավասու է լինելու իրականացնել կանխարգելիչ, օպերատիվ-հետախուզական եւ կրթական գործառույթներ: Նշենք, որ ի սկզբանե նախատեսված տարբերակից այս անգամ շեղում է լինելու, քանի որ Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար կազմի առաջին խմբի նշանակումը լինելու է առանց մրցութային խորհրդի, որպեսզի սեպտեմբեր-հոկտեմբերին արդեն լինի այդ հանձնաժողովը: Սակայն հետագայում լինելու է մրցութային խորհուրդ, որը ենթադրում է նաեւ կառույցի անկախություն: Հետաքրքիր է, որ ոստիկանությունից եւ Քննչական կոմիտեից հակակոռուպցիոն գործառույթը փոխանցվելու է նոր ստեղծվող Հակակոռուպցիոն կոմիտեին, իսկ ԱԱԾ-ի մոտ մնալու են հետախուզության եւ հակահետախուզության գործառույթները եւ դրան համապատասխանող օպերատիվ հետախուզական եւ քննչական գործառույթները, այսինքն՝ մյուս գործառույթները վերապահվելու են Հակակոռուպցիոն կոմիտեին:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից տեղեկացավ, որ այսպիսի որոշում է կայացվել անցումային շրջանի հետ կապված, քանի որ Հակակոռուպցիոն կոմիտեն չի կարող երեք կամ չորս տարում ունենալ նման պատրաստվածություն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեկ այլ փոփոխություն եւս առկա է: Մասնավորապես, Գլխավոր դատախազության կազմում համապատասխան ստորաբաժանում է ավելանալու, որը զբաղվելու է այդ քննության նկատմամբ օրինականության հսկողությամբ: Եվ այդ ամենի վերջին տարրը լինելու է հակակոռուպցիոն դատարանների ստեղծումը, որոնք զբաղվելու են կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ:
Նշենք, որ շատ մասնագետների պնդմամբ` Հայաստանը հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման հարցում ուսումնասիրել է հիմնականում Ուկրաինայի եւ Մոլդովայի փորձը այն դեպքում, երբ նույն մասնագետների հավաստմամբ` այդ երկրներում միացյալ հակակոռուպցիոն կոմիտեն այնքան էլ հաջող չի աշխատել: Սակայն ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վստահեցրեց, թե իրենք ուսումնասիրել են ԵԽ բոլոր երկրների փորձը, եւ դրանք այդ երկրներում հաջողել են: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ` հակակոռուպցիոն գործողությունների համար նախատեսվել է 18 մլրդ դրամ:
Հավելենք, որ հակակոռուպցիոն 2019-2022 թվականների ռազմավարությամբ, ինչպես հայտնի է, կառավարությունը հրաժարվել է հակակոռուպցիոն ունիվերսալ (միասնական) մարմին ստեղծելու ծրագրից` նախապատվություն տալով տարանջատված (ապակենտրոնացված) մոդելին: Եվ Հայաստանում նախատեսվում է ստեղծել հակակոռուպցիոն երկու նոր մարմին` Հակակոռուպցիոն կոմիտե եւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Առաջին մարմինը զբաղվելու է կոռուպցիոն հանցագործությունների նախաքննություններով, իսկ երկրորդը` հակակոռուպցիոն կրթությամբ, պաշտոնյաների հայտարարագրերով։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր էլ կհրապարակվի դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունը:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԱՃԵՐՈՎ
Այս տարվա հունվար-հուլիսին կառավարությանը հաջողվել է տնտեսական աճ գրանցել: Այսպես, ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս տարվա հունվար-հուլիսին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 6.8 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի ծավալները՝ 8.4 տոկոսով, շինարարության ծավալները՝ 4.5 տոկոսով: Ավելացել են առեւտրի շրջանառության ծավալները 8.9 տոկոսով, իսկ արտահանումը` 3, ներմուծումը`1.9 տոկոսով: Բայց նշված ոլորտներում արձանագրված աճին զուգահեռ Հայաստանում էլեկտրական էներգիայի արտադրությունը, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 5 տոկոսով: Մյուս կողմից` ՀՀ-ում այս տարվա առաջին կիսամյակում գազի ներկրման ծավալներն են ավելացել: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի` արձանագրվել է «մայրուղային խողովակաշարային» բեռնափոխադրումների ծավալների 3.3 տոկոս աճ: Ի դեպ, բեռնափոխադրումների այս տեսակի դեպքում արտահանման եւ ներկրման տարանջատում չկա, քանի որ ընդհանուր խոսքը գնում է միայն ներկրման մասին եւ մեկ տեսակի ապրանքի` գազի մասին: Կարող ենք արձանագրել, որ գազի ներկրումը Հայաստան այս տարվա 6 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, զգալի ավելացել է:

 

 

 

ԵՐԿՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից գործող Հեռուստատեսության եւ ռադիոյի, մամուլի ու տեղեկատվության ենթահանձնաժողովին կից ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք կզբաղվեն «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ու «Կինոյի մասին» օրենքների մշակմամբ: Աշխատանքային առաջին խումբը կղեկավարի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Թեւոսյանը, իսկ երկրորդը՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Կոստանյանը: Բացի այդ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկայում հանձնաժողովն արտագնա նիստ է անցկացնելու Արցախում:

 

 

 

ԿԳԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ
Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի շրջանակում Երեւանում կանցկացվի «Եվրասիական մայրցամաքի տարանցիկ ներուժը» թեմայով միջազգային համաժողով, որին հրավիրված են Եվրասիական տնտեսական միության բոլոր անդամ պետությունների ղեկավարները եւ ԵԱՏՄ գործընկեր երկրների ղեկավարները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ միջազգային համաժողովի կազմակերպման եւ անցկացման նախապատրաստական աշխատանքները համակարգելու նպատակով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ: Տեղեկացանք, որ աշխատանքային խմբի ղեկավարն է Մհեր Գրիգորյանը:

 

 

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է
Գերմանիան Եվրոպական Միության խորհրդին հայտնել է Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործողությունների համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտելու մասին: ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը նշել է. «Օգոստոսի 23-ին Գերմանիան ԵՄ խորհրդին հայտնել է Գերմանիայի կողմից ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի ավարտին հասցնելու վերաբերյալ»: ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է Բրյուսելում 2017թ. նոյեմբերի 24-ին:

 

 

 

 

ԿՄԱՍՆԱԿՑԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի 29-րդ միջազգային տնտեսական համաժողովին, որն անցկացվելու է Լեհաստանի Կրինիցա-Զրդույ քաղաքում: «Համաժողովին կմասնակցեն շուրջ 4.5 հազար մասնակիցներ տարբեր մայրցամաքներից: Նրանք կխոսեն միջազգային քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների հիմնական հարցերի մասին: Կարեւոր հյուրերից մեկը կլինի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,-ասված է համաժողովի կայքէջում:

 

 

 

ԽԱԽՏԵԼ ԵՆ ՕՐԵՆՔԸ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Լ. Գ.-ին եւ Վ. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ վերջիններս, զբաղեցնելով ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչների պաշտոնները, նախնական համաձայնությամբ յուրացրել են առանձնապես խոշոր չափերով` 15.000 ԱՄՆ դոլար արժողությամբ ոսկյա զարդեր: Ըստ առաջադրված մեղադրանքների` ՀՀ ՔԿ ավագ քննիչ Լ. Գ.-ն` 2015թ.-ին վարույթ ընդունած քրեական գործի շրջանակներում, իր ղեկավարած քննչական խմբի քննիչ Վ. Ա.-ի հետ խուզարկություն են կատարել նշված գործով խարդախության մեջ մեղադրվող անձի բնակարանում եւ առգրավել վերջինիս ընտանիքի անդամներին պատկանող 7.115.700 ՀՀ դրամին համարժեք 15.000 ԱՄՆ դոլար արժողությամբ ոսկյա զարդեր: Քննիչները, սակայն, խախտելով օրենսդրության պահանջը, առգրավված թանկարժեք իրերը չեն հանձնել պետական բանկի հիմնարկների պահպանությանը, այլ, նախնական համաձայնությամբ, ոսկյա զարդերը յուրացնելու դիտավորությամբ հափշտակել են դրանք, որոնց մի մասը Լ.Գ.-ն գրավադրել է վարկային կազմակերպությունում: Լ. Գ.-ն կալանավորվել է: Նախաքննությունը շարունակվում է:

 

 

 

ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ
Պաշտոնյաների վարորդները եւ քարտուղարուհիները եւս պետք է հայտարարագիր ներկայացնեն: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նարիա Զոհրաբյանը հետաքրքրվել է, թե արդյոք քննարկվել է հակակոռուպցիոն կոմիտեի դատավորների աշխատավարձը: «Այս մարմինը, ենթադրում եմ, որ անպայման անդրադառնալու է նաեւ մինչեւ հիմա ներկայացված բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերին: Տվյալ պաշտոնյայի մինչեւ ո՞ր ազգակցական շրջանակն է լայնացվելու, որոնք ներգրավվելու են պարտադիր հայտարարագիր ներկայացնողների մեջ, որպեսզի մենք արդյունքում աբսուրդի չհասնենք»,- ասել է Զոհրաբյանը: «Պաշտոնյաները հայտարարագրելու են արտասահմանյան բանկերում բացվող հաշիվները: Լիազորագրերի հետ կապված ոչ այս փուլում, բայց հանձնարարականը բովանդակային առումով անպայման կկատարվի: Լիազորագիրը միգուցե լավ է, բայց պետք է ինստիտուցիոնալ համակարգ աշխատի»,-ասաց նախարարը:




Լրահոս