ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Արաբկիր» ԲԿ-ն պատասխանել է ԱԱԾ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 29-ին մեղադրանք էր առաջադրվել Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին` պաշտոնեական կեղծիքի եւ իշխանությունը յուրացնելու հոդվածներով (Քրեական օրենսգրի 300-րդ, 314-րդ հոդվածներ)։ Հոկտեմբերի 23-ին Արա Բաբլոյանը ներգրավվել էր որպես կասկածյալ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանի դեմ հարուցված քրեական գործով։ Արսեն Բաբայանը մեղադրվում է, որ 2018 թվականին հանդիսանալով ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար` օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն, ինչպես նաեւ կատարել է պաշտոնեական կեղծիք: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արա Բաբլոյանի որդու` «Արաբկիր» բժշկական համալիրի տնօրեն Արման Բաբլոյանի հետ:

Նրա հետ զրույցում անդրադարձել ենք նաեւ Ազգային անվտանգության ծառայության կողմից տարածած այն հաղորդագրությանը, որը վերաբերում է երեխաների ապօրինի որդեգրումներին եւ վաճառքին: Բաբլոյանը նշեց, թե իրենց եւս հարցումներ են ուղարկել: Ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ Հայաստանի երկու քաղաքացիներ, օգտագործելով իրենց կապերը հանրապետական մանկաբարձական հաստատություններից մեկում, մի շարք գերատեսչություններում, ինչպես նաեւ մանկատներում, երկրի օրենսդրության կոպիտ խախտմամբ կազմակերպել են Հայաստանի քաղաքացի հանդիսացող երեք տասնյակից ավելի երեխաների որդեգրումները խնամքը ստանձնած Իտալիայի քաղաքացիների կողմից:

-Պարո՛ն Բաբլոյան, ինչպես հայտնի է, ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել Ձեր հայրիկին՝ Արա Բաբլոյանին։ Նրա մեղքի բաժինը տեսնո՞ւմ եք։

-Մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, իհարկե չենք տեսնում։ Միանշանակ նա չէր կարող նման բան անել։

-Իսկ պարոն Բաբլոյանին իսկապե՞ս վիրահատությունից էին տարել։

-Ես եմ ստորագրել ծանուցումը, որը որ ստացել եմ իր տեղը, ու ինքն այդ ժամանակ վիրահատության տեղն էր։ Ես իրեն հաղորդել եմ, որ պետք է իջնել ու զանգահարել, նա զանգահարել էր, հետո իմ դիմաց իրեն ասեցին՝ այո, կարող եք նամակ գրել, որ հետաձգենք, բայց հետո հետ են զանգել ու ասել՝ կներեք, բայց անպայման այսօր պետք է անենք հարցաքննությունը։ Իսկապես անհասկանալի էր, թե այդքան բացատրություններից հետո, որ լուրջ վիրահատության է, որին մեր հիվանդանոցը` իր գլխավորությամբ, 20 տարի պատրաստվել է, հաշվի չառան այդ հանգամանքը։ Նույնիսկ եթե թղթի վրա բան կար, որ իրեն տեսնում են, հո դա չէ՞ր կորելու։

-Այսինքն` քաղաքական ենթատե՞քստ եք տեսնում։

-Ես հիմա այդ հարցի պատասխանը չեմ կարող տալ, որովհետեւ դա որակից կերեւա, թե ինչպես է նախաքննությունը գնում։ Եթե տեսնենք, որ քննությունն այլ ուղղությամբ է տարվում, արդեն կարող ենք որակումներ տալ։

-Իսկ պարոն Բաբլոյանն այժմ ինչո՞վ է զբաղվում։

-Նա իր գործունեությամբ է զբաղվում։ Ինքը «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավարն է եւ կառավարման խորհրդի նախագահը։

-Վերջերս ԱԱԾ-ն պաշտոնապես հայտնել էր երեխաների վաճառքի դեպքերի մասին։ Արդյոք Ձեր հիվանդանոցը որեւէ կերպ մասնակից եղե՞լ է այդ ամենին։

-Ճիշտն ասած, հարցումներ եղել են անմիջապես այդ օրերին նաեւ մեր հիվանդանոց, քանի որ մանկական է։ Եվ մենք, ուղղակի հարցմանն ի պատասխան, ինչ տվյալ ուզել են, տվել ենք։ Թե հետագայում ինչ է եղել, մենք չգիտենք։ Մեր հիվանդանոցը որեւէ քրեական գործում ներգրավված չէ, եւ տեղյակ էլ չենք այդ մասին։ Պարզապես հարցեր են եղել՝ ինչ երեխաներ կան, որ թողնվել են ծնողների կողմից, ում են տվել մանկատուն եւ այլն։ Յուրաքանչյուր երեխա, որը ծնողի կողմից թողնվում է, վիճակագրություն չի կազմվում, սակայն շատ քիչ են եւ նույնիսկ 2018 թվականին չեն էլ եղել։ Դա ծնողները թողնում են այն դեպքում, երբ որեւէ հիվանդություն է լինում, եւ հետագայում մենք այդ երեխաներին հանձնում ենք համապատասխան կենտրոններ։

-Ի՞նչ եք անում նման դեպքերը բացառելու համար, որպեսզի բժիշկները գործարքների չգնան։

-Դա գործարքներ չեն, ՀՀ-ի օրենսգրքով սահմանված է, որ երբ ծնողը թողնում է երեխային, բժիշկները նույնիսկ համոզում են, եւ ամոթ այն ծնողին, որ թողնում է։ Մեր բժիշկները կոնկրետ անում են բացատրական աշխատանքներ, թե ինչ հիվանդություն է, եւ ծնողներն իրենց իրավունքն ունեն եւ իրենք են որոշում։ Այնպիսի թվերի մեջ չենք եղել, որ դա մեզ անհանգստություն պատճառի։ Դա բոլոր մանկական հիվանդանոցներում լինում է։

-Պարո՛ն Բաբլոյան, իսկ ինչպե՞ս եք վերաբերվում առողջապահական պարտադիր ապահովագրությանը։

-Ես շատ դրական եմ վերաբերվում։ Այն բավականին լուրջ ռեսուրսներ կարող է բերել առողջապահություն, եւ եթե վերցնենք համաշխարհային առողջապահությունը, ապա առանց լուրջ ռեսուրսների որակյալ առողջապահություն չի կարող լինել։ Հետագայում թե ինչպես է արվելու, ինչ տոկոսներով, այլ հարց է, հաշվարկների խնդիր է, իսկ կոնկրետ ապահովագրությունը լավ բան է։

ԶՐՈՒՑԵՑ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ




Լրահոս