ՀՅԴ երիտասարդական-ուսանողական 27 միությունների մասնակցությամբ ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի կողմից «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնում դեկտեմբերի 5-ից 7-ը կազմակերպված եռօրյա խորհրդաժողովն ավարտել է իր աշխատանքները, հայտնում է ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը։
Խորհրդաժողովի հիմնական նպատակն էր ուսումնասիրել և հաստատել երիտասարդական-ուսանողական միությունների վերամշակած հայեցակարգը, ռազմավարությունն ու գործառույթները։
Խորհրդաժողովն, իր օրակարգում քննարկելով Հայաստանի, Արցախի, Ջավախքի եւ Սփյուռքի երիտասարդությանն առնչվող հարցերը, կատարեց հետևյալ հետևությունները․
Հայաստանում ներկա իրավիճակը առանձնանում է ներքին և արտաքին ճակատներում ի հայտ եկող բազմաթիվ զարգացումներով և մարտահրավերներով։ ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունները հանձնառու են հզոր, ժողովրդավար, սոցիալական եւ ազգային արժեքներով հայկական պետականության կերտման գործին։
Այս նպատակով ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունները շեշտը պետք է դնեն սոցիալական բնույթի ծրագրերի, սոցիալական արդարության, բնապահպանական և այլ սոցիալ-տնտեսական բնույթի հարցերի վրա։
Խորը մտահոգություն հայտնելով ներքաղաքական իրավիճակի առնչությամբ՝ ժողովը հաստատեց, որ այս նպատակների իրագործումը ներկայումս իրականացվող հակադաշնակցական պայքարի պայմաններում լարված մթնոլորտում տեղի կունենա։ Անցնող շաբաթների ընթացքում ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության իրականացրած աշխատանքները դրա լավագույն ապացույցներն են։
Արցախյան ազատագրական պայքարի հաղթական ավարտը ազգերի ինորոշման իրավունքի իրացմամբ Հայաստանի և հայության իդեալների իրականացման նախապայմանն է։ ՀՅԴ երիտասարդությունը իր անվերապահ մասնակցությունը կցուցաբերի այդ պայքարի առաջընթացի գործում։
Թուրքիայի կողմից մեր արդար իրավունքների հատուցման հարցը պետք է շարունակի գերակա լինել հայ երիտասարդության օրակարգում։ Պետք է երիտասարդությանը մղել նրան, որ Արևմտյան Հայաստանը ոչ միայն մեր պատմական հայրենիքը համարեն, այլ նաև գրավված հայրենիքը, որի ազատագրման նկատմամբ հավատը պետք է աներեր մնա։ Այս շրջանակներում պետք է հատուկ վերաբերմունքի արժանան 1920 թվականին կնքված Սևրի դաշնագիրը և ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլոսնի իրավարար վճռի հարյուրամյակը նշվի 2020 թվականին։
ՀՅԴ երիտասարդները հանձնառու են հայակերտմանը միտված ջանքերով նպաստել Սփյուռքի համայնքերի հզորացմանը։ Երիտասարդության կողմից պետք է ջանք գործադրվի, որ Սփյուռքի վերակենդանացման օրակարգը գերակա դառնա։ Հատուկ ուշադրության է արժանի Միջին Արևելքի հայ երիտասարդությունը, որ տարածաշրջանի դժվար պայմաններում դիմագրավում է բազմաթիվ մարտահրավերների։
Ջավախքի հայկական դիմագիծը պահպանելու համար պետք է սատարենք ջավախահայության անհատական և հավաքական իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև օժանդակենք, որ ջավախահայության ընդհանրապես և մասնավորապես ջավախահայ երիտասարդների աշխատանքը նոր թափ ստանա։
Հիմնվելով նախապես սահմանված ռազմավարական ուղղությունների վրա՝ խորհրդաժողովը նաեւ հանգամանորեն անդրադարձավ ՀՅԴ Երիտասարդական գրասենյակի կողմից պատրաստված դաստիարակչական, «Դեպի Երկիր», ուսանողական, արտաքին հարաբերություններին և քարոզչական ոլորտներին վերաբերող ծրագրերին։
Խորհրդաժողովը նաև հաստատեց հետևյալ կետերը․
1․ Շեշտը դնել գաղափարական, քաղաքականացված, կարգապահ և քննադատական միտք ունեցող երիտասարդություն պատրաստելու վրա։ Ժողովը իր դժգոհությունը հայտնեց Հ.Յ.Դ. «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական Միության նախկին անդամների անկարգապահ եւ կասկածելի քայլերի համար, որը հակադարձ համեմատական է մեր ամրակուռ կառույցի գաղափարական հիմքերին։
2․ Լրացուցիչ հնարավորություններ ստեղծել, որ ՀՅԴ երիտասարդները Հայաստանում, Արցախում, Արմտյան Հայաստանում և Ջավախքում տարաբնույթ աշխատանքներ, ուխտագնացություններ, գործուղումներ, համախմբումներ և ուսուցողական աշխատանքներ իրականացնեն։
3․ Վերահաստատել ՀՅԴ ուսանողական միությունների կողմից համալսարանական շրջանակներում ՀՅԴ քաղաքական նպատակները ներկայացնելու և կուսակցության համար մտավոր ներհոսք ապահովելու կարևոր գործը։ Քաջ գիտակցելով, որ առաջադեմ ուսանողության համախմբման առաքելությունը ազգային նպատակների իրագործման գործում էական դեր ունի։
4․ Պատրաստել քաղաքականության մեջ կարող մարդկանց և միջազգային ու տեղական քաղաքականության մեջ հմուտ երիտասարդների։ Համաշխարհային երիտասարդական հարթակներում բարձրացնել Հայ դատի և միջազգային այժմեական հիմնախնդիրները (մարդկային տարրական իրավունքների ոտնահարում, սոցիալական անհավասարություն, կանանց նկատմամբ անօրինականություն, շրջակա միջավայրի աղտոտում, բնական հարստությունների անհավասար բաշխում, աղքատության դեմ պայքար):
5․ Ճիշտ օգտագործել զանգվածային լրատվության միջոցները և սոցիալական ցանցերը որպես ՀՅԴ երիտասարդական և ուսանողական նպատակները և գործունեությունը երիտասարդներին ճիշտ ներկայացնելու կարևոր գործիք։ ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունները ջանքեր պետք է գործադրեն կուսակցության որոշումներին համահունչ արդիական, գրավիչ, հետեւողական ու ներգործող քարոզչություն իրականացնելու համար: