Կառավարությունը երեկ հավանության արժանացրեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին եւ հարակից օրենքների նախագծերին: Նկատենք, որ մինչեւ այս պահը նախագիծը բազմաթիվ քննարկումներ է անցել, այդ թվում հանրային եւ մեծածավալ առաջարկներ էին ներկայացրել նաեւ պետական գերատեսչությունները, սակայն դրանցից ոչ բոլորն են ընդունվել Արդարադատության նախարարության կողմից:
Ովքե՞ր են թիրախում
Առաջին հարցը, որը հուզում էր բոլորին, թիրախային խումբն էր: Այսինքն`ո՞ւմ են թիրախավորում` այս օրենքն ընդունելով եւ կիրառելով: Նախ նշենք, որ փաթեթով նախատեսվում են գործողություններ, որոնք թույլ կտան իրականացնել ակտիվների ուսումնասիրություն եւ հօգուտ պետության բռնագանձել օրենքի իմաստով չհիմնավորվող հարստությունը։
Օրենքի ընդունումը հնարավորություն է ընձեռելու իրավասու մարմնին՝ Գլխավոր դատախազությանը, համապատասխան հիմքերի առկայության դեպքում ուսումնասիրել գույքի ձեռքբերման օրինականությունը եւ ներկայացնել գույքի բռնագանձման պահանջով հայց, եթե հայտնաբերվում է գույք, որի ձեռքբերումըչի հիմնավորվում, օրինակ, եկամտի աղբյուրներով, եւ որի արժեքը ներկայում գերազանցում է 50 մլն դրամի շեմը: Ուսումնասիրությունը կարող է ներառել դրա սկսելուն նախորդող տասը տարիները, իսկ տասը տարուց առավել վաղ ժամանակահատվածի ուսումնասիրության բացառություն սահմանվել է այն դեպքերում, երբ պահպանված կլինի հնարավոր ապացուցողական բազան ոչ միայն իրավասու մարմնի, այլ նաեւ պատասխանողի համար:
Ըստ այդմ, գույքը ենթակա է բռնագանձման, եթե հայցվորն ապացուցում է, որ պատասխանողին պատկանող գույքը օրենքով նախատեսված ծավալներով չի հիմնավորվում օրինական եկամուտներով։ Եվ կա նաեւ հոդվածների շրջանակ, որոնք ազդակ են հանդիսանում ուսումնասիրություններ սկսելու համար։ Անձի գույքը, որի ծագման օրինականությունը չի հիմնավորվել, դատարանի որոշմամբ կարող է բռնագանձվել անգամ այն դեպքում, երբ քրեական գործի շրջանակներում անձի մեղավորությունը չի հաստատվում: Օրենքով հնարավոր կլինի բռնագանձել նաեւ այն անձանց գույքը, որոնք, օրինակ, կգտնվեն հետախուզման մեջ կամ այլ պատճառով չեն լինի նրանց նկատմամբ հարուցված քրեական վարույթն իրականացնող իրավասու մարմնի հսկողության ներքո:
Գործող օրենսդրությունն այժմ թույլ է տալիս բռնագանձել բացառապես դատավճռով հաստատված հանցագործության կատարման համար օգտագործված կամ դրա արդյունքում ստացված գույքը: Իսկ նոր նախագիծը նախատեսում է, որ դատախազությունը կարող է առանձին վարույթ սկսել եւ ուսումնասիրել, համեմատել անձի օրինական եկամուտներն ու ունեցած գույքը, եւ եթե դրանց տարբերությունը լինի 50 միլիոնդրամից ավելի, ապա դիմել դատարան այդ գույքը բռնագանձելու համար:
Առկա մտահոգությունները
Հետաքրքիր է, որ մինչեւ կառավարության կողմից հաստատվելն ընդդիմադիր պատգամավորները մտահոգություններ են առաջացրել այս օրենքի դրույթների շուրջ: Օրինակ` ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից իր մտահոգությունները ներկայացրած է եղել Արկադի Խաչատրյանը: «Նախագծով նախատեսված՝ թվովշուրջ 48 հանցագործությունների շարքում կան նաեւ այսպիսիք՝ կանխիկ դրամական միջոցների մաքսանենգությունը, կաշառք տալը, ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելը, վարկը ոչ նպատակային օգտագործելը եւ այլն: Կարծում եմ՝ շատերը կհամաձայնեն, որ նախկինում քչերն են, որ պետավտոտեսչության աշխատակցին, բժշկին, հարկային ծառայողին եւ այլն «տուգանք», «մաղարիչ» կամ «շնորհակալություն» չեն հայտնել: Այսինքն` ստացվում է, որ տվյալ տարիքային խմբի շատ մարդկանց կարելի է կասկածել կաշառք տալու մեջ՝ դրանով իսկսկսելով ենթադրաբար ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման գործընթաց: Այսպես օրենքի թիրախում կարող են հայտնվել գրեթե բոլոր ազդեցիկ մարդիկ», – նկատել էր պատգամավորը:
Միջազգային փորձաքննություն
Նկատենք, որ այս օրենքի շուրջ աշխատանքները վաղուց էին տարվում, եւ գործում էր նաեւ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ, որտեղ նաեւ քննարկվում էին այս հարցերը: Ընդ որում, խորհրդի կազմում ընդգրկված են ինչպես խորհրդարանական իշխանական, այնպես էլ ընդդիմադիր ուժերի անդամներ եւ ներկայացուցիչներ` հասարակական սեկտորից: Ընդ որում, այս նախագիծն ուղարկվել էր նաեւ միջազգային փորձաքննության, որից հետո էլ դրվեց հանրային քննարկման: Նշենք, որ նախագիծն ուղարկվել էր Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպություն, ՄԱԿ-ի թմրամիջոցների եւ հանցագործության դեմ պայքարի գրասենյակ, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտ, Եվրոպայի խորհուրդ եւ Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամ: Սակայն հետաքրքիր է, որ նախագիծն ուղարկվել էր միջազգային փորձաքննության՝ առանց նույնիսկ ներպետական մակարդակով այն շահագրգիռ մարմինների հետ քննարկելու,եւ միայն միջազգային փորձաքննությունից հետո այն հրապարակվեց:
Ինչո՞ւդատախազությունը
Ինչպես արդեն նշեցինք, ուսումնասիրությունն իրականացնելու է ՀՀ գլխավոր դատախազությունը: Սակայն այս տարբերակը միակը չի եղել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մի քանի տարբերակ է քննարկվել`նախ`ստեղծել անկախ մարմին, որ կզբաղվի նման գործերով, կամ էլ նման գործառույթ տալ ստեղծված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Սակայն հետագայում եկել են այն եզրակացության, որ սրանք հարմար տարբերակներ չեն, եւ,որպես իրավասու մարմին,ընտրվել է դատախազությունը: Դատախազությունում կստեղծվի հատուկ ստորաբաժանում, որ կուսումնասիրի՝ ապօրինի, թե օրինական է գույքը: Ինչ վերաբերում է դատարաններին, ապա ապօրինի ծագման գույքի բռնագանձման վերաբերյալ գործերը քննելու են քաղաքացիական դատավորները, որոշ դատավորներ կվերապատրաստվեն, եւ Բարձրագույն դատական խորհուրդը նման գործերը կուղարկի հենց նրանց վարույթ։ Ապագայում այդ գործերըկքննի արդեն ստեղծվելիք հակակոռուպցիոն դատարանը:
Նաիրա Հովհաննիսյան