ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանում սեպտեմբերի 1-ին ընդառաջ նոր բունտ է հասունանում: Պատճառը առաջին դասարանցիների օնլայն հերթագրման գործընթացն է, որը մեծ դժգոհություն է առաջացրել մի շարք ծնողների մոտ:

Կհիշեք` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն անցած տարի հայտարարել էր, որ 2019-ից սկսած՝ առաջին դասարանցիների ընդունելությունը կլինի առցանց, բոլորի համար կստեղծվեն հավասար հնարավորություններ, եւ արտոնյալ դպրոցներ ու ծնողներ չեն լինի: Ծրագիրը պիլոտային է եւ գործում է Երեւանում: Ավելին` նախարարությունը մտադիր է հաջորդ տարի համակարգը կիրառել նաեւ հանրապետության բոլոր դպրոցների եւ դասարանների համար: «Ժողովուրդ» օրաթերթը նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի մշակած առաջին դասարանցիների` դպրոց ընդունվելու հայտագրման համակարգից տեղեկացավ, որ դպրոցների մեծ մասում ավելի շուտ է սպառվել արտոնագրված տեղերի քանակը: Օրինակ, Երեւանի Ա.Պուշկինի անվան թիվ 8, Ե. Չարենցի անվան թիվ 67, Ա. Չեխովի անվան թիվ 55, Գ. Մահարու անվան թիվ 176, Դ. Վարուժանի անվան թիվ 89, թիվ 116, Գ. Ստեփանյանի անվան թիվ 135, թիվ 186 եւ այլ դպրոցներում սպառվել են տեղերը: Որոշ ծնողների պատմելով` դպրոցներ կան, որտեղ տեղերը սպառվել է համակարգը գործարկելուց օրեր անց:
«Ժողովուրդ» օրաթերթը վերջին շրջանում չի դադարում դժգոհություններ ստանալ առաջին դասարանի աշակերտ ունեցող ծնողներից: Ըստ ծնողների` համակարգը թերի է աշխատում, եւ փոփոխելու շատ բաներ կան: Ներկայիս գործող համակարգը անհարմար դրության մեջ է գցել ծնողներին եւ մի շարք դժվարություններ առաջացրել: Օրինակ, եթե քաղաքացու մի երեխան արդեն սովորում է Ա. Չեխովի անվան թիվ 55 դպրոցում, ապա նա իր երկրորդ երեխային չի կարողացել առցանց հայտագրել նույն դպրոցում, քանի որ տեղերն արագ, կարելի է ասել, մի քանի ժամում սպառվել են: Ավելին, առցանց համակարգը «Ժողովուրդ» օրաթերթին դիմած ծնողին հնարավորություն է տվել երեխային առաջին դասարան ուղարկել Փարաքարի դպրոցներից մեկում: Մի պահ պատկերացրեք ծնողի վիճակը, որի մեծ երեխան սովորում է Չեխովի անվան դպրոցում, ինչպե՞ս կարող է ժամանակի մեջ տեղավորվել, վաղ առավոտյան մեծին տեղափոխել Չեխովի անվան դպրոց, փոքրին` Փարաքարի դպրոցներից մեկ, ապա գնալ աշխատանքի: Շաբաթվա աշխատանքային բոլոր օրերին ծնողը առավոտյան պետք է շտապի եւ հասցնի դրա հետ մեկտեղ գնալ աշխատանքի: Բնականաբար, երկու երեխաներին երկու տարբեր` իրարից հեռու դպրոց տանելուց հետո նա էլ կուշանա իր աշխատանքից:
Սա դեռ ամենը չէ. մեզ դիմած ծնողին անտարբեր պատասխան են տվել, թե հնարավոր է` ծրագիրը լավ չի աշխատել, ոչինչ, մեկ տարի յոլա գնացեք, մինչեւ հաջորդ տարի կփոխեք դպրոցը: Ճիշտ է համակարգի ներդրման գործում մարդկային գործոնը հանվել է, որպեսզի կոռուպցիոն ռիսկեր չլինեն (ինչ խոսք, ողջունելի նախաձեռնություն է), բայց նման դեպքերում պետք է չմոռանանք, որ գործ ունենք երեխաների հետ, եւ պետք չէ նրանց ճակատագրերի հետ խաղալ: Ի վերջո, առաջին դասարանցու համար դպրոցը այլ միջավայր է. նրան ժամանակ է պետք, որպեսզի համակերպվի, հարմարվի այդ միջավայրին, իսկ եղբայրն ու քույրը բնականաբար մեծ աջակցություն են փոքրիկի համար: Մինչեւ ծրագիրը գործարկելը նախարարությունը վստահեցնում էր, որ առավելություն կտրվի այն ծնողներին, որոնք ունեն դպրոցում սովորող երեխա եւ ցանկանում են, որ մյուս երեխան եւս նույն դպրոց հաճախի: Այսինքն` համակարգը նախ պետք է բացվեր այդ ծնողների համար, ինչից հետո այն հասանելի պետք է դառնար մնացած բոլորին հավասար պայմաններով: Եթե դպրոցական երեխա ունեցող ծնողը սահմանված ժամկետում չի հերթագրի իր մյուս երեխային, կզրկվի այդ արտոնությունից:
«Ժողովուրդ» օրաթերթը ծնողների դժգոհությունները փոխանցեց Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն: Մեր հարցերին ի պատասխան` նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանն ասաց. «Հայտագրվելուց միակ սկզբունքն այն է, որ ուղղակի պետք է ծնողները հասցնեին շուտ մտնել եւ շուտ գրանցել իրենց երեխային: Դա միակ սկզբունքն է եղել: Այլ չափանիշով` դա կլինի տանը մոտիկ, հեռու գտնվող դպրոց, կլինի քույր, եղբայր ունենալն այնտեղ եւ այլն, այդ սկզբունքները չեն կարող իրավական առումով հայտագրման համակարգում որպես չափանիշ հանդես գալ: Իսկ դպրոցներն էլ իրենց հերթին չեն կարող աշակերտներ ընդունել, որովհետեւ նրանց լիցենզիաները տրամադրվում են որոշակի պայմաններ հաշվի առնելով, օրինակ` աղետների դեպքում տարհանման օպերատիվությունը ու էֆեկտիվությունը եւ այլ կրիտերիաներ: Այսինքն` լիցենզիաները նույնպես կամայականությամբ չեն տրվում, հաշվարկվում է, թե տվյալ դպրոցը քանի երեխա կարող է ընդունել: Ու եթե իրենց նախընտրած դպրոցում լիցենզիայով երեխաների թիվը սպառվել է, ապա դպրոցը չի կարող ընդունել, որովհետեւ անվտանգությանը վնաս կլինի»:
«Ժողովուրդ» օրաթերթը մամուլի խոսնակից հետաքրքրվեց, թե այժմ ինչպես վարվի այն ծնողը, որը չի կարողանում իր երկրորդ կամ երրորդ երեխային գրանցել մի դպրոցում, որտեղ սովորում է մյուս երեխան. չէ՞ որ սեպտեմբերի 1-ին մնացել են հաշված ժամեր: Մեր հարցին ի պատասխան` մամուլի խոսնակն ասաց. «Իրականում խնդիր էր, որովհետեւ ի սկզբանե մենք մտածում էինք արտոնություն տալ այդ ծնողներին, բայց հաշվի առնելով օրենսդրական դաշտը, իրավական կարգավորումները` դա հնարավոր չեղավ, որովհետեւ բոլորը հավասար իրավունք ունեն: Մենք շատ ակտիվ արշավ ենք արել տեղեկատվական առցանց համակարգի գործարկման մասին, ու այդ ծնողը կարող էր ուղղակի առաջինը մտնել ու երեխային գրանցել: Պետք էր ուղղակի ավելի շուտ երեխային գրանցել»: Ահա նախարարության ներկայացուցչի անտարբեր պատասխանը: Ապա ավելացրեց, որ պետության կողմից տրված լիցենզիանները դպրոցներին իրականում ավելին են եղել, քան նախատեսվող աշակերտերի թիվը:
Բացի այս, լրջագույն խնդիր է դարձել դիվանագիտական ներկայացուցիչների երեխաների` դպրոց հաճախելու հարցը: Նրանցից շատերը մնացել են «օդում կախված»: Ըստ նախարարության` որեւէ երեխա արտերկրից եթե գա, ցանկանա հաճախել դպրոց, հայտագրումը դարձյալ իրականացվելու է էլեկտրոնային տարբերակով: Ստացվում է, որ նախարարությունը հավասարության դաշտ ստեղծելու անվան տակ շիլաշփոթ է առաջացրել, որից իրենք էլ գլուխ չեն հանում:

 

 

 

ՀԿ-ՆԵՐԸ ԿՎԵՐԱՀՍԿՎԵՆ ՊԵԿ-Ի ԿՈՂՄԻՑ

Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունները «հայտնվել են» պետական եկամուտների կոմիտեի տեսադաշտում: Բանն այն է, որ ՊԵԿ-ը շրջանառության մեջ է դրել նոր նախագիծ, որից պարզ է դառնում, որ ՀԿ-ների գործունեությունը կվերահսկվի: ՊԵԿ-ն առաջարկում է հանրությանը հասանելի դարձնելու նպատակով գործունեության վերաբերյալ հաշվետվությունների հրապարակման պահանջ սահմանել բոլոր հասարակական կազմակերպությունների համար:

Հաշվետվության հրապարակման պարտադիր պահանջը սահմանվում է բոլոր հասարակական կազմակերպությունների համար: ՀԿ-ն պարտավոր է յուրաքանչյուր տարի հրապարակել իր գործունեության վերաբերյալ հաշվետվություն, եթե կազմակերպության գույքի ստացման աղբյուր են հանդիսացել հանրային միջոցները: Ի դեպ, այս տեղեկությունը ՀԿ-ն պետք է ներկայացնի հաշվետու տարվա վերջին օրվա դրությամբ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՊԵԿ-ը պահանջում է, որպեսզի այդ հաշվետվության մեջ ներառվի ՀԿ-ների անդամների, կամավորների թիվը, եթե նրանց աշխատանքի տեւողությունը գերազանցում է շաբաթական 20 ժամը, եւ կազմակերպությունը կամավորների հետ կնքում է կամավոր աշխատանքի մասին պայմանագիր:
Համաձայնեք, որ գուցե այս նախագիծն առաջիկայում մեծ աղմուկ բարձրացնի, քանի որ հկ սեկտորը պատրաստ չէ հաշվետու լինել հրապարակավ: Իրականում շատ կազմակերպություններ հասարակականի անվան տակ շահույթ հետապնդող գործունեություն են ծավալում, եւ վաղուց ժամանակն է, որ բոլորը մեր երկրում, որոնք շահույթ են ստանում, նաեւ հարկային վճարումներ կատարեն եւ ազնիվ լինեն պետության հետ փոխհարաբերություններում: Իսկ ՊԵԿ-ն էլ չպետք է այս հավասարության, ազնվության նպատակի թիկունքում հանկարծ կամայական վերաբերմունք դրսեւորի որեւէ ՀԿ-ի նկատմամբ:

Նյութերը՝ ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ

 

 

 

ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՄԻՋՆՈՐԴԵԼ Է ԿԱՐՃԵԼ ՔՐԳՈՐԾԸ
ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ մեղադրանք է առաջադրվել համայնքի ղեկավարին եւ ՓԲԸ բյուջետային հիմնարկի տնօրենին: Ըստ մեղադրանքի` Իջեւան համայնքի ղեկավարը, 2016թ. իր ընկերոջ կնոջը նշանակելով ՓԲԸ բյուջետային հիմնարկի տնօրեն, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, թույլատրել է նրան 2017 թվականի հոկտեմբերի 1-ից մինչեւ 2018թ. հոկտեմբերի 1-ը աշխատանքի չներկայանալ եւ չիրականացնել աշխատանքային պարտականությունները, քանի որ վերջինս 2017 թվականին տեղափոխվել է Երեւան քաղաք:
Արդյունքում ՓԲԸ բյուջետային հիմնարկի տնօրենը, փաստացի աշխատանքի չներկայանալով եւ աշխատանքային պարտականությունները չկատարելով, յուրացրել է Իջեւանի համայնքապետարանի կողմից նշված ընկերությանը հատկացված դրամական միջոցներից նախատեսված՝տնօրենի աշխատավարձի խոշոր չափերի գումարը՝ Իջեւանի համայնքապետարանին պատճառելով էական վնաս։ ՓԲԸ բյուջետային հիմնարկի տնօրենը, լիազորություն ունենալով ընկերության աշխատակցի նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոց կիրառելու, աշխատանքից ազատելու, ինչպես նաեւ իր պարտականությունները չկատարող աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու, ՓԲԸ-ում որպես լրագրող աշխատող անձի կողմից 2016թ. մինչեւ 2018թ. աշխատանքի չներկայանալու եւ աշխատանքային պարտականությունները փաստացի չկատարելու պարագայում, հանձնարարել է հաշվարկել եւ լրագրողին վճարել նշված ժամանակահատվածի համար սահմանված դրույքաչափերով նախատեսված լրագրողի աշխատավարձը։
Իջեւան համայնքի ղեկավար Վարդան Ղալումյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ չի ընդունում իրեն առաջադրված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանքը եւ միջնորդություն է ներկայացրել կարճել իր նկատմամբ հարուցված քրեական գործը։
Նշենք, որ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։ Ղալումյանն ասաց, որ քաղաքապետի իր աշխատանքի բնույթով հարկ է լինում նաեւ արտերկիր մեկնել, Հայաստանից չհեռանալու արգելքը խանգարում է իր պարտականությունների կատարմանը։ Նրա խոսքերով` ի սկզբանե Իջեւանի պատկերասրահի տնօրենին մեղսագրվում էր, որ նա 3 տարի աշխատանքի չի ներկայացել, բայց աշխատավարձ է ստացել՝ 5 միլիոն դրամ, սակայն Քննչական կոմիտեն պատկերասրահի տնօրենի աշխատանքի չներկայանալու ժամկետը դարձրել է մեկ տարի։
Վ. Ղալումյանը հայտնեց, որ երբեւէ բողոք չի ստացել, որ Իջեւանի պատկերասրահի տնօրենն աշխատանքի չի ներկայացել. Իջեւանի համայնքապետարանի ենթակայությամբ 11 հիմնարկություն է գործում, ինքը ֆիզիկապես ի վիճակի չէ վերահսկել, որ դրանց տնօրենները ժամանակին աշխատանքի ներկայանան։ Նա ասաց, որ պատկերասրահի աշխատակից լրագրողը կատարել է իր պարտականությունները, Իջեւանի համայնքապետարանների ինտերնետային կայքում մշտապես նյութեր գրել, զետեղել, լրագրողի աշխատանքը սոսկ աշխատասենյակում նստելը, ֆիզիկական ներկայություն ապահովելը չէ: Եվ, հետեւաբար, հարուցված քրգործն անհիմն է։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս