Հայաստանի առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում:
Նշենք, որ մոտ մեկ ամիս է, ինչ տեսչական մարմինը ղեկավար չունի. Էդգար Խուրշուդյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 5-ի հրամանով, աշխատանքից ազատվեց: Նրա ազատման գործում իր «մեծ ներդրումն» ունեցավ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Եւ օրեր առաջ տեղի ունեցավ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի խորհրդի նիստը, որի ժամանակ նոր ղեկավար ընտրվեց: ArmLur.am-ը գրել էր, որ տեսչական մարմնի ղեկավարի ընտրությունն անցել է ոչ այնքան խաղաղ մթնոլորտում: Ի դեպ, տեղեկացնենք, որ տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել էր 5 թեկնածու: Նրանք են Արա Եղոյանը, Արա Մկրտչյանը, Դավիթ Մելիք-Նուբարյանը, Հակոբ Ավագյանը եւ Գեւորգ Մամիկոնյանը: ArmLur.am-գրել էր, որ երկարատեւ քննարկումից հետո առաջադրված թեկնածուներից Հակոբ Ավագյանին է միայն հաջողվել հավաքել 7 կողմ եւ 2 դեմ ձայն: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան այն մասին, որ խորհրդի նիստի ժամանակ Հակոբ Ավագյանի թեկնածությանը երկու դեմ քվեարկողներից մեկը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է, մյուսը` Վարդուհի Պետրոսյանը: Իսկ թեկնածուներից Արա Եղոյանը ու Գեւորգ Մամիկոնյանը հավասար ձայներ էին հավաքել: Հակոբ Ավագյանի թեկնածությունն առաջիկայում կներկայացվի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այն դեռ չի հաստատվել վարչապետի կողմից:
Նշենք, որ բացի Հակոբ Ավագյանից՝ խորհրդի նախագահը վարչապետին պետք է ներկայացնի նաեւ Գեւորգ Մամիկոնյանի եւ Արա Եղոյանի թեկնածությունը։ Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների՝ Արա Եղոյանը համարվում է Արսեն Թորոսյանի թեկնածուն։ Հիշենք՝ նախորդ ղեկավարը՝ Էդգար Խուրշուդյանը եւս Թորոսյանի թեկնածուն էր, եւ վարչապետը նշանակել էր այդ պաշտոնին հենց նրան։
Իսկ մինչ այդ, պարզվում է, որ տեսչական մարմնում արտոնյալներ կան: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս ընթացքում` մինչեւ նոր ղեկավարի նշանակվելը, իր դիրքերն է սկսել ամրապնդել ղեկավարի տեղակալ, Խուրշուդյանի ազատվելուց հետո ղեկավարի լիազորությունները կատարող Էմին Ավետիսյանը: Ավելին, մի քանի օր է, ինչ Ավետիսյանը հարմար «տեղավորվել է» ղեկավարի աշխատասենյակում: Եւ այս ժամանակահատվածում նա ակտիվ ջանքեր է գործադրում, որպեսզի ազատվի որոշ աշխատողներից, որոնք որ իր դեմ են աշխատել: Ըստ շրջանառվող լուրերի` Ավտիսյանն իր հարազատներին հասցրել է իր պաշտոնավարման ընթացքում «տեղավորել» տեսչական մարմնի տարածքային կենտրոններում, որոնք, ըստ ճշտվող լուրերի, երբեմն աշխատանքի չեն գնում, բայց ստանում են աշխատավարձ:
Տեսչական մարմնում շրջանառվող տեղեկությունների համաձայն` ժամանակին Էմին Ավետիսյանը Արսեն Թորոսյանի հետ այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չի եղել: Մշտապես դեմ է արտահայտվել Արսեն Թորոսյանի հակապատվաստումային քաղաքականությանը, անգամ փորձել է նախկին ղեկավար Էդգար Խուրշուդյանի դեմքով պայքարել Թորոսյանի դեմ: Բայց արդյունքում բոլորիս հայտնի է, թե ով խաղից դուրս մնաց:
«Ժողովուրդ» օրաթերթը տեսչական մարմնի աշխատողներից (նրանց անունները հարգելի պատճառներով չենք կարող հրապարակել) տեղեկացավ, որ Ավետիսյանը միշտ փափագել է հայտնվել տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում:
Օրինակ, դեռ Խուրշուդյանին պաշտոնանկ չարած` տեսչական մարմնի ներսում քննարկվում էր նրան փոխարինող գտնելու հարցը: Էմին Ավետիսյանն ամեն ջանք գործադրում էր, որպեսզի խորհրդի անդամները, նաեւ նախագահը` Արսեն Թորոսյանը, իր թեկնածությունն առաջադրեն այդ պաշտոնի համար:
Բայց Ավետիսյանի բախտը չբերեց: Այժմ Ավետիսյանը ամեն ջանք գործադրում է, որպեսզի պահպանի իր` տեղակալի պաշտոնը: Ըստ որոշ տեղեկությունների` խորհրդի կողմից ընտրված թեկնածուն` Հակոբ Ավագյանը, մտերիմ է Էմին Ավետիսյանի հետ: Եւ հնարավոր է` Ավետիսյանին հաջողվի պահել դիրքերը:
Փոխարենը մյուս տեղակալի` Սամվել Սողոմոնյանի գործունեության հետագա ճակատագիրն է անհայտ: Դեռ պարզ չէ` կմնա նա իր պաշտոնին, թե ոչ: Ինչպես հայտնի է, Էմին Ավետիսյանն ու Սամվել Սողոմոնյանը առողջապահության նախարարության հնաբնակներից են, եւ տեւական ժամանակ է, ինչ հաստատվել են տեսչական մարմնում:
«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց տեսչական մարմնի ղեկավարի լիազորությունները ժամանակավոր կատարող Էմին Ավետիսյանի հետ, որը հայտնեց. «Այո, փոխարինում եմ, իսկ դա նշանակում է, որ ես այս ժամանակահատվածում իրավունք ունեմ ե՛ւ աշխատակիցներ ընդունել, ե՛ւ, ովքեր համապատասխան որակավորումներ չունեն, ազատել աշխատանքից։ Ես փոխարինում եմ արդեն մեկ ամիս, եւ այդ ժամանակահատվածում որեւէ աշխատակից մեր մոտից չի ազատվել։ Երեք թեկնածուներ են հավանության արժանացել խորհրդի կողմից, եւ երեքին էլ պետք է խորհրդի նախագահը ներկայացնի վարչապետին, որ նշանակում կատարի։ Ես որեւէ թեկնածուի հետ մտերիմ հարաբերություն չունեմ։ Իրենց առաջին անգամ հանդիպել եմ նիստի ժամանակ»։
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՏԱՐԵԼ, ԲԱՑ ԵՆ ԹՈՂԵԼ
Հարուցված քրեական գործի տվյալներով` 2013թ. Իջեւանի համատիրության եւ բնակչի միջեւ կնքվել է ձեւական նվիրատվության պայմանագիր, որով համատիրությունը, ի դեմս կառավարչի, Իջեւանում գտնվող 349 քառակուսի մետր մակերեսով կիսանկուղային տարածքը նվիրաբերել է կառավարչի խնամուն: Այնուհետեւ համատիրության կառավարիչը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, նշված տարածքը բաժանել է երկու մասի եւ առանձնացված մի տարածքը 2 միլիոն դրամով վաճառել է Իջեւանի մեկ այլ բնակչի: Պարզվել է նաեւ, որ Իջեւանի մի բնակչուհի, չհանդիսանալով համատիրության աշխատակից, առանց համապատասխան գրանցումների, համատիրության կառավարչի գիտությամբ եւ թողտվությամբ բնակիչներին ներկայացել է որպես համատիրության աշխատակցուհի եւ զբաղվել է բնակչության կողմից համատիրությանը վճարվող գումարների դրամահավաքով: 2017-2019թթ. հավաքագրված շուրջ 7 միլիոն 500 հազար դրամից մոտ 6 միլիոն դրամն առձեռն փոխանցվել է համատիրության կառավարչին: Նա էլ գումարը համատիրության հաշվեհամարին մուտքագրելու փոխարեն յուրացման միջոցով հափշտակել է: Իջեւանի համատիրության կառավարիչ Սիրակ Աղասարյանը, չնայած առողջական խնդիրներին, 72 ժամով ձերբակալվել էր: Ս. Աղասարյանի պաշտպան Վրեժ Ներկարարյանը նրա խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացրել, որը բավարարվել է, Աղասարյանն ազատ է արձակվել: Իջեւանից ստացված տեղեկություններով` Ս. Աղասարյանի նկատմամբ նույն գործով 2 տարի առաջ քրգործ էր հարուցվել, որը, սակայն, կարճվել է:
3 ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆՑԻ ՉԿԱ
Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներ նոր ուսումնական տարում հաճախում է 1630 առաջին դասարանցի: Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Մանե Ղազումյանը «ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ այդ թիվը կարող է փոփոխվել, քանի որ առաջին դասարանների կոմպլեկտավորումը դեռ ավարտված չէ: Նրա վկայությամբ՝ մարզի 3 դպրոցներ՝ Աճարկուտի հիմնական դպրոցը, Լուսահովտի հիմնական դպրոցը եւ Բարեկամավանի միջնակարգ դպրոցը, այս տարի առաջին դասարանցի չունեն: Նոյեմբերյանի տարածաշրջանի հեռավոր, սահմանամերձ Բարեկամավան գյուղից խորհրդային տարիներին եւ հատկապես Հայաստանի անկախանալուց հետո մեծ արտագաղթ է եղել: 1970-ական թվականների կեսերին Բարեկամավանի 8-ամյա դպրոցն ուներ 330 աշակերտ, իսկ 9-10 դասարանցի բարեկամավանցիները ուսումնառությունը շարունակում էին հարեւան Կոթի գյուղի եւ Նոյեմբերյանի միջնակարգ դպրոցներում: 2011-2012 ուսումնական տարում Բարեկամավանի Մայիս Ղարաքեշիշյանի անվան դպրոցում սովորում էր 35 աշակերտ: Այդ դպրոցը նախանցյալ ուսումնական տարում ուներ 18 աշակերտ, անցյալ ուսումնական տարում` 17, հիմա՝ 16 աշակերտ: Միջնակարգ դպրոցի 1-4 դասարաններում այժմ կա մեկ աշակերտ՝ անցյալ ուսումնական տարում առաջին դասարան հաճախած Արեն Ղարաքեշիշյանը:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԲՈՂՈՔՈՒՄ «ԾԻՐԱՆ»-ԻՑ
Իջեւանցի գնորդները բողոքում են, որ Իջեւանի «Ծիրան» սուպերմարկետում ցելոֆանե տոպրակները, ի տարբերություն Իջեւանի այլ խանութների, վճարովի են, դրանց գինը 10 դրամ է, գնորդներն այդ մասին անտեղյակ են: «Ծիրան» սուպերմարկետների ցանցի մենեջեր Մարիամ Իսայանը այդ առթիվ պարզաբանեց, որ պոլիէթիլենային տոպրակների օգտագործման միջին ժամանակահատվածը 10-15 րոպե է, իսկ բնության մեջ դրա քայքայման համար անհրաժեշտ է ավելի քան 100-400 տարի. հաշվի առնելով դրանց վնասը շրջակա միջավայրին՝ այդ սուպերմարկետների ցանցում պոլիէթիլենային տոպրակները վճարովի են, գնորդները դրա մասին տեղեկացված են, դրա վերաբերյալ հայտարարությունը փակցված է սուպերմակետում: Մենեջերը նաեւ ասաց, որ Իջեւանի «Ծիրան» սուպերմարկետում թղթե եւ կտորե տոպրակներ են նվիրում այն գնրոդներին, որոնք դեմ են պոլիէթիլենային տոպրակներին, սուպերմարկետի աշխատողները հորդորում են օգտագործել նման տոպրակներ: Իջեւանցի գնորդներից մի քանիսը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ Իջեւանի «Ծիրան» սուպերմարկետում թղթե կամ կտորե տոպրակներ են տրվում այն դեպքում, երբ իրենք 2-3 անգամ պահանջում են նման տոպրակներ, երբ սկսում են դժգոհել, թե ինչու նման տոպրակ չի տրվում իրենց: Իջեւանցի գնորդները նաեւ դժգոհում են, որ սուպերմակետի կողմից տրվող քարտերում բոնուսային միավորներ չեն լինում: Գնորդներից մեկը Իջեւանի «Ծիրան» սուպերմարկետի վերաբերյալ հայտնեց. «Ես բողոքեցի, որ քարտիս վրա 2350 միավոր չի նստել, մի երկու անգամ ասելուց հետո բերեցին, ուրիշ քարտ տվեցին՝ թե 1000 դրամանոց քարտ է: Երեկ առեւտրից հետո պարզվեց, որ էլի խաբել են, ոչ մի հազար էլ չկա: Ափսոս, որ վստահություն են կորցնում»:
Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՄԵՂԱԴՐԱՆՔ` ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆԻ ՏՆՕՐԵՆԻՆ
«Էյ Ընդ Ար տուր» տուրիստական գործակալության տնօրենին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: ՀՀ քննչական կոմիտեի տեղեկացմամբ` հուլիսի 25-ին զանգվածային լրատվության միջոցներում տեղեկություններ էին հրապարակվել այն մասին, որ Եգիպտոսի Հուրգադա-Երեւան թիվ OTF3703 չվերթի չկայանալու պատճառով Հուրգադայում է գտնվում ՀՀ շուրջ 100 քաղաքացի: Պարզվել էր, որ նշված տուրիստական գործակալության տնօրինությունը դեպի Եգիպտոսի Արաբական Հանրապետության Շարմ Էլ Շեյխ եւ Հուրգադա ծովափնյա քաղաքներում հանգիստ կազմակերպելու պատրվակով 2019թ. սկզբից մինչեւ հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում հավաքագրել է բազմաթիվ հաճախորդների, որոնցից մի մասին ուղեւորափոխադրել է դեպի նշված հանգստի վայրեր:
Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ նշված ժամանակահատվածում ընկերություն դիմած մի շարք քաղաքացիներից եւ տուրիստական գործակալություններից ստացվել ու խարդախությամբ հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի` նախնական տվյալներով` 30.616.995 դրամ գումար: