ԻՆՏՐԻԳՆԵՐ` ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԻ ՇՈՒՐՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 1-ին Երեւանում կանցկացվի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) բարձրագույն խորհրդի նիստը: Այդ նիստին ԵԱՏՄ անդամ պետությունները մշտապես մասնակցում են պետությունների ղեկավարների մակարդակով, եւ դեռեւս այս տարվա մայիսին տեղի ունեցած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսի ժամանակ վերջինս հայտարարել էր, որ այդ օրվա նիստին, ի թիվս այլ պետությունների ղեկավարների, կմասնակցի նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Եվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտարարել էր, թե այդ այցին զուգահեռ Վլադիմիր Պուտինի հետ նաեւ աշխատանքային քննարկում կանցկացնի:

Ընդ որում, նկատենք, որ թավշյա հեղափոխությունից եւ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ դառնալուց հետո սա Վլադիմիր Պուտինի առաջին այցն է Հայաստան եւ այդ կոնտեքստում այն եւս կարեւորություն է ներկայացնում: Միեւնույն ժամանակ նկատենք, որ Պուտինի՝ Հայաստան հնարավոր այցի մասին խոսվում էր դեռ նախորդ տարվանից: Դեռեւս նախորդ տարի Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էր խոսել Պուտինի՝ Հայաստան այցի մասին, սակայն հստակ ժամկետներ չէր ասել՝ հայտնելով, թե դրանք հստակեցվում են: Եվ դրա փոխարեն Նիկոլ Փաշինյանն է մի քանի անգամ մեկնել ՌԴ եւ այնտեղ հանդիպումներ ունեցել Վլադիմիր Պուտինի հետ:
Ինչպես արդեն նշեցինք, խոսքը ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստի մասին է, որին մասնակցությունը երկրների ղեկավարների մակարդակով է: Դրան զուգահեռ տեղի են ունենում նաեւ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստեր, որին մասնակցում են արդեն անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները: Եվ Հայաստանի պարագայում ստացվել է այնպես, որ երկու նիստերին էլ մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ընդ որում, Բարձրագույն խորհրդի նիստին ընդառաջ` այս տարի Երեւանում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը, որի ժամանակ հստակեցումներ են կատարվել օրակարգի եւ այլ հարցերի վերաբերյալ:
Եվ, ահա, մի կողմ թողնելով օրակարգը, որով Հայաստան է գալիս Վլադիմիր Պուտինը, վերջին շրջանում հանրությունը քննարկում է այստեղ սպասվելիք հնարավոր հանդիպումներն ու զարգացումները: Եվ, ահա, տարբեր տեղեկությունների համաձայն` Վլադիմիր Պուտինը նաեւ ցանկություն է հայտնել այցելել Քրեակատարողական հիմնարկներ եւ այդպես նպատակ ունենալ նաեւ հանդիպել «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Այլ կերպ ասած, նա Քոչարյանին անձամբ տեսնելու համար պատրաստ է նաեւ կալանավայր գնալ: Եվ այս տեղեկություններն արդեն իսկ դարձել են հանրային քննարկման եւ քննադատության առարկա, թե ինչու է նա այդպիսի ցանկություն հայտնել:
Այս թեմաների շուրջ երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, որը հայտնեց, որ այս պահի դրությամբ Վլադիմիր Պուտինի այցի եւ հնարավոր հանդիպումների հետ կապված մանրամասներ այնքան էլ հայտնի չեն: «Ես հիմա պատրաստ չեմ մանրամասն այդ հարցերին պատասխանել, բայց ես գիտեմ, որ հոկտեմբերի 1-ին Հայաստանում նախատեսված է ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը, որը գլխավոր մարմինն է այդ կառույցի, որը տեղի է ունենում անդամ երկրների ղեկավարների մակարդակով, իսկ Հայաստանի դեպքում՝ կառավարության ղեկավարի մակարդակով: Սա այն է, ինչ այս պահի դրությամբ հայտնի է եւ ծրագրվում է»:
«Ժողովուրդ» օրաթերթի ճշտող հարցին՝ այսինքն հայտնի չէ՝ Վլադիմիր Պուտինը կլինի Հայաստանում, թե ոչ, դեսպանը նշեց. «Դե այլ ինֆորմացիա ես այս պահին չունեմ: Մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ Հայաստանում տեղի է ունենալու Բարձրագույն խորհրդի նիստ, եւ ՌԴ ղեկավարը պետք է որ այստեղ լինի: Այլ տեղեկություն ես չունեմ: Ես պատրաստ չեմ խոսել հնարավոր փոփոխությունների մասին, քանի որ ինֆորմացիայի չեմ տիրապետում»: Ընդ որում, դեսպանը նաեւ դժվարացավ խոսել Վլադիմիր Պուտինի՝ ՀՀ այցի օրակարգի կամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկվելիք հարցերի վերաբերյալ: Դրանք քննարկվելիք հարցեր են, այս պահի դրությամբ ես Ձեզ այլ բան ասել չեմ կարող»:
Ամեն դեպքում, առջեւում հետաքրքիր զարգացումներ են սպասվում:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՈՄԻՏԵՈՒՄ
Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը գնալով հետաքրքիր զարգացումներ է ստանում: Ինչպես հայտնի է, Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել: Հիշեցնենք՝ վերջերս հրապարակվեց «Ամուլսարի» գործով քննիչ Յուրա Իվանյանը եւ նախկին բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ազգակցական կապ ունեն: Հոդվածում նշվում էր, որ Ամուլսարի հանքի շահագործման թույլտվությունը 2016թ.-ին տվել է Արարատի մարզի Ավշար գյուղում ծնված բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը։ Միաժամանակ հոդվածագիրը մեջբերել էր Ամուլսարի գործով քննիչ Յուրա Իվանյանի կենսագրությունը, որից պարզ էր դառնում, որ նա եւս ծնվել է Ավշարում ու ազգակցական կապ ունի Արամայիս Գրիգորյանի հետ։ Այսպիսով, ծառայողական քննությունը պետք է տեւեր 10 օր, այդ ընթացքում բացատրություն պետք է տար Յուրա Իվանյանը, վերջինիս նկատմամբ հսկողություն իրականացրած ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը, ինչպես նաեւ գործով քննիչները: Ծառայողական քննությունից անցել է ընդամենը երկու օրը, սակայն շաբաթը ուրբաթից շուտ է գալիս, եւ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Կոմիտեում խոսվում է, որ Հայկ Գրիգորյանը որոշել է պաշտոնանկ անել Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանին, ինչպես նաեւ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանին, որը, ըստ էության, հսկողություն է իրականացրել Ամուլսարի գործի նկատմամբ:

 

 

 

ԳՈՐԾԵՐԸ ԼԱՎ ՉԵՆ
ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին՝ Թունելի Հակոբին պատկանող ընկերություններից մեկը զգալի նվազեցրել է հարկային վճարումները։ Խոսքը «Սեւան-Արփա» ընկերության մասին է։ Ինչպես հայտնի է, Հակոբյանի ընտանիքը բաժնեմասեր ունի նաեւ «Արփա-Սեւան» ընկերությունում։ Բայց, չնայած սրան, տեղ է գտել հազար խոշոր հարկատուների ցանկում։ Մեզ հայտնի դարձավ, որ այս տարվա առաջին կիսամյակում ընկերությունը պետական բյուջե վճարել է 410 մլն 685 հազար դրամի հարկ ու տուրք։ Իսկ, ահա, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նույն ընկերության կատարած հարկային վճարումները կազմել էին 607 մլն 261 հազար դրամ։ Նույն կարգավիճակում է նաեւ նախկին պատգամավորի մյուս ընկերությունը՝ «Բազենք»-ը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Բազենք» ընկերությունը այս տարվա առաջին կիսամյակում պետական բյուջե վճարել է 109 մլն 964 հազար դրամ, մինչդեռ 2018-ին այս ընկերության վճարած հարկերը կազմել են 127 մլն 216 հազար դրամ: Նշենք, որ «Բազենք» ՓԲԸ-ն շահագործում է Վայոց ձորի մարզում` Արփա-Սեւան թունելի մոտ գտնվող «Եղեգիս-1» ՀԷԿ-ը:

 

 

 

ԱՄՈՒԼՍԱՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ` կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն` Ամուլսարի ծրագրի հետ կապված իրավիճակի վերաբերյալ: Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ամփոփ ներկայացրել է ընդհանուր վիճակը եւ նշել, որ մի շարք ուղղություններով ներկայացված ելակետային տվյալները ճշգրիտ չեն եղել: Վարչապետը, ամփոփելով քննարկումը, հանձնարարել է շահագրգիռ բոլոր գերատեսչություններին եւ ինստիտուտներին համակարգված աշխատել` համապարփակ վերլուծություն եւ նախաքննության համար լիարժեք տվյալներ ունենալու համար:

 

 

 

ԲԱՐԴ ԳՈՐԾԸՆԹԱՑ
«Մենք ելնում ենք նրանից, որ, իհարկե, կա ներքին հռետորաբանություն, կան ներքին ուղենիշներ, որոնք արտացոլում են քաղաքական շարժումների, կուսակցությունների տեսակետները` հաշվի առնելով, որ մենք խոսում ենք ժողովրդավարական պետության մասին: Եվ կա խաղաղ գործընթաց, որում կան նաեւ մասնակիցներ, հովանավորներ, կան միջազգային ջանքեր` խաղաղ կարգավորմանը հասնելու համար: Եվ, իհարկե, մենք ելնում ենք նրանից, որ կողմերի հայտարարությունները պետք է տեղավորվեն խաղաղ կարգավորմանն ուղղված այս ընդհանուր ջանքերի համատեքստում: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը բարդ է եւ երկար, բայց դրանում կա ընդհանուր պատկերացում, որ հարկավոր է ավելի արագ առաջ շարժվել, եւ կողմերի հայտարարությունները պետք է համապատասխանեն այդ հիմնական նպատակին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

 

 

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվում ընդունել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւին: Հանդիպմանը քննարկվել են ռուս-ադրբեջանական փոխգործակցության, անվտանգության, տնտեսական համագործակցության, մշակութային եւ հումանիտար կապերի զարգացման, ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում եւ միջազգային այլ կազմակերպություններում համագործակցության հարցեր:

 

 

 

 

ԴԻՄՈՒՄ՝ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻՆ
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը, երեկ` սեպտեմբերի 4-ին, պատգամավորական մանդատը վայր դնելու մասին գրավոր դիմումը ներկայացրել է Ազգային ժողովի նախագահին: Նշենք, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն` պատգամավորը մեկ շաբաթվա ընթացքում կարող է հետ վերցնել իր դիմումը. եթե պատգամավորը հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա ԱԺ նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, իսկ եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Հիշեցնենք, որ Էդգար Առաքելյանը հայտարարել էր պատգամավորական մանդատը վայր դնելու մասին:

 

 

 

ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Մովսես Աբելյանին նշանակել է ՄԱԿ-ում բազմալեզվության հարցերով նոր համակարգող: Մ. Աբելյանն ավելի վաղ նշանակվել էր գլխավոր քարտուղարի գլխավոր վեհաժողովի եւ կոնֆերանսների կառավարման հարցերով տեղակալ: Հիմա նա պատասխանատու է ամբողջ Քարտուղարությունում բազմալեզվության սկզբունքի ընդհանուր պահպանման համակարգման համար:




Լրահոս