Հայաստանի կրթական համակարգում խնդիրները շատ են, դպրոցներում` նույնպես, իսկ տնտեսական հեղափոխության առարկայական դրսեւորումներ չեն երեւում: Նման տեսակետ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:
-Պարո՛ն Մակարյան, տնտեսական հեղափոխության առարկայական դրսեւորումները նկատո՞ւմ եք, թե՞ ոչ:
-Չէ, առարկայական դեռ չէ, նախապատրաստական ինչ-որ բաներ նկատում եմ, բայց առարկայական դեռ ոչ: Առարկայական կլինի, եթե մենք ունենանք շատ արագ փոփոխվող եւ դինամիկ վիճակներ որոշակի ոլորտներում: Այստեղ միայն տնտեսական աճի խնդիրը չէ կամ տնտեսության զարգացման տեմպը չէ, այլ մյուս ոլորտները: Ես դինամիկ փոփոխություն դեռ չեմ տեսնում կրթության ոլորտում, որը շատ կարեւոր է տնտեսական հեղափոխության համար, փոփոխություն չկա նաեւ ռեֆորմների մեջ: Ես տեմպեր չեմ տեսնում կառուցապատման թույլտվությունների մեջ, որոնք բավականին խաթարված են կամ արգելափակված են ճարտարապետական խորհրդի կողմից, որը ենթարկվում է Երեւանի քաղաքապետարանին: Ես չեմ տեսնում պետական գնումների մասշտաբը: Տնտեսական որոշակի դրական ցուցանիշները եւ կոռուպցիայի նվազելը պետք է հանգեցներ նաեւ նրան, որ գնումների ծավալները մեծանային: Պետք է ավելի հայեցակարգային զարգացման հարցեր տեսնեինք ենթակառուցվածքների, ճանապարհաշինության մեջ, մարզերի զարգացման եւ, ամենակարեւորը, պետական մարմինների հետ երկխոսության ակտիվության ճկունության առումով, որը բերեր փոխադարձ վստահության, փոխադարձ խնդիրների մասին իրազեկման: Եւ ամենավերջինը` ներդրումների ծավալները:
-Նշեցիք, որ նախապատրաստական ինչ որ բաներ նկատում եք: Ո՞ր ոլորտների մասին է խոսքը:
-Ես տեսնում եմ, որ փորձում են երկխոսությունը բիզնեսի հետ, վերջին շրջանում գործատուների հետ եղել են հանդիպումներ` կարիքները հասկանալու համար: Էկոնոմիկայի նախարարությունում բավականին լավ մարդիկ նշանակվել են տեղակալներ, մի քիչ այդտեղ եմ տեսնում ակտիվություն: Ակտիվություն տեսնում եմ նաեւ որոշակի օրենսդրական փոփոխությունների առումով, բայց դրանք շատ չնչին են: Բայց գնումները ամենամեռած վիճակում են: Կառուցապատման թույլտվությունները վատ վիճակում են, կրթությունը, տեսնում եք, ինչ վճակում է. վեճեր, կռիվներ անտեղի նշանակումներ: Ես կառարաջկեի, որ կրթության նախարարը թույլ չտար, որ ռեկտորների պաշտոնակատարները սկսեն ֆունդամենտալ կրճատումներ, փոփոխությունններ կամ իրենց, կոպիտ ասած, խելքով բարեփոխումներ կատարել տվյալ բուհում: Կրթական համակարգում խնդիրները շատ են, դպրոցներում` նույնպես: Բայց մենք այսօր ունենք Հայաստանի մարզերում, այդ թվում` Երեւանում, թույլտվությունների խնդիրներ: Մենք ունենք դեռեւս մի հարցի լուծման համար արագության պակասություն, շատ դանդաղ են շարժվում պետական պաշտոնյաները, հաճախ իրենց վրայից ցրում են, մոտիվացիա չունեն, կա՛մ չեն տիրապետում, կա՛մ չեն ուզում պատասխանատվության տակ ընկնել` վախենալով, որ եթե չլուծեն, ապա խնդիրներ կունենան: Մի խոսքով, դեռ այս հարցերը մնում են ուժի մեջ, ցավոք:
-Կառուցապատման թույլտվությունների հետ կապված խնդիրը ավելի ցայտուն է Երեւանո՞ւմ, թե՞ մարզերում:
-Ընդհանուր Հայաստանում. հողերի հատկացումները ներդրողների համար, հողերի կադաստրային նշանակության փոփոխությունը, տվյալ հողերի հետ կապված որոշակի վիճաբանական հարցեր երբեմն, որ առաջացել են, դրանց խնդիրների կարգավորումը մնում են գործարարների համար խոչընդոտներ: Իսկ Երեւանում դրանք կրկնապատկվում են, որովհետեւ դրան գումարվում է նաեւ կառուցապատման թույլտվությունը, քանի որ հիմնական կառուցապատման նախագծերը Երեւանում են կատարվում, ապա դրանց թույլտվությունները կասեցրել է ճարտարապետական խորհուրդը, դանդաղ է շարժվում, չի տրամադրում, ինչի հետեւանքով հազարավոր քառակուսի մետր կառուցապատման աշխատանքներ չեն կատարվում: Եթե մի մետրի արժեքն էլ հաշվենք մի քանի հարյուր դոլար ու բազմապատկենք, ապա կտեսնենք, որ ամսական, տարեկան հարյուրավոր միլիոն դոլարներ են կորում կառուցապատման ծավալները չկատարելու կամ դանդաղ կատարելու պատճառով:
-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում ավելի շատ հիմա է խփվում ՀԴՄ կտրոն: Ձեր ձեռքի տակ կա՞ն տվյալներ, թե քանի հատ է խփվել այս եւ նախորդ կառավարությունների ժամանակ:
-Ես այդ հաշվարկը չունեմ, որովհետեւ դա բարդ հաշվարկ է: Բայց ՀԴՄ կտրոնները բոլոր դեպքերում էլ ե՛ւ նախորդ, ե՛ւ ներկայիս ժամանակի համար ամենաորոշիչը չեն տնտեսության թափանցիկության առումով: Հարեւան երկրների մշակույթը այդ առումով շատ փայլուն չէ, որ բոլորը ՀԴՄ-ների հետեւից ընկած են ու ՀԴՄ-ներով են անպայման որոշել պայքարել ստվերի դեմ:
-Պարո՛ն Մակարյան, տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-հուլիսին աճել է 6.8 տոկոսով: Այս աճը ինչպե՞ս է դրսեւորվում մեր տնտեսության վրա: Ինչո՞ւ քաղաքացին այդ աճը չի զգում իր վրա:
-Որովհետեւ նախ հաշվարկների մեթոդների մեջ պետք է խորանալ, տնտեսական ակտիվության ցուցանիշը համեմատական թվեր են` մեկը մեկի նկատմամբ, ու այդ տոկոսները փոքր են, որովհետեւ Հայաստանի տնտեսությունը սահմանափակ է, եւ 5, 6, 7 տոկոս, դրանք իրական ցուցանիշներ չեն առաջացնում: Եւ երրորդը` այսօր, զուգահեռ այդ ամեն ինչին, կարող է գների թանկացում արձանագրվել, լինել որոշակի կրճատումներ, որի հետեւանքով հարյուրավոր մարդիկ աշխատավարձի խնդիր ունենան, եկամուտները նվազեն: Եւ դրա հետեւանքով ընդհանուր իրենց տնտեսական իրավիճակը շատ չի փոխվում, մեր մոտ աղքատությունը տասնորդական տոկոսով է փոխվել: Գործազրկությունը նույն կերպ որոշակի տատանվում է` ավելանում է, պակասում: Այսինքն` մենք ֆունդամենտալ առումով, հատկապես` մարզերում, ժողովրդի գնողունակությունը չենք ավելացրել, եկամուտների աղբյուրները քիչ են ավելացել: Գյուղացիների բերքատվությունը չի ավելացել, սա էլ պետք է հաշվի առնենք:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
ՄԱՐԶՊԵՏԸ ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈՒՄ ԷՐ, ԲԱՅՑ…
Տավուշի մարզի բնակիչները թվային հեռարձակմամբ կարող են դիտել 9 հեռուստաալիք: Դրանցից մեկը` Տավուշի մարզային «Տավուշ ՏՎ»-ն, 2017թ. մարտից դադարեցրել է հեռարձակումը: 2017թ. հունվարի 10-ի վճռով «Տավուշ-ՏՎ» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ: «Տավուշ ՏՎ»-ի պարտատերերը 3-ն են` հարկային տեսչությունը, ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը եւ Հայաստանի հեռուստատեսային ցանցերը:
2018թ. մարտին` Տավուշի մարզպետարանում մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ քննարկման ժամանակ, մարզպետ Հայկ Չոբանյանը, կարեւորելով գյուղատնտեսության զարգացումը, մարզի բնակչության շրջանում գյուղատնտեսական գիտելիքների տարածումը, հայտարարեց, որ Տավուշի մարզային հեռուստաընկերության եթերում գյուղատնտեսական հաղորդաշար է լինելու, այն սպասված է լինելու բնակչության կողմից: Քննարկման ընդմիջմանը «Ժողովուրդ» օրաթերթը մարզպետին տեղեկացրեց, որ Տավուշի մարզային հեռուստաընկերությունը 7 միլիոն դրամ հարկային պարտավորություններ ունի, շուրջ մեկ տարի եթեր դուրս չի գալիս: Մարզպետը վստահեցրեց, որ առաջիկայում մարզային հեռուստաընկերության վերագործարկում կլինի: 2019թ. մարտի 15-ին Տավուշի մարզպետարանում մարզպետի մամուլի ասուլիսի ժամանակ Նոյեմբերյանի «Քամուտ» հեռուստաընկերության տնօրեն Վարդան Անանյանը հայտնեց, որ 2019թ. մարտի 14-ին ինքը հանձնել է այդ հեռուստաընկերության պետական արտոնագիրը, այդ հեռուստաընկերությունն այլեւս չի գործում: 2019թ. մայիսի 17-ին` Ենոքավանում մամուլի ասուլիսի ժամանակ, մարզպետը հայտնեց, որ 2019թ. ամռանը` ամենաուշը 2019թ. օգոստոս ամսին, Տավուշի մարզային հեռուստաընկերությունը կվերագործարկվի:
Աշուն է, սակայն Տավուշում մարզային հեռուստաընկերություն չի գործում: «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ն «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ից 2 միլիոն 559 հազար 550 դրամ բռնագանձելու պահանջի մասին քաղաքացիական հայցով դիմել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում 2018թ. մայիսի 8-ից դատական նիստեր էին կայանում: «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ն 2003թ. Իջեւան քաղաքում եւ հարակից տարածքում անալոգային հեռուստահաղորդումներ էր հեռարձակում, այն ներկայումս հեռարձակումներ չի իրականացնում: 2019թ. օգոստոսի 28-ին Իջեւան քաղաքում դատավոր Սիմա Իսկանդարյանը վճռել է հայցը բավարարել եւ «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ից հօգուտ «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի բռնագանձել 2 միլիոն 559 հազար 550 դրամ` որպես պայմանագրային պարտավորությունների չկատարման հետեւանքով ձեւավորված պարտքի գումար, «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ից հօգուտ «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի բռնագանձել 51 հազար 991 դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
19 ՀԱՎԱԿՆՈՐԴԻՑ 7-Ը «ԿՏՐՎԵԼ Է»
Հուլիսի 23-ից օգոստոսի 22-ը կայացել են հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի` հավաստագրի տրամադրման քննությունները: Քննությունների արդյունքներով հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման հավաստագիր է շնորհվել 356 հավակնորդներից դրական շեմը հաղթահարած 212 քաղաքացու: Նրանցից 40-ը գործող տնօրեններ են եւ տնօրենի պաշտոնակատարներ, 172-ը՝ ուսուցիչներ եւ փոխտնօրեններ: Քննությունները չհաղթահարած 130 հավակնորդներից 16-ը եղել են գործող տնօրեն եւ տնօրենի պաշտոնակատար: 14 հավակնորդ չի ներկայացել քննություններին: Տավուշի մարզից եղել է հավաստագրի 19 հավակնորդ, որից 12-ին շնորհվել, 7-ին չի շնորհվել հավաստագիր: Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Մանե Ղազումյանը հայտնեց, որ այդ 7-ի մեծ մասը Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների ուսուցիչներ էին, ովքեր ցանկանում էին հավաստագիր ձեռք բերել: 7 հոգուց դպրոցի միակ գործող տնօրենը Նոյեմբերյանի տարածաշրջանի Արճիսի միջնակարգ դպրոցի տնօրենն է: Մ. Ղազումյանն ասաց, որ վերջինս կշարունակի որպես դպրոցի տնօրեն պաշտոնավարել, քանի որ, գործող կարգի համաձայն, դպրոցի տնօրենը պետք է պաշտոնավարի մինչեւ աշխատանքային պայմանագրի ժամկետը: Դրանից հետո դպրոցի տնօրենի թափուր տեղի համար մրցույթ է հայտարարվելու:
ԳՈՒՄԱՐ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ
«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Արամ Ասատրյանը գումարի բռնագանձման պահանջով հայցադիմում է ներկայացրել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան` ընդդեմ «Այրումի գյուղական ամբուլատորիա» ՓԲԸ-ի: 1997 թվականից Այրումի բժշկական ամբուլատորիայի տնօրեն Գանձափար Սարատիկյանը հայտնեց, որ հայցով պահանջվող գումարը 24 հազար դրամ է, որը, իբր, ամբուլատորիայի սպառած խմելու ջրի վճարն է: Նա հայցն անհեթեթ, անհիմն համարեց` ասելով, որ ամբուլատորիան մշտապես պարտաճանաչ վճարել է սպառած ջրի համար: Գ. Սարատիկյանն ասաց, որ 2012թ. անջատել էին Այրումի ամբուլատորիայի ջրի մատակարարումը, իբր, բժշկական հիմնարկությունը ջրի դիմաց գումար էր պարտք, ինքն այցելեց «Հայջրմուղկոյուղու» գրասենյակ եւ ապացուցեց, որ իրենք գումար պարտք չեն, ամբուլատորիայի ջրի մատակարարումը վերականգնվեց: Գ. Սարատիկյանն ասաց, որ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն լուծարված է, ինքը նշված գործով 3 անգամ դատական նիստերի է մասնակցել: 2019թ. մայիսի 15-ից Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Դիլիջանի նստավայրում սույն քաղաքացիական հայցով կայանում են նախնական դատական նիստեր: Վերջին նիստը կայացել է օգոստոսի 27-ին, նոյեմբերի 5-ին դատաքննություն է նշանակված:
Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ