ՋՈՒԼՀԱԿՅԱՆԸ ՃՆՇՈՒՄ ՉԻ ՆԿԱՏԵԼ, ՄԹՆՈԼՈՐՏՆ ԷԼ ԱՌՈՂՋ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ իրենց խմբակցությունում շատ հաճախ են լինում բուռն քննարկումներ, որից մեկը վերաբերում է նաեւ Ամուլսարի հանքի շահագործմանը: Ըստ պատգամավորի` իրենց խմբակցության տարաձայնությունների մասին տեղեկությունները բնական երեւույթ են, քանի որ իշխող ուժի վերաբերյալ միշտ էլ նման տեղեկություններ տարածվում են:

-Տիկի՛ն Ջուլհակյան, Դուք շատ բուռն արձագանքեցիք Ձեր խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանի` մանդատից հրաժարվելու հայտարարությանը, անգամ ֆեյսբուքյան ստատուսով հորդորեցիք այս «պատերազմում» մենակ չթողնել թիմի անդամներին: Ի՞նչ պատերազմի մասին է խոսքը, ու, ի վերջո, գոնե Ձեզ համար պա՞րզ էր, թե ինչու Առաքելյանը նման որոշում կայացրեց: Մանդատներից հրաժարվելը շարունակական բնույթ կրելո՞ւ է:
-Ես բացառում եմ, որ մանդատներ վայր դնելու գործընթացներ ընդհանրապես լինի, առավել եւս, որ այն շարունակական բնույթ կրի, բացառում եմ: Ես անձամբ Էդգար Առաքելյանի հետ չեմ խոսել, բայց որքանով որ հասկացա, այնտեղ անձնական հարց կար, որը որեւէ կերպ կապված չէր կոնկրետ Ամուլսարի հետ, Ստամբուլյան կոնվենցիայի կամ որեւէ այլ հարցի հետ:
-Գուցե տարաձայնություններ ուներ խմբակցության հե՞տ: Ըստ մամուլի տեղեկությունների` Առաքելյանը տարաձայնություն է ունեցել խմբակցության մեկ այլ պատգամավորի հետ: Իրականում կա՞ նման բան:
-Տարաձայնություն չեմ համարում, որ կար կուսակցության ներսում կամ ընդհանրապես խմբակցության ներսում: Մեզ մոտ շատ առողջ քննարկում կա ցանկացած հարցի վերաբերյալ, կարծիքների բախում, եւ բոլորիս է հայտնի, որ ճշմարտությունը վեր է հանվում հենց բանավեճի արդյունքում: Կարծիքների բախումների արդյունքում է, որ գտնվում են լավագույն լուծումներ, ու լիովին նորմալ է, որ մեր խմբակցությունում նույնպես շատ հաճախ լինում են բուռն քննարկումներ այս կամ այն հարցի վերաբերյալ, ու Ամուլսարի հարցն էլ բացառություն չէր:
-Բայց, կարծես թե, այն պատգամավորները, որոնք դեմ են արտահայտվում մեծամասնության դիրքորոշմանը, ճնշվում են, անգամ նրանց հորդորում են հրաժարվել մանդատից: Անգամ չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանը ցրի խորհրդարանը: Դա Դուք ճի՞շտ եք համարում:
-Ճնշում չկա խմբակցությունում, շատ նորմալ է, որ երկրի կառավարող ուժի վերաբերյալ անընդհատ նման լուրեր են տարածվում, բայց ես պետք է նշեմ, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Ես վստահեցնում եմ, որ որեւէ ճնշում չկա ո՛չ խմբակցության ներսում, ո՛չ կառավարություն-Ազգային Ժողով փոխհարաբերություններում: Ես կարծում եմ, որ մենք ունենք շատ առողջ հարաբերություններ թե՛ խմբակցության ներսում, թե՛ գործադիր ու օրենսդիր հարաբերություններում: Իմ կարծիքը հաստատող բազմաթիվ փաստեր կան, թե մենք մեր աշխատանքային հարաբերությունները ինչպես ենք կարգավորում:
-Նշեցիք, որ նորմալ փոխհարաբերություններ են օրենսդրի եւ գործադիրի անդամների միջեւ, բայց Դուք, լինելով Պետական-իրավական հանձնաժողովի անդամ, չե՞ք կարծում, որ ճիշտ չէր ստիպել օրակարգից հանել մի նախագիծ, որը մշակել էր Ձեր խմբակցության պատգամավորը, ու ընդունելի համարել կառավարության ներկայացուցչի կողմից նույնաբովանդակ նախագիծը: Սա չի՞ փաստում, որ այդ երկու իշխանություններում լարված մթնոլորտ է:
-Բնավ ոչ, դա այդպես չի նշանակում: Դա շատ նորմալ գործընթաց է, եւ ոչ առաջին ու վերջին անգամ է նման բան եղել: Նման բաներ տեղի են ունենում, երբ պատգամավորը ներկայացնում է նախագիծ, բայց կառավարությունը առաջարկում է քննարկումը հետաձգել այդ նախագծի, քանի որ կառավարությունում այդ կոնկրետ հարցն արծարծվում է նշված նախագծում, այդ խնդրին վերաբերվող իրավակարգավորումների ավելի համալիր լուծում է մշակվում: Դրա համար ընդամնեը կառավարությունն առաջարկում է զերծ մնալ այդ պահին այդ օրինագծի քննարկումից, քանի որ կառավարությունն արդեն նախատեսել է ավելի համալիր լուծում: Մեկ անգամ չի եղել, որ կառավարությունը Աժ-ին առաջարկել է հետ վերցնել եւ լրամշակված նախագիծ ներկայացնել: Այնպես որ, ես կարծում եմ, որ շատ առողջ մթնոլորտ է տիրում: Սա նորմալ գործընթաց է, եւ որեւէ պարագայում չենք կարող որակել ճնշում կառավարության կողմից ԱԺ-ի նկատմամբ: Ընդամենը կառավարության նպատակն է համալիր ու ամբողջական լուծում տալ բոլոր խնդիրներին:
-Նշվում է, որ թեժ աշուն է սպասվում առաջիկայում, արդյոք թեժանալո՞ւ է իրավիճակը:
-Ունեցել ենք նաեւ թեժ գարուն, կարծում եմ` աշունն է՛լ, մյուս գարունն է՛լ նախատեսվում է թեժ լինել: Կլինեն բուռն ու թեժ քննարկումներ, որը, կարծում եմ, շատ նորմալ գործընթաց է: Ճշմարտությունները բախման կարծիքների հիման վրա են ծնվում:

 

 

 

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՂ ԹԵՄԱՆԵՐ ԿԱՆ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչեւ ուշ երեկոյան հանդիպումներ ու քննարկումներ է ունենում իր թիմի ներկայացուցիչների հետ: Ըստ մեր տեղեկությունների` նախօրեին Ն. Փաշինյանը նման փակ ֆորմատով հանդիպում է ունեցել հայրենի կառավարության ներկայացուցիչների հետ. ուժային կառույցները եւս ներկա են եղել հանդիպմանը: Ըստ մեր տեղեկությունների` այսօր եւս սպասվում է ՔՊ գրասենյակում հանդիպում արդեն խորհրդարանականների հետ:

Իմքայլականները «Ժողովուրդ» օրաթերթի հետ մասնավոր զրույցներում պատմեցին, որ վերջին ժամանակահատվածում ՀՀ վարչապետն անձամբ է զրուցում իր թիմի ներկայացուցիչների հետ, հանդիպումների հրավիրում ու փորձում հասկանալ, թե այս կամ այն խնդրի վերաբերյալ ինչ դիրքորոշում ունեն: Մեր տեղեկություններով` իշխանություններին անհանգստացնող մի քանի թեմաներ կան` գլխավորը համարվում է Ամուլսարի հանքի շահագործումը, իսկ նախօրեին քննարկվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման հնարավոր վարկածը:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ նախօրեին իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ բավական երկար ժամանակ քննարկվել է Սահմանադրական դատարանի որոշումը: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն է հանգստացրել իշխանություններին` վստահեցնելով, թե ՍԴ-ի որոշումը չի կարող ենթադրել Ռոբերտ Քոչարյանի` կալանքից ազատում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամեն կերպ փորձում է հասկանալ այն իրավիճակը, որը ստեղծվել է իշխանության ներսում, քանի որ արդեն բացահայտ երեւում է այն անախորժ իրավիճակը, որն առկա է ներսում: Ու, ըստ մեր զրուցակիցների, դա վարչապետի համար բացահայտվել է այն ժամանակ, երբ Ամուլսարի հանքի շահագործման բուռն քննարկումների ժամանակ Փաշինյանը մնացել էր միայնակ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այժմ վարչապետի գերխնդիրն է մինչեւ Աժ աշնանային նստաշրջանի մեկնարկը մասնավոր զրույցներում, փակ հանդիպումներում հորդորել իր թիմակիցներին «սթափվել», քանի որ օր-օրի առաջանում են այնպիսի հարցեր, որտեղ պետք է լինել թիմային:
Իսկ թե այսօր ինչ տեղի կունենա ՔՊ-ականների փակ նիստում, անհայտ է, քանի որ իշխանությունները նախաձեռնել են Ընտրական օրենսգրքի փոփոխություն, ինչպես նաեւ «Կուսակցությունների մասին» օրենքի վերափոխում, որին պետք է հավուր պատշաճի պատրաստվեն իշխանությունները: Իսկ այդ երկու փոփոխությունները ՀՀ վարչապետի համար շատ կարեւոր հարցեր են:

Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

ՆՎԱԶԵՑՐԵԼ ԵՆ ՀԱՐԿԵՐԸ
«Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊԸ եւ «Սանիթեք» ՍՊԸ-ն պակասեցրել են պետական բյուջե վճարվող հարկերն ու տուրքերը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հազար խոշոր հարկատուների ցանկի 540-րդ տեղը զբեղացրած «Սանիթեք ինթերնեյշնլ»-ը այս տարվա առաջին կիսամյակում պետական բյուջե կատարել է 155 մլն 281 հազար դրամ, մինչդեռ նախորդ տարի նշված ընկերությունը վճարել է 171 մլն 112 հազար դրամ հարկ։ Մյուս՝ «Սանիտեք» ընկերությունը եթե այս տարվա առաջին եռամսյակում կատարել է 162 մլն 660 հազար դրամի հարկային վճարումներ, ապա անցած տարի դրանք կազմել են 145 մլն 52 հազար դրամ։ Ի դեպ, տեղեկացնենք, որ, ըստ ՊԵԿ-ի, 2018 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների համար չի հաշվարկել եւ պետական բյուջե չի վճարել 299 մլն 918 հազար դրամ ԱԱՀ, իսկ «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղը` 280 մլն 429 հազար դրամ ԱԱՀ:

 

 

 

ԲՈՒՌՆ ՆԻՍՏ
Երեկ Ազգային ժողովում տեղի է ունեցել 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հերթական նիստը: Այս անգամ եւս այն անցկացվեց գաղտնի սենյակում` լրագրողների եւ այլ անձանց աչքերից հեռու: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին փակ նիստից մի քանի հանգամանքներ են հայտնի դարձել: Մասնավորապես, հանձնաժողով հարցաքննության հրավիրվել էր ՊՆ պաշտոնյա, ում ով լինելը չենք հրապարակում` գաղտնիությունից ելնելով: Սակայն տեղեկացանք, որ նիստը բավական բուռն է անցել, եւ հիմնականում հարցեր է տվել հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը: Հանձնաժողովի մյուս անդամները հիմնականում լսողի կարգավիճակում են եղել, չնայած փորձել են միջամտել եւ իրենց խոսքը եւս ասել: Հանձնաժողովի նիստերը բուռն կերպով շարունակվելու են, եւ որոշում կա այն ամեն անգամ տարբեր վայրերում անցկացնել` նույնիսկ խորհրդարանի շենքից դուրս:

 

 

 

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Դեռեւս ամիսներ առաջ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից նախաձեռնած ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը եւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքներն այս ընթացքում` առաջին ընթերցումից հետո, փոփոխությունների են ենթարկվել, եւ Միրզոյանն աշխատանքային քննարկումներ է ունեցել ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների, ՀՀ կառավարության, հասարակական կազմակերպությունների հետ: Փոփոխության են ենթարկվել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի մի քանի դրույթներ: Մասնավորապես, հանձնաժողովի անդամներից 2-ին հնարավորություն կունենան առաջադրել Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները, իսկ հանձնաժողովի նախագահը կընտրվի անդամների առաջադրմամբ:




Լրահոս