ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆՎԱԶՈՒՄԸ ՄՏԱՀՈԳԻՉ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում իրականացված օտարերկրյա ներդրումների մասին հաշվետվությունը: Պաշտոնապես Հայաստանում ուղղակի ներդրումները զգալի նվազել են. եթե 2018 թվականի հունվար-հունիսին ուղղակի ներդրումները կազմել էին 38 մլրդ 670 մլն դրամի չափ, ապա 2019 թվականի նույն ժամանակահատվածում այս թիվը շեշտակի պակասել է` կազմելով 7 մլրդ 788 մլն դրամ: Այսինքն` ավելի քան 30.8 մլրդ դրամով պակասել են ներդրումների ծավալները:

Համաձայնեք, որ սա խիստ մտահոգիչ է: Բայց, մյուս կողմից, նկատենք, որ ներդրումները հիմնականում նվազել են Ջերսիի կղզիներից` օֆշորային գոտուց: Ինչպես հայտնի է, այնտեղից ներդրումներ են կատարվել Հայաստանի հարավում գտնվող Ամուլսարի հանքավայրում: «Լիդիան Արմենիա» ընկերությունը, որը նախատեսում էր շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայրը, ըստ մամուլում շրջանառվող լուրերի` օֆշորային է, որը 2006 թվականին գրանցվել է Ջերսիում` Չաննել կղզիում: Նկատենք, որ Ջերսիից այս տարվա հունվար-հունիսին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ուղղակի ներդրումների ծավալները կազմել են 0, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Ջերսիի կղզիներից Հայաստան իրականացվել է 20 մլրդ 640 մլն դրամի չափով ներդրում: Այս իրավիճակը դեռ կշարունակվի, քանի որ «Լիդիան Արմենիա»-ի գործունեության հետագա ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ: Տեղեկացնենք, որ օֆշորները` ոչ միայն արտասահմանյան, այլեւ տեղական, հարկերը շրջանցելու տարբերակ են: Օֆշորային գոտում գտնվող կեղծ ընկերություն կարելի է տանել կապիտալ, որտեղից «ներդրում» կատարել այստեղ, իսկ եկամուտը վերադարձնել օֆշորային գոտի: Այդպիսով, կարելի է շրջանցել եկամտահարկը, որը Հայաստանում 20 տոկոս է կազմում, իսկ օֆշորներում` 1-2 տոկոս կամ ընդհանրապես 0 տոկոս (բնականաբար, դա չի նշանակում, որ այդպես են վարվում օֆշորային երկրներից կամ գոտիներից բոլոր ներդրողները): Ռուսաստանից եւս պակասել են ուղղակի ներդրումների ծավալները, այն էլ` բավականին. պաշտոնական վիճակագրությամբ` 2018-ի հունվար-հունիսին Ռուսաստանից Հայաստան մտել է 6 մլրդ 432 մլն դրամի չափով ներդրումներ, իսկ, ահա, այս տարվա առաջին կիսամյակում ՌԴ-ից մեր երկիր մտել է 2 մլրդ 345 մլն դրամ:
Նկատենք, որ Ռուսաստանի ներկայացումը հիմնականում մեծ է էներգետիկ շուկայում` գազամատակարարման եւ էլեկտրամատակարարման ոլորտում: Խոսքը «Հայաստան էլեկտրական ցանցեր» եւ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունների մասին է: Ու, ընդհանրապես, Հայաստանի ներդրումների տեսակարար կշռի 40 տոկոսը միայն ռուսական ներդրումներն են կազմում: Բայց, արի ու տես, այս դեպքում իրավիճակը փոփոխվել է: Ի դեպ, նկատենք, որ պակասել են գրեթե բոլոր երկրներից ՀՀ մտնող ներդրումները, այդ թվում նաեւ Գերմանիայից Հայաստան մտնող ուղղակի ներդրումների ծավալներն են պակասել. միայն այս տարվա առաջին կիսամյակում Գերմանիայից Հայաստան մտել է 4 մլրդ 638 մլն դրամի ներդրումներ` անցած տարվա 6 մլրդ 265 մլն դրամի դիմաց: Նաեւ Արաբական Միացյալ Էմիրություններից վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստան եկած ներդրումների ծավալներն են պակասել. եթե 2018 թվականի հունվար-հունիսին դրանք կազմել էին 1 մլրդ դրամ, ապա այս տարվա նշված ժամանակահատվածում այն եղել է 926 մլն 800 հազար դրամ: Մյուս կողմից` նկատենք, որ մի քանի երկրներ իրենց կապիտալը հանել են Հայաստանից: Խոսքը Լիբանանի մասին է, որը 11 184 մլն դրամի չափով կապիտալը հանել է մեր երկրից: Իսկ, ահա, Վրաստանը ՀՀ-ից հանել է 1 մլրդ 13 մլն դրամի կապիտալ:
Մեր բարեկամ Ֆրանսիան եւս 6 մլրդ 955 մլն դրամի կապիտալը հանել է Հայաստանից: Փաստորեն, ստացվում է, որ պաշտոնական վիճակագրությունն անգամ չի լռում ներդրումների ծավալների կտրուկ նվազման մասին: Այն, բնականաբար, Հայաստանի տնտեսության վրա բացասական ազդեցություն է ունեցել: Հուսանք` այս պատկերն առաջիկա ամիսներին դրական առումով կփոփոխվի:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼԻՆ 4 ՀՈԳՈՎ ԾԵԾԵԼ ԵՆ

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում սեպտեմբերի 6-ից ընթանում է Ճամբարակի բնակիչներ Հրայր Լազարյանի, Մաթեւոս Լազարյանի, Արմեն Շառյանի եւ Վահե Դանիելյանի դատավարությունը:

Հ. Լազարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2019թ. ապրիլի 15-ի` ժամը 14. 00-ի սահմաններում, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր եղանակով բռնություն է գործադրել մասնաճյուղի տարածքում գարնանային ստուգումներ իրականացնող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճուղի պահպանության գծով տնօրենի տեղակալ Նորայր Սամվելի Պապյանի նկատմամբ` երկու անգամ հարվածներ հասցնելով նրա կրծքավանդակին: Դա կատարվել է այն բանից հետո, երբ վերջինս փորձել է կանխել Հրայր Լազարյանի կողմից փայտանյութի ապօրինի դուրսբերումը:
Մաթեւոս Լազարյանին մեղադրանք է առաջարդվել, որ նա 2019թ. ապրիլի 15-ի ժամը 16.00-ի սահմաններում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում, Արմեն Շառյանի եւ Վահե Դանիելյանի հետ նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն է գործադրել մասնաճյուղի տարածքում գարնանային ստուգումներ իրականացնող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճուղի պահպանության գծով տնօրենի տեղակալ Նորայր Սամվելի Պապյանի նկատմամբ` ոտքերով հարվածելով նրա մարմնի տարբեր մասերին եւ նրա առողջությանը պատճառելով թեթեւ վնաս, երբ վերջինս փորձել է բացահայտել եւ արձանագրել Հրայր Լազարյանի կողմից, Մաթեւոս Լազարյանի, Արմեն Շառյանի եւ Վահե Դանիելյանի մասնակցությամբ փայտանյութի ապօրինի դուրսբերումը:
Հ. Լազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին, Մ. Լազարյանին, Վ. Դանիելյանին եւ Ա. Շառյանին` 316 հոդվածի 2-րդ մասով («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»): Սույն հոդվածը որպես պատիժ նախատեսում է 5-10 տարի ժամկետով ազատազրկում: Նրանց բոլորի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

 

ՕՐԸ ՈՐՈՇՎԱԾ ՉԷ
Իջեւանի քաղաքապետարանից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ Իջեւան համայնքի ղեկավար Վարդան Ղալումյանի հրաժարականի վերաբերյալ համայնքի ավագանու արձանագրությունը սեպտեմբերի 9-ին ուղարկվել է Տավուշի մարզպետարան: Դրանից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեք օրվա ընթացքում կնշանակի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար: Այնուհետեւ` 20 օրվա ընթացքում, կորոշվի, թե Իջեւան համայնքի ղեկավարի ընտրությունները երբ կանցկացվեն` 2019թ. դեկտեմբերի 8-ին, թե այլ օր: Ու թեեւ Իջեւանում ընտրությունների օրը որոշված չէ, սակայն նախընտրական տրամադրություն է քաղաքում, արդեն շրջանառվում են Իջեւանի քաղաքապետի հավանական 4 թեկնածուների անուններ: Հնարավոր է, որ ժամանակի ընթացքում թեկնածուների հավակնորդների թիվն ավելանա:

 

 

 

«ԴՐԵՍ ԿՈԴ»` ՏԱՎՈՒՇԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ
Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենները, հղում անելով դպրոցների ներքին կարգապահական կանոններին, դպրոցների ծնողական եւ մանկավարժական խորհուրդների որոշումներին, դպրոցներում հագուստի եւ սանրվածքի յուրատեսակ կոդեքս են սահմանել: Դպրոց հաճախող տղաներին, այդ թվում` ցածր դասարաններ հաճախողներին, արգելում են երկար մազերով կամ յուրատեսակ սանրվածքով, մազերի օրիգինալ կտրվածքով դպրոց հաճախել: Բարձր դասարանցի տղաներին նույնպես արգելվում է երկար մազերով կամ չսափրված վիճակում դասերի հաճախել: Մինչդեռ 11-12-րդ դասարանցի, 17-18 տարեկան տղաներից ոմանք ուզում են ընդօրինակել Նիկոլ Փաշինյանին եւ մյուս պաշտոնյաներին, նրանց նման փոքր մորուք ունենալ: Դպրոցի աղջիկներին դպրոցների տնօրենները, դասղեկները արգելում են կարճ կիսաշրջազգեստներով, ծակոտկեն ջինսերով դպրոց հաճախել, հորդորում են` քանի դեռ տաք եղանակ է, կիսաշրջազգեստ կրել` նորմալ չափի: Ու որքան էլ տարօրինակ է, դպրոցներում սահմանված այս արգելքները հարուցել են բազմաթիվ աշակերտների, որոշ ծնողների դժգոհությունը: Մարդիկ չեն ցանկանում ենթարկվել կանոններին, որոնք, համաձայնեք, սպասված են եւ օրինակելի:

 

 

 

ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆ
Սեպտեմբերի 6-ին Տավուշի մարզի Բերդ համայնքի մաս կազմող Արծվաբերդ գյուղում գործող ձեռնոցի գործարանի աշխատակից Սամվել Վիրաբյանն ընկել է գործարանի վերելակի նկուղային հարկը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Երիտասարդը հոսպիտալացվել է Բերդ քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնհատվել է ծանր: Բերդի բժշկական կենտրոնի տնօրեն Հմայակ Ադամյանը հայտնեց, որ Ս. Վիրաբյանը իրենց մոտ է տեղափոխվել կոնքի ոսկորների բազմաբեկորային կոտրվածքներով, ձեռքի կոտրվածքով: Նրան անհրաժեշտ բուժօգնություն է ցույց տրվել, որից հետո վիրավորը նույն օրը Բերդի ԲԿ-ի մեքենայով տեղափոխվել է Երեւանի «Էրեբունի» ԲԿ:

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս