Ինչպես արդեն հայտնի է Արցախի հանրապետությունում համընդհանուր ընտրությունները նախատեսված է անցկացնել 2020 թվականին: Այն կլինի պատմության մեջ առաջին դեպքը, երբ Արցախը նույն օրը կընտրի երկրի նախագահին և Ազգային ժողովը: Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է նաև «Արցախի պահպանողական» կուսակցությունը, որի նախագահն է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: ArmLur.am-ն այս և այլ հարցերի շուրջ զրուցել է Արցախի հանրապետության նախագահի խոսնակ, «Արցախի պահպանողական» կուսակցության ղեկավար Դավիթ Բաբայանի հետ:
– Պարո՛ն Բաբայան, դեռևս հունվարի 5-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն, որտեղ քննարկվել էին երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր: Ինչպե՞ս եք գնահատում Արցախի արձագանքը՝ Իրան-ԱՄՆ զարգացումնրի հետ կապված: Ձեր դիրքորոշումը՝ այս հարցի հետ կապված:
– Խորհրդակցության ժամանակ նշվել է, որ մենք կողմնակից ենք խաղաղ կարգավորմանը, խաղաղությանն ու կայունության պահպանմանը: Մեզ համար և՛ Իրանն է եղբայրական երկիր, և՛ ԱՄՆ-ն: Մենք ուզում ենք, որպեսզի բոլոր հարցերը կարգավորվեն խաղաղ ճանապարհով: Չենք ցանկանա, որպեսզի իրավիճակն էլ ավելի վատթարանա, քանի որ այս պատերազմը կարող է բերել անկանխատեսելի հետևանքների: Առաջին հերթին այս պատերազմին ուշիուշով սպասում է Ադրբեջանը, որպեսզի Իրանից պոկի տարածքներ, որը բերելու է կատաստրոֆիկ հետևանքների: Եթե իրավիճակը գնա ամենավատ սցենարով, ապա այն բերելու է սարսափելի և ողբերգական հետևանքների:
–Իսկ ինչպե՞ս եք գնահատում Արցախում ներքաղաքական իրավիճակը, առաջիկայում սպասվում է նախագահի և խորհրդարանական ընտրություններ:
-Արցախում ներքաղաքական իրավիճակն ակտիվ է և կայուն: Մեր ՝«Արցախի պահպանողկան» կուսակցությունը կողմնակից է թեժ մրցակցությանը, բայց ոչ թշնամանքին, որպեսզի նորմալ անցկացնենք ընտրությունները, ձևավորենք նոր իշխանություն, շարունակենք կառուցել մեր երկիրը, սերտ համագործակցություն ապահովվել տարբեր երկրների հետ: Պետք է հիշել, որ վաղը տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ կարող ենք կանգնել խրամատում, եթե մեկը մյուսին անպատվեն, անիծեն, ոնց ենք թշնամու դեմ պայքարելու:
-Ինչպես ես գնահատում Ձեր շանսերը: Արդյոք հաղթանակը Ձե՞րն է լինելու:
-Բոլորը մեկը մյուսին մրցակից են, մենք մեր շանսերը գնահատում ենք լավատեսական և իրատեսական: Չպետք է նստենք, ու սպասենք բախտին, պետք է աշխատենք, շփվենք ժողովուրդի հետ, մեր գաղափարները ներկայացնենք:
-Իսկ թեկնածուներից ու՞մ եք համարում Ձեզ մրցակից:
-Բոլորին էլ մրցակից ենք համարում, որևէ մեկի կցորդը չենք, չենք էլ լինելու: Բոլորի հետ էլ պատրաստ ենք համագործակցել: Մեկ երկու անձից բացի, որոնց հետ չեմ կարող անուն տալ, ուղղակի նույնիսկ ձեռքով չենք բարևելու, արժեհամակարգի, աշխարահայացքի տարբերության պատճառով, ես նրանց նույնիսկ քաղաքական գործիչ չեմ կարող անվանել:
Լիդա Եղիազարյան