Երբ դեռ նախորդ տարի Հայաստանում մեկնարկեց քրեական հակամշակույթի դեմ օրենսդրական պայքարը, «Ազգային արժեք» մշակույթի համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, որի նախագահն է Հայաստանի եւ ՌԴ նկարիչների եւ ճարտարապետների միության անդամ Աշոտ Թադեւոսյանը, որոշում կայացրեց ՀՀ քրեակատարողական հիմնարկներում անցկացնել մշակութային միջոցառումների շարք՝ հանդիպումներ ստեղծագործողների հետ, համերգներ, վարպետաց դասեր: Նախորդ տարվա դեկտեմբերին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի եւ «Ազգային արժեք» մշակույթի համահայկական հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ Աբովյանի «Կանանց եւ անչափահասների» քրեակատարողական հիմնարկում անցկացվել է «Կյանքը հրաշալի է» միջոցառումը: «Ժողովուրդ» օրաթերթը Աշոտ Թադեւոսյանից հետաքրքրվել է՝ ինչ ընթացքում է ծրագիրը, հաջորդիվ որ ՔԿՀ-ներ են այցելելու, եւ որքանով է այս գործընթացն արդյունավետ:
-Պարո՛ն Թադեւոսյան, այցելությունը Աբովյանի «Կանանց եւ անչափահասների» քրեակատարողական հիմնարկ ի՞նչ ցույց տվեց, ծրագիրը կարո՞ղ է հաջողել:
-Երբ սկսվեցին քրեական հակամշակույթի դեմ օրենսդրական պայքարի մասին քննարկումները, անմիջապես մտքովս անցավ՝ եթե մի բան արգելվում է, պետք է մեկ այլ բան առաջարկվի: Եթե քրեական հակամշակույթի դեմ պայքարում ենք, ուրեմն պետք է առողջ միջավայրի ձեւավորմանը նպաստենք: Չնայած կարճ ժամանակին՝ հիմնադրամը բավական մեծ թվով ծրագրեր է իրականացրել: Նույն Աբովյանում տեղում մրցույթ հայտարարեցինք՝ նկարել միմյանց: Ես նկարեցի կանանց դիմանկարները, նրանք նկարեցին ինձ, հանձնեցինք մրցանակներ, երգեցինք, պարեցինք: Զգացինք, որ մարդու մեջ հնարավոր է արթնացնել բարին ու գեղեցիկը՝ անկախ նախկինում կատարած սխալների: Հաջորդիվ կայցելենք «Արմավիր» ՔԿՀ, հավանաբար հունվարի վերջին: Առաջիկայում դիմելու ենք Արդարադատության նախարարությանը, պետական այլ կառույցների՝ աջակցություն ստանալու համար:
-Այսինքն՝ պետական աջակցություն չունե՞ք:
-Ոչ, պետբյուջեից հատկացումներ առայժմ չկան: Ամեն բան արվում է սեփական միջոցներով:
-Մենք կարո՞ղ ենք հույս ունենալ, որ գոնե մոտ ապագայում հնարավոր կլինի կիրառել զարգացած երկրների փորձը. ՔԿՀ-ներում կստացվի՞ անցկացնել ուսումնական պրոցես, թեկուզ հեռակա հնարավորություններ կստեղծվե՞ն ստեղծագործելու համար:
-Իհարկե, զարգացած երկրների հետ այդ առումով դեռ չենք էլ կարող համեմատվել: Այդ երկրների ՔԿՀ-ներում անցկացվում են դասապրոցեսներ նույնիսկ հիմնարկներից դուրս: Դատապարտյալները ավելի հաճախ են մասնակցում ցուցահանդեսների եւ այլ միջոցառումների: Այդ թեման քննարկել ենք նաեւ Նկարիչների միության վարչությունում. ինքս վարչության անդամ եմ: Խոսվել է այն մասին, որ հարկավոր է հնարավորություններ ստեղծել, որպեսզի դատապարտյալները մասնակցեն ցուցահանդեսների: Հայտարարվել է մրցույթ՝ մրցանակային բավական բարձր ֆոնդով: Առաջիկայում առավել մանրամասն կներկայացվեն պայմանները: Երբ կկարողանանք համակարգել եւ ստաբիլ կերպով անցկացնել ծրագիրը, վստահ եմ, որ դրա արդյունքները զգալի եւ շոշափելի կլինեն: Մշակույթի դերը ահռելի է ցանկացած ոլորտում: Ուրախ եմ, որ իմ նախաձեռնությանն աջակցում են մշակույթի գործիչներ, պատրաստակամություն են հայտնում անցկացնել վարպետաց դասեր: Հուսով ենք, որ պետությունը եւս իր դերը կունենա այս հարցում:
Հավելենք, որ Հիմնադրամի եւ խորհրդարանական հանձնաժողովի միջեւ կնքված համագործակցության հուշագրի համաձայն` միջոցառումներ կանցկացվեն Հայաստանի բոլոր ՔԿՀ-ներում, ինչպես նաեւ տարբեր հիվանդանոցներում, որտեղ բուժվում են երեխաներ:
Աննա Բաբաջանյան