ՓԵՏՐՎԱՐԻՆ ԱՐՑԱԽՈՒՄ ԱԿՏԻՎ ՓՈՒԼ ԿՍԿՍՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Ազատ հայրենիք» կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանը շարունակում է Արցախում մնալ նախագահի ֆավորիտ թեկնածուն: Ըստ մեր տեղեկությունների՝ հայրենի իշխանությունը, կարելի է ասել, տակից ամեն ինչ անելու է, որպեսզի ապրիլին կայանալիք ԼՂՀ նախագահական ընտրություններում այդ պաշտոնը զբաղեցնի Հարությունյանը: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հարությունյանի հետ՝ պարզելու համար, թե Արցախում ինչ իրավիճակ է խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին ընդառաջ, ինչպես նաեւ անդրադարձել է Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձություններին:

Հիշեցնենք, որ դեռեւս հունվարի 5-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն՝ Հանրապետության օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Քննարկվել էին երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր: Անդրադառնալով Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձություններին՝ Բակո Սահակյանն ընդգծել է, որ պաշտոնական Ստեփանակերտը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմամբ եւ բոլոր վիճահարույց հարցերը խաղաղ ճանապարհով հանգուցալուծմամբ։ Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:
-Պարո՛ն Հարությունյան, ինչպե՞ս եք գնահատում Արցախի արձագանքը՝ Իրան-ԱՄՆ զարգացումնրի հետ կապված: Արդյոք համարո՞ւմ եք, որ այն համաչափ էր իրողությանը, որն է Ձեր դիրքորոշումը՝ այս հարցի հետ կապված:
-Տարածաշրջանում կայուն խաղաղությունը բխում է պաշտոնական Ստեփանակերտի շահերից, եւ մենք շահագրգռված ենք, որպեսզի Արցախի Հանրապետության սահմանակից հարեւան Իրանի Իսլամական Հանրապետությունում իրավիճակի ապակայունացում չլինի: Արցախի իշխանությունների արձագանքն այս համատեքստում էր, որտեղ հաշվի են առնվել եւ՛ Արցախի հարցում Իրանի հավասարակշռված դիրքորոշումները, եւ՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր հանդիսացող ԱՄՆ-ի հետ հարաբերությունները: Ուստի այն համաչափ եմ համարում: Հուսանք՝ կողմերին կհաջողվի խուսափել ռազմական անդառնալի առճակատումներից, եւ բոլոր ցավոտ խնդիրները խաղաղ ճանապարհով կհանգուցալուծվեն:
-Իսկ ինչպե՞ս եք գնահատում Արցախում ներքաղաքական իրավիճակը: 2020 թվականը, ընտրություններով պայմանավորված, վճռորոշ տարի է լինելու ԼՂՀ-ի համար, ինչպե՞ս եք այն գնահատում:
-Տարին, ճիշտն ասած, դեռ նոր է սկսվում, եւ ներքաղաքական զարգացումների հետ կապված, կարծում եմ, արտառոց ոչինչ չկա: Սպասվող համապետական ընտրություններն իսկապես շատ կարեւոր են Արցախի ժողովրդի համար, քանի որ յուրաքանչյուր նոր փոփոխությունից սպասելիքները միշտ էլ մեծ են լինում: Իսկ 2020թ.-ին Արցախում ընտրելու են թե՛ նոր նախագահ, թե՛ նոր խորհրդարան: Իմ գնահատմամբ՝ երկրում ստեղծված են բոլոր նախադրյալները մրցակցային պայմաններում ընտրությունների անցկացման համար, որին լրջագույնս պատրաստվում են եւ՛ քաղաքական ուժերը, եւ՛ նախագահական ընտրապայքարին մասնակցության ցանկություն հայտնած թեկնածուները:
-Դուք, կարելի է ասել, Արցախի նախագահի ֆավորիտ թեկնածուն եք, արդյոք կա՞ վստահություն, որ Դուք եք 2020 թվականին ընտրվելու Արցախի նախագահ: Այս ժամանակահատվածում ի՞նչ դիրքորոշման եք եկել, արդյոք հաղթանակը Ձե՞րն է լինելու:
-Շնորհակալ եմ նման գնահատականի համար, բայց անպարկեշտություն եմ համարում մինչեւ քվեարկության արդյունքների ամփոփումը որեւէ թեկնածուի կամ քաղաքական ուժի կողմից նման համարձակ հայտարարություններ անելը: Երեք ամսից քիչ ժամանակ է մնացել ընտրություններին: Համբերենք, եւ ժողովուրդը ազատ կամարտահայտության միջոցով կորոշի իր իշխանությանը: Անկախ արդյունքներից՝ բոլորս պարտավոր ենք հարգել այդ որոշումը:
-Իսկ ԼՂՀ նախագահի թեկնածուներից ու՞մ եք համարում Ձեզ մրցակից, կա՞ արդեն թեկնածու, որին համարում եք շատ ուժեղ մրցակից այս պայքարում:
-Բոլորն էլ արժանի մարդիկ են, քանի որ բոլորի ցանկությունն էլ մեկն է՝ ավելի լավ Արցախ ունենալը: Նախընտրական շրջանն Արցախում պաշտոնապես կսկվի փետրվարի վերջին: Մեր խնդիրն է փոխադարձ հարգանքի ու հանդուրժողականության մթնոլորտում ընտրությունների անցկացումը: Արցախում անցկացված յուրաքանչյուր համապետական ընտրություն նախորդից որակապես միշտ մեկ քայլ առաջ է եղել: Սպասվող համապետական ընտրությունները եւս չպետք է բացառություն լինեն:

 

 

 

 

10 ՀԱԶԱՐԻՑ ՄԻՆՉԵՎ 50 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ «ՓԱՐԹԻՆԵՐԻ» ՀԱՄԱՐ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերը ամանորյա մեծ հավաքույթներ են ունեցել ու, կարելի է ասել, մեծ թվով գումար են ծախսել այդ «փարթիների» համար: Ըստ մեր տեղեկությունների՝ հիմնականում քաղաքական ուժերը իրենց քեֆերն անցկացրել են դեկտեմբերի 26-ին՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, իսկ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն իր հավաքույթն անցկացրել է դեկտեմբերի 28-ին:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել, թե որտեղ են իրենց տոնական միջոցառումներն անցկացրել քաղաքական ուժերը եւ որքան գումար են ծախսել հավաքույթների ժամանակ: Հիմա ամեն ինչ հերթով:
Մեր տեղեկություններով՝ իշխանական ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն իր հավաքույթը կազմակերպել է իրենց խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանին պատկանող «Լիաննա» ռեստորանային համալիրում, որտեղ յուրաքանչյուր անձ ինքն է վճարել իր «աթոռի» համար, որը կազմել է մոտ 11.000 դրամ: Միջոցառմանը մասնակցել են նաեւ իշխանության գործադիր մարմնի ներկայացուցիչները՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Ըստ մեր տեղեկությունների՝ վարչապետը բավականին երկար է մնացել միջոռացմանը, քեֆ արել ու ելույթ ունեցել, շնորհավորել իր թիմակիցներին:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն իր ամանորյա «փարթին» անցկացրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանից պարզել, թե որքան գումար են իրենք ծախսել իրենց հավաքույթի ժամանակ: Վերջինս հայտարարեց, թե ինքը չի ցանկանում որեւէ տեղեկություն տրամադրել այդ ամենի հետ կապված՝ համարելով, թե դա կոռեկտ չէ:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ իրենք իրենց հավաքույթն անցկացրել են «Վենեցիա» ռեստորանային համալիրում, որին ներկա են գտնվել խմբակցության պատգամավորներն ու իրենց օգնականները: Խմբակցության ղեկավարն ասաց, որ պատգամավորները վճարել են նաեւ օգնականների փոխարեն: Յուրաքանչյուր պատգամավոր վճարել է 50 հազար դրամ, որպեսզի հոգան ընդհանուր ծախսը:
Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունն իր տոնական միջոցառումն անցկացրել է «Փարավոն» ռեստորանային համալիրում, որին, ըստ ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի, մասնակցել է մոտ 800 հոգի: Սաղաթելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ յուրաքանչյուրն իր համար է վճարել, ու այն կազմել է մոտ 10-12 հազար դրամ: Մեր զրուցակիցը նշեց, որ սա առաջին տարին չէ, որ իրենք նման հավաքույթ են անցկացնում, իրենք տարեմուտին հավաքվում են ու ամփոփում են անցած տարին:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունն էլ իր ամանորյա հավաքույթը անցկացրել է ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում, որին մասնակցել է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Ըստ մեր տեղեկությունների՝ մոտ 800 հոգի ներկա են գտնվել միջոցառմանը: Երեկ ողջ օրվա ընթացքում «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀԿ կազմակերպչական գործերի ղեկավար Ռուբեն Թադեւոսյանից պարզել, թե որքան գումար են ծախսել ՀՀԿ-ականները իրենց հավաքույթի ժամանակ, սակայն վերջինս հայտարարեց, թե պետք է ճշտի ինֆորմացիան, ու այդպես էլ մնաց անպատասխան:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է «Փարավոն» ռեստորանային համալիրից պարզել, թե ինչ գնային պայմաններ են գործում: Ռեստորանից մեզ տեղեկացրին, որ եթե կորպորատիվ հավաքույթներ են լինում, մեկ անձի համար գումարը կազմում է մոտ 15 հազար դրամ, ու դա կապված է այն պատվերի ցանկից, որը տրվում է նախապես: Տեղեկացանք նաեւ, որ ամանորյա տոնական օրերին մեկ անձը կազմել է 55 հազար դրամ, որի մեջ մտել է շոու-ծրագիրը:
Իսկ ինչ վերաբերում է «Հարսնաքար» ռեստորանային համալիրին, ապա ընդհանրապես մեկ անձի համար այն կազմում է մոտավոր 20-22 հազար դրամ, բայց քանի որ ՀՀԿ-ականների թիմի ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանի «օբյեկտում» է տոնակատարությունը եղել, դժվար է ասել, թե ՀՀԿ-ականները ինչքան գումար են վճարել, եւ, ընդհանրապես, գումար վճարել են, թե ոչ:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

ԿՀԱՆԵՆ ԱՃՈՒՐԴԻ
Այսօր տեղի կունենա կառավարության հերթական նիստը, որը 2020 թվականի համար առաջինն է լինելու: Երեկ՝ օրվա երկրորդ կեսին, արդեն տեղադրվեց կառավարության նիստի օրակարգը, որում ընդգրկված հարցերը 20-ից ավելի են: Օրինակ՝ այդ նախագծերից մեկով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանն ամրակցված տրանսպորտային միջոցները կտրվեն Պետական գույքի կառավարման կոմիտեին հետագայում օտարելու նպատակով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խոսքը երկու «Տոյոտա» եւ մեկ «Հոնդայի» մակնիշի ավտոմեքենաների մասին է: 2007 թվականի արտադրության TOYOTA LC PRADO-ի սկզբնական արժեքը 13 մլն դրամ է, իսկ 2008 թվականին արտադրված HYUNDAI AZERA 3.3-ը՝ 11 մլն դրամով: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այժմ միացյալ նախարարությանը սպասարկող ավտոմեքենաների թիվը 11-ն է, որից 5-ը՝ նախկին ՀՀ կրթության եւ գիտության, 2-ը՝ նախկին ՀՀ մշակույթի, եւ 4-ը՝ նախկին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություններին ամրակցված: Եվ կոնկրետ այս երեք ավտոմեքենաները եղել են ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը, սակայն դրանք պահելը համարվել է ծախսատար ու ոչ նպատակահարմար:

 

 

ԾԱՌԱՅԱԿԻՑՆԵՐԸ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ ԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ հարցաքննվել են ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողները, որոնք անդրադառնալով իրենց ծառայակցի ինքնասպանության դեպքին՝ իրավապահներին հայտնել են, որ պայմանագրային զինծառայողի հետ զորամասում կամ մարտական դիրքում որեւէ խնդիր չեն ունեցել: Ասել է թե՝ նախնական վարկածով՝ պայմանագրային զինծառայողի՝ ինքնասպանություն գործելը կապ չունի նրա ծառայության հետ, իսկ ինչու կարող էր նա գնալ այդ քայլին, ցույց կտա տարվող քննությունը: Նշենք, որ պայմանագրային զինծառայողը կրակել է իր կրծքավանդակին: Վերջինս ուներ մեկ երեխա: Հիշեցնենք, որ 2020թ. հունվարի 6-ին` ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պայմանագրային զինծառայող Գեղամ Խաչատրյանը, իրեն կցված գնդացրից կրակոց կատարելով, ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում: Իսկ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար:




Լրահոս