2020 թվականը մեկնարկեց: Նոր տասնամյակի առաջին օրերը, մեղմ ասած, խաղաղ չեն. աշխարհի մի կողմում կործանիչ հրդեհներն են շարունակվում, մյուս կողմում էլ արյունարբու պատերազմի վտանգն է օրեցօր ավելի աճում: Սպորտային 2020 թվականն էլ այդքան հանդարտ չի մեկնարկել (Ֆուտբոլային հանդիպում ազատազրկվածների միջեւ, որը վերածվել է ծեծկռտուքի, ինչի արդյունքում մահացել են 16-ը եւ վիրավորվել 5-ը, կյանքից հեռացել է Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի ԲԿՄԱ-ի նախկին լեգենդար բասկետբոլիստ Նիկոլայ Դյաչենկոն, զինված հարձակում է տեղի ունեցել Թուրինի «Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Դարկո Կովաչեւիչի վրա: Վերջինս հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց…), սակայն այժմ ցանկանում ենք մի կողմ թողնել այս ամենը եւ կենտրոնանալ բուն սպորտի եւ սպորտային իրադարձությունների վրա:
2020 թվականի մեկնարկային «գոնգը» հնչել է ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայում Boxing Day-ի շրջանակներում: Անգլիայում շարունակում են ֆուտբոլ խաղալ առանց մեկ վայրկյան շունչ քաշելու: Նոր տասնամյակը մեկնարկել է մի շարք ֆանտաստիկ հանդիպումներով, իսկ շարունակությունը ավելի քան հրաշալի է: Անգլիայի Լիգայի գավաթի կիսաեզրափակիչ փուլում միմյանց են բախվել մանչեստրյան երկու գրանդները՝ «Սիթին» եւ «Յունայթեդը»: Այս թիմերի միջեւ առաջին հանդիպումը ավարտվել է «Քաղաքայինների» 3:1 հաշվով հաղթանակով: Պատասխան խաղից առաջ բացահայտ ֆավորիտը Պեպի տղաներն են, սակայն Մանչեստերի կարմիր հատվածի ներկայացուցիչները այսպիսի խաղեր չէ, որ հետ են բերել: Անգլիայի Մանչեստեր քաղաքից արագորեն տեղափոխվենք Իտալիա՝ Հռոմ: Տասնամյակի առաջին խոշոր հանդիպումը Հայաստանի ազգային հավաքականի եւ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար: Մեր ֆուտբոլիստը այժմ ունի թեթեւ վնասվածք, բայց, ամենայն հավանականությամբ, նա պատրաստ կլինի Իտալիայի վերջին տարիների անփոխարինելի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» դեմ հանդիպմանը: Իհարկե ֆանտաստիկ դիմակայություն է լինելու բոլորի համար, իսկ մեզ՝ հայերիս համար ավելի շատ կարեւոր: Հետաքրքիր կլինի նաեւ դաշտում տեսնել, թե ինչպես է մեր ֆուտբոլիստը խաղում աշխարհում լավագույններից մեկի՝ Կրիշտիանու Ռոնալդուի դեմ:
Իսպանիայի Սուպերգավաթը՝ իր նոր ձեւաչափով: Հունվարի 12-ին կկայանա եւս մեկ խոշոր դիմակայություն իսպանական 4 հզոր ակումբներից 2-ի միջեւ («Վալենսիա», «Ռեալ Մադրիդ», «Բարսելոնա»,«Ատլետիկո Մադրիդ»), իսկ թե ովքեր կբախվեն եզրափակչում, ցույց կտան կիսաեզրափակիչները:
2020 թվականի ֆուտբոլային մրցաշրջանի գրաֆիկը այնքան խիտ է, որ նույնիսկ ֆուտբոլիստները, հնարավոր է, չհասցնեն պատրաստվել մյուս հանդիպումներին: Շուտով կմեկնարկի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլը. ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի եւ ներքին առաջնությունների ավարտից հետո ֆուտբոլային Կոլիզեում կբարձրանան հզոր հավաքականները: Առջեւում ԵՎՐՈ-2020-ն է եւ կարծես ամենամյա դարձած «Կոպա Ամերիկա»-ն: «Նորին մեծություն» ֆուտբոլում սպասվելիք իրադարձությունները մեկը մյուսից ավելի հետաքրքիր են, եւ հուսանք՝ այս ամենը կուղեկցվի հանդարտությամբ եւ ոչ թե մոլեռանդությամբ ու ռասիզմով. սրանք համաշխարհային սպորտը խեղաթյուրող երկու գործոններն են:
Ֆուտբոլից միանգամից անցում կատարենք UFC: Խառը մենամարտերը նախորդ տարիներին այդքան էլ սպասված եւ հետաքրքիր չէին, սակայն եկան երկուսը՝ Հաբիբ Նումագոմեդովն ու Քոնոր Մաքգրեգորը, եւ ուղղակի հանեցին վերեւ այս սպորտաձեւի նշաձողը: Երկար ժամանակ է, ինչ օկտագոնում չենք տեսել գոռոզ եւ ինքնահավան իռլանդացուն: 2020 թվականը հենց նրա վերադարձի տարին է: Առաջիկա օրերին իր մենամարտը կանցկացնի նաեւ Նուրմագոմեդովը, եւ, ո՞վ գիտե, միգուցե դրանից հետո նրանք կրկին հանդիպեն միմյանց: Ամեն դեպքում, Քոնորի վերջին խոսքերը կարող են նպաստել դրան: «Հաբիբը խուսափում է իմ հետ մենամարտելուց, որովհետեւ լավ գիտի՝ հաղթողը ես եմ լինելու»,- ահա այսպես է սադրում Քոնոր Մաքգրեգորը:
Բասկետբոլում գերհետաքրքիր հանդիպումներ են տեղի ունենում Եվրալիգայում եւ իհարկե NBA-ում: Հերթական ֆանտաստիկ եւ արդյունավետ մեկնարկն է գրանցել «Լոս Անջելես Լեյկերսը»: Վերջինս արեւմտյան կոնֆերենցիայի միանձնյա առաջատարն է:
Այստեղ իրեն հրաշալի է դրսեւորում «Լեյկերսի» առաջատարը՝ Լեյբրոն Ջեյմսը: Թիմի վերջին «Նյու Յորք Նիկսի» դեմ խաղում Լեյբրոնը վաստակել է 31 միավոր: Առջեւում NBA-ում սպասվում են շատ թեժ հանդիպումներ: Այստեղ ամեն ինչ այնպես է դասավորվել, որ բասկետբոլիստները ժամանակ առ ժամանակ հնարավորություն չեն ստանա հանգստանալ նույնիսկ մեկ օր:
2020-ի իսկական զարդը, սպասվածն ու անկրկնելին. ժամանակին դրան մասնակցում էին միայն թագավորները…
Այո, դուք ճիշտ եք, առջեւում օլիմպիական խաղերն են՝ յուրաքանչյուր մարզիկի երազանքն ու բարձրակետը: Օլիմպոսի հավերժական ոսկուն տիրանալու համար կպայքարեն հարյուրավորները, իսկ հաղթողները կլինեն միայն ընտրյալները: Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում այս տարի ասեղ գցելու տեղ անգամ չի լինի: Աշխարհամասերի բոլոր չեմպիոններն ու հզորները կորոշեն չեմպիոնների չեմպիոնին: Օլիմպիական խաղերը Հայաստանի համար էլ ավելի սպասված է դարձնում այն, որ չեմպիոններ կարող ենք ունենալ նաեւ մենք: Առնվազն երկու ոսկե մեդալի սպասում ունի Հայաստանը. հուսանք, որ մեդալները կբազմապատկվեն, իսկ Տոկիո 2020-ը հավերժ կդաջվի հայկական սպորտի փայլուն պատմության մեջ:
2020 թվականը համաշխարհային սպորտում հիշվելու է միշտ, դա արդեն իսկ փաստ է, որովհետեւ շատ հազվադեպ է պատահում, որ մեկ տարվա ընթացքում տեղի են ունենում միանգամից մի քանի գերխոշոր մրցաշարեր:
Ահա այսպես է մեկնարկում տասնամյակը՝ ֆանտաստիկ, թեժ եւ ինչ-որ տեղ նաեւ դաժան:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՃԱՆԱՊԱՐՀ ԵՆ ՓԱԿԵԼ
Երեկ՝ վաղ առավոտից, Գյումրի-Երեւան ճանապարհի մի հատվածը՝ Մարալիկի մասը, ի նշան բողոքի, փակել էին տեղաբնակներն ու Մարալիկի ծննդատան աշխատակիցները: Պատճառը կառավարության կողմից ծննդատան ֆինանսավորման դադարեցումն է: Նրանք պահանջում են, որ Մարալիկ գնան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, քանի որ, ըստ Մարալիկի ծննդատան աշխատակիցների, վերջիններիս սխալ վիճակագրություն է զեկուցվել. «Արսեն Թորոսյանը մի անգամ չի բարեհաճել մտնի Մարալիկ, Մարալիկով անցնում, մտնում է Գյումրի, բայց մի անգամ չի բարեհաճել: Մենք պահանջում ենք Թորոսյանին»,- ասել են մասնակիցները: Նշենք, որ փակվող ծննդաբերական բաժանմունքը Մարալիկից բացի Անիի տարածաշրջանի 17 գյուղական համայնքի է սպասարկում: Ծննդաբերական բաժանմունքը 12 աշխատակից ունի:
Նրանք պահանջում են ոչ միայն չփակել ծննդատունը, այլեւ շահագործել վերջերս հիմնանորոգված Մարալիկի հիվանդանոցը, մասնագետներ ընդունել աշխատանքի, բուժսարքավորումներով համալրել հաստատությունը: Առողջապահության նախարարությունն անդրադարձել է Մարալիկի ծննդաբերական բաժանմունքի փակմանն ու ընդգծել, որ ծննդօգնության բժշկական կազմակերպությունների գնահատման չափանիշների համաձայն՝ առաջին մակարդակի ծննդատան գործունեության համար անհրաժեշտ է տարեկան առնվազն 150 ծննդի ապահովում: Մարալիկի առողջության կենտրոնի մանկաբարձական ծառայության պարագայում այդ թիվը 2018թ. կազմել է 126, իսկ 2019-ին ծնունդների անկման միտումը շարունակվել եւ հասել է 105-ի: Ծննդօգնության ծառայությունը չունի վիրահատող մանկաբարձ-գինեկոլոգ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ եւ նեոնատոլոգ:
ՊԱՅԹՅՈՒՆ ՈՒ ՓԼՈՒԶՈՒՄ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ հունվարի 8-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն եւ փլուզում:
Պարզվել է, որ Սայադյան փողոցի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետեւանքով փլուզվել է խոհանոցի պատը՝ մոտ 8 քմ, վնասվել են պատուհաններն ու դուռը: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն Արայիկ Մ.-ն (ծնված 1973թ.) հոսպիտալացվել է Գավառի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: Փրկարարները հոսանքազրկել են տունը եւ սահմանազատել տարածքը:
ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ԿԱՍԵՑՐԵԼ Է
Մերձավոր Արեւելքում վերջերս տեղի ունեցած իրադարձությունների պատճառով Երեւանում ԱՄՆ դեսպանատունը ժամանակավորապես կասեցրել է արտոնագրերի հետ կապված որոշ ծառայություններ: Դեսպանատնից նշել են, որ եթե հարցազրույցը չեղարկվել է, պետք է հետեւել ստորեւ նշված քայլերին. «Ոչ-ներգաղթային արտոնագրերի հարցազրույցներ. շարունակեք ստուգել հարցազրույցների նշանակման կայքը՝ հարցազրույցի նոր օր վերցնելու համար: Եթե Ձեր հարցազրույցի նոր օր է նշանակվել դեսպանատան կողմից, Դուք էլ. փոստով նամակ կստանաք հարցազրույցի օր վերցնելիս Ձեր տրամադրած էլ. փոստի հասցեին: Ներգաղթային արտոնագրերի հարցազրույցներ. դեսպանատունը կվերանշանակի Ձեր հարցազրույցի օրը առաջին հնարավորության դեպքում: Մենք նոր տեղեկատվություն կտրամադրենք նշած էլ. փոստի հասցեով»,- ասված է հաղորդագրության մեջ:
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ ԿԿԱԶՄԻ 4,9%
2020 թվականին Հայաստանի տնտեսական աճը կկազմի 4,9%: Այս մասին հայտարարել է Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանը: Նրա խոսքով՝ նման գնահատական է տվել ՀՀ ԿԲ-ն: Նա նշել է, որ երբ Հայաստանը միացավ ԵՏՄ-ին, նրան որոշակի տարկետում տրվեց, ինչը թույլ տվեց խուսափել 900 տեսակ ապրանքների թանկացումից: «Որոշ ժամկետներ անցել են դեռեւս 2016 թվականին, որոշները՝ 2018-ին: Տարկետման մեծ մասը կավարտվի արդեն 2020 թվականին, մյուսը՝ 2022 թվականին: Դա կհանգեցնի շուկայում 0,5%-ի սահմաններում գների ընդհանուր աճի: Մարտ-ապրիլ ամիսներին ամեն ինչ պարզ կլինի»,- պարզաբանել է նա: Նա բացառել է քաղաքացիների սպառողական զամբյուղում ներառված ապրանքների հիմնական տեսակների գների հնարավոր բարձրացումը: «Չեմ կարծում, որ հացը, շաքարը, կարագը եւ միսը կթանկանան: Թռչնամսի դեպքում թանկացումներ հնարավոր են»,- նշել է նա: