2-ՐԴ ԹԱՐԳՄԱՆՉՈՒՀԻՆ ԵՎ ԲԱՆԿԻ ՊԱՇՏՈՆՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման քրեական գործով ուշագրավ իրադարձություններ են ծավալվում: «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է իր հետաքննությունը, եւ նոր մանրամասներ են մեզ հայտնի դարձել քրեական գործից:

Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ հայ երեխաներից մեկին որդեգրել է Համաշխարհային բանկի պաշտոնատար անձանցից մեկը, իսկ թե ով է նա, «Ժողովուրդ» օրաթերթը չի հրապարակում՝ հաշվի առնելով որդեգրման գործընթացում առկա գաղտնիության հանգամանքները: Ինչպես հայտնի է, ըստ ԱԱԾ-ի` մանկաբարձական հաստատության մի շարք ծառայողներ 2016-2018թթ. ընթացքում ծննդատուն դիմած մեկ տասնյակից ավելի կանանց նորածնի հիվանդությունը չափազանցնելու եւ սուտ տեղեկություններով հոգեբանորեն ճնշելու եղանակով հակել են որդեգրման նպատակով հրաժարվել երեխայից ու կամքին հակառակ տալ որդեգրման համաձայնություն:
Գրավոր համաձայնություն ստանալուց հետո նորածինների մեծ մասը` ուղեկցվող բժշկական փաստաթղթերով, տեղափոխվել է մանկատներ, որից հետո երեխաները որդեգրվել են: «Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ տեղեկություններ են հասել, որ երեխաներից մեկին որդեգրել է աշխարհահռչակ իտալացի մրցավար:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ քրեական գործի շրջանակներում կալանավորվել էր թարգմանչուհի, որին ավելի ուշ գրավի դիմաց ազատ են արձակել:
Ձերբակալվածների թվում էր «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, որին ավելի ուշ ազատ արձակեցին, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը, գրավի դիմաց ազատ են արձակվել:
Որդեգրման թեման ու
հետեւանքները
Սույն քրեական գործով բավականին անհասկանալի իրադարձություններ են ծավալվում, որոնք խիստ կասկածներ են առաջ քաշում:
Բանն այն է, որ որդեգրման թեման բավականին նուրբ ու բազմադրվագանոց թեմա է, սակայն իրավապահների այս բացահայտումը մի շարք հարցեր է առաջ քաշել, որոնք դեռեւս չունեն պատասխաններ: Մասնավորապես, թիրախում են հայտնվել բժիշկներ, որոնք վարկաբեկվում են, սակայն դեռես գործով չկան ապացույցներ, կոնկրետ փաստեր, որ նրանք ապօրինության են գնացել: Քրեական գործով փաստ է ընդամենը մեկ բան. հայ երեխաներ են որդեգրվել իտալացիների կողմից, բայց կոնկրետ գործով առայժմ չկա մեկ փաստ, որ հայ երեխաները ապօրինի են որդեգրվել:
Բացի այդ, նախաքննական մարմինն իր պաշտոնական հաղորդագրության մեջ կոնկրետ նշել է, որ մանկաբարձական հաստատության մի շարք ծառայողներ 2016-2018թթ. ընթացքում ծննդատուն դիմած մեկ տասնյակից ավելի կանանց նորածնի հիվանդությունը չափազանցնելու եւ սուտ տեղեկություններով հոգեբանորեն ճնշելու եղանակով հակել են որդեգրման նպատակով հրաժարվել երեխայից ու կամքին հակառակ տալ որդեգրման համաձայնություն: Ասել է թե՝ երեխաների առողջության հարցն է առաջ քաշվում, որը քրեական գործով կարեւոր ապացույց է: Եվ, ահա, այստեղ հարց է առաջանում՝ արդյոք որդեգրված երեխաների ծնողները թույլ կտան իրենց երեխաներին տեղափոխել Հայաստան կամ այլ երկրում ստուգման ենթարկել եւ պարզել՝ բժիշկները նրանց առողջական վիճակը ուռճացրել են, թե ոչ:
Մայրերը հիշել են
Մեկ շատ կարեւոր հանգամանք եւս: Երեկ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում որդեգրման ճանապարհով երեխաներին կորցրած մայրերը: Նշենք, որ դատախազության դիմաց հավաքված մայրերի բողոքը որեւէ առնչություն չունի ԱԱԾ-ի կողմից բացահայտված քրեական գործի հետ, պարզապես ստեղծվել է մի իրավիճակ, որ տարիներ առաջ իրենց երեխաներին կորցրած մայրերը որոշել են հիմա չլռել եւ իրենց հետ կատարված դեպքերի մասին բարձրաձայնում են, իսկ թե որքանով է վերջիններիս հայտարարությունը հիմնավոր, ցույց կտա ժամանակն ու իրավապահների կողմից տարվող քննությունը:
Հետաքննությունն ու
նոր հանգամանքները
«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է իր հետաքննությունը, եւ սույն քրեական գործով նոր մանրամասներ են մեզ հայտնի դարձել: Մասնավորապես, մեզ հասած լուրերի համաձայն՝ քրեական գործով երկու թարգմանչուհի են հայտնվել իրավապահների թիրախում՝ մեկը՝ ֆրանսերենի , մյուսը՝ իտալերենի մասնագետ: ՀՀ քննչական կոմիտեն այս գործով շարունակում է լռություն պահպանել՝ հղում անելով նախաքննական գաղտնիքին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐՆ ՈՒ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԸ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ բժշկական հաստատությունների բժիշկների մոտ դժգոհության նոր ալիք է հասունանում: Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ Երեւանում, ինչպես նաեւ մարզերում տեղակայված հիվանդանոցների մի քանի հարկը նախատեսվում է տրամադրել դատապարտյալներին նրանց բուժօգնություն տրամադրելու համար:

Այս հանգամանքը խիստ մտահոգել է բժիշկներին, քանի որ վերջիններս կարծիք են հայտնել, թե այդ հանգամանքը կարող է ազդեցություն ունենալ հիվանդանոցի վարկանիշի, առօրյայի, մթնոլորտի վրա: Ըստ նրանց բացատրության՝ եթե դատապարտյալին վիրահատելու անհրաժեշտություն լինի, ապա նա վիրահատվելու է բոլոր քաղաքացիների համար նախատեսված վիրահատարանում եւ առաջին օգնությունը ստանալու է բոլորի համար նախատեսված վերակենդանացման բաժանմունքում, ուստի այս քայլով ոչինչ չի փոխվել, ընդամենը նոր հսկողություն են մտցնում հիվանդանոցներ: Ի վերջո, ո՞ր հիվանդանոցներում են նախատեսել դատապարտյալների համար հատուկ հարկեր տրամադրել: Նախ փորձեցինք տեղեկությունը պարզել ՀՀ արդարադատության նախարարությունից, որտեղից ի պատասխան՝ հայտնեցին. «2018 թվականի օգոստոսի 9-ին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության N 880-Ն որոշման նախագիծը:
Նշված լրացումների արդյունքներով՝ սահմանվում է, որ կալանավորված անձանց եւ դատապարտյալների հիվանդանոցային բժշկական օգնությունը եւ սպասարկումը կազմակերպելու նպատակով, հաշվի առնելով քրեակատարողական հիմնարկների տեղակայվածությունը, մարզերի (Շիրակ, Լոռի, Սյունիք) 110 եւ ավելի մահճակալ ունեցող բազմապրոֆիլ բժշկական հաստատություններում, իսկ Երեւան քաղաքում՝ 500 եւ ավելի մահճակալ ունեցող բազմապրոֆիլ բժշկական հաստատություններում առանձնացվում է առնվազն 10 մահճակալ ունեցող, երկաթե ճաղավանդակներով եւ երկաթե դռներով ամբողջովին մեկուսացված, տեսախցիկներով վերահսկվող բաժանմունք, որի պահպանությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կողմից:
Միեւնույն ժամանակ, հարկ է նշել, որ N 2 հավելվածի «N 2 հավելվածի պարզաբանում» բաժնի վերջին նախադասությունն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի N 880-Ն որոշման պաշտոնական հրապարակումից՝
ա. մեկ տարի հետո Երեւան քաղաքի բժշկական օգնության եւ սպասարկման համապատասխան լիցենզիա ունեցող 500 եւ ավելի մահճակալ ունեցող բազմապրոֆիլ բժշկական հաստատությունների համար,
բ. երկու տարի հետո մարզերի բժշկական օգնության եւ սպասարկման համապատասխան լիցենզիա ունեցող 110 եւ ավելի մահճակալ ունեցող բազմապրոֆիլ բժշկական հաստատությունների համար՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի N 880-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջի:
Որոշման պահանջները գործնականում ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի եւ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համատեղ հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ բաղկացած Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության եւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության ներկայացուցիչներից:
Ներկայումս ՀՀ արդարադատության նախարարության եւ ՀՀ առողջապահության նախարարության կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում որոշման պահանջները փաստացի ապահովելու եւ արդեն իսկ ձեռնարկված աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով»:
Իսկ որո՞նք են այն հիվանդանոցները, որտեղ դատապարտյալների համար կոնկրետ հարկեր են հատկացնելու. դրանք են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցը եւ «Արմենիա» բժշկական կենտրոնը: «Ժողովուրդ» օրաթերթը «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից հետաքրքրվեց, թե արդյոք շենքային պայմանները համապատասխանում են չափանիշներին. ի պատասխան՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հայտնեց, որ շենքային պայմանները համապատասխան չեն, եւ ներկայումս իրենց մոտ պլանավորման փուլ է:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ԲՈՂՈՔԱՐԿԵԼ Է
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի կալանավորման որոշումը փաստաբանը բողոքարկել է Վերաքննիչ դատարան: Փաստաբան Արթուր Պիվազյանի փոխանցմամբ՝ Առաջին ատյանի դատարանի կայացրած կալանավորման մասին որոշումը չպատճառաբանված է, եւ այդ հիմքով այն բողոքարկել են վերադաս ատյան: Դատարանը մեխանիկորեն հաստատել է քննիչի բերած միջնորդությունը. փոխանցել է փաստաբանը: Բացի այս, ըստ փաստաբանի՝ դատարանը հիմնվել է բացառապես նախաքննական մարմնի չպատճառաբանված դիրքորոշման վրա: Այն հարցին, թե Ն. Սարգսյանն ընդունում է մեղադրանքը, փաստաբանն ասել է, որ նման հարցերի պատասխանելու լիազորություն պաշտպանյալից չունի: Հիշեցնենք, որ Ն. Սարգսյանը, Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ, կալանավորվել էր դեկտեմբերի 23-ին:

 

 

 

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը զգուշացնում է ՀՀ քաղաքացիներին. «Ինձ դիմել է քաղաքացի, որը ներկայացրեց մի միջադեպ, որի պատճառով շատ անձինք միամտության արդյունքում կարող են խարդախության զոհ դառնալ: Սոցիալական ցանցով ինչ որ անհայտ անձ, հանդես գալով ԱՄՆ բնակվող իր ընկերոջ տվյալներով, խնդրել է ուղարկել անձնագրի պատճենը, հաշվառման էջով, իբր, բանկով գումար ուղարկելու նպատակով, որպեսզի փոխանցի բանակում ծառայող իր որդուն: Այնուհետեւ լուսանկարները ստացած, որպես ընկեր ներկայացած անձը ապաակտիվացրել է իր ֆեյսբուքյան էջը: Խնդրում ենք անհատական տվյալների, այդ թվում նաեւ՝ փաստաթղթղերի պատճենների տրամադրման առումով լինել ուշադիր եւ երբեւէ դրանք չտրամադրել ոչ իրավասու անձանց, այդ թվում նաեւ՝ սոցիալական ցանցերի միջոցով»:




Լրահոս