Հայաստանում ձյան սակավ տեղումների պատճառով Ծաղկաձորի հյուրանոցները, հնարավոր է, ֆինանսական վնաս կրեն: Ինչպես հայտնի է, Ծաղկաձորն առանց ձյան հետաքրքիր չէ զբոսաշրջիկների համար:
Այդ քաղաք հիմնականում այցելում են ազգությամբ ռուս զբոսաշրջիկները լեռնադահուկային սպորտով զբաղվելու համար:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ զբոսաշրջիկները զանգահարում են հյուրանոցներ, հետաքրքրվում՝ ձյուն կա, կարող են արդյոք դահուկ քշել, թե ոչ: Ստանալով բացասական պատասխան՝ չեղարկում են իրենց պատվերները: Օրինակ՝ «Ալպինա» հյուրանոցից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին. «Չնայած դեռ սպասում ենք, որովհետեւ հույս ունենք, որ ձյուն կգա: Բայց ամեն տարի նույնն է լինում. նայում են, տեսնում՝ եթե ձյուն գալիս է, չեն չեղարկում: Միայն այս տարի չէ այս պատկերը: Օրինակ, անցած տարի ձյուն կար, հալեց, սարերում խոտերը ձյան տակից դուրս էին եկել: Այս տարի քիչ եկավ, ցուրտ է, դեռ չի հալում: Բայց չեղարկումներ եղել են այս տարի»: Չնայած սրան՝ Ծաղկաձորի հյուրանոցների աշխատողները դեռ լիահույս են, որ փետրվար ամսին գոնե ձյան տեղումներն առատ կլինեն:
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով խնդրին, նկատեց, որ վերջին երեք տարիներին Ծաղկաձորում ձյան տեղումները սակավ են: Ապա փոխանցեց, որ, չնայած ձյան պակաս տեղումներին, հյուրանոցներում ազատ տեղեր չեն եղել:
«Ամանորի օրերին քիչ թե շատ եղել է ձյուն: Մշտապես քննարկվում է այդ խնդիրը: Ծաղկաձորի իշխանությունները քննարկում են արհեստական ձյան հնարավորութուններ ստեղծելու մասին, ձեռք կբերեն համապատասխան տեխնիկա: Նման բան հնարավոր է, քանի որ լեռնադահուկային սպորտաձեւերի նման զբոսաշրջություն առաջարկող երկրներում նման փորձ կա, որ իրենք կարողանում են դրանով աջակցել, այդ հնարավորությունները ապահովել, արհեստական ձյան կիրառություն լինում է: Այդ հարցը աչքաթող չէ Հայաստանում, դրանով զբաղվում են»,- վստահեցրեց Ապրեսյանը: Ի դեպ, տեղեկացնենք, որ ձյան խնդիրն առկա եղել է նաեւ հարեւան Վրաստանում: «Դե հիմա բնության դեմ ոչինչ չես կարող անել: Համենայնդեպս, Ծաղկաձորում հանգստյան օրերին ազատ տեղ ընդհանրապես չի եղել: Նույն հաջողությամբ կարող ենք մեր օրինակը բերել. երբ ամռան հանգիստը անցկացնելու համար գնում ենք Վրաստան՝ ծով, բայց ողջ հանգիստն անցկացնում ենք անձրեւի տակ: Դե, պարզ է, որ ձյուն չկա, զբոսաշրջիկի տրամադրությունը կընկնի, բայց դրա համար մեղավոր չեն ոչ ոք: Ձյուն է, չի եկել: Նույն պատկերն արձանագրվել է նաեւ Վրաստանում»,- լրացրեց տուրիզմի մասնագետը:
Զրույցի ավարտին Ապրեսյանը նկատեց նաեւ, որ մեր հայրենակիցների մեծ մասն իրենց ամանորյա հանգիստն անցկացրել է ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Վրաստանում: Բայց դա մեր ներքին զբոսաշրջության հաշվին չի եղել: Ըստ Ապրեսյանի՝ ներքին զբոսաշրջությունը բավականին դինամիկ աճում է. «Մեր հանգստավայրերը դատարկ չեն եղել, զբաղված են եղել: Այսինքն՝ մերոնք որ գնում են արտերկիր, դա ոչ ի հաշիվ մեր ներքին զբոսաշրջության»:
Իսկ, ահա, Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց, որ Ծաղկաձոր այցելած զբոսաշրջիկների 40 տոկոսը ռուս է եղել: «Ամբողջ աշխարհում ձյուն չկա, բայց Նոր տարվա օրերին մեզ մոտ ծանրաբեռնված է եղել, մոտ 5500 քնատեղ զբաղված է եղել, հիմա քիչ-քիչ թեթեւանում է: Հիմա՝ այս պահին, ձյուն կա, գալիս է: Հիմնականում դահուկով զբաղվողները գալիս են հունվարի 15-ից, 20-ից հետո, մեզ մոտ դահուկ քշելու պիկը լինում է փետրվար ամսին: Դա կապված է Ռուսաստանի «ՎՈրսպվՌՓՈ» տոնի հետ, ռուսները գալիս են եւ մեզ մոտ են դա նշում, անգամ այս պահին ամրագրումներ ունեն արած: Հույս ունենք, որ այդ ժամանակ ձյուն կգա: Աստված տա, որովհետեւ Ծաղկաձորին ձյուն պետք է: Որ ձյուն չի լինում, Ծաղկաձորի էկոնոմիկան տեղում կանգնում է, բայց փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի զբոսաշրջիկը գա, զվարճանքները շատացնենք, ավելի լավ ռեստորան, ավելի լավ մատուցում, ավելի լավ մոտեցում, գների էժանացում»,- իրավիճակը ներկայացրեց քաղաքապետը:
Մեր զրուցակիցը հայտնեց նաեւ, որ այս ընթացքում քննարկվում են արհեստական ձյան հետ կապված ծրագրի առաջարկները: «Պետք է ջրի հարցերը լուծեն, բնական աղբյուրներ հավաքեն, ապա դնեն արհեստական ձյան համապատասխան տեխնիկան: Առաջարկները ներկայացվել է, դա բիզնես-պլան է: Բայց հիմա սպասում ենք փետրվարին, տեսնենք ինչպես կստացվի: Բայց որ մրցաշար անցկացնենք, դա չի լինի: Այս տարի ունենք լեռնադահուկային սպորտի երկու մրցաշար Ծաղկաձորում, առայժմ որոշում ենք հետաձգել: Մինչեւ ձյունը չգա, չենք կարող ասել: Դա անցկացվում է հունվարի վերջ, փետրվարի կեսերին, այդ ժամանակ մեզ մոտ միշտ ձյուն է լինում: Այդ մրցաշարն արել ենք ամեն տարի»:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՍԱՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ՉԵՆ ՆՇՎԵԼ
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է տարբեր տարիներին «Թռչունյան տուն» մանկատանն արձանագրված մտահոգիչ խնդիրները: Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը եւս օրեր առաջ այցելել է «Թռչունյան տուն» եւ արձանագրել տիրող անմխիթար վիճակը եւ անմարդկային պայմանները: Պարզվում է՝ այս մասին վերջին տարիներին բարձրաձայնել է նաեւ ՄԻՊ-ը, սակայն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ուխտի ականջում քնած է:
Տարբեր տարիներին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի այցերի ընթացքում ստուգվել է նաեւ «Թռչունյան տուն» կրթահամալիր-մանկատան երեխաների ընդունելության փաստաթղթերի հարցը: Օրինակ՝ 2017 թվականին արձանագրվել է, որ 87 երեխաներից 45-ի համար առկա չեն եղել Սոցապ նախարարության ուղեգիրը եւ մարզպետարանի եզրակացությունը: Բացի այս, պարզվել է, որ երեխաները լոգանք են ընդունում յուրաքանչյուր շաբաթը մեկ անգամ կամ «ըստ անհրաժեշտության»:
Սանհանգույցները շատ դեպքերում մաքուր չեն եղել, իսկ այցերի ընթացքում դրանք փորձել են արագ մաքրել: Սանհանգույցներում գրեթե մշտապես առկա է մաքրող նյութերի խեղդող հոտ, ինչն ակնհայտորեն վկայում է այն մասին, որ այցի պահին մեծ քանակությամբ մաքրիչ նյութեր են օգտագործվել: Անգամ երեխաների համար անընդունելի պայմաններում նրանք (այդ թվում՝ փոքրահասակ) օգտվել են զուգարաններից, մի շարք լվացարաններում չեն եղել օճառ եւ սրբիչներ, այսինքն՝ այն, ինչը «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրել է եւ նկարահանել: Եւ մեր բարձրաձայնելուց հետո է, որ ղեկավարությունը տեղադրել է օճառներ:
Ըստ ՄԻՊ-ի՝ հաստատությունում աշխատում է մեկ բուժքույր, ում հավաստմամբ՝ ինքն իրականացնում է առաջին բուժօգնությունը: Երեխաներն իրենց առանձնազրույցների ժամանակ նշել են, որ երեկոյան ժամերին չեն կարողանում դեղեր ստանալ, եթե, օրինակ, ունեն գլխացավ կամ ատամնացավ, քանի որ բուժքույրը երեկոյան ժամերին չի աշխատում:
Բացի այս, բացակայել են պահանջվող գրանցամատյանները, այդ թվում՝ «Խոհանոցի աշխատողների առողջության», «Աշակերտների հիգիենայի», «Դեղերի անվանաքանակական հաշվառման» եւ համանման մատյանները: Չի վարվել նաեւ երեխաների նկատմամբ բռնության դեպքերի արձանագրման գրանցամատյան: Երեխաները մեկից ավելի տեսակ սննդամթերք առհասարակ չեն ստանում կամ ստանում են անբավարար քանակությամբ: Մասնավորապես, ճաշացանկերում բացակայել են տեղեկություններ այն մասին, որ երեխաներին է մատուցվել որոշակի տեսակի սննդամթերք, օրինակ՝ ձուկ եւ կաթ: Գերակշռել են տարբեր տեսակների փլավները, չեն պահպանվում սննդամթերքի նմուշների պահպանման պայմանները: «Ժողովուրդ» օրաթերթը այս մասին եւս արձանագրել էր. երեխաները կերել են փլավ՝ կիսաթթված կաղամբով:
Բացի այս, սննդամթերքի պահեստում գրեթե որեւէ անգամ չի եղել բավարար քանակի մսամթերք, միրգ եւ բանջարեղեն: Ի դեպ, այս խնդիրների վերաբերյալ կազմվել են տեղեկանքներ, որոնք այցերից հետո ուղարկվել են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն:
Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՅՈՒՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Վոլոդյա Ուզունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2008 թվականից հանդիսանալով Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքի ղեկավարը, Արծվաբերդ համայնքի բնակիչներին տրամադրված առաջին վերարտադրության աշնանացան ցորենի սերմացուի դիմաց համայնքապետարանի աշխատակցի կողմից հավաքագրված եւ իր վստահությանը հանձնված գումարի մի մասը՝ 22մլն 469 հազար ՀՀ դրամ գումարը, իր պաշտոնական դիրքն օգտագործերով, յուրացրել է՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս: Ըստ մեղադրական եզրակացության՝ բացի այդ, Վոլոդյա Ուզունյանը, նպատակ ունենալով թաքցնել իր կողմից առանձնապես խոշոր չափերով գումար յուրացնելու հանգամանքը, շահադիտական նպատակով պաշտոնեական դիրքն օգտագործելով, իրեն հանձնված տեղեկանքներում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկանքներ, 2013-2015 թվականներին ՀՀ Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքի հողօգտագործողներին հատկացված սերմացուների պարտքերի վերաբերյալ շահառուների անվամբ պաշտոնեական փաստաթուղթ համարվող տեղեկանքը եւ դրանք ուղարկելու միջոցով հանձնել Տավուշի մարզպետարան: Վոլոդյա Ուզունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 314 հոդվածի 1-ին մասով: Սույն քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում:
ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՆ ՀԵՐՈՍՆԵՐ Է ԱՆՎԱՆԵԼ
Տարեմուտից առաջ՝ դեկտեմբերի 25-ին, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հանդիպել է Տավուշի մարզի գործարարների հետ: Ինչպես հայտնում է Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքը, մարզպետ Չոբանյանը շնորհավորել է գործարարների գալիք Ամանորը եւ մաղթել նոր հաջողություններ, հավելել. «Եթե դուք չլինեք մարդիկ, ովքեր աշխատում են ներսում, ներդրողները հենվելու տեղ չեն ունենա: Երկիրը կառուցում է ձեռներեցը, երկրի հերոսը ձեռներեցն է»: Արդեն երկրորդ անգամն է, որ Ադրբեջանի հետ 300 կմ սահման եւ հարյուրավոր զոհված ազատամարտիկներ ունեցող մարզի ղեկավարը գործարարներին հերոսներ է անվանում: Դա մարզի բնակչության շրջանում միանշանակ չի ընդունվում: Եթե գործարարները հերոսներ են, ապա ինչպե՞ս պետք է կոչել սահմանում հերոսացած ազատամարտիկներին: Գործարարը մարդ է, ով առաջին հերթին մտածում է շահույթ ստանալու մասին: Սահմանագոտում աշխատող գործարարները արժանի են հարգանքի, քանի որ աշխատատեղեր են ստեղծել, սակայն հերոսներ չեն: Եթե մեկը Տավուշի մարզկենտրոնում սուպերմարկետ է բացել եւ վաճառողների տասնյակ աշխատատեղեր է ստեղծել, նրան պե՞տք է հերոս անվանել: Եթե մարդիկ միջպետական ավտոճանապարհի եզրին հյուրանոց կամ ճաշարան են կառուցել եւ շահույթ են ստանում, ուրեմն հերոսնե՞ր են: Զարմանալի է, որ սահմանապահ մարզի ղեկավարն է նման կերպ արտահայտվում:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ