Երեկ Ազգային ժողովի նիստում մերժվեց «Լուսավոր Հայաստանի» ներկայացրած «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիների մասին օրենքում» փոփոխություն կատարելու օրինագիծը լիագումար նիստերի օրակարգում ընդգրկելու հարցը: Ինչպես հայտնի է, օրինագծի հեղինակը ԱԺ ԼՀԿ խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանն է, որն առաջարկում էր 27 տարին լրացած եւ չծառայած քաղաքացիներին շարունակել հնարավորություն տալ վերադառնալ ՀՀ, վճարել սահմանված գումարը եւ ազատվել քրեական պատասխանատվությունից:
Հիշեցնենք, որ այժմ 27 տարին լրացած եւ չծառայած անձանց վերաբերյալ գործողօրենք չկա. դրա ժամկետը լրացավ նախորդ տարվա վերջին: Գալով ՀՀ՝ նրանք այլեւս չեն կարող վճարել սահմանված գումարը, ինչպես նախկինում էր, եւ ազատվել քրեական պատասխանատվությունից: «Գոնե պետք էր 2020թ.-ի ընթացքում հնարավորություն տալ վերադառնալ ՀՀ, քանի դեռ այլ առաջարկ չկա:
Քանի դեռ խաղի նոր կանոններ չկան, առաջարկում ենք այս օրենքի ժամկետը երկարաձգել»,- ԱԺ-ում հայտարարեց Գորգիսյանը: Սակայն, ի վերջո, «կողմ» քվեարկեց 38, իսկ «դեմ»՝ 79 պատգամավոր, հետեւաբար օրինագծը չընդգրկվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգ ու չի էլ քննարկվի:
Սակայն այս իրավիճակին զուգահեռ նոր նախագիծ է մշակում ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը՝ ի դեմս Պաշտպանության, անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի: Այդ նոր նախագծով Անդրանիկ Քոչարյանը շատ տարբերվող բան չի առաջարկում. ընդամենը 27 տարին լրացած քաղաքացիները կկարողանան վճարել մեկ սահմանապահ պայմանագրային զինծառայողի աշխատավարձ կամ ծառայեն որպես պայմանագրային 2 տարի:
Վճարը կազմում է մոտ 5 մլն դրամ: Տարբերությունն այն է, որ մինչ այս գործող օրենքում 3.6 մլն էր առաջարկվում վճարել: Այսինքն՝ Քոչարյանն առաջարկում է գումարը մեծացնել:
Այս նախագծին զուգահեռ այս պահին քննարկումների փուլում է գտնվում նաեւ նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագիծը, որը բուռն քննարկվեց եւ քննադատվեց բոլորի կողմից: Ինչպես հայտնի է, իմքայլական պատգամավորն առաջարկում էր վճարել 10 մլն դրամ եւ ծառայել երկու ամիս:
«Մեզ համար օրենքով սահմանված զինվորական ծառայության ձեւերը սպառիչ են, եւ,մեր կարծիքով, այդ պարտավորությունը չպետք է դիտարկել որպես որոշակի գումարի դիմաց պարտավորությունը կասեցնելու հնարավորություն: Այսինքն՝ այն ձեւաչափը, որն այսօր պարոն Սարգսյանն առաջարկել է, ես մեր գործընկերոջն էլ եմ ասել անձամբ, որ դա սկզբունքորեն մեզ համար ընդունելի չէ»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել էր ՀՀ պաշտպանության փոխնախարար Տիգրան Բալայանը: Սակայն այս նախագծին դեմ էին արտահայտվել նաեւ շատ իմքայլական պատգամավորներ:
Բայց, չնայած դրան, պարզվում է՝ աղմկահարույց նախագծի հեղինակ Հայկ Սարգսյանն այս պահի դրությամբ չի պատրաստվում հետ կանգնել իր ներկայացրած նախագծից եւ, ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, թե քննարկումներ է անում հենց Անդրանիկ Քոչարյանի հետ, եւ առաջիկայում հնարավոր է՝ միասին նոր նախագիծ ներկայացնեն, որն էլ կենթադրի վերը նշված երկու նախագծերի միաձուլում:
«Քննարկումների փուլում եմ: Ֆեյսբուքով, viber-ով, whatsapp-ով, Ինստագրամով ու մեյլերով խոսում եմ ամբողջ աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցների հետ, ովքեր մեծ ցանկություն ունեն վերադառնալու եւ ծառայելու մեկ ամիս: Հավաքագրում եմ նրանց պատմությունները եւ առաջիկայում ներկայացնելու եմ պատգամավորներին եւ գործադիրի մեր գործընկերներին: Ինչպես նաեւ տարբեր հարցումներ եմ անում, որոնք կօգնեն օրենքի օգտակարությունը եւ կարեւորությունը առավել հեշտ ներկայացնելու համար», – նշեց Հայկ Սարգսյանը:
Սակայն ուշագրավ է, որ Սարգսյանն այս հարցում դեռեւս քննարկումներ չի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամ ՀՀ պաշտպանության նախարարության հետ: «Քննարկումներ առաջիկայում կվերսկսեմ, կլինեն նաեւ հանրային քննարկումներ: Դեռեւսչեմխոսել, առաջիկայում կլինեն քննարկումներ կառավարության ներկայացուցիչների հետ»,- հավելեց նա:
Ինչպես արդեն հայտնեցինք, Պաշտպանության նախարարությունը ժամանակին դեմ էր արտահայտվել թե՛ Հայկ Սարգսյանի, թե՛ ԼՀԿ-ի նախագծին: Սակայն երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը դժվարացավ ասել՝ ինչպիսի դիրքորոշում կհայտնեն առաջիկայում, քանի որ նախագծին դեռեւս ծանոթ չեն:
Ամեն դեպքում, որքան էլ իմքայլական պատգամավորն այս նախագիծը ներկայացնում է՝ հայրենադարձության սկզբունքներից ելնելով, սակայն այն,ըստ էության, դասալքության ուղիղ քարոզ է ո՛չ պատերազմի, ո՛չ խաղաղության մեջ գտնվող մեր երկրում: Նա, ըստ էության, էլիտար մեղրամիս է ցանկանում սահմանել հարուստների երեխաների համար:
Եւ մտավախություն կա, որ մարդիկ վարկեր կվերցնեն, կվճարեն 10 մլն դրամ եւ կհրաժարվեն պարտադիր զինծառայությունից: Իսկ ո՞վ պետք է այդ դեպքում մեր երկրի սահմանները հսկի, եթե ՀՀ պետբյուջեն դեռ հնարավորություն չունի միայն պայմանագրային զինծառայողներով համալրել առաջնագիծը:
Նաիրա Հովհաննիսյան