Ատելության խոսքի դեմ պայքարին 20 ՀԿ է ցանկանում միանալ. 5 ամիս է մնացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դեկտեմբերի 16-ին խորհրդարանում ստեղծված ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված աշխատանքային խումբն առաջիկա շաբաթը նախատեսում է նիստ անցկացնել, որի ժամանակ պետք է ամփոփեն իրենց միացած հասարակական կազմակերպությունների հարցը:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, աշխատանքային խմբի ղեկավար Սարգիս Խանդանյանի հետ՝ պարզելու համար, թե իրենք ինչ արդյունք ունեն իրենց նորաստեղծ աշխատանքային խմբի աշխատանքների հետ կապված:

-Պարո՛ն Խանդանյան, դեռեւս հունվարի 9-ին Դուք հայտարարել էիք, որ հրավիրում եք հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ փորձագետների, որպեսզի միանան Ձեր աշխատանքային խմբի աշխատանքներին: Ամփոփե՞լ եք արդեն, ի՞նչ արդյունք ունեք:

-Այո, ամփոփել ենք, այս պահին մոտ 20 հասարակական կազմակերպություն եւ անհատ փորձագետներ են դիմել աշխատանքային խմբի աշխատանքներին մասնակցելու համար: Ներկայացրել են իրենց գործունեության մասին.որպեսզի մեր աշխատանքը արդյունավետ լինի, եւ այդ փորձագիտական ներուժը արդյունավետ կարողանա ընդգրկվել աշխատանքներում, մենք նշել ենք, որ պետք է այդ կազմակերպությունը առնվազն 5 տարվա գործունեություն իրականացրած լինի, եւ, ընդհանրապես,խոսքի ազատության, ատելության խոսքի թեմայով ունենան կատարված աշխատանք 2015 թվականի դեկտեմբերից մինչեւ հիմա: Այդ կազմակերպություններն ուղարկել են այդ տեղեկատվությունը, ու մենք հաջորդ հանդիպմանը կքննարկենք այն, ինչ ներկայացվել է:

-Իսկ ե՞րբ է լինելու Ձեր աշխատանքային խմբի նիստը:

-Նախատեսում ենք անցկացնել հաջորդ շաբաթ, որի ժամանակ արդեն կորոշենք, թե որ կազմակերպություններն ու փորձագետներին է ավելի նպատակահարմար ներառել աշխատանքային խմբի աշխատանքներում:

-Այսինքն՝ դիմածներից կլինեն կազմակերպություններ, որոնց չե՞ք ընդգրկելու Ձեր աշխատանքային խմբի աշխատանքներում:

-Գուցե ինչ-որ կազմակերպությունների կամ անհատ փորձագետների պրոֆիլներ չհամապատասխանեն աշխատանքային խմբի նպատակներին, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ դիմածների մեծ մասը կներգրավվեն մեր աշխատանքներում, որովհետեւ կազմակերպությունները հիմնականում բավականին փորձառու եւ շատ աշխատանք կազմակերպած կազմակերպություններ են:

-Իսկ որո՞նք են այն հասարակական կազմակերպությունները, որ դիմել են Ձեզ, խնդրում եմ, նշե՛ք նրանց անունները:

-Օրինակ՝ ՀԿ-ներից դիմել են «Եվրասիա համագործակցության» հիմնադրամը, «Սոցիոսկոպ» կազմակերպությունը, դիմել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, դիմել է Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, «Խոսքի ազատության» կենտրոնը, «Տեղեկատվության ազատության կենտրոն»-ն է դիմել եւ մի քանի տասնայակ ՀԿ-ներ, այս պահին իրենց անունները հիշեցի: Այսինքն՝ նրանք, ովքեր զբաղվել են նաեւ մամուլի ազատության, խոսքի ազատության ամրապնդման հարցերով ու այդ ուղղությամբ հետազոտություն են իրականացրել:

-Ըստ մեր տեղեկությունների՝աշխատանքային խումբը նպատակ ուներ դիմել նաեւ միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան ԱրաՂազարյանին աշխատանքներին միանալու համար. դիմե՞լ եք, համաձա՞յն է:

-Արա Ղազարյանն արդեն դիմել է աշխատանքային խմբին որպես առանձին փորձագետ, «Իրավունքի գերակայություն» հասարակական կազմակերպության իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը եւս միացել է մեր աշխատանքին: Պարոն Ղազարյանը այս գործով բավականին շատ գործ ունի կատարած եւ նաեւ այս հարցերով հայցեր ունի ներկայացրած որպես փաստաբան ՄԻԵԴ-ում:

Մի քիչ տոնական միջոցառումների պատճառով մեր աշխատանքային պրոցեսները ձգձգվեցին, բայց մենք արդեն շատ ակտիվ սկսելու ենք մեր աշխատանքները: Փետրվարի հենց սկզբից մենք ամսեկան առնվազն երկու անգամ հանդիպելու ենք, եթե անհրաժեշտություն եղավ՝ ավելի հաճախ, որպեսզի մինչեւ ԱԺ նստաշրջանի ավարտը մենք ունենանք նախաձեռնություն:

-Կա՞ն ժամկետներ սահմանված աշխատանքային խմբի համար, քանի՞ ամիս կտեւեն Ձեր աշխատանքները արդյունք ունենալու համար:

-Մենք մեզ համար 6 ամսվա ժամկետ ենք սահմանել, դեռեւս անցել է մեկ ամիս, այսինքն՝ 5 ամիս մենք ժամանակ ունենք աշխատելու համար: Իսկապես ատելության խոսքի տարածումը շատացել է, մեր աշխատանքի արդյունքը այդ հարցում լինելու է օրենսդրական նախաձեռնությունը, որը, կարծում եմ, 5 ամսվա ընթացքում հնարավոր կլինի պատրաստել:

-Բայց, ըստ Ձեզ, օրենսդրական նախաձեռնությունը զսպող մեխանիզմ կլինի՞ ատելության խոսքին, որըայս ժամանակահատվածում շատ է, հասել է իր պիկին:

-Ես կարծում եմ, որ, այո, որոշակի առումով զսպող մեխանիզմ է լինելու, բայց մենք պետք է հասկանանք, որ կան հարակից օրենքներ, գործընթացներ, որոնք կարեւոր են այս խնդրի դեմ պայքարի համար: Մենք պետք է մեր գործունեությամբ նպաստենք, որ ատելության խոսքը շատ քիչ տարածություն ունենա, որպեսզի զսպի ստեղծված իրավիճակը:

-Հնարավոր համարո՞ւմ եք, որ Ձեր ղեկավարած աշխատանքային խումբը գա այն եզրակացության, որպետք է սոցիալական ցանցերը փակել, որը կդառնա զսպող մեխանիզմ ատելությունը տարածելու համար:

-Ես կարծում եմ, որ չի լինելու նման բան, դա ծայրահեղ քայլ է, դա բացարձակ չի բխում ժողովրդավարական երկրի շահերից: ՀՀ-ն ժողովրդավար երկիր է, մենք որեւէ բան որեւէ կերպ չենք փակում, որը կսահմանափակի ազատ խոսքը:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս