Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել վարչության հերթական նիստը, որին մասնակցել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստի ընթացքին զուգահեռ տարաբնույթ խոսակցություններ էին պտտվում, որ իշխանական կուսակցության վարչությունը քննարկում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին պետական հեղաշրջման փորձի համար կալանավորելու հարցը, ինչպես նաեւ այն թեման, որ մեծ արտահոսք է սպասվում ՔՊ-ից: Բայց «Ժողովուրդ» օրաթերթին այդ նիստից հասած որոշ մանրամասներ այլ բանի մասին են հուշում: Գուցե այդպիսի հարցեր էլ են քննարկվել, բայց պայմանավորվել են որեւէ դեպքում դուրս չհանել: Ամեն դեպքում, մեզ հասած լուրերի համաձայն՝ այս անգամ ՔՊ վարչության նիստն այնքան էլ երկար չի տեւել. եթե սովորաբար այն կարող էր 4-5 ժամ տեւել, ապա այս անգամ տեւել է 2.5 ժամից մի քիչ ավել: Տեղեկացանք, որ նիստի ժամանակ պատգամավորներից մեկը առաջարկ է ներկայացրել «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, սակայն նրա ելույթի ժամանակ վարչապետն ընդհատել է եւ ասել, թե նման նախաձեռնություն ներկայացնելիս նախապես այն քննարկել է պետք, եւ թույլ չի տվել շարունակել ելույթը:
Տեղեկացանք նաեւ, որ նիստից հետո խոսվել է «Դվին» ռեստորանում այսօր կայանալիք խնջույքի մասին, որի համար յուրաքանչյուր ՔՊ-ական վճարել է 10 հազար դրամ: Խնջույքը հետտոնական է, որը կկայանա «Դվին» ռեստորանում՝ ՀՀ ամենասուրբ քաղաքի՝ Էջմիածնի ճանապարհին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկվա նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ է վճարել իր մասնակցության գումարը. տվել է 20 հազար դրամ, 10 հազար դրամ մանրը հետ է ստացել:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն առաջարկում է փոփոխություն կատարել «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում: Այժմ գործող օրենքում ամրագրված է, որ դիվանագիտական ներկայացուցիչները նշանակվում են մինչեւ չորս տարի ժամկետով, իսկ Մելքումյանն առաջարկում է այն դարձնել հենց չորս տարի, որը, սակայն, կարող է կա՛մ կրճատվել, կա՛մ երկարաձգվել, բայց 2 տարուց ոչ ավելի ժամկետով: Նաեւ Մելքումյանն առաջարկում է ամրագրել, որ պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո դիվանագետը առնվազն 2 տարի պետք է աշխատի Արտաքին գործերի նախարարության համակարգում, որից հետո միայն կարող է նշանակում ստանալ մեկ այլ երկրում: Հիմնավորման մեջ պատգամավորը նկատում է, որ այդպես հնարավորություն կտրվի՝ ե՛ւ աշխատակազմի, ե՛ւ դիվանագիտական կորպուսի ղեկավար կազմը պարբերաբար թարմացվի, եւ նույն մարդիկ անընդհատ չնշանակվեն տարբեր երկրներում: Մելքումյանի առաջարկած փոփոխությունն իր մեջ նաեւ օբյեկտիվ դժվարություններ է պարունակում: Բանն այն է, որ հաճախ կան երկրներ, որտեղ մեկ անձի կողմից 4 տարի դեսպանի պաշտոնը զբաղեցնելուց հետո կարող են դժվարություններ առաջանալ, եւ եւս որոշ ժամանակ անհրաժեշտ լինի՝ կապեր ձեռք բերելու, աշխատանք կատարելու համար: Իսկ պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո երկու տարով հեռանալը եւ նրա փոխարեն ուրիշին նշանակելը կարող է լրացուցիչ ծանրաբեռնվածության պատճառ դառնալ:
Ալրաղացի Լյովիկ մականունով ԱԺ հայտնի նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանին առնչվող քրեական գործով «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, պարզել ենք, որ նախաքննական մարմինը քրեական գործով դատապարտյալներին առաջարկել է օգնել իրենց, անհրաժեշտ ցուցմունքներ տալ՝ խոստանալով այդ դեպքում մեղմ պատժի արժանացնել: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է փաստաբան Վաղարշակ Գեւորգյանի հետ, որը ոչ միայն այս քրեական գործով անցնող Հայկ Մելքոնյանի պաշտպանն է, այլ նաեւ Արմեն Նիկողոսյանի շահերի պաշտպանը: Ըստ Վաղարշակ Գեւորգյանի՝ ԱԱԾ-ի կողմից առաջարկ է եղել գործով մեղադրյալ Հայկ Մելքոնյանին: «Առաջարկություն է եղել՝ եթե որեւէ տեղեկություն ունես Լեւոն Սարգսյանի հետ կապված, ապա այդ տեղեկությունը հայտնիր, համագործակցիր մեզ հետ, մենք էլ, բնականաբար, փոխադարձաբար կնպաստենք՝ Ձեր պայմանական վաղաժամկետ ազատարձակման խնդիրը կարգավորվի: Այսինքն՝ Ձեր պատժի հետագա կրումը կմեղմացվի: Այսինքն՝ առաջարկություն է եղել համագործակցելու, նա էլ ասել է, որ տեղեկություն չունի: Պետք է նշեմ, որ նախաքննական մարմինը պարզաբանել է՝ օրենքով նախատեսված կարգով համագործակցությունը կարող է ստանալ նպաստավոր աջակցություն»:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 29-ամյա ղեկավար Դավիթ Կարապետյանի կենսագրական տվյալները չեն դադարում զարմացնել: Հիշենք, որ նշանակվելու օրերից նրա կենսագրությունը մի քանի ամիս բացակայեց Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջից: Այս անգամ «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով երիտասարդ թաղապետի կենսագրական տվյալները, պարզեց, որ Կարապետյանը մինչ այսօր դեռ բարձրագույն կրթություն չունի: Ավելին՝ ըստ քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում տեղադրված տվյալների՝ Դավիթ Կարապետյանը 2012 թվականից առ այսօր սովորում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետում: Ասել է թե՝ վարչական շրջանի ղեկավարը 8 տարի է՝ ուսանող է: Ի՞նչ է սովորում թաղապետը 8 տարի, որ չի ստացվում: «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցի պատասխանը ստանալու համար կապվեց Դավիթ Կարապետյանի հետ. «Ես ընդմիջում եմ ունեցել 3 տարի: Երկու տարի սովորել եմ, հետո 3 տարի ընդմիջում տվել ու նորից շարունակել: Այս պահին չորրորդ կուրսում եմ. քանի որ հեռակա է, այն տեւում է հինգուկես տարի»: Նշենք, որ Դավիթ Կարապետյանը համայնքի ավագանու ընտրություններին Մալաթիայում համակարգել է ՔՊ-ի շտաբի աշխատանքները, իսկ մինչ այդ աշխատել է «շաուրմայանոցում»: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Դավիթ Կարապետյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնին հայտնվել Է միմիայն իր ազգական, Երեւանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի շնորհիվ։ Պարզվում է՝ Հայկ Սարգսյանը Դավիթ Կարապետյանի հայրիկի մորաքրոջ որդին է, որին, ինչպես մեր աղբյուրներն են պնդում, վերջինս «հոպար» է ասում։ Ինչ խնդիր ունենում է Դավիթ Կարապետյանը, անմիջապես հեռախոսոով կապ է հաստատում հենց Հայկ Սարգսյանի հետ։ Հավելենք, որ ինքը՝ Դավիթ Կարապետյանը, մեզ հետ զրույցում «ուրացավ»՝ չխոստովանելով իր եւ Հայկ Սարգսյանի ազգակցական կապի մասին։