ՔԱՂԱՎԻԱՑԻԱՆ ՀՈԼԱՆԴԱՑԻ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՕԳՆՈՒԹՅԱՆՆ Է ԴԻՄԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական ավիաշուկա վերջերս մուտք գործած նոր հայկական ավիաընկերությունը դեռ ամբողջական փաստաթղթերը չի ներկայացրել քաղաքացիական ավիացիայի կոմիտե: Խոսքը «Fly Armenia Airways» ընկերության մասին է:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Fly Armenia Airways» ընկերության կառավարիչները բրիտանացիներ են: Մեզ հայտնի դարձավ, որ հունվարի կեսերին ընկերությունը Հայաստան պետք է բերի մի քանի հատ «Բոինգ» ինքնաթիռ: Ըստ նախնական տվյալների՝ ընկերությունը չվերթները նախատեսում է սկսել մարտի վերջից եւ արդեն աշխատանքի է ընդունում օդանավ շահագործելու վկայական ունեցող աշխատողների: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ավիաընկերությունն արդեն աշխատանքի է ընդունել ավելի քան 200 աշխատողի:
Ինչպես հայտնի է, նախորդ տարվա ընթացքում հայկական ավիաշուկա մուտք գործեց երկու լոուքոսթեր, որոնք այս տարի պետք է թռիչքներ իրականացնեն: Ի դեպ, դրանցից մեկի՝ իռլանդական Ryanair ավիաընկերության թռիչքը Իտալիայից Հայաստան այսօր է սպասվում։ Հնարավոր է, սակայն, ուշացումներ լինեն, քանի որ Իտալիայում կարգավարները գործադուլ են անում:
Հաջորդը հունգարական Wizz Air բյուջետային ավիաընկերությունն է, որը նախատեսում է ապրիլից թռիչքներ իրականացնել Երեւանից: Ընկերության ինքնաթիռները Երեւանից կմեկնեն Ավստրիայի ու Լիտվայի մայրաքաղաքներ՝ Վիեննա ու Վիլնյուս:
Բայց, մյուս կողմից, ավիացիոն ոլորտի մասնագետները համոզված են, որ ցածր բյուջետային ավիաընկերությունները լուրջ խնդիրներ կարող են առաջացնել նոր ստեղծվելիք ընկերության համար:
Այս եւ այլ թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանի հետ:
-Տիկի՛ն Ռեւազյան, նախորդ տարեվերջին Դուք հայտարարեցիք, որ նոր ավիաընկերություն է մուտք գործելու հայկական ավիաշուկա: Ի՞նչ եղավ այդ ընկերության հետ:
-Իրենք հայտով մեզ դիմել են, մեր մասնագետները փաստաթղթերն են ուսումնասիրում: Եւ նոր ավիաընկերությունը, երբ մեզ դիմում է, մենք իրավունք ունենք 90 օրվա ընթացքում իրենց պատասխան տալ: Բայց այդ ընկերության լրիվ փաստաթղթերը դեռ մեր մոտ չեն: Ամբողջական չի ներկայացրել ընկերությունը: Դեռ սպասում ենք:
-Ավիացիոն ոլորտի մասնագետները մտահոգված են, քանի որ համոզված են, որ բյուջետային ավիաընկերությունները կարող են խանգարել «Fly Armenia Airways»-ի գործունեությանը:
-Եթե ավիաընկերությունը վախենում է լոուքոսթերներից կամ վախենում է ընդհանուր մրցակցությունից, ուրեմն ինքը ի սկզբանե խնդիր ունի: Ինքը պետք է հասկանա ու այնպիսի բիզնես-մոդել մշակի, որ ինքը կարողանա մրցել մնացած ավիաընկերությունների հետ: Ոչ դրա հաշվին կարողանա գործի՝ որ բոլորը չլինեն, միայն ես լինեմ: Բայց ես նման խնդիր այդ ավիաընկերությունից չեմ լսել: Իրենք գիտեն, որ լոուքոսթերները մտնում են, իրենք մրցակցությունից չեն վախենում: Որեւէ նման արձագանք այդ ընկերության կողմից չի եղել:
-Իսկ ի՞նչն է պատճառը, որ փաստաթղթերն ամբողջական չեն ներկայացրել:
-Նորմալ երեւույթ է, ավիաընկերությունը դիմելիս կարող է փաստաթղթերն ամբողջությամբ չներկայացնել: Ընթացքի մեջ է, նորմալ է: Այս պահին դեռ հստակ չէ, թե երբ կունենանք բոլոր փաստաթղթերը:
-Տիկի՛ն Ռեւազյան, երբ հայտարարվեց «Ryan air»-ի՝ հայկական ավիաշուկա մուտք գործելու եւ առաջարկած էժան ավիատոմսերի մասին, այդ շրջանում տեղեկություններ շրջանառվեցին այն մասին, որ պետությունն ամեն ուղեւորի համար պետք է վճարի 76 դոլար, որը կազմում է տարեկան 5 մլն դոլար: Արդյոք այդպե՞ս է:
-Ոչ, նման բան չկա: Պետությունը սուբսիդավորում չի անելու: Փոխարենը «Զվարթնոց» օդանավակայանի պարագայում նոր ուղղությունների համար մենք օդի տուրքը հանում ենք, որը բոլորի համար է, եւ կապ չունի, որ դա «Air France»-ն է. եթե նոր ուղղություն բացի, ինքն էլ չի վճարի օդի տուրք: Իսկ Գյումրիի օդանավակայանի հետ կապված այլ խթաններ կան, որը մենք անում ենք՝ համագործակցելով մեր գործընկերների հետ Եվրոպայում: Քննարկման փուլի մեջ է այդ ամենը, դրա համար վերջնական չեմ կարող ասել, որ գործընկերներն են, ու ինչպես է այդ ամեն ինչը կազմակերպված: Բայց Գյումրիի օդանավակայանը երկրորդական է, ինքնուրույն չի կարող զարգանալ առանց այլ խթանների:
-Նաեւ ՀՀ կառավարությունը պետք է քննարկեր «Զվարթնոց» օդանավակայանի հետ կնքած կոնցեսիոն պայմանագիրը վերանայելու, փոփոխելու հարցը: Այդ աշխատանքները ո՞ր փուլում են:
-Պայմանագիրը փոփոխություններ չի կրել, ու, ընդհանրապես, կարող է քննարկումներ եղել են ամենավերեւներում… Ես գիտեմ, որ այդ հարցը բարձրաձայնվել է: Բայց ես կոնկրետ տվյալներ չունեմ, թե որ փուլում ենք հասել, եւ ինչ քայլ է արվել այդ ուղղությամբ:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը «Fly Armenia Airways»-ից եւս ճշտեց փաստաթղթերի ոչ ամբողջական ներկայացնելու պատճառերի մասին: Ընկերությունից մեզ փոխանցեցին, որ ոչ մի խնդիր չկա, արդեն աշխատում են, անգամ հասցրել են հավաքել մասնագետներին: Ժամանակի խնդիր է:
Նշենք, որ Եվրոպական հանձնաժողովը ուժեղացված վերահսկողություն է իրականացնելու Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նկատմամբ: Պատճառը անվտանգության նվազման նախանշաններն են: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հանձնաժողովի կողմից աուդիտ կիրականացվի այս տարվա փետրվարի 3-7: Աուդիտը իրականացնելու է լուրջ մասնագետներով ձեւավորված կազմը: Անգամ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն այս նպատակով ներգրավել է հոլանդացի թռիչքային անվտանգության մասնագետի, որը կկարողանա օգնել հայկական կողմին խնդիրները արագ լուծելու հարցում:

 

 

 

 

8 ՏԱՐՎԱ ՈՒՍԱՆՈՂ ԹԱՂԱՊԵՏԸ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 29-ամյա ղեկավար Դավիթ Կարապետյանի կենսագրական տվյալները չեն դադարում զարմացնել: Հիշենք, որ նշանակվելու ժամանակ նրա կենսագրությունը մի քանի ամիս բացակայեց Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջից: Այս անգամ երիտասարդ թաղապետի կենսագրական տվյալներն ուսումնասիրելիս պարզվեց, որ Կարապետյանը մինչ այսօր դեռ բարձրագույն կրթություն չունի:

Այսպես, ըստ քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում տեղադրված տվյալների՝ Դավիթ Կարապետյանը 2012 թվականից առ այսօր սովորում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետում։ Ասել է թե՝ վարչական շրջանի ղեկավարը 8 տարվա ուսանող է:
Այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Դավիթ Կարապետյանի հետ եւ հետաքրքրվեց՝ ինչպես է ստացվել, որ 8 տարի շարունակ սովորում է եւ դեռ չի ավարտել:
-Պարո՛ն Կարապետյան, Դուք 8 տարի շարունակ սովորում եք ՀՀ ազգային ագրարային համալսարանում:
-Ես ընդմիջում եմ ունեցել 3 տարի:
-Կմանրամասնե՞ք՝ 2012 թվականից սկսած՝ մինչեւ երբ եք սովորել, հետո ընդմիջել:
-Երկու տարի սովորել եմ, հետո 3 տարի ընդմիջում տվել ու նորից շարունակել: Ես երկու տարի սովորելուց հետո եմ ընդմիջում տվել… Այս պահին չորրորդ կուրսում եմ. քանի որ հեռակա է, այն տեւում է հինգուկես տարի:
-Այսինքն՝ 2014 թվականի՞ն եք ընդմիջում վերցրել:
-Մի քիչ ավելի երկար է եղել, հետո ակադեմիական դիմում եմ ներկայացրել, մոտավորապես կես սեմեստրից ավելը ես հիմա կրկնել եմ… Ես ուղղակի երկրից բացակայեցի մի պահ: Այդպես ընդմիջում եղավ:
-Արտագնա աշխատանքի՞ եք մեկնել:
-Չէ, մասնավոր բիզնես դասընթացների եմ մասնակցել:
Նշենք, որ Դավիթ Կարապետյանը համայնքի ավագանու ընտրություններին Մալաթիայում համակարգել է ՔՊ-ի շտաբի աշխատանքները: Նա բիզնեսով է զբաղվել, մասնավորապես՝ «շաուրմայանոցում» է աշխատել:

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Դավիթ Կարապետյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնին հայտնվել Է միմիայն իր ազգական, Երեւանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի շնորհիվ։ Պարզվում է՝ Հայկ Սարգսյանը Դավիթ Կարապետյանի հայրիկի մորաքրոջ որդին է, որին, ինչպես մեր աղբյուրներն են պնդում, վերջինս «հոպար» է ասում։ Ինչ խնդիր ունենում է Դավիթ Կարապետյանը, անմիջապես հեռախոսով կապ է հաստատում հենց Հայկ Սարգսյանի հետ։ Հավելենք, որ ինքը՝ Դավիթ Կարապետյանը, մեզ հետ զրույցում «ուրացավ»՝ չխոստովանելով իր եւ Հայկ Սարգսյանի ազգակցական կապի մասին։

Նյութերը՝ ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ

 

 

 

 

 

 

 

 

ԱՉԱՋՐԻ ԾՆՆԴԱՏՈՒՆԸ ՓԱԿՈՒՄ ԵՆ
Աչաջրի առողջության կենտրոնի ծննդատունը բարի համբավ է վայելում։ Այնտեղ ծննդօգնության խնդրով դիմում են ոչ միայն Իջեւանի տարածաշրջանի, այլեւ Նոյեմբերյանի, Բերդի, Ալավերդու տարածքներից հղիներ։ Առողջության կենտրոնի տնօրեն Կորյուն Վարդապետյանը հմուտ բժշկի համարում ունի։ Առողջության կենտրոնի աշխատակիցները հունվարի 11-ի երեկոյան Հայաստանի հանրային հեռուստաընկերության լուրերի թողարկումից են տեղեկացել, որ այս տարի դադարեցվել է իրենց ծննդատան պետական ֆինանսավորումը, այսինքն՝ ծննդատունը փակվելու է։ Ծննդատան փակման լուրն իմանալով՝ հունվարի 12-ին աչաջրեցիները վրդովված հավաքվել են գյուղի կենտրոնում։ 300 աչաջրեցիների գրավոր պահանջով կայացել է համայնքի ավագանու արտահերթ նիստ, որը որոշում է ընդունել Աչաջրում կայացած հանրային քննարկման եզրակացությունը ներկայացնել ՀՀ վարչապետին, առողջապահության նախարարին, Տավուշի մարզպետին։
Ծննդատան փակվելը Առողջապահության նախարարությունը պատճառաբանում է ծննդօգնության բարելավման նպատակով արվող կենտրոնացումով։ Աչաջրի առողջության կենտրոնի տնօրեն Կորյուն Վարդապետյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ իրենք մասնագետների պակաս չունեն, միայն անեսթեզոլոգ՝ «նարկոզ տվող» բժիշկ չունեն։ Նա ասաց, որ ծննդատան փակվելու դեպքում Աչաջրի առողջության կենտրոնի 27 աշխատակիցներից 10-ը կզրկվեն աշխատանքից, այդ դեպքում ինքն էլ կազատվի աշխատանքից, քանզի իմաստ չի տեսնում միայն տնօրեն աշխատելու, քանի որ գործող բժիշկ է։ Կ. Վարդապետյանը հայտնեց, որ ինքը չի խառնվում ընդդեմ ծննդատան փակման բնակիչների բողոքի գործողություններին։ Նա հայտնեց, որ ամեն տարի իրենք 160-190 ծնունդ են ունենում, անցյալ տարվա սկզբին խոսակցություններ տարածվեցին, որ ծննդատունը փակվում է, այդ լուրերի պատճառով տարեսկզբին քիչ ծնունդ ունեցան, 2019-ին Աչաջրի ծննդատանը եղել է 80 ծնունդ։
Աչաջուր համայնքի ղեկավար Կարեն Ղալթախչյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ հունվարի 13-ին՝ օրվա ընթացքում, խնդրի քննարկում է նախատեսված Տավուշի մարզպետարանում, հիմնահարցի քննարկմանը կմասնակցեն Տավուշի մարզպետը, Աչաջուր, Դիտավան, Ակնաղբյուր եւ այլ համայնքների ղեկավարներ, Աչաջրի առողջության կենտրոնի տնօրեն Կորյուն Վարդապետյանը։ Աչաջրի համայնքապետն ասաց, որ չգիտի, թե խնդրին ինչպիսի լուծում կտրվի ի վերջո։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս