ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ ՀԱՎԱՔՎԵԼՈՒ ԵՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հունվարի 17-ին ՀՀ քննչական կոմիտեում հրավիրվելու է խորհրդակցություն մի շարք գործարարների ահազանգի հետքերով: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ այս ամենի հիմք է հանդիսացել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանի դիմումը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին:

Եվ այսպես, մեզ հայտնի դարձավ, որ ԱԺ պատգամավոր Հարություն Բաբայանին են դիմել մի շարք հայտնի ընկերությունների գործարարներ՝ խնդրելով օգնել կանխել իրենց խանութներից արվող հանցագործությունների դեպքերը: Մասնավորապես, գործարարները հայտնել են, որ հանցավոր խումբ է ստեղծվել, որոնք, մտնելով խանութներ, թալանում են: Անգամ գործարարներից ոմանք հայտնել են, որ ճանաչում են իրենց խանութներից գողություն արած անձանց, ու երբ հանցագործության պահին բռնում են ենթադրյալ հանցագործին, վերջինս հայտնում է, որ այն, ինչ գողացել է, հետ կտա, կամ երբ հանցագործին տանում են ոստիկանություն, հրաժարվում է ցուցմունք տալ եւ սպասում, որ լրանա ձերբակալության 72 ժամը, որ դուրս գա ու շարունակի գողությունների շարքը: Ասել է թե՝ ենթադրյալ հանցագործները շատ լավ տիրապետում են՝ ինչպես անել գողությունը, որ հետագայում խուսափեն պատժից: Ավելին, գործարարները հայտնել են, որ եղել են դեպքեր, երբ խանութներ թալանած անձինք հայտնվել են դատարանում, դատարանը նրանց կատարած արարքի համար պատժել է տուգանքով: Եւ վերջնարդյունքում գողերը, կրկին հայտնվելով ազատության մեջ, շարունակում են հանցագործություն կատարել: Կարճ ասած, անպատժելիություն է:
Ու երբ պատգամավոր Հարություն Բաբայանը գործարարների բողոքը ներկայացրել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին, վերջինս օպերատիվ կերպով գործի է անցել եւ հունվարի 9-ին դիմում-նամակ է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, ԱԺ պատգամավոր Հարություն Բաբայանին, ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Սարգսյանին: «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել Հայկ Գրիգորյանի նամակը, որտեղ նա նշել է.
«Հարգելի՛ գործընկերներ, «ԱՐ ՋԻ ԷՅ ԷՄ Ռիթեյլ Գրուպ Արմենիա» ՓԲ, «Դալմա Ինվեստ», «Երեւան Մոլ», «Զիգզագ», «Բեյսիկ Քորփորեյշն», «Ա.Մ.Պ», «Բ. Դ Ռիթեյլ Գրուպը», «Պատրիրոտ Սեքյուրիթի սերվիս» ՍՊ ընկերությունների տնօրենները դիմումներ են հասցեագրել ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանին, ինչպես նաեւ ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատարին եւ ՀՀ քննչական կոմիտեի նախագահին, որոնցով մտահոգություներ են հայտնել «Դալմա Գարդեն Մոլ» եւ «Երեւան Մոլ» առեւտրի կենտրոններում ընկերությունների կողմից ծավալված գործունեության ընթացքում սրահներից կատարվող հափշտակությունների, հատկապես՝ կրկնակի կատարվող դեպքերով:
Այդ կապակցությամբ երկու առեւտրի կենտրոնների բացման օրվանից այնտեղ կատարված հափշտակությունների դեպքերով, որոնցով նախաքննություն է իրականացվել, կատարվել են ուսումնասիրություններ եւ վերլուծություններ, որոնց արդյունքներով մշակվել են առաջարկություններ՝ հանցագործությունների նախականխման, բացահայտման եւ մինչդատական վարույթի արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Ուղարկելով վերլուծությունների վերաբերյալ տեղեկանքը՝ խնդրում եմ հանձնարարել համապատասխան ծառայություններին ուսումնասիրել այն եւ առաջարկությունների վերաբերյալ ներկայացնել դիտողություններ եւ կարծիք, ինչպես նաեւ մասնակցել այդ կապակցությամբ Քննչական կոմիտեում հրավիրված խորհրդակցությանը, որը տեղի է ունենալու հունվարի 17-ին՝ ժամը 18:00-ին»:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ պատգամավոր Հարություն Բաբայանը որոշ մանրամասներ հայտնեց. «Այստեղ մի քանի հարցեր կան, որոնք իրավական կարգավորման խնդիրներ ունեն: Նախ պետք է հասկանալ, որ հանցագործներն էլ նույն ձեւով, ինչպես տնտեսությունը, երկիրը կամ աշխարհը առաջ է գնում, նրանք էլ իրենց մարտավարությունը փոխում են, ժամանակակից հանցագործություն են անում, ու ժամանակակից հանցագործները տիրապետում են օրենքին, անգրագետ մարդիկ չեն կամ ունեն այնպիսի թիմ, որ օգնում են իրենց ավելի խելացի լինել : Օրենքի հետ կապված խնդիր էլ կա, երբ ինչ-որ մեկին հանցանքի վայրում բռնում են ու իր կատարած արարքի չափը չի գերազանցում 500 հազար դրամը, այդ մարդուն իրավապահները 3 ժամից ավել պահելու իրավունք չունեն»:
Հարություն Բաբայանից հետաքրքրվեցինք՝ երբ «Լուսավոր Հայաստանը» հանդիպում է ուժային կառույցների հետ, արդյոք այս հարցը բարձրացրե՞լ է, օրինակ, ՀՀ ոստիկանապետի հետ հանդիպմանը: Ի պատասխան՝ վերջինս ասաց. «Այո, նույնիսկ ԱԱԾ տնօրենին եմ այս մասին ասել, եւ ամսի 17-ին քննարկում են կազմակերպում, որպեսզի հասկանան ընդհանուր խնդիրը, սա ազդակ է, որ կա գողությունների աճող դեպք, մարդիկ եվրոպաներից դեպորտ են եղել, որոնք պրակտիկա ունեն գողություն կատարելու: Կա գողություն կատարելու մի տեսակ, որ ոստիկանությունը եւ դատախազությունը պետք է ուշադրություն դարձնի, միգուցե մենք կարիք ունենք այս ոլորտի հետ կապված հատուկ բաժին բացել, որ զբաղվի այս գողություններով կամ խմբերի բացահայտմամբ»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ՆՈՐ ԲԱՆՏ՝ ՍԻԼԻԿՅԱՆ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանի հետ քաղաքացիական հիվանդանոցներում դատապարտյալների համար հատուկ հարկեր հատկացնելու գործընթացի, ինչպես նաեւ այն մասին, որ բժիշկները ահազանգում են, թե այդ քայլով հիվանդանոցների վարկանիշը կընկնի: Իսկ որո՞նք են այն հիվանդանոցները, որտեղ դատապարտյալների համար կոնկրետ հարկաբաժիններ են հատկացնելու. դրանք են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցը եւ «Արմենիա», «Էրեբունի» բժշկական կենտրոնները:
-Տիկի՛ն Գալյան, բժիշկները ահազանգում են, որ կոնկրետ հիվանդանոցներում կալանավորներին հարկեր տրամադրելով՝ իրավիճակը չեն փոխելու, դրանով հիվանդանոցի վարկանիշն է ընկնում, եւ մարդիկ կվախենան օգտվել իրենց հիվանդանոցի ծառայություններից:
-4 հիվանդանոցներում համապատասխան ստորաբաժանումների առանձնացումը նպատակ ունի պատշաճ կերպով կազմակերպել այդ կատեգորիայի անձանց բժշկական սպասարկումը, որպեսզի նրանք հնարավորինս առանձնացված լինեն հասարակության մյուս ներկայացուցիչներից, եւ որպեսզի նրանց անվտանգությունը ավելի լավ ապահովվի քրեակատարողական ծառայության աշխատակիցների կողմից: Գուցե լինեն դեպքեր, որ վիրահատական միջամտությունը առաջանա, եւ նրանց վիրահատեն այն բաժանմունքում, որտեղ վիրահատվում են մյուս քաղաքացիները, բայց կարծում եմ՝ սա խնդիր չէ: Մյուս բոլոր դեպքերում բուժսպասարկումը կիրականացվի առանձնացված ստորաբաժանումներում:
-Բժիշկներն ահազանգում են՝ ինչու դատապարտյալների հիվանդանոցը չեն վերազինում լավ սարքավորումներով, որ դատապարտյալներին կամ կալանավորներին տանեն այնտեղ, եւ այդ դեպքում իրենք եւ քաղաքացիներն էլ ավելորդ սթրեսի ու անհանգստության մեջ չեն հայտնվի:
-Ռեսուրսների ծախսման տեսանկյունից այս պահին դատապարտյալների հիվանդանոցը վերազինելու համար շատ ու շատ ավելի մեծ գումարներ են պահանջվում, քան քաղաքացիական հիվանդանոցներում համապատասխան կահավորում ապահովելը: Իհարկե, մենք ապագայում գնալու ենք այդ ուղղությամբ եւ վերանորոգելու ենք ոչ թե դատապարտյալների հիվանդանոցը, այլ այդ հիմնարկը փակելու ենք, եւ Սիլիկյան թաղամասում ստեղծվելու է նոր հիմնարկ, որն ունենալու է նաեւ բուժսպասարկում իրականացնելու ստացիոնար հնարավորություն: Իսկ մինչ այդ ունենք նաեւ ծրագրեր՝ Արմավիր քրեակատարողական հիմնարկի հետ կապված, որտեղ ցանկություն եւ նպատակ ունենք կատարելագործելու բժշկական սպասարկման ոլորտը:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ԳՈՐԾԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է
Մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանի գործն ուսումնասիրության նպատակով տեղափոխվել է Քննչական կոմիտեի հատուկ կարեւորության գործերով վարչություն: Այս մասին ասել է իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Հայարփի Սարգսյանը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող Արթուր Աջամյանը, իսկ զինծառայող Դավիթ Մելիքբեկյանը վիրավորվել էր: Զոհվածի հարազատները հանդիպել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, վերջինս խոստացել էր անձամբ հետեւել գործի ընթացքին:

 

 

 

ՆՈՐ ՔՐԳՈՐԾ
ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձը, առանց համապատասխան թույլտվության զբաղվելով ձեռնարկատիրական գործունեությամբ` բնակելի տների կառուցապատմամբ եւ վաճառքով, ստանալով տարբեր պատվերներ, Երեւանում կառուցել եւ տարբեր անձանց է վաճառել բազմաթիվ բնակելի տներ, որոնցից հերթականը կառուցելու համար պատվիրատուից ստացել է 27.000 ԱՄՆ դոլար: Շինարարությունն իրականացնող անձը, համաձայնության գալով տվյալ վարչական շրջանի պաշտոնատար անձի հետ, վերջինիս որպես կաշառք փոխանցել է տան շինարարությունը պատվիրած անձից այդ նպատակով ստացած 3000 ԱՄՆ դոլար, որից հետո անարգել վերսկսել է ապօրինի շինարարությունը եւ կառուցել բնակելի տունը: Հիմնավորվել են նկարագրված հանգամանքներով կաշառք տալու, ստանալու եւ կաշառքի միջնորդության հանգամանքները, որի հիման վրա հարուցվել է նոր քրգործ:




Լրահոս